2020-ի հոկտեմբերի 23-ին Սիսիանի պանթեոնում միաժամանակ հողին հանձնվեցին 44-օրյա պատերազմի 6 նահատակի` Վահագնի, Սամսոնի, Արեգի, Տիգրանի, Մարատի, Վլադի աճյունները: 2024-ի հոկտեմբերի 25-ին Նար-Դոս փողոցի 28 հասցեի բակում բացվեց Վահագն Արտուշի Գրիգորյանի հուշաղբյուրը: Հուշաղբյուրը բացվեց այն նույն վայրում, որտեղ հայրենիքի կանչով պատերազմ մեկնելիս աճապարող Վահագնը գետնին էր փռվել ողջ հասակով մեկ, ապա վեր կացել, թափ տվել շորերը, ու առանց մորը տեղեկացնելու գնացել պատերազմ… Հիմա նույն տեղում Վահագն Գրիգորյանի անմահության հուշաղբյուրն է, որից պիտի իրենց պապակ սիրտը հովացնեն բանուկ փողոցի անցորդները, դպրոցականները, շենքի բնակիչները, ծանոթ-անծանոթները ու խոնարհվելով ջրին` իրենց հավերժ երախտապարտ զգան…
Հուշաղբյուրը բացեցին Վահագնի եղբայրն ու եղբոր կինը: Օրհնության խոսք ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Պարգեւ Զեյնալյանը: Տերունական աղոթից եւ հուշաղբյուրը օրհնելուց հետո հոգեւոր հայրը ի մասնավորի նշեց, որ մեր խոնարհումն ու երկյուղած մոտեցումն ենք ընծայում մեր ազգի նվիրյալ բոլոր զավակների հիշատակի առջեւ, մասնավորաբար` Վահագն Գրիգորյանի, որի անվան հետ կապվեց աղբյուրի օրհնության կարգը եւ հետայսու, ինչպես որ Սուրբ գիրքն է ասում, կյանքի աղբյուրը` ջուրը, խորհրդանշող տիրոջ կենարար խոսքի համաձայն, այս նվիրական վայրում այս հիշատակը առիթ պիտի լինի ամեն գիտակից հայորդու համար, որ այստեղով անցնելիս իր գլուխը խոնարհի բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, հատկապես` Վահագնի, որոնք իրենց կյանքը նվիրեցին մեր խաղաղ օրվա, մեր երեխաների բարեկեցության համար: «Աստված թող մշտապես իրենց օրհնության, մխիթարության, հոգու հանգստության մեջ պահի երկնային արքայության մեջ, իրենց բարեխոսությունը թող մեզ հետ լինի, եւ մեզ տերը թող շնորհի այնքան իմաստնություն, ուժ եւ կարողություն, որ արժանի լինենք այս հերոսների հիշատակը արժանավոր կերպով պանծացնելու երկրի վրա, իրենց շահած ու պահած հայրենիքում»,– ասաց Տեր-Պարգեւը:
Վահագն Գրիգորյանը ծնվել է 1986 թ.-ին Սիսիանում: Սովորել է Սիսիանի գիշերօթիկ, 3-րդ դասարանից` Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցներում: 9-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Սիսիանի պետական քոլեջում: Նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելն էր: Չստացվեց… Բայց ընդունվեց Երեւանի «Պահապան արծիվներ» թիկնապահների դպրոց, որի ղեկավարը Արկադի Տեր-Թադեւոսյանն էր: Թիկնապահների դպրոցն ավարտելուց հետո ծառայել է Նոյեմբերյանի զորամասերից մեկում: Զորացրվելուց հետո պայմանագրային ծառայության անցել Սիսիանի զորամասում: Զինակից ընկերների հետ մեկնել է պատերազմ, ու…
«2020-ի հոկտեմբերը անդարմանելի, սեւ ու անթափանց շղարշով պատեց, արցունքախեղդ արեց Սիսիանը, որովհետեւ եկավ մի անցանկալի գույժ` չարախինդ, հռհռուն դեմքով, եկավ ու… Հետո Սիսիանի 2-րդ դպրոցի «հավերժի ճամփորդների» շարքում ավելացավ եւս մեկ հերոսի անուն` Վահագն Արտուշի Գրիգորյան, հերոս, որն իրեն վայել փառք բերեց պատանեկան օրրան դպրոցին, սիրասուն հայրենիքին, փաստելով, որ «առաքինության ամենամեծ սխրանքները կատարվում են հայրենիքի հանդեպ սիրուց…»,- իր խոսքում նշեց թիվ 2-րդ դպրոցի ուսուցչուհի Էվելինա Թադեւոսյանը, հավելելով, որ դպրոցում մի սուրբ անկյուն կա` «Փառքի սրահ», որի հուշապատին անմահացել են դպրոցի 20 հերոս-շրջանավարտները, արիասիրտ տղաները, ու երբ սկսվում է հերթական ուսումնական տարին, դպրոցի աշակերտները հայրենասիրության առաջին մկրտությունն ու առաջին դասը ստանում են այդ հուշապատի մոտ` անմահների հայացքի ներքո, «մահ իմացյալի» խորախորհուրդ պատգամով: «Ցավում եմ, սիրելի Վահագն, որ պատիվ չեմ ունեցել դասավանդելու քեզ, բայց համոզված եմ, որ դպրոցը տվել է յուրօրինակ, աննախադեպ հայրենասիրության դասեր: Լիահույս եմ, որ դպրոցի շրջանավարտների պատմության լուսավոր ու պայծառ անունների շարքում իր ուրույն տեղն ունի նաեւ քո անունը, Վահագն Գրիգորյան»– նշեց ուսուցչուհին, հավելելով, որ երբ ամեն անգամ անցեն նրա հուշաղբյուրի կողքով, խմեն անապակ ջուրը, կհիշեն նրան իրենց մտքի ու հոգու լույսով, կհիշեն խոսքի ու ձայնի, ժպիտի ու արցունքի մեջ, կհիշեն ու կբարձրաձայնեն` Անցորդ, խոնարհիր գլուխը քո սեգ, Այստեղ հանգչում է մի բուռ տիեզերք…
2020-ի հոկտմբերի 23-ից հետո Վահագն Գրիգորյանի ընտանիքում ժամանակը բաժանվել է երկու մասի` նրանից առաջ եւ նրանից հետո…Վահագնից հետո նրա ընտանիքում կյանքը վերընձյուղվել է, կոտրված ոստը ճյուղեր է տվել, մոր` Լուսինե Բաբայանի թաց աչքը նաեւ խինդով է լցվել, երբ ծնվել է նրա անդրանիկ թոռը` Նարեկի դուստրը, որի ծննդին Վահագն այնքան շատ էր սպասում, բայց` չտեսավ, ծնվել է քրոջ` Ասյայի դուստրը, օրերս լույս աշխարհ եկել եղբոր երկրորդ աղջիկը: Բայց Լուսինեի օջախում Վահագն էլ պիտի ծնվի… Եւ` ծնվել է… Եղբոր` Նարեկի կինը` Ժաննան, ասում է, որ Վահագնը ամուսնացած չէր, բայց երեխաներ շատ էր սիրում, հորդորում էր շատ երեխաներ ունենալ, որ ազգը զինվոր ունենա, ազգը մեծանա, Վահագնի զոհվելուց հետո իրենց քեռու` Ռուբենի ընտանիքում ծնվել է Վահագն, որ երբ մեծանա, հպարտանա մեծ Վահագնի անունը կրելու համար…
Որքա~ն շատացան հուշաղբյուրները մեր բակերում եւ փողոցներում… Որքա~ն խտացավ 44-օրյայի ցավը` ջրի մի շիթի, հուշաղբյուրի մի նախշի, մի զարդաքանդակի, մի կամարի մեջ, ու որքա~ն ծնողներ իրենց մխիթարությունը փորձեցին գտնել իրենց նահատակ որդիների համար հուշաղբյուրներ կառուցելով, որ ցավը չմնա միայն իրենցը, որ բոլորս ու յուրաքանչյուրս խոնարհվենք բոլոր-բոլոր նահատակների ու նրանց ընտանիքների անփարատելի մեծ ցավի ու կորստի առաջ… Թող երբեք չկտրվի քո հուշաղբյուրի ջուրը, Վահագն Գրիգորյան, փոխարենը` թող կտրվեն քո մոր, հարազատների արցունքները… Հավերժ հիշատակ եւ հավերժ խոնարհում…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ