ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԾՆՎԵԼ Է ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Տեղադրված է at Հունիս 22, 2021
1534 0

…Իսկ նրա Փոքր Մհերը, երկունքի պատրաստ, սպասում է… 

Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի ծննդյան նախօրյակին Սամվել Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցինք Վարպետին: Դռան զանգից հետո ներսից հնչած` ով է հարցին Սամվելը հարազատաբար ինչ-որ բան պատասխանեց… Գաղտնաբառ հիշեցնող այս երկու խոսքի փոխանակումից հետո քիչ ուշացումով ներսից բացվեց դուռը… Դռների մեջ երեւաց հզոր Թամանյանի անասելի հզոր քանդակի հեղինակը. ինքն էլ ասես իր` դեռեւս չկերտած մոնումենտալ մի քանդակ…

Հոր եւ որդու զգացողությամբ միմյանց ողջունելուց հետո Սամվել Խաչատրյանը ներկայացրեց ինձ` հայրենիքից է եկել` Սիսիանից…

Երկրորդ բանը, որ ընդարձակ սրահում գրավեց ուշադրությունս, դիմացի պատին փակցրած մի էսքիզ էր…

Փոքր Մհերի քանդակի` դեռեւս անավարտ էսքիզն է: Թվաց` դեմ հանդիման կանգնած Փոքր Մհերի քանդակի էսքիզն ու Մաեստրոն, որպես երկու անավարտ մոնումենտ, լրացնում էին միմյանց…

-Արվեստագետը եթե չի ստեղծագործում, մահացած է,-լռությունը խախտեց Մաեստրոն:

-Փոքր Մհերը ե՞րբ է զարթնելու,-հարցրեց Սամվելը: Ակնարկը Մաեստրոյին էր ուղղված:

Հարցին հետեւեց` «Երբ որ ցորենն էղնի հանց մասուր մի, մասուրն էղնի հանց պոպոկ մի» հանրահայտ պատասխանը…

-Իսկ Փոքր Մհերը ե՞րբ կքանդակեք,-հարցրեցի ես:

-Գլխիս մեջ ամեն օր քանդակում եմ, լիքը պատկերներ են, լիքը,- հետո ձեռքը դրեց գլխի վրա` մի կետի ու ասաց` ցավում է: Ասաց` փամփուշտ կա այնտեղ, արդեն 70 տարի է` այդ փամփուշտն իր հետ է… Հավանաբար` զգաց չափազանց հետաքրքրված հայացքս ու պատմեց, որ 15 տարեկանում, երբ հասկակիցներից մեկը կրակել է եկեղեցու  (Սիսիանի սուրբ Հովհաննես) վրայի աղունիկներին, ինքը չի թողել, եւ ուղղությունը փոխած փամփուշտը մտել է իր գլխի մեջ ու 70 տարի «ապրում է» իր հետ… Ապա խոսքախառն մի հայհոյանք ուղղեց աղունիկի վրա կրակողին…

Թեմայից շեղելու համար հարցրեցի` Մաեստրո, Փոքր Մհերը ե՞րբ է արթնանալու:

-Չգիտե՞ս,-ասաց,- հետո էլ ասում է` սիսիանցի է,- ու կրկնեց` երբ որ ցորենն էղնի հանց մասուր մի, եւ մասուրն էղնի հանց պոպոկ մի…

Չգիտեմ ինչու` մտածեցի, որ հեղինակի ճակատագիրը երբեմն կիսում են նրա ստեղծագործությունները: Այդպես մտածելու տեղիք տվեց, հավանաբար, դեռեւս անցյալ դարի 80-ականներին Կասկադում Մաեստրոյի` Կոջոյանի «Սասունցի Դավթի» մոտիվներով արված «Սասունցի Դավիթ» մեծածավալ աշխատանքի ճակատագիրը: Կասկադի երկու մեծ սրահներից մեկում տեղադրվեց Գրիգոր Խանջյանի «Վարդանանքը», մյուսում` Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթը»: «Վարդանանքի» սրահը հետագայում բացվեց, եւ այցելուները կարողանում են վայելել արվեստի սքանչելի գործը: Իսկ Արտաշես Հովսեփյանը կատարած աշխատանքի համար ոչ միայն չի վճվարվել, նոր սեփականատերն էլ… «Սասունցի Դավիթը» գիպսակարդոնով փակել-ծածկել է, եւ այն հասանելի չէ այցելուներին… Ճակատագրի հեգնա՞նք է… «Կառավարությունը գցում է Գաֆեսճյանի վրա, Գաֆեսճյանն էլ` օրօրի։ Գաֆեսճյանը չգիտի՞, որ քարերն է առել, քանդակը չի առել: Արվեստի գործ է, ի՞նչ իրավունք ունի բանտարկելու»,- վրդովվեց Մաեստրոն:

– Մաեստրո, մեր էպոսը շատ հզոր է, բա չի՞ ասում` ինչքա՞ն պիտի փակված մնանք Ագռավաքարում:

-Ասում է` մինչեւ աշխարհը քանդվի, նորից շինվի…. Տիեզերքից է, տիեզերքից…

-Մաեստրո, երկու մեծ արվեստագետ է ծնվել Ձեր ընտանիքում` Դուք եւ նկարիչ Զաքար Խաչատրյանը: Երկուսդ էլ մեր մշակույթում վառ անհատականություն եք: Այդպես քիչ է պատահում, որտեղի՞ց է ստեղծագործական այդ հզոր գենը:

-Հորիցս է գալիս,-ասաց,-հայրս լավ արհեստավոր էր: Բայց Ստալինը տարավ-գլուխը կերավ: Չորս երեխաներին մայրս է պահել: Ասա` ոնց է պահել չորսին: Մայրս ուրիշ կին էր: Չեմ տեսել` երբ է քնում, երբ է արթնանում, երբ է հաց ուտում, երբ է խոսում, երբ է նստում, նրան միայն աշխատելիս եմ տեսել, մայրս ուրիշ էր…

Վարպետը մի պահ այնպես խանդավառվեց, երբ խոսք բացվեց մոր մասին ու պատմեց մորը քանդակելու պատմությունը: Մարգարիտ մայրը մի օր հանդիմանել է իրեն, թե բոլորին շինեցիր (ղարաքիլիսայի բարբառով` սարքել),  ինձ չշինեցիր: «Որ մայրս չասեր, էդ մասին չէի մտածի, ի~նչ լավ էր, որ ասաց, մորս էլ քանդակեցի: Քանդակը դրեցինք նրա գերեզմանին: Ի~նչ լավ էր` ասաց»… Ու կարոտի, ակնածանքի, որդիական երախտագիտության ի~նչ քնքշանք կար «քարեր ձեւած-քրքրած» 86-ամյա տղամարդու ձայնի մեջ… Առիթն օգտագործելով` տեղեկացրեցի, որ Սիսիանում իր եւ Զաքար Խաչատրյանի անվան տուն-թանգարանի բացման համար բավականին աշխատանք է կատարվել…

Հետո մեկեն փոխվեց թեման: Հարցրեց` Երեւանի ո՞ր քանդակներն ես սիրում:

Ասացի` Սասունցի Դավիթը, ասացի` սիրում եմ արեւային քաղաքի ճարտարապետի քանդակը, սիրում եմ Սիսիանում տեղադրված Նիկողայոս Ադոնցը… Երբ ասացի` արեւային քաղաքի ճարտարապետի քանդակը, ծնոտը դողդողաց… հոգով ամուր ու քարի պես պինդ մարդը դարձավ փխրուն… «Չեմ հասկանում` ոնց է ստացվել, ոնց եմ արել, ոնց է ծնվել» Ապա դարձավ Սամվելին` ասա` թող Արմեն Տիգրանյանի քանդակի մոտի ծառերը էտեն, քանդակի տեսադաշտը փակում են: Ծերունազարդ ծնոտը կրկին դողդողաց, երբ Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ Մարքսի` տեղից հանված քանդակը վերադարձրել են եւ տեղադրել նախկին տեղում` պոլիտեխնիկի բակում:

-Հինգ հոգի Մարքս է քանդակել, բայց ամենալավն իմն է,-ասես ինքն իր հետ խոսելով` ասաց Վարպետը: Հետո շարունակեց` Շտայները արվեստը դասակարգել է հետեւյալ ճյուղերի` քանդակ, ճարտարապետություն, նկարչություն, երաժշտություն եւ պոեզիա…

 -Մաեստրո, բա Սիսիանի մուտքի արծվի քանդա՞կը ոնց ես արել, էդ ի՞նչ նազանք ես դրել, էդ ո՞նց է արծիվը պատրաստվում թռիչքի, հաստատ` սիրահարված ես եղել,-ասաց Սամվել Խաչատրյանը:

Մասետրոյի աչքերի անթեղում արծվային քնքշանք էր…

-Կոնյակի գործարանի «Աստվածների խրախճանքը» տեսե՞լ ես,- հարցրեց Մասետրոն:

«Աստվածների խրախճանք»-ն արարելու պահին Մաեստրոն եղել է նրանց` հավասար, նրանց` ընկեր ու նրանց հետ` խնջույքի նստած… Ո՞նց ասեի, որ ինձ համար Մաեստրոյի հետ այս հանդիպումը աստվածների խրախճանքի պես մի բան էր…

Հ.Գ. Այսօր մեծ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, արեւային քաղաքի ճարտարապետի քանդակի հեղինակ Արտաշես Հովսեփյանի ծննդյան օրն է: Շնորհավոր ծննդյանդ օրը, Աստվածների հետ խնջույք արած, Փոքր Մհերի նման «աշխարհի անարդարություններից խռովված ու ինքն իր մեջ փակված», բայց`ականջը` Ձենով Օհանի ձայնին Արտաշես Հովսեփյան…

…Իսկ նրա Փոքր Մհերը, երկունքի պատրաստ, սպասում է…   

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

22.06.2015 թ. Սիսիան-Երեւան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ` ԲՆՈՒՆԻՍ, «ԷԴԳԱՐԻ ՏՈՒՆ». Պատը շարվի պիտի, ուրիշ հնար չկա, Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…

Տեղադրվել է - Օգոստոս 26, 2023 0
Սեպտեմբերի 27-ին Հադրութի զորամասերից մեկի զինծառայող, առաջին պաշտպանական գծի նռնակաձիգ Էդգար Մարգարյանի ծննդայն օրն էր. լրանում էր 20-ամյակը: Զորակոչվել էր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: