Սեպտեմբերի 27-ին Հադրութի զորամասերից մեկի զինծառայող, առաջին պաշտպանական գծի նռնակաձիգ Էդգար Մարգարյանի ծննդայն օրն էր. լրանում էր 20-ամյակը: Զորակոչվել էր 2019 թվականի հունվարի 29-ին: Ծառայության ավարտին մնացել էր 4 ամիս: Սեպտեմբերի 25-ին իջել էին դիրքերից: Մայրը զանգով տեղեկացրել էր, որ քարտին գումար է փոխանցել, իսկ ծննդյան ծանրոցն ուղարկել է Հադրութում հայտնի Նորոյի խանութ, որ ընկերներով ծնունդ նշեն… Սակայն որոշել էր անակնկալ անել տղային, ու, նրան տեղյակ չպահելով, գիշերով դուրս եկել Երեւանից, որ Էդգարի` Նորոյի խանութ հասնելուց առաջ ինքը հասներ նրան եւ միասին նշեին որդու 20 ամյակը: Ճանապարհ էր ընկել Վարդենիսով, հասել հայտնի ավազահանքեր, երբ պայթյուն լսվեց… երկրորդ պայթյունն ավելի ուժգին էր: Մոլորվեց-մնաց` չիմացավ անելիքը: Հեռախոսը բացեց` մորը զանգահարելու, եւ առաջին լուրը, որ շանթեց նրան, Ստեփանակերտի հրետակոծությունն էր…
Պատերազմը սկսվել էր… Էդգարը Արսինեի զանգերին չէր պատասխանում, անհանգստությունը տագնապային էր, անելիքը` անորոշ… Ժամը 12-ին որդին զանգահարեց. մայրը շնորհավորեց նրան, ասաց` քեզ պինդ կպահես, Էդգարը մորը հորդորեց չլացել, հայտնեց, որ երբ 26-ի գիշերը թշնամու կուտակումներ եւ առաջխաղացում են նկատել, իրենց բարձրացրել են դիրքեր, տղերքով նշել են ծնունդը, մոմ են դրել մի բուլկու վրա, շնորհավերել իր 20 ամյակը… Հավանաբար`ամենասիրունը բոլոր ամյակներից, ամենաանկրկնելին բոլոր տարեդարձերից, ամենահուզիչը` բանակային օրերից, որ այդպես էլ մնաց չերկրորդված, որ այդպես էլ դարձավ երկրային կյանքի վերջին ծննդյան օրը, որը նաեւ 44-օրյա պատերազմի առաջին օրն էր, որ սկսվեց ու չի ավարտվում եւ չի ավարտվելու Արսինեի սրտում, Արսինեի կյանքում եւ ապրած ու ապրելիք բոլոր օրերում…
Պատերազմ էր: Ավազահանքերից առաջ չգնաց, անհնարին էր, ոտքերը ոչ առաջ էին տանում, ոչ` ետ: Արսինեն Արսինե չէր լինեի, եթե վերադառնար Երեւան… Վերադարձավ Վարդենիս, տեսավ պատերազմի ամենակուլ երախը, եւ, ավելի քան 15 տարի տարբեր հասարակական կազմակերպություններում կամավորություն արած կինը կրկին զգաց կամավորի` ի վերուստ, արյամբ իրեն տրված առաքելությունը եւ սկսեց օգնել խուճապահար, պատերազմի սարսափն աչքերում անօգնական երեխաներին, ծերերին, մի շապիկով տնից դուրս ելած մարդկանց: Պատերազմի առաջին օրն անցկացրեց Վարդենիսում… Որդին` կրակների մեջ, ինքը` տագնապների ու անորոշ… Առավոտյան ժամը 10-ի կողմերը զանգահարեց ընկերներից մեկը, ասաց` Արցախում հացթուխների պահանջ կա, առաջարկեց Արսինեին միանալ Ստեփանակերտ մեկնող խմբին, ստանալով` համարիր արդեն այդտեղ եմ պատասխանը…
«Կյանքի եւ մահվան գնով հասանք Ստեփանակերտ…Մինչեւ կհասնեինք փուռ, որտեղ պիտի հաց թխեինք, սմերչի հարվածից շենքը կիսվել էր… Մտածում էի` աստծու կամքով, ինչ կլինի, թող լինի… Ծնողներիս, դստերս զանգերին չէի պատասխանում, որ չխաբեմ, տեղս չասեմ, աղջկաս ասացի` Գորիսում եմ, չհավատաց, հետո իսկությունն իմանալով` պիտի գրեր` հպարտանում եմ քեզանով, մամ: Էդգարն էլ չգիտեր, որ Ստեփանակերտում եմ…Կրակի կարկուտ էր տեղում քաղաքի վրա: Պայթեցվեց փուռի մոտակա զինկոմիսարիատի շենքը, հարվածային ալիքը խփեց փռին` ամենքիս մի կողմ նետելով: Իջանք նկուղ, մի օր չկարողացանք հացը թխել, 5 հազար լավաշի խմորը ելավ-թափեց- փչացավ, էդ խմորից թխվեց միայն 35 լավաշ… Սեպտեմբերի 29-ին ժամը 10-ին Էդգարը զանգեց, ասաց` շրջափակման մեջ են: Հարցրեցի` էդգար ջան, ամեն ինչ լավ է՞, ասաց` հա, մամ, մենակ մի բանը լավ չի` բատինկիս քիթը բացվել ա… Ո՞վ կպատկերացներ, որ տղայիս մարմինը 4 ամիս հետո պիտի գտնեի էդ քիթը բացված բատինկայով… Հետո ամբողջ վաշտից միակ փրկված զինվորից` այրվածքներից տեսողությունը կորցրած սեւանցի մի տղայից իմացել ենք, որ վաշտի հրամանատարն ասել է զանգեք ձեր մամաների հետ խոսեք, կարող ա սա ձեր վերջին խոսելը լինի: Երբ ամսի 29-ին շրջափակումից մի կերպ դուրս են եկել, տրվել է նահանջի հրաման, բայց Էդգարը չի նահանջել, հրամանատարին ասել է` դուք իջեք, ես թիկունքը կպահեմ: Հրամանատարը` մեղրեցի Ալբերտ Խաչատրյանը, վիրավորներին իջեցրել է դիրքերից, երկու տեղից էլ ինքը վիրավորվել, փորձել է բարձրանալ միայնակ մնացած Էդգարի մոտ, սակայն տեղ չի հասնել: Էդգարը, ինչքան կարողացել, միայնակ պահել է դիրքը, բայց կողքը պայթած ականը հարվածել է նրան: Նրա մարմինը գտանք հենց այն դիրքով, ինչպես որ հոկտեմբերի 10-ին հրամանատարի` տելեգրամյան ալիքներից հանած եւ մեզ ուղարկած լուսանկարում էր…»,- ասում է Արսինե Սահակայնը:
Հացի արտադրամասում ոչ հեռուստացույց կար, ոչ` ինտերնետ: Հոկտեմբերի 3-ին Արսինեն զանգահարել է տուն` իմանալու ծնողների որպիսությունը, բայց մոր հեռախոսին պատասխանել է հորաքրոջ տղան, ինչը չափազանց զարմացրել է նրան, քանի որ բարեկամը տոնից տոն էր միայն այցելում իրենց, իսկ երբ լսել է մոր լացի ձայնը… Հոկտեմբերի 3-ին ՊՆ-ն պաշտոնապես տարածել էր զոհվածների ցուցակը, որի մեջ նաեւ Էդգար Հրաչյայի Մարգարյանի անունն էր: Տնեցիները կարդացել էին, ինքն անտեղյակ էր, Էդգարի զոհվելու օրը` հոկտեմբերի 1-ին, սակայն, անսովոր ու անասելի տագնապների մեջ է եղել: «Երաշխիք չկար, որ էնտեղից հետ կգամ… Եթե հոկտեմբերի 3-ին ինձ Հայաստան չուղարկեին, ամսի 4-ին այնտեղից դուրս չէի գա, ու կարող է ես էլ չլինեի… փուռը պայթեցրել են»,- ասում է Արսինեն, ում համար Արցախը հարազատ տան պես էր, որտեղ դեռեւս 2020-ի փետրվարին էր տեղափոխվել` աշխատելու, զինվոր որդուն ավելի մոտ լինելու համար: Ընկերների հետ մի ռեստորան էր վարձակալել, աշխատում էին: Մայրը հաճախ չէր այցելում որդուն, շատ էր ցանկանում, բայց Էդգարը դեմ էր, չէր շահարկում իր նկատմամբ հրամկազմի բարյացկամ վերաբերմունքը, ասելով` ոնց բոլորը, էնպես էլ` ես… «Երբ Էդգարն արձակուրդ էր եկել, քույրը Հայաստանում չէր, չկարողացավ նրան տեսնել: Հետո Սյուզին հունիսին Հայաստան եկավ, այցելեցինք Էդգարին: Դա մեր վերջին տեսակցությունն էր, օգոստոսին քովիդը տարածվեց, փակեցինք ռեստորանը, վերադարձանք Երեւան»- ասում է տիկին Արսինեն, պատմում, որ Էդգարի կյանքում էնքան շատ են խորհրդանիշները, որ հիմա, ետադարձ հայացք գցելով, համոզվում է, որ դրանք պատահականություններ չեն, եւ պատահական ոչինչ չի լինում կյանքում:
Էդգարը Արսինեի միակ արու զավակն էր: Քույրը` Սյուզին, ընտանիքի առաջնեկն էր, եղբորից մեծ` երեք տարով, բայց Էդգարն ուրիշ սպասում, ուրիշ հույզ ու երազանք էր մոր համար: Ծնվել էր 5 կգ քաշով, սպիտակամաշկ, սեւամազ: Ապշած բժիշկները գուշակել էին` ձին ձիավորից է իջեցնելու … Փոքր տարիքում հանգիստ երեխա էր, բայց դպրոցում արդեն ակտիվ էր, աշխույժ: Երեւանի` Լեւոն Արիսյանի անվան թիվ 127 միջնակարգ դպրոցի աշակերտ Էդգարն առանձնապես սովորել չէր սիրում, սակայն սիրում էր մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, ֆիզկուլտուրա, մասնակցում էր դպրոցականների` կենգուրու մրցույթներին, մորն ուրախացնում իր հաջողություններով: Էդգարը չշարունակեց ուսումն արդեն ավագ դարձած դպրոցում, որտեղ նաեւ մայրն էր սովորել, եւ ցանկացավ աշխատել, խոհարարություն անել: «Ես դեմ էի, որ աշխատի, բայց Էդգարն աշխատասեր էր, ուզում էր ինձ օգնել, թեւ ու թիկունք լինել: Մենք դեռեւս 2012 թ.-ից ամուսնալուծվել էինք, երեխաներին մենակ եմ պահել, վարձով ենք ապրել, բայց տատիկ-պապիկի տունը նրանց ամենօրյա այցի վայրն էր, ես ցանկանում էի երեխաներս սեփական տան համի զգացողությունը չկորցնեին, որովհետեւ զգում էի, որ վարձով տանն ապրելը, ապա` տնից տուն տեղափոխվելը բացասաբար էր ազդում նրանց հոգեբանության վրա: 20 տարի վարձով ենք ապրել. .. Երբ Էդգարը բանակում էր, վարձով տնից ուրիշ տուն պիտի տեղափոխվեինք, ասաց` օֆ, մամա, էլի տեղափոխությու՞ն, էդքան իրերը ո՞նց պիտի կրես… Տուն ունենալը մեզ համար գերագույն նպատակ էր: Հենց Էդգարի գերագույն նպատակն էր: Էդգարն Արցախը շատ էր սիրում, ասում էր` մամ, քանի Արցախում ես, էդտեղ կամ` սահմանամերձ մի մարզում հողակտոր գտիր, բանակն ավարտեմ, աշխատենք տուն սարքենք, մերը, մեր տունը»,- ասում է Արսինեն, պատմում, որ Էդգարը բարի էր անսահման, ընկերասեր, կատակող, համեստ, չէր սիրում կոնֆլիկտներ ոչ ծառայակիցների, ոչ` սպայական կազմի հետ: Երբ մի անգամ վաշտի հրամանատարը փորձել է հանդիմանել, փոշմանել է` ասելով` հայացքիցդ բարություն է կաթում, քեզ ո՞նց դիտողություն անեմ: Հումորով էր, սիրում էր համով չարաճճիություններ անել, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում վիրավորվել, քանի որ էնքան բարի էր ու սիրառատ, կենսասեր ու լիասիրտ: Որ բարության ծով էր, գիտեին, բայց պատերազմից հետո էլ առնչվեցին նրա բարությունը, ընկերասիրությունը փաստող բազմաթիվ դեպքերի ու չզարմացան… Էդգարի զոհվելուց հետո ծառայակից ընկերներից մեկը, որ զորացրվել էր հուլիսին, փնտրել-գտել էր Արսինեին եւ նրան վերադարձրել զորացրվելիս Էդգարի` իրեն նվիրած թեւի ժամացույցը որպես նրանից մնացած ամենաթանկ հուշ եւ հիաշատակ:
Սեպտեմբերի 10-ին Էդգարը զանգարել էր մորը, խնդրել հինգ հազար դրամ փոխանցել քարտին, նորից զանգել հարցրել` ինչու չի հարցնում` ինչի համար է: «Սովորություն չունեի` հարցնելու: Ասաց` ցեմենտ-ավազ պիտի գնեմ, դիրքում մատուռ կառուցեմ: Դիրքեր այցելած թալինցի գնդերեցը հետո պատմել է, որ Էդգարը կառուցել էր իր հավատքի մատուռը: Բայց մի մեծ երազանք էլ կա, որ պիտի իրականացնեմ. պիտի կառուցեմ որդուս պատգամած` Պարգեւավանքը, որ երազով եմ նրանից ստացել: Հաղարծինի վանքին նախախնամություն եմ տվել, ինքս ինձ եւ որդուս երդվել` կատարել նրա նպատակը: Չգիտեի` որտեղ պիտի կառուցեմ, անընդհատ փնտրում էի երազով տեսած վայրը, ու երբ, նույն աստծո նախախնամությամբ, բնակություն հաստատեցի Բնունիսում, այստեղ էլ գտա այն բարձունքը, որտեղ պիտի կառուցեմ Պարգեւավանքը որպես ուխտատեղի- պարգեւ այն կանաց եւ մայրերի համար, ովքեր փափագում են զավակ ունենալ… Երկու տարի է` Էդգարի խաչքարը նույնպես պատրաստ է, բայց համառորեն չէր ստացվել տեղադրել, մտադիր էինք անցյալ տարի` իր ծննդյան օրը տեղադրել, սակայն սեպտեմբերյան ռազմական դեպքերը եղան, եւ կրկին հետաձգվեց: Հիմա արդեն գիտեմ` որտեղ է տեղադրվելու. Պարգեւավանքի բակում…»,-ասում է Արսինեն:
Էդգարն աչք դրած աղջիկ ուներ, քրոջ` Սյուզիի ընկերուհի Քնարիկն էր: Մորից նրա հեռախոսահամարն էր խնդրել, ասել` երազանքդ կատարելու եմ, Քնարիկին հարս եմ բելելու քեզ: Քնարիկին էլ զանգահարել-ասել էր` չորս ամսի ժամանակ ունես մտածելու, որ մամայիս հարսը դառնաս: Չորս ամիս… որքան շատ են չորս ամսվա զուգադիպությունները Էդգարի կյանքում… Չորս ամիս էր մնում ծառայության ավարտին, չորս ամսից պիտի զորացրվեր, չորս ամիս էր տվել Քնարիկին, չորս ամիս տեւեց «վերադարձը»…
Այդ «վերադարձը» մի ուրիշ մղձավանջ էր մոր համար, մի ուրիշ ցավի փորձություն` որդու մարմինը փնտրելիս: Արսինեն ոչ մեկին չվստահեց իր կյանքի ամենածանր «խաչը»` որդու որոնումը, համոզված, որ մայրական սիրտը, միտքը, տրամաբանությունը, վերջապես` զգայարաններն ու անչափելի սերը միայն կարող են իրեն հանել այն հետքի վրա, որը հուսախաբ չի անի, եւ միայն ինքը կկարողանա գտնել որդուն… Քառամսյա ամենադաժան, անհավանական, դժվարագյույն ապրումները հաղթահարելով, Ստեփանակերտ, Գորիս, Մեծամոր, Երեւան բազում-բազմաթիվ դռներ թակելով, դիահերձարաններ մտնել-դուրս գալով, հույսեր կծկելով, հույսեր քանդելով, քանդվելով ու հավաքվելով, «բացված քթով զինվորական կոշիկի» մասին կամավորական ջոկատներից մեկի շտաբի մոտ խոսելիս պատահաբար գտնում է «Վարդանանք» ջոկատի այն զինվորականին, ով ասում է, որ նոյեմբերի 3-ին Էդգարի մարմինն ինքն է դուրս բերել տարածքից, զահվածի զինվորական կոշիկն էլ բացված քթով էր… Մանկության տարիների` դեռեւս պահպանված սպիի նշանով ու դնթ համընկնումով հունվարի 17-ին գտնում է որդու մարմինը: Էդգար Հրաչյայի Մարգարյանի (Պոնչ) աճյունը հունվարի 19-ին ամփովում է Եռաբլրում: Հետմահու պարգեւատրվել է մարտական ծառայությունների համար Արիության մեդալով եւ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Արսինե Հովհաննեսի Սահակյանը` «Սոսե մայրիկ» մեդալով:
Էդգարը, որ չորս ամիս հետո պիտի տուն վերադառնար ծառայությունն ավարտած, վերադարձավ` անմահության տուն` Եռաբլուր` հավերժ զինվորի պատվո կոչումով, հայրենիքի նահատակի լուսապսակով, որ շարունակի հարատեւել որպես սրբազան նվիրում, որպես սիրո եւ կարոտի խորհրդանիշ, որպես ապրած ու չապրած կյանքի վկայություն եւ իր ծննդավայրից հեռու` Սիսիանի մի գողտրիկ անկյունում` Բնունիսում դառնա սիրո եւ հավատի, մեծ երազանքի, մեծ նպատակի, սեփական օջախի ու սեփական տան, նոր կյանքի ու նորովի ապրելու խորհրդանիշ` «Էդգարի տուն»…
Երբ թվում էր` ամեն ինչ ավարտվել է, ապրելու ոչ ուժ կար, ոչ` իմաստ, երբ միակ որդին հավերժորեն ննջում է անմահների պանթեոնում, երբ թվում է` կյանքն ու ժամանակը կանգ են առել, աստծո նախախնամությամբ բացվում է կյանքը նորից ու նորովի ապրելու հույսի-լույսի մի նոր դուռ, որի անունն է Բնունիս` մինչ այդ անհայտ ու անծանոթ մի անուն… Ու Բնունիսը դառնում է 45-ամյա Արսինե Սահայկանի նոր երազանքների, նպատակների, Էդգարին նորովի ապրեցնելու եւ հավերժացնելու անջնջելի հասցեն…
Պատահաբար տեսել էր ընկերուհիներից մեկի` Ստելլա Սարուխանյանի ուղիղ եթերը Սիսիանի Նժդեհ գյուղից, անմիջապես մտադրվել տուն գնել Նժդեհում: Տունը գտնվել էր, բայց ինչ-ինչ պատճառներով գնել չստացվեց: Գուցե նորից աստծո նախախնամությամբ տունը գնեց հարեւան` Բնունիս գյուղում, որի անվան ժղովրդական ծագումնաբանությունն անգամ (բուն ունի՞ս) Արսինեին վստահեցրեց, որ ընտրությունը ճիշտ է, քանի որ այն պիտի դառնար իր նոր հուսերի, ապրելու եւ ապրեցնելու հուսալի բույն-տունը: Եղել են, իհարկե, թերահավատներ, որ Երեանում ծնված- ապրած կինը երկար չի դիմանա, ետ կվերադառնա, եղել են կասկածամիտներ, որ թերագնահատել են նրա կամքն ու ուժը, կարծելով, որ քմահաճույք է, կամ` փախուստ իրականությունից: Բայց այն դարձավ նրա նոր իրականությունը, նոր կյանքը: Արսինեն, վերջապես, ունեցավ իր սեփական տունը, որի մասին այնպես երազում էին ինքն ու որդին: Իսկ կիսատ ու անավարտ թողնել սկսած գործը եւ հեռանալ գյուղից, կնշանակի` դավաճանել Էդգարին, դավաճանել այն սուրբ արյանը, որը հեղվել է` ամրացնելու հայրենի հողի եւ երկրի հիմքերը…
–Տունը դեռ իմը չէր, դեռ թղթավարություն էինք անում, բայց հողն արդեն վարել էի տվել, համոզված, որ իմն է լինելու: 2022-ի օգոստոսին բնավորվեցի այստեղ, դարձա բնունիսցի, մեկ տարին լրացավ, որ բնունիսցի եմ: Հայրս ինձ հետ է ապրում, շուտով մեզ կմիանա մայրս: Բնունիսն իմ բույնն ու տունն է, նոր կյանքի սկիզբ է, ապրելու, ապրեցնելու նոր իմաստ, նոր նպատակ: Ես չեմ սիրում նվնվացող, անվերջ տրտնջացող, լաց ու կոծ անող, կորուստը շահարկողներին, աստծո տված կյանքն ապրելն էլ պայքարի մի ձեւ է: Տես` դու ուրիշ ձեւով ես հաղթահարել քո պայքարը, քո պայքարը քո գիրքն էր, («Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ». ընդգծումը` Ա.Ա.), իմ պայքարը սա էր, իմ պայքարի եւ ապրելու-ապրեցնելու անունը «Էդգարի տուն» է: Եթե նստեմ առավոտից իրիկուն լացեմ, ո՞ւմ դուրը կգա, անգամ` իմ ու Էդգարի դուրը չի գա: Հաղթահարել եմ Եռաբլուր` էդգարի մոտ ամիսը մեկ գնալու «սահմանափակումը», որովհետեւ իրականում Էդգարը էնտեղ չի, ինձ հետ է, նրա մարմինն է էնտեղ, բայց հոգեւոր կապն է կարեւորը, ու այնպիսի տպավորություն ունեմ, որ Էդգարը հենց այս տան մեջ է ծնվել-մեծացել, որովհետեւ անընդհատ ինձ հետ է, ինձ հուշում է, առաջնորդում, ես նրա հետ խոսում եմ, ոչ ոք դա չի կարող տեսնել, զգալ, իմանալ: Երբ լույսը բացվում է, ասում եմ` աստված ջան, Էդգար ջան, դուք ինձ առաջնորդեք…Ապրեցնել կյանքը, կյանքը դարձնել ավելի արժանի հենց կյանքին, ապրեցնել ինձ շրջապատող անձանց, տալ նրանց հնարավորություն, որ իրենք ինձ հետ չլացեն, չտխրեն, վատ չզգան, մեղավոր չզգան: Երբեմն ինձ ասել են` Արսինե, դու էսքան բարի ես, քեզ հետ սա չպիտի լիներ, պատասխանել եմ` աստված իմ էրեխուն տարել է ոչ թե նրա համար, որ ես բարի չեմ, կամ` վատ բան եմ արել, գիտի, որ ուժեղ եմ: Ես գիտեմ, որ ուժեղ եմ, այնքան ուժեղ, որ ուզում էի մի երեխա լույս աշխարհ բերել, բայց մտավախություն ունեցա, որ կթուլանամ, չեմ կարողանա Էդգարի գործը հասցնել ավարտին, ետ կանգնեցի… Եթե իմ տեղը մեկ ուրիշը լիներ, գուցե խելագարվեր: Սերը լռություն է սիրում, հատկապես` այս սերը: Երբ իմ ճակատագրին արժանացած մի մայր ասում է` դու չլինեիր, էսօր գործի չէի գնալու, կամ` որ նայում ենք քեզ, քեզանով ապրում ենք, ինձ այնքան լավ եմ զգում, որ կարողանում եմ ինձ նման մայրերին ապրեցնել: Դա շատ կարեւոր է… Ես գիտեմ, որ այս կյանքում առաքելություն ունեմ` աստված ինձ սեր է տվել, որ սեր բաշխեմ, մենակ իմ սերը չէ, Էդգարի սերն էլ եմ բաժանում` Էդգարի միջոցով: Ուրախ եմ, որ ինձ տեսնելով` որեւէ մեկը, առավելապես` իմ ճակատագիրն ունեցող որեւէ մայր մոտիվացվում է: «Էդգարի տունը» վերածննդի, վերապրումի, վերընձյուղման խորհրդանիշ է, նշանակում է`այն կյանքը, որ նա տվել է հայրենիքին, շարունակվում է, հայրենիքը կա, ապրում է, ապրելու է: Կարեւոր է կյանքը սահմանին ապրեցնելը, որը նաեւ իմ ՀԿ-ի անունն է` «Կյանքը` Սյունիքի սահմանին»: Կարեւոր է, որ հյուրատուն մտնող տեղացին եւ օտարազգին առաջինը տեսնելու են հայրենիքի զինվորին, որն իր կյանքը տվել է այդ հայրենիքին, հետո նահատակ զինվորի մորը, որը շարունակում է ապրեցնել նրան, ապրեցնել իրեն, գյուղը, հայրենիքը: Հայրենիքը պիտի այսպես կանգուն մնա, ու այսպես պիտի շարունակենք ապրել… Փազլի պես հավաքվում է իմ քանդված կյանքը, փազլի պես հավաքվում է «Էդգարի տունը», տան եղածը, փազլի պես հավաքվում է մեր երկիրը, ու մենք ուրիշ պետություն ենք դառնալու, ես դրանում վստահ եմ, մենք լավ պետականություն, փայլուն ապագա ենք ունենալու. մեր զավակները հենց այնպես չեն զոհվել… 4 հազարից ավելի հոգի վերեւից մեզ հսկում է, յուրաքանչյուրն իր հերթին մեզ ուղղորդում, ամեն մեկն իր հերթին սաստում` բավ է նվնվալ, պիտի ապրել…
«Էդգարի տունը» երազանքի տուն է, նպատակի տուն, ապրելու տուն, ապագայի տուն: Ճիշտ է, ինձ ոչինչ չի սփոփում, իմ ներքին կռիվն ինձ հետ կա, բայց այս նպատակն ինձ հաշտեցնում է ինձ հետ…Այն, ինչ Բնունիսում անում է Էդգարի մայրը, կյանքի շարունակությունն է, Էդգարի չավարտած ուսումը, չծնվածների փոխարեն նոր երեխաներ լույս աշխարհ բերելը, կրթություն տալը, էն, ինչ կաներ Էդգարը, հիմա ես պիտի անեմ, որ ինքը դրանով շարունակվի… Ես ապրում եմ Էդգարով, շնչում եմ Էդգարով, ինձ համար այս պահին նա իմ գերբնական ուժն է, ես առաջնորդվում եմ նրան ձոնված` ես դեռ գալու եմ արծվի ճախրանքով խոսքերով… «Էդգարի տունը» գյուղացիների համար էլ ոգեշնչման աղբյուր է. իրենք էլ կարող են իրենց համար բացահայտել իրենց թաքնված հնարավորությունները, որ տալիս է գյուղը:
Դեռ շատ գործ ունենք, մտադիր եմ լուսանկարչական անվճար ստուդիա բացել գյուղի երեխաների համար, որովհետեւ էդգարը շատ էր սիրում լուսանկարել, հարեւան` Տոլորս գյուղի դպրոցում արդեն գործում է կարպետագործության, ասեղնագործության խմբակ, սովորում ենք արվեստ, նկարչություն, հայկական մշակույթ, ինձ օգնում է իմ տաղանդավոր ընկերուհին` Լիլիթ Վարդանյանը, ազգագրական պարերի խմբակ բացելու մտադրությունը հերթի մեջ է: Օնլայն դասընթացներ եմ անցկացրել, նկարում եմ, կարում, սերնդին սովորեցնում կայանալ, դրսեւորվել, ինքնաճանաչվել, ինքնաբացահայտվել, երեխան պիտի ինտեգրվի հասարակության մեջ: Երազում եմ մի օր արթնանալ ու լսել, որ 1 միլիոն հայ սփյուռքից տեղափոխվել է Հայաստան` մշտական բնակության, ես հավատում եմ դրան… դրա մեջ կա Հայաստանի ուժը, ուժեղանալու հնարավորությունը, աշխարհին ապացուցելու, որ հայը, ինչքան էլ ցրիվ, մեկ է, իր տունն ու բույնը Հայաստանն է, պետք է բոլորն իրենց բույնը վերադառնան… ուշ թե շուտ գալու են, եւ ես դա վայելելու եմ…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
25.09.2023