(Նվիրվում է նկարչի ծննդյան 90-ամյակին)Մեծատաղանդ արվեստագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանն անցել է փառապանծ կյանքի ուղի: Հորից զրկվել է շատ շուտ. չարագուշակ 1937-ին բռնադատվել ու նահատակվել է հայրը: Մասնակցել է Հայրենական պատերազմին և հերոսի նման վերադարձել՝ իր հետ բերելով բազմաթիվ պարգևներ՝ Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններ, Կարմիր աստղի շքանշան, Մեդալ խիզախության համար և այլն: Հիմա պրոֆեսոր է իր սիրելի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում և շարունակում է վարպետության դասեր տալ ապագա նկարիչներին: Նա նաև Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ է, ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտը, սովորել է Մոսկվայում, աշակերտել է նշանավոր Ալեքսանդր Գերասիմովին: Հիմա Սանկտ Պետերբուրգի Հայրենական պատերազմի վետերանների խորհրդի նախագահն է: 2012 թ. հունվարի 12-ին՝ Լենինգրադի բլոկադայի ավարտի օրը, ՌԴ նախագահ Վլ. Պուտինն առանձնազրույց է ունեցել Զախար Խաչատրյանի հետ, որը հեռարձակվել է ՌԴ գլխավոր հեռուստատեսային ալիքներով: Պուտինը նրան պարգևատրել է ոսկե մեդալով և բնակարանով: Նրա եղբայրը մեծատաղանդ նկարիչ Արտաշես Հովսեփյանն է, ում քանդակները զարդարում են մեր սիրելի Երևանը: Երկու եղբայրների տուն-թանգարանը գործում է Սիսիանում և այդ քաղաքի տեսարժան վայրերից է: Օրերս Զախար Խաչատրյանի «Ամառային օր» գեղանկարն արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին:
– Ձեր կարծիքով ո՞րն է կատարյալ երջանկությունը:
– Ես չգիտեմ, թե ի՞նչ է կատարյալ երջանկությունը, որովհետև դա շատ հարաբերական հասկացողություն է:
–Ամենից շատ ինչի՞ց եք վախենում:
– Վախենում եմ կեղծ մարդուց և նրա կեղծիքից:
– Ո՞ր պատմական դեմքի հետ Ձեզ կնմանեցնեիք:
– Ինձ պատմական դեմք չեմ համարում, հետևաբար չեմ կարող համեմատել:
– Ձեր բնավորության ո՞ր գիծը չեք հավանում:
– Շատ մեծ հավատարմությունը, հավատը և անկեղծությունը, ինչի պատճառով հաճախ տուժել եմ:
– Ի՞նչն եք համարում ամենամեծ առաքինությունը:
– Հարգանքը դիմացի մարդու նկատմամբ և հավատը, նրա ներքին մաքրությունը:
– Ո՞ր դեպքում եք ստում:
– Ես չեմ պատկերացնում, որ կարելի է ստել:
– Ամենաշատն ինչի՞ համար եք ափսոսում:
– Իմ կորցրած ժամանակի համար:
– Ո՞վ է Ձեր կյանքի մեծ սերը:
– Իմ հավատը:
– Ուրիշ ի՞նչ տաղանդ կուզեիք ունենալ:
–Կուզեի առավել մեծ նկարիչ լինել, ես դեռ ձգտում եմ դրան:
– Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը:
– Աստծուն շնորհակալ եմ, որ նրա կամքով դարձել եմ նկարիչ և արվեստագետ, որովհետև դա դժվար բան է:
– Որտե՞ղ կկամենայիք ապրել:
– Իհարկե, Հայաստանում:
– Ձեր բնավորության հիմնագիծը ո՞րն է:
– Անկեղծությունը:
–Ո՞վ է Ձեր սիրելի գրողը:
– Լև Տոլստոյը, որի ասույթները օգտագործում եմ իմ խոսքում, դա ասել եմ նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
–Որո՞նք են Ձեր հերոսներն իրական կյանքում:
– Ովքեր ազնվաբար պատրաստ են ամեն ինչ տալ հանուն հայրենիքի պաշտպանության: Ես դա արել եմ, պատերազմի ժամանակ վիրավորվել եմ կրծքավանդակից, և դա իմ առաջին շքանշանն է:
– Ո՞րն է Ձեր սիրած անունը:
–Հայկական՝ Խաչատուրը:
– Եթե նորից ծնվեիք, ի՞նչ կուզեիք դառնալ:
– Միայն նկարիչ:
– Ո՞րն է Ձեր կյանքի նշանաբանը:
– Միշտ լինել արդար:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ