Անգեղակոթում դեռ հիշում են տարիներ առաջ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտներին անգլերեն սովորեցրած, գյուղացիներին շատ հարցերում օգտակար եղած «Խաղաղության կորպուսի» կամավոր, մեղրագույն մազերով ամերիկուհուն՝ Անդրեա Գրանտին, որ Անգեղակոթից եւ Հայաստանից հեռանալուց հետո էլ մշտապես կապի մեջ է իր սիրելի անգեղակոթցինեի հետ: Տարիներ անց էլ նա չի մոռացել հարազատ դարձած գյուղի ջերմությունն ու հյուրընկալությունն իր հանդեպ: Ամերիկուհի կամավորը` Անդրեան, որ ուր ասես` չի եղել, ու շարունակում է լինել, Հայաստանից հեռանալուց հետո էլ նույն բարձր կարծիքն ունի հայերի մասին:
Ամեն սերունդ ու ամեն ոք տալիս է ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ու՞ր ենք գնում հարցերը, եւ պիտի իր պատասխանն ունենա: Իսկ այդ հարցերի պատասխանների խորքերը թափանացելու համար երբեմն կարիք ենք ունենում դրսի պատասխանի, օտարի աչքով մեզ նայելու: Օրերս Անդրեայի հետ ունեցած իմ զրույցից հետո ես էլ շատ հարցեր բացահայտեցի ինձ համար` հասկանալու մշտապես հնչող` ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ու՞ր ենք գնում հացերը…
-Անդրեա, բավականին ժամանակ է անցել, որ տեղափոխվել ես Հայաստանից եւ «Խաղաղության կորպուսի» կամավորի քո առաքելությամբ շրջում ես աշխարհի տարբեր երկրներում, տարիների հեռավորությունից` ըստ քեզ, ո՞վ է հայրը:
-Հայը իմ ճանաչած ամենահյուրընկալ եւ առատաձեռն ժողովուրդն է: Հյուրընկալության աստվածաշնչյան հայեցակարգի իմ ըմբռնումը Հայաստանում իմ ապրած փորձի միջոցով է: Հայերը միաժամանակ եւ՛ հպարտ են, եւ՛ համեստ: Նրանք ինձ սովորեցրին մոմ վառել եւ հույսս սրտում վառ պահել: Նրանք ինձ սովորեցրել են կիսվել ամեն ինչով, նույնիսկ` մերձավորներիս ցավով։ Կարծում եմ, որ հայերը աներեւակայելի խելացի եւ ռազմավարական մտածողներ են, ինչը նրանց դարձնում է հիանալի շախմատիստ և վաճառական: Նրանք նաեւ խորապես կարեկցում են, քանի որ հասկանում են ողբերգությունը:
-Ի՞նչ ես տարել քեզ հետ Հայաստանից։
-Գիտե՞ք` 2021 թվականի նոյեմբերին ես մկրտվել եմ Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքի Սուրբ Մեսրոպ Հայ Առաքելական եկեղեցում։ Պատարագի խոսքերն ու երգեցողությունը դիպչում են սրտիս ու հոգուս։ Ինձ օծեցին յուղով եւ տվեցին Էջմիածնից բերված հայկական խաչ, որը միշտ կրում եմ։ Խաչն ինձ հիշեցնում է Հայաստանը, աշխարհում տիրող բարությունն ու շնորհը, իմ սեփական սխալները, նաեւ այն, որ ես միշտ պետք է պատրաստ լինեմ ներելու ուրիշներին, եւ որ իմ կյանքը միշտ Աստծուն է պատկանել։ Ես երբեք չեմ կարող հայ լինել, բայց կարող եմ միանալ ձեզ Քրիստոսի հանդեպ մեր ընդհանուր հավատքին: Անկեղծ ասած, ես այդ ըմբռնմանը չհասա մինչեւ Հնդկաստանի հինդուների եւ Ինդոնեզիայի մուսուլմանների մեջ ապրելս: Ինձ անհրաժեշտ էր զգալ հակադրությունները հավատքների եւ մշակույթների մեջ, որպեսզի ավելի լավ հասկանայի, թե ով եմ ես եւ ինչին եմ հավատում:
-Ի՞նչ ես թողել Հայաստանում։
-Կյանքը կանգ չի առնում ոչ մեկի համար: Չնայած Անգեղակոթի մասին հիշողություններս հարազատ են, բայց կյանքն առանց ինձ էլ շարունակվում է։ Ես տեսել եմ այն իրողությունը` իմանալով, որ իմ նախկին ուսանողներից շատերն արդեն մեծացել են: Բայց լեռնային բնապատկերին նայելով գիտեմ, որ կան մնայուն շատ հիշողություններ: Անգամ` ոտքերս են հիշում այն զգացողությունը, որ անցնում էին գյուղի հինավուրց քարերի վրայով: Հայաստանի մասին իմ հիշողությունները դառը- քաղցր են, (կամ` մի քիչ քաղցր են), եւ ես ամաչում եմ, որ հեռու եմ ընկերներիցս, ովքեր բացել են իրենց տան դռներն ու սրտերն իմ առջեւ: Մի փոքր տեղ պահիր ինձ համար, մինչեւ վերադառնամ Հայաստանի գեղեցկությանը եւ առատաձեռնությանը։
Հ.Գ. Աստվածային մեր երկրի դռները միշտ բաց են բոլորի առջեւ, ովքեր ցանկանում են հիանալ մեր հինավուրց երկրի պատմամշակութային կոթողներով, գտնել Աստծու մոտ տանող ճանապարհը, ինչպես որ Անդրեան է գտել:
Լիանա Գեւորգյան
Անգեղակոթ