ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ -110. Զրույց բանաստեղծի հետ

Տեղադրված է at Ապրիլ 10, 2024
1122 0

Գարունը կրկին իր լայնատարած թեւերով գրկել է Ձորերի ամենաչքնաղ անկյունը` սիրուն Լորը, ուր ամեն տարի Սյունյաց լեռնաշխարհի այդ հեռավոր ձրում օդը լցվում է ծաղկի բույրով ու հավքի թեւով: Էլի իրենց լքած բույն են եկել հավքերը, տնավորվել, երգ ու ճիչով լցրել ձորակի մոգական գեղեցկությունը: Իսկ Գյազբելին ու Լորագետի պաղ ջրերի հայելու մեջ արեւը հրդեհվում ու ջերմացնում է հոգիդ: Սա նշանակում է, որ գարունն ամեն Աստծո օր արքայական իր իրավունքն է հաստատում մեր սիրուն լեռնաշխարհի վրա: Գուցե հենց այստեղ` երփներանգ այս հանդ ու սարերում Համո Սահյան բանաստեղծի մաքուր խոհերը տաղեր դարձան: Ով իմանա, սիրելի պոետ, թե քանի անգամ ես ապրել, տառապել այդ խորհրդավոր աշխարհում, քանի անգամ լցվել ու դատարկվել, երկնել այստեղ քանի անգամ:

Այստեղ բոլոր առավոտներն ասես անբիծ մաքրություն ունեն, զուլալ են, բյուրեղյա քո տաղերի պես: Երեկոները փափուկ ու քնքուշ են էլի տաղերիդ պես: Այդ երեկոները նաեւ ջերմորեն գրկում են մեր երազանքները, ու ձգվում է օրվա հեքիաթի մետաքսե շղարշը, իսկ գլխումս շարունակ հնչում է քո բանաստեղծությունների մեղեդին, սիրելի պոետ:

Արագիլն էլի իջավ տանիքիս,

Արագիլի հետ դաշտերը գնամ,

Գարնան մեջ սրտիս դռները բանամ,

Բանամ ու նորից լցվեմ աշխարհով,

Բուրմունքի, հողի, խինդի պաշարով:

 Թվում է` ոսկենարինջ անտառի գրկում բանաստեղծը երազել է ողջ օրը, որ հետո մեզ էլ վարակի իր իմաստուն խոհերով, ընկղմի հոգու խորհրդավոր աշխարհը: Համոզված եմ` պոետներն են բնության չքնաղ կտորներն անվանել «անտառ, ծերպ ու քարափ, կիրճ ու մատուռ»:

Ու հենց այստեղ, այս մոգական անկյուններում են ծնվել պոետի ճշմարիտ տողերը, որոնք հարյուր տարվա չափ հին են, բայց հարյուր տարվա փայլ ու շուք ունեն եւ հավերժի մեջ փայլելու են իբրեւ ադամանդ: Երբեք չեն խամրելու, ինչպես որ չի խամրելու արեւի շողը:

Բանաստեղծական մի բյուրեղ եւս: Ո՞վ կարող էր այսպես ասել.

Սարերի ծոցից սարեր են ծլում,

Շարժվում են կարծես սարերը տեղից,

Ծառն իրենից մեծ ստվեր է ծնում,

Եւ օրը արդեն գնում է ձորից:

 …Օրը, տարին ու արդեն դարը կգնան, իսկ դու միշտ կմնաս իբրեւ հավերժություն: Կդառնաս մեր պայծառ հիշողությունը, կզարդարես մեր կյանքը, կսնուցես մեր միտքն ու ճաշակը, ո´վ հանճարեղ բանաստեղծ, մեծ սյունեցի:  Եւ ծննդյանդ ապրիլը զգացմուքների շրջապտույտի մեջ կառնի սիսիանցիներիս:

Գնամ մխրճվեմ խորքերն անտառի,

Մոլորվեմ մեռնող տերեւների մեջ,

Գլուխս դնեմ մամռած մի քարի,

Մոռանամ ամեն աղաղակ ու վերճ,

Բույն տամ սրտիս մեջ բույն փնտրող հավքին,

Լռած անտառի ականջը դառնամ,

Շնչառությունը լսեմ մեղմագին

Տերեւների տակ խոր քնած գարնան…

 Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Սիսիանի թիվ հիմն. 4 դպրոցի ուսուցիչ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԳԻՐՔ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻ

Տեղադրվել է - Մայիս 11, 2023 0
Գրասեղանիս է լրագրող «Սիսական» ՀՀԿ-ի գործընկեր ու համախոհ, Սիսիանի «Որոտան» թերթի և կայքի խմբագիր Արևհատ Ամիրյանի «Ցավի փորձություն. 44 օրյա…

ԹԵՐԹՎՈՂ ՀՈՒՇԵՐ ՇԱՐՔԻՑ. ՎԻԿՏՈՐՅԱ

Տեղադրվել է - Մայիս 10, 2023 0
Նվիրում եմ ծնողներիս և նրանց, ովքեր աշխատում էին Դարբասի և Լծենի միացված կոլտնտեսությունում։  Նրանք չէին արտաբերում Աստծո անունը, բայց ապրում…

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրվել է - Մայիս 14, 2021 0
Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների…

ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԳՄԲԵԹՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է - Մայիս 15, 2023 0
Սիսիանի բնակավայրերից մեկի մերձակայքում, որտեղ դեռ թարմ է վերջին շրջանի ռազմական գործողությունների հիշողությունը, երիտասարդների մի խումբ շինարարական աշխատանքներ է կատարում:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: