Համո Սահյանին նվիրված գիտաժողով` Սիսիանի Ն. Ադոնցի անվան թանգարանում

Տեղադրված է at 14:40
379 0

Բնավ պատահական չէր, որ «Ավետիս-Արտ» արվեստի միջազգային միությունը Համո Սահյանին նվիրված «Հավերժության երգը» գիտաժողովն անցկացրեց Սիսիանում, մասնավորաբար` սիսիանյան մշակութային կարեւոր օջախներից մեկում` Նիկողայոս Ադոնցի անվան թանգարանում: Երեւանից Սիսիան ժամանած ներկայացուցչական պատվիրակության կազմում էին մաշութային մարդիկ, ում համար Սահյանը ոչ միայն հոգու հաց է, ոչ միայն նրա պոեզիայով ապրելու կենսակերպ, այլեւ` այդ անկրկնելի, խորախորհուրդ, տարողունակ զգացումներն ու ապրումները սփռելու, տարածելու, հնչեցնելու, այլոց եւս հաղորդակից դարձնելու առաքելություն:

Ողջունելով ներկաներին եւ գիտաժողովի մասնակիցներին` «Ավետիս-Արտ» արվեստի միջազգային միության հիմնադիր, Երեւանի` Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն, արմատներով մեր հայրենակից Նազենի Արզումանյանը հավելեց, որ անհնար է պատկերացնել Սիսիանն առանց Սահյանի, ուստի առավելաբար դա է խթան եղել, որ Սահյանին նվիրված գիտաժողովն անցկացվի հենց Սիսիանում:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին եւ ներկաներին մեկ անգամ եւս Սահյանի մասին խոսելու, նրա պոեզիային հաղորդակից լինելու հնարավորություն ստեղծելու եւ հայրենի եզերքում սահյանական պոեզիայի տոն կազմակերպելու համար, բանաստեղծի որդին` Նաիրի Սահյանը խոսեց ոչ թե հոր մասին, դա թողնելով մյուսներին, այլ անդրադարձավ այն խնդիրներին, որ այսօր առկա են մեր արվեստում: «Ես կխոսեմ բարձր արվեստի մասին, իսկ բարձր արվեստը հոգեւոր բարձր աստիճան է, հասու` ոչ բոլորի համար, բայց պետք է ասվի, որովհետեւ ես հիմնվում եմ Թումանյանի այս երկու տողի վրա` Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին, Վար մնացած մարդու համար անհաղորդ է իմ հոգին…. Ասված է պարզ, հասկանալի եւ այսօր, այս խառը ժամանակների մեջ, մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի չաղքատանա մեր ժողովուրդը, մենք չաղքատանանք, որովհետեւ եթե մի հասարակության մեջ չկա հոգեւոր կյանք, մենք արդեն տեսանք` ուր է տանում էդ ճանապահրը»,- ասաց Նաիրի Սահյանը, հավելելով, որ բոլորի, հատկապես` կոչվածների պարտքն է, սկսած մանկապարտեզից, սերնդի մեջ ներարկել հոգեւորը, արթնացնել, սովորեցնել ստեղծագործելը, որովհետեւ, ինչպես հայրն էր ասում` ինչու են մեզ նախանձում եւ ինչ են ուզում խլել մեզանից. հարստություն չունենք, հողեր չունենք, մեր ստեղծագործական միտքն են ուզում խլել… «Հիմա մեզ մոտ այդ ստեղծագործական միտքը, կամ պակասել է, կամ` պակասում է, եւ մենք իրավունք չունենք հանգիստ նայել այդ ամենին: Թե ինչն է խանգարում դրան, դնենք մի կողմ, չենք խոսի դրա մասին, բայց ամեն մեկս առանձին եւ բոլորս իրար հետ պիտի վերջ դնենք էս ամեն ինչին, չընկնենք նյութականի ետեւից, ապրենք արվեստի համար, որովհետեւ դա մեր կյանքի վառ կողմն է, լուսավոր կողմն է, առանց դրա ապրող ցանկացած հասարակություն աղքատ մասսա է, որին պետք է միայն աշխատել, ուտել, պիտի դա թույլ չտանք, իսկ դրա համար, էլի եմ ասում, ամեն մեկս պիտի լինենք այն մարդը, ով իր շուրջը տարածում է էդ սերը: Սովի տարիներին հայ ժողովուրդը Սահյան է տվել, բռնությունների ժամանակներում Իսահակյանի ստեղծագործություն է տվել, հիմա չենք կարեւորում արվեստը, սա մեր սրբազան պարտքն է իմ կարծիքով»,- հավելեց Նաիրի Սահյանը:

Արձակագիր, հրապարակախոս, բանաստեղծ, դասախոս, 20 գրքի եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ Զուխրա Երվանդյանը խոսեց հայրենիքի կերպավորումը Սահյանի պոեզիայում թեմայի շուրջ, ի մասնավորի նշելով, որ Հայաստանը տիեզերոտված երկիր է, պոեզիայի եւ պոետների երկիր: «Հայ ժողովուրդը պոետիկ ժողովուրդ է, վկայությունը` մեր ծննդյան փառավոր վկայականը` «Սասնա ծռեր» էպոսը, մեր «Վահագնի ծնունդը», մեր հոգեւոր աշխարհը բանաստեղծորեն կերտած եւ կերտող հարյուրավոր բանաստեղծներ, որոնց շարքում կային ու կան մեծեր, շատ մեծեր, կային ու կլինեն համամարդկային արժեքներ ստեղծող հանճարներ: Հայ ժողովուրդը կարողանում է տիեզերքի հետ խոսել աստղերի լեզվով եւ իր փառավոր հայերենով այդ տիեզերքի առեղծվածների խորքերը պեղել բանաստեղծորեն, բանաստեղծական խոսքի ամբողջությամբ: Իսկ շքեղ բանաստեղծական խոսք ստեղծելու շնորհը տրվում է միայն Ամենազորի կողմից, եւ միայն ու միայն ճշմարիտ բանաստեղծներին: Այդ շնորհյալներից է Համո Սահյանը, նա ինքնօրինակ պոետական ավանդույթներով բանաստեղծ է, որին ընթերցողը ճանաչում է առաջին իսկ տողերից… Երբ բանաստեղծական խոսքի երկրորդ տողին չհասած` զգում ես գրողի ձեռագիրը, եւ քեզ թվում է, թե քեզ վաղուց ծանոթ խոսք ու մեղեդի ես լսում, որի հասցեատերը հենց դու ես, ուրեմն այդ գրողը քոնն է, քեզ համար է գրել: Գրողի համար չկա ավելի ցանկալի գնահատում, քան այն իրողության գիտակցումը, որ ընթերցողը հեղինակի տողերը համարում է հենց իր համար գրված»- ասաց Զուխրա Երվանդյանը, հավելելով, որ Ժամանակները ծնում են իրենց կերտող-կերպավորողներին, իսկ երբ ժողովուրդը կանգնում է գոյաբանական լուրջ խնդիրների առջեւ, առավել սուր է զգում հոգեւոր սատարման կարիք, ուստի բարձրանում, աննախադեպ կարեւորվում է հատկապես հայրենասիրական պոեզիայի դերը: Նման պայմաններում բնականորեն առաջնային է դառնում հայրենիքի, հայրենի եզերքի, ազգային ոգու, քաղաքացու սոցիալական հիշողության գեղարվեստականացման խնդիրը:

«Հայոց խռովքոտ ժամանակների այդ բռնկումները, իրենց մեջ առած ազգային հոգեցնցումների, քաղաքական կյանքի անվերջանալի թվացող վերուվարումների անհանգստություններն ու ցավերը, ինչպես եւ հանուն հայրենիքի արյամբ վճարող հաղթանակների պարգեւած զգացողությունները, թելադրում են համազգային կենասկերպի ընկալման նոր մշակույթ, մանավանդ որ, ինչպես ժամանակի պոետներից մեկը` Վարդան Հակոբյանն է ասել` Մենք լավ գիտենք միասին զոհվել, միասին ապրելը դեռ չենք սովորել»,- շեշտեց Զուխրա Երվանդայնը:

Երիտասարդ բանաստեղծ Հայկ Սուքիասյանը, ով, ինչպես ինքն ասաց, դեռեւս իրեն բանաստեղծ չի համարում, խոսեց իրական բանաստեղծի մասին, իրական պոեզիայի` Սահյանի մասին: «Ինձ համար պոեզիան հենց Համո Սահյանն է: Նա միակն է, որ ամեն տողի, ամեն գրի հետ ասելիք ունի, ուրախ ես, կարդա Սահյան, տխուր ես, կարդա Սահյան, խմած ես, կարդա Սահյան, սիրահրված ես, կարդա, բաժանված ես, ուզում ես կրկին սիրահրավել, կարդա Սահյան, ցանկացած հարցին տալիս է գրագետ լուծում: Շնորհակալ լինենք, որ իր ցավերը ցանել է ու մեզ համար հոգեւոր հաց է հնձել, իր ձեռքով խմորել է բառը, իր ձեռքով թթխմոր դրել ու հացն այդ հոգեւոր մեզ, մեզանից հետո եկողներին դարեդար կերակրելու է` առանց կշտանալու»,- ասաց Հայկը:

Լինել Սիսիանում, լինել սահյանական աշխարհում, եւ չխոսել Սիսիանի պատմության վավերագիր, տարեգիր, սահյանագիր «Որոտանի» մասին, որն այնպես սիրով ու երկյուղով, անասելի պատասխանատվությամբ է իր էջերում անդարադարձել Համո Սահյանին, անշուշտ, մի կարեւոր բացթողում կլիներ: Ուստի Սահյանի եւ «Որոտան» թերթի առնչությունների մասին խոսեց «Որոտանի» խմբագիր Արեւհատ Ամիրյանը, ի մասնավորի նշելով, որ կյանքի վաղ շրջանում Սահյանն աշխատել է այդ թերթում, իսկ հետագայում, երբ հաստատվել է հայրենիքում եւ ավելի հաճախ էր լինում հայրենի եզերքում, նրա շատ բանաստեղծություններ առաջին անգամ տպագրվել են հենց «Որոտանում» եւ Համո Սահյանի գրադարանին նվիրեց պոետի ծննդյան 100-ամյակին նվիրված «Որոտանի» բացառիկ համարը, որտեղ հրապարակած են, հիրավի, արժեքավոր շատ հոդվածներ, իսկ շատ կարեւոր նյութեր առաջին անգամ հրապարակվել են հենց այդ համարում:

Սահյանի պոեզիայի եւ «Հավերժության երգը» գիտաժողովի մասին իրենց արժեքավոր խոսքն ասացին ամերիկաբնակ, Սայհանի հուշամեդալի արժանացած դերասան Հարություն Պոդոլյանը, բանաստեղծ Վարազդատ Նիկոլյան, քանդակագործ, իր հեղինակած` Սահյանի քանդակը գրադարանին նվիրած Հարություն Չալիկյանը, երգիչ-բանաստեղծ Կարինե Կիկոյանը, բանաստեղծուհի Աստղիկ Սահինյանը, Էջմիածնի` Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի ուսուցչուհի  Լուսիկ Գասպարյանը:

Հնչեցին Սահյանի եւ նրան նվիրված բանաստեղծություններ հայկական ռոդիոյի «Ոսկե ձայն» Անահիտ Նավասարդյանի, ասմունքող Աիդա Կիրակոսյանի, սիսիանցի Էլեն Առաքելյանի եւ այլ մասնակիցների կատարմամբ, հնչեցին Սահյանի խոսքերի հիման վրա գրված երգեր:

«Ավետիս Արտ» միջազգային միության կողմից գիտաժողովի մասնակիցներն ստացան հավաստագիր եւ խորհրդանշական հուշանվերներ:

Ամփոփելով գիտաժողովը, Նազենի Արզումանյանը սահյանական օրը համերց ստացված, գիտաժողովը` արդյունավետ, շեշտելով, որ լսեցին ոչ միայն նոր խոսք, նոր միտք ու նոր գաղափարներ, այլեւ վայելեցին թե սահյանական պոեզիան, թե` միմյանց ներկայությունը, քանի որ ազգը մշակույթով է ապրում, մշակույթով է ներկայանում աշխարհին եւ իրեն…

«ՈՐՈՏԱՆ»

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… Խաղաղ ժամանակ քրտինք պիտ խառնես հողին, պատերազմի ժամանակ` արյուն…

Տեղադրվել է - Ապրիլ 6, 2021 0
Արցախյան ազատամարտի հերոսական ուղի անցած Սիսական ջոկատի մարտակոչով կրկին Սիսիանի` Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում էին հավաքվել սիսիանցի ազատամարտիկները` միանալու…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: