#Հաղթել եք… ՀՈՂԸ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՆ ՊԱՀՈՒՄ, ԻՄԱՑԵՔ…

Տեղադրված է at 18:42
700 0

Այսպես մտածել են նաեւ դարբասցի 41 ամյա Էդգար Սարգսյանն ու անգեղակոթցի 51 ամյա Պողոս Ներսիսյանը, եւ, մեկը թողնելով իր կոմբայնը, մյուսը` ՀԷՑ-ում իր աշխատանքը, կամավոր մեկնել են հայրենիքը պաշտպանելու հենց այն ժամանակ, երբ սանձազերծ թուրքը փորձում էր հագուրդ տալ հայոց արյան ծարավ իր նենգ հոգու մորմաջին, ու հայրենիքը, հիրավի, ուներ նրանց կարիքը: Կարող էին եւ չգնալ, ասում են Էդգարի ու Պողոսի համագյուղացիները: Իրենք իրենց բաժին նվիրումը հայրենիքին տվել էին, իրենց բաժին քրտինքը թափել էին հայոց հողը շենացնելու, բերքաբեր դարձնելու համար: Բայց… Չէ՛, հաստատ չէին կարող, իրենց տղամարդկային արժանապատվությունը, իրենց պատասխանատվությունն իրենց երկրի, ընտանիքի, իրենց զավակների հանդեպ թույլ չէր տա, որ իրենք մի կողմ քաշվեին եւ չմիանային մեր հայրենականի այն հազարավոր տղամարդկանց, ում հոգում հայրենիքի կանչը խլացրել էր մյուս բոլոր-բոլոր կանչերն ու արձագանքները… Գնացել էին… Հազարավոր նահատակ կյանքերի հետ նրանք էլ իրենց արյունը խառնեցին հայրենի հողին, նրանք էլ ընկան վասն հայրենյաց եւ նրանք էլ բռնեցին իմացյալ մահով անմահանալու ուղին…

Էդգարը զոհվել է հոկտեմբերի 15-ին Ջաբրաիլում, ընկերոջ կյանքը փրկելիս…

Պատերազմի դադարից հետո միայն գտնված նրանց աճյունը այսօր հանձնվեց հայրենի հողին` Սիսիանի հերոս նահատակների պանթեոնում:

«Էդգարը վաղ է զիկվել հորից: Հայրն իր չորս զավակներին` Էդգարին, Պարույրին, Ժորիկին եւ Ստյոպային դաստիարակել էր այնպիսի ոգով, որ նեցուկ լինեն, օգնող լինեն ոչ միայն իրար, այլեւ` բոլորին, ովքեր կդիմեն իրենց, ովքեր կունենան աջակցության կարիք: Էդպես էլ մեծացան ու ապրեցին տղաները: Էդգարը սիրված էր ողջ Դարբասում իր աշխատանքով, իր ազնվությամբ, իր մարդասիրությամբ: Արտակարգ անձնավորություն էր: Ցանկացած պահի, եթե դիմեիր, ինչքան էլ զբաղված լիներ, իսկ նա միշտ բազմազբաղ էր, չէր մերժում, պատրաստակամորեն օգնում էր, հասնում էր: Հոր ոչ միայն գործը, այլեւ` բազմանդամ ընտանիքը ոտքի կանգնեցնելու դերը Էդգարն իր վրա էր վերցրել եւ տանում էր, բոլորին իր շուրջն էր համախմբել, հավաքել… Լավ ընտանիք էր ստեղծել, երկու դուստր ունի, ավաղ, ինչպես ինքը շատ վաղ տարիքից ճաշակեց որբության դառնությունը, այնպես էլ` իր դուստրերը: Ինչպես իր Ռիտա մայրն էր վաղ տարիքում որբեւայրի դարձել, այնպես էլ` իր կինը շատ վաղաժամ այրիացավ… Ողջ Դարբասն է ողբում, որովհետեւ Էդգարը շատ սիրված էր բոլորի կողմից: Էդգարը մեխանիզատոր էր, բոլորի հացը հավաքում էր դաշտից, օգնում էր հացը ցանելուն, հացը հնձելուն, ափսոս, այսօր այդ հացը սգի սեղանի հաց դարձավ… Հազար ափոս Էդգարին…

Այս ողբերգությունը դեռ չի ավարտվել, բայց մեր ժողովուրդը պիտի լինի տոկուն, ուժեղ, կյանքը շարունակվում է, չպետք է ընկճվել, քանի որ ընկճվածությունը ավելի է խորացնում մեր վիշտն ու ցավը, մենք պետք է ուժեղ լինենք: Հավերժ փառք մեր հերոսներին, խաղաղություն մեր աշխարհին»,- ասաց համագյուղացի Սենիկ Միքայելյանը:

Սիսիանի հերոսապատում պանթեոնում ոչ միայն դարբասցիներն ու անգեղակթոցիներն էին սգում իրենց համագյուղացի նահատակների կորուստը, այլեւ` բոլոր-բոլորը, ում համար կյանքը հայրենիքին զոհաբերած քաջորդի զինվորը ոչ միայն պահի, ոչ միայն` օրվա ու տարվա հերոսն է, այլեւ` մեր բոլոր ժամանակների ամենահերոսը, քանի որ մեր ոխերիմ արյունռուշտ հարեւանը մեր հացը միշտ է հարամել, մեր ջուրը միշտ է պղտորել, մեր արարող, ստեղծող արյունը միշտ է նրան «խանգարել» զգալու քոչվոր- խաշնարածի իր ավերող նախաստեղծ բնույթը:

«Պողոս Ներսիսյանը եղբոր` Սուրիկի հետ մասնակցել է դեեւս արցախյան առաջին հերոսամարտին, հետո` ապրիլյանին: 2003 թվականից էր զինվորական ծառայության մեջ, պայմանագրային էր, յոթ տարի զենքը ձեքռին է եղել, յոթ տարի ապրել է զինվորի կյանքով ու զինվորի էությամբ: Նրա ողջ ընտանիքն է հայրենասեր, եղբոր որդին` Արմանը, նույնպես պայմանագրային էր, եւ երեք  տարի առաջ զոհվեց Անգեղակոթի դիրքերում: Շատ հայրենասեր ընտանիք են, որի գրեթե բոլոր անդամները որեւէ կերպ մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը թե սահմաններին, թե` առաջնագծում: Հարցնում եք` կարող է՞ր չգնալ, գուցե` կարող էր, բայց գեներով եկած հայրենասիրական մղումը ո՞նց կարող էր նրան չտանել կռվի դաշտ, երբ հայրենիքն էր կանչում: Կամ` մյուս անգեղակթոցիները ո՞նց կարող էին չգնալ… Դա էն քաղցր վարակն է, որ ընկավ մեջդ, չես կարող «ազատվել» դրանից…Սա, իսկապես, մեր հայրենական պատերզամն էր: Իմ մեծ եղբայրը զոհվել է սովետական հայրենական պատերազմում, մյուս եղբայրս` Վոլոդյա Կարապետյանը, զոհվել է արցախյան առաջին հերոսամարտում, մյուս եղբորս թոռը դեռեւս անհայտ է…Արցախյան երրորդ պատերազմը մեր հայրենականն էր, եւ տուն չկա, որ մասնակից ու կորուստ չունենա… Գիտե՞ք` ես չեմ զանազանում հայրենիքի համար նահատակվածին, փառք ու պատիվ բոլորին, բայց մի քիչ վերապահում ունեմ` էն քսան տարեկանները մեր լույսն էին, մի քիչ տարիքավորները` մեր ճրագը… բայց բոլորն էլ նույն նժարի վրա են, եւ հավերժ փառք նրանց, հավերժ խոնարհում»,- ասաց անգեղակոթցի Սամվել Կարապետյանը:

Հ.Գ. Զրույցին միացած անգեղակոթցի Գուրգեն Պողոսյանը նշեց, որ Պողոսը կարող էր եւ չգնալ կռիվ, բայց նրա էությունն այնպիսին էր, որ եթե չգնար, ինֆարկտ կստանար, նա գնաց եւ իր, եւ մեր, եւ բոլորիս արժանապատվության համար: Վերջում էլ հորդորեց` լավ բաներ կգրես տղաների մասին, նրանք արժանի են, շա՛տ արժանի… Պատասխանս եղավ` մեր զոհված բոլոր նահատակների մասին իմ արյունով եմ գրում…

#Հաղթել եք… Հավերժ փառք ու հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

20 դեկտեմբերի

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Սիսիանում պակասեց մի բուռ բարություն

Տեղադրվել է - Հունվար 28, 2024 0
Անժամանակ մահը շատ անսպասելիորեն դառը անակնկալ մատուցեց Աղաբեկյաններին։ Դեռ ամանորյա տոներից շատ չանցած` չարաբաստիկ մահը հարազատներից բաժանեց սիրելի ամուսնուն, հոգատար…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ… ՈՐՊԵՍ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Սիսիանցի վեց նահատակների մասին այս հոդվածը գրել եմ դեռեւս 23.10.2020-ին, երբ դեռ շարունակվում էին հայրենիքի համար մղվող թեժ մարտերը, երբ…

Համո Սահյան -110. ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տեղադրվել է - Ապրիլ 11, 2024 0
1993 թվականի գարնան վերջերին Համո Սահյանի առողջական վիճակը բավականին վատացել էր։ Գանգատվում էր հատկապես շնչառական անբավարարությունից։ Դեղերն էլ քիչ էին օգնում: -Երբեմն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: