#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՏԱՆՋԱԼԻ ՈՒ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՏՈՒՆԴԱՐՁ…

Տեղադրված է at 17:52
606 0

Արան Տարսեիչ (Արամ) եւ Անահիտ Գրիգորյանների տան երրորդ զավակն էր, վերջին պատառը, վերջին հավեսը, ամենասիրուն նպատակը, հորը եւ մորը վերջին անգամ ծնող լինելու բերկրանքը պարգեւած երանությունը: Ապա Արմինե քրոջ եւ Գրիգոր եղբոր խաղընկերը, պաշտպանը, սիրո մեծ բաժինը… Հետո Բռնակոթի լավագույն երիտասարդներից էր, գյուղամիջի ամենալավ տղերքից, թասիբ ու արժանապատվություն պահող եւ ապրեցնող հայորդի…

«Արան լավ տղա էր, ծնողասեր, ընկերասեր, տարիքային տարբերություն էլ չկար, գյուղում բոլորը սիրում եւ հարգում էին նրան: Լավ երիտասարդ էր, ափսոս…Դպրոցում լավ էր սովորում, հետո սովորել է Սիսիանի պետական քոլեջում, ապա` ագրարային համալսարանի Սիսիանի մասնաՃյուղում: Ապրում էր համերաշխ ընտանիքում, ընդամենը երեք ամիս առաջ էր ամուսնացել 36 ամյա երիտասարդը, եւ երազանքներն ու նպատակները դեռ առջեւում էին: Աշխատում էր, օգնում ընտանիքին: 2019-ին պայմանագարյին ծառայության էր անցել Սիսիանի զորամասում: Սեպտեմբերի 27-ին կամավորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը: Անիմաստ է ասել, թե որքան հայրենասեր էր, իր գործով ապացուցեց իր նվիրվածությունը հայրենիքին: Տեղյակ եմ, որ վարորդներից ոմանք հրաժարվել էին սնունդ տանել դիրքեր, ինքը նոր էր վերադարձել, բայց նորից հանձն էր առել սնունդը դիրքեր հասցնելու կարեւոր առաքելությունը… Արայի զոհվելու դեպքը տեղի է ունեցել Ջաբրաիլի կողմերում: Մինչեւ վերջերս ծնողները հույս ունեին, որ ողջ է, գուցե` գերեվարված լինի, գունցե` մոլորված, գուցե` անտառներում թաքնված, որովհետեւ նրա մեքենան խփված չէին գտել, իսկ դրանից հետո այդ տարածքներն ընկել են թշնամու հսկողության տակ, եւ մեր զորքերը չեն կարողացել առաջ գնալ ու անմիջապես զննում կատարել: Բայց, ամենայն հավանականությամբ, Արան հրազենային գնդակից է զոհվել, ոչ թե` մեքենային հասցված հարվածից, ինչը վկայում է, որ նա մինչեւ վերջ մարտնչել է, կռվել է թշնամու դիվերսիոն խմբի դեմ, որովհետեւ փորձաքննությունը հաստատել է հրազենային գնդակից զոհվելու հանգամանքը, գուցե մի քանի թուրք էլ ինքն է սատկացրել…

Հարազատներն ասում են, որ դեպքից հետո իր հեռախոսահամարից զանգ է եկել 911, որտեղ աշխատում է բարեկամը, գուցե ցանկացել է որեւէ կերպ իմաց տալ իր գտնվելու վայրի մասին…Ի՜նչ իմանաս… Գլուխգովան չէր, որ հենց այնպես զանգեր ու սնապարծ բաներ խոսեր, իր ծառայությունը, իր գործը անում էր համեստորեն, նվիրված: Կարծում եմ` հայրենիքի համար զոհվածները արեցին իրենց սրբազան գործը եւ իրենց կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի: Պատերազմ է, ամեն բան էլ կարող է լինել, եւ` եղել է, եղել են նաեւ փախուստի դեպքեր, եղել են նաեւ կեղծ հայրենասերներ, բայց Արան, հազարավոր հայորդիների նման, կամավոր գնաց եւ մինչեւ վերջ կռվեց հանուն հայրենիքի: Փառք ու պատիվ նրանց…»,- ասաց Բռնակոթի դպրոցի զինղեկ, Արա Գրիգորյանի ազգական Թումաս Առաքելյանը եւ հավելեց, որ ծնողները սկզբում ցանկացել են իրենց որդուն հուղարկավորել Բռնակոթի` իրենց ընտանեկան գերեզմանում, բայց վերջին պահին տվել են իրենց համաձյանությունը հայրենյաց նահատակին հուղարկել հայրենյաց հերոսների պանթեոնում…

Էսպես հատիկ-հատիկ, էսպես երկար ու տանջալի սպասումներից հետո տղերքը տուն են դառնում… Վերադառնում են որպես պատմություն, որպես հերոսություն, որպես հայրենանվիրում, որպես գիտակցված անմահություն…

Էսպես «թանկանում, հարստանում են» հայրենի երկրի պանթեոնները, էսպես անգին ու անհունորեն սիրելի է դառնում հայրենի հողը, հայրենի երկիրը, անգամ` կորուսյալ, բայց, մի օր էլ «նրան տուն բերելու» անբեկանելի հավատով…

Երեկ էլ, ինչպես` նախորդ օրերին, ինչպես հետո էլ է լինելու, քանի դեռ մեր ոսկեհատ ցորենները դեռ տուն չեն բերվել, Սիսիանի հերոսական պանթեոնում կրկին խնկարկում էր, կրկին հիշատակի խոնարհում էր, կրկին խնկաբույր էր, կրկին եռագույն դրոշի ու պետական օրհներգի ներքո զինվոր էինք պահ տալիս հայրենի հողին. Արան էր, հավերժ զինվոր Արա Գրիգորյանը…

Հ.Գ. Երբեմն վրդովված ասում են, թե իզուր էր այս տղաների թափած արյունը, թե` անտեղի էին զոհերը, երբ մեր երկրի մի մասը գերեվարվեց, մի մասը բզկտվեց, մի մասը հուսահատվեց, մի մասը, որպես սուրբ նշխար, մնաց շան բերանում… Ո՛չ, հազար անգամ ո՛չ… Այդ նրանց թափած թանկ արյունն է, որ մեր ուշքը, միտքը, հայացքը միշտ դեպի ետ է, դեպի այնտեղ, որտեղ հենց այս հերոսական տղաներն են մեզ տվել ապրելու իրավունք, ազգ լինելու իրավունք եւ կորուսյալ երկիրը տուն բերելու հրամայական…

Հազար փառք քեզ, հայոց բանակի նվիրյալ զինվոր Արա Գրիգորյան, հազար փառք ու հովերժ խոնարհում…

Անմահները հրամայում են…Իսկ խաչվածին մահ չկա…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Արցունքս թողել եմ տանը, սրբել աչքերս ու տնից դուրս եկել… Զոհված Գեւորգ Բաբաջանյանի մայր

Տեղադրվել է - Հոկտեմբեր 25, 2021 0
Գեւորգը բնունիսեցի Արթուր Բաբաջանյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի վեց զավակներից երկրորդն էր, երկու տղաներից` մեծը: Բազմազավակ ընտանիքի երեխաները խինդով, ուրախությամբ, համ…

ՓԱԿ ԴՌՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՍ ՇԵՆՔԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 13, 2021 0
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր աշխատանքային այցերի շրջանակում ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը օգոստոսի 11-ին աշխատանքային խմբով եղավ նաեւ Սիսիանում գտնվող…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ -110. Զրույց բանաստեղծի հետ

Տեղադրվել է - Ապրիլ 10, 2024 0
Գարունը կրկին իր լայնատարած թեւերով գրկել է Ձորերի ամենաչքնաղ անկյունը` սիրուն Լորը, ուր ամեն տարի Սյունյաց լեռնաշխարհի այդ հեռավոր ձրում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: