#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Հորեղբոր որդու աչքը էլ Մհերի ճամփան չի պահում. Հիմա նրանք հավերժ միասին են…

Տեղադրված է at 20:59
746 0

Երբ դեկտեմբերի 12-ին հուղարկավորված Արտակ Առաքելյանի շիրմաթմբի եւ դեկտեմբերի 20-ին հուղարկավորված մեր մյուս նահատակի` Էդգար Սարգսյանի շիրիմների արանքում որոշակի տարածք բաց մնաց, բոլորն արդեն գիտեին, կռահում էին, գուշակում էին, որ… Մհերի համար է, Արտակ Առաքելյանի հորեղբոր որդու… Չարագուշակ լուրերն ավելի շուտ էին տեղ հասել, քան` ինքը կգար, «սեւ թուղթն» ավելի արագ էր «հանձնվել» ծնողներին, քան`իրենց որդու աճյունը: Ու գրված-չգրված մի օրենքով, արյունակից-հարազատ նահատակները, որ նաեւ հասակակից էին, որ ողջ կյանքը միասին էին ապրել, միասին մեծացել, նույն օրը զորակոչվել բանակ, իրենց կյանքը միասին զոհաբերել հանուն հայրենիքի, հարկ է, որ հավերժի ճանապարհն էլ միասին անցնեն` իրար հետ ու իրար կողքի…

Այսօր 20 ամյա նահատակ Մհերը Սիսիանի քաջաց պանթեոնում, հաղթարձան արծվաքանդակների հայացքի ներքո, խնկաբույր աղոթքներով, հորեղբոր որդու` Արտակի կողքին, «հանգրվանեց» իր հավերժական տանը:

Երբ Մհերին ճանաչողները փորձում են բնութագրել նրան, առաջինը, որ ներկայացնում են, նրա անսահման բարի, կամեցող, հասնող, օգնող լինելն էր: Ոչ միայն հոր թեւ ու թիկունքն էր, այլեւ ավագ եղբոր` Դավիթի հույսն ու ապավենը, ոչ միայն հարազատների սիրելին էր, այլեւ` հայրենի Բռնակոթ գյուղի եւ Երեւանի Չարբախի իրենց հարեւանության ուրախությունը, հարեհասը: Տարեցների կողքով անտարբեր չէր անցնի, չէր հանգստանա, մինչեւ նրանց ձեռքից ծանր պայուսակները չվերցներ-չհացներ տեղ: «Դրա համար էսօր ողջ Չարբախն էր եկել Սիսիան` Մհերին վերջին հրաժեշտ տալու»,- ասաց բարեկամներից մեկը:

Մհերը մեծացել է զինվորականի ընտանիքում: Հայրը` Սասուն Առաքելյանը, 20 տարի աշխատել է ռազմական ոստիկանությունում, զավակներին մեծացրել եւ դաստիարակել զինվորական կարգ ու սարքով, նիստ ու կացով, վարք ու բարքով: Պարկեշտ, աշխատասեր ու աշխատավոր մի ընտանիք, ուր գիտեին մեծի ու փոքրի հարգը: Ավագ որդուն Դավիթ էին կոչել, կրտսերին` Մհեր, ու Սասնա տան քաջերի անուններով իրենց զավակներին կոչելիս հավատացել են, որ Սասնա տուն շենացնող-կառուցողներ են դառնալու: Մհերն էլ նման էր Առյուծ Մհերի` թիկնեղ, բոյ-բուսով, ուժեղ…

2019-ի հունվարի 16-ին Մհերը զորակոչվել է հայոց բանակ, ծառայության անցել Մարտունի 3/ 7-րդ գնդում: Ինչպես ընդունված է հայոց օջախներում, բանակի քեֆ են արել, բարի ծառայության կենացներ մաղթել հայոց բանակի բոլոր զինվորներին: Մհերին ճանապարհել են, 2020-ի հունվարի 24-ին դիմավորել Դավթին, հունվարի 26-ին էլ Դավթի վերադարձի քեֆն արել… Հունվարի 26-ը, սակայն, Առաքելյանների համար այսուհետ դարձավ ոչ թե ուրախության, այլ` վշտի օր, որովհետեւ 2021-ի հունվարի 26-ին հողին էլ հանձնեցին Մհերի աճյունը:

Մհերը Մարտունու գնդի հետ 15 օր մասնակցել է պատերազմին, դիմակայել են նենգ թշնամուն, սակայն հոկտեմբերի 11-ին հրաման են ստացել տեղափոխվել Հադրութ: Ողջ գունդն ընկել է շրջափակման մեջ, լուր են տվել հրամանատարությանը, որ այլեւս չեն կարողանում դիմակայել դիվերսիոն հարձակմանը… Հետո այլեւս ոչ մի տեղեկություն ոչ Մհերի, ոչ էլ գնդի մյուս զինվորների մասին…

Հետո սկսվել է սպասումների, հույսերի եւ հուսահատությունների ծանր ժամանակը… Երբ իրենց որդու աճյունը նույնականացնելու համար դնթ անալիզ են հանձնել, մայրը` Լուսինեն, որդուն ճանաչել է թիկունքից: «Մհերն էնքան թիկնեղ, ուժեղ տղա էր, ով կհավատար, որ նա կզոհվեր…»,- ասում են բարեկամները:

Մհերն Արտակից մեծ էր երեք ամսով: Թեպետ հորեղբոր զավակներ էին, բայց կարծես երկվորյակ լինեին: Հաճախել են նույն դպրոցը, պարապել նույն մարզաձեւը, մնացել  միեւնույն սենյակում: Մհերի մայրը` Լուսինեն, ինչպես Մհերի համար է մղկտում, այնպես էլ` Արտակի: Մի ընտանիքից երկու զավակ կորցնելուն ո՞նց դիմանա, ինչպե՞ս դիմանա, ինչպե՞ս հաշտվի: «Սիրտս չի տալիս մտնել նրանց սենյակ, չեմ կարող, չեմ ուզում: Այնտեղ ամեն ինչ նրանց է հիշեցնում, այնտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես նրանց կենդանության ժամանակ: Բայց մի օր կբացեմ տղաների սենյակի դուռը, այնտեղ կդնեմ հայոց եռագույնը, Մհերի եւ Արտակի լուսանկարները, ու կշարունակեմ սպասել նրանց, հավատալ նրանց, ապրեցնել նրանց… ու ապրել նրանց հիշատակով եւ հիշողություններով, նրանց թափած արյան իմաստավորմամբ»,-ասում է Մհերի մայրը ու մաղթում ինձ, որ սրանից հետո լավ բաներ գրեմ, միայն հաղթանակների ու միայն հաջողությունների մասին գրեմ, որ կարողանանք դուրս գալ այս աղետալի վիճակից, ուժ գտնենք մեր մեջ, հույս ու սեր տանք իրար` ապրելու հանուն մեր նահատակների, մեր երկրի եւ մեր հայրենիքի…

Հայրենյաց նահատակ Մհեր Առաքելյանը ապրեց կարճ, բայց` իմաստալից ու իմաստավոր մի կյանք եւ կապրի հավերժ, ինչպես որ ապրում են իրենց կյանքը հայրենիքին տված նվիրյալները…

#Հաղթել ես. Հավերժ փառք ու հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

26 հունվարի, 2021 թ.

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: