Տասներկու-տասներեք տարեկան տղա էր Իգորը, երբ ծնողների, երկու քույրերի եւ հազարավոր հայրենակիցների հետ տեղահանվեց արյունռուշտ Բաքվի կոտորածներից, փրկվեց թուրքի արյունոտ երախից եւ հանգրվանեց Սիսիանում: Հայրենի քաղաքի իշխանավորների հոգածու ձեռքի տակ տեղավորվեցին Սիսիանի տեխնիկումի հանրակացարանում, փորձեցին ետ չնայել, մոռանալ եղածը, վերընձյուղվել եւ շարունակել ապրել նորովի գտնված հայրենիքում: Դժվար ապրեցին, դժվար մեծացան, բայց ապրելու կամքն ու ճիգը ավելի զորավոր էին…
Սովորեց Սիսիանի թիվ 4 դպրոցում, որտեղ հիմա սովորում են նրա երեք զավակները, սովորեց հայենակիցների հետ կրել-տանել այն բոլոր խնդիրները, որ ժամանակն էր պարտադրել: Հետո Սիսիանի նորակառույց շենքերից մեկում բնակարան ստացան, տնավորվեցին, բնավորվեցին, ճյուղավորվեցին…
Երբեմն վերհիշում էին թուրքի արյունոտ երախը. նրանց մեջ էին ապրել եւ լավ գիտեին թուրքի հայատյացությունը, ու հոգու խորքում, կարծես, չէին հավատում այն հարաբերական խաղաղությանը, որ, իբր, «հաստատվել էր» նրա հետ… Հավանաբար այս գիտակցումն էր, որ ոսկե ձեռքեր ունեցող տներ, բնակարաններ վերանորոգող Իգրին տարավ թերեւս ամենակարեւոր աշխատանքին` պայմանագրային ծառայության անցավ հայոց բանակում:
Ազնիվ, շիտակ, անկեղծ, մարդամոտ բնավորության համար սիրվեց, հարգվեց, գնահատվեց: Ամեն ինչ անում էր ե՛ւ հայրենիքի, ե՛ւ ընտանիքի, ե՛ւ զավակների համար: Ծառայությանը զուգահեռ, ազատ ժամերին ձուկ էր որսում, լցնում սառնարանը, ասում` թող երեխաներս ոչ մի բանի կարոտ չմնան: Երեք զավակ ուներ արդեն, երբ 43 տարեկանում ծնվեց նրա չորրորդ զավակը: Տուրք չտվեց կնոջ` Սվետայի` առաջացած տարիքում երեխա լույս աշխարհ չբերելու ցանկությանը, քանի որ երազ էր տեսել, երազում իրեն հորդորել էին պահպանել զավակին, որովհետեւ աստծո պարգեւ է… Իգորի փոքրիկը հիմա իննը ամսական է, եւ միշտ երախտագիտությամբ կհիշի այս պատմությունը, քանի որ, իրոք, ինքը հայրիկի համար պարգեւ ու ապրելու-հարատեւելու լուսավոր պատգամ էր…
Ծառայության մեջ էր, երբ պատերազմը սկսվեց: Հետո ծանր, մղձավանջային օրեր եկան, հետո նրա զոհվելու լուրը եկավ, ու գրեթե երեք ամիս նրա աճյունը գտնելու տառապանքը…
90-ականներին թուրքի երախից մի կերպ փրկված 12-13 ամա Իգորը 43 տարեկանում ընկել էր հայրենիքը պաշտպանելիս` նույն թուրքի գնդակից… Զինվորի կոչումը նրա ճակատագրի վերջին դրոշմն էր, Սիսիանի հերոսական պանթեոնում հանգրավանելը` վերջին ճանապարհը… Ու պատահական չէր, որ այնքա~ն շատ էին նրան դեպ հավերժություն ուղեկցող զինվորականները, ծառայակիցները:
«Իգորը նվիրյալ, բարեխիղճ, պարտաճանաչ զինվորական էր, ընտանիքի հրաշալի հայր, լավ ընկեր ու լավ մարդ: Պատերազմի ժամանակ կռվել ենք Հադրութ-Ջաբրաիլ-Ֆիզուլի հատվածնոերում: Կռվում էր ոչ միայն հայրենիքի, այլեւ` իր ընտանիքի, իր հարազատների եւ հայրենակիցների համար, պաշտպանում էր նրանց` խաղաղ ապրելու իրավունքը: Թեեւ շարքային զինվորական էր, եւ որեւէ բարձրաստիճան կոչում չուներ, նրա ամենաբարձր կոչումը հենց զինվորական լինելն էր, գնդացրորոդ էր, ու բարձր պահեց զինվորի իր կոչումը: Իր երեք տղաները եւ մեկ դուստրը կարող են հպարտանալ իրենց հայրիկով, իր ընտանիքը թող պատվով կրի նահատակի ընտանիքի խաչը: Նրանց հիշատակը անմար է, մեր խոնարհումը` հավերժ»,- ասաց գումարտակի բարոյա-հոգեբանական գծով տեղակալ, մայոր Հարություն Հակոբյանը, ով բազմաթիվ ծառայակիցների հետ երեկ մասնակցում էր Իգոր Համլետի Մանուկյանի հուղարկավորությանը:
«Իգորն իմ մանկության ընկեր էր, ծնվել ենք Բաքվում, մեծացել նույն բակում, հետո միասին էլ փախել այնտեղից, հանգրավանել տեխնիկումի հանրակացարանում: Իգորն իր հետ տարավ նաեւ իմ մանկությունը, իմ չմոռացվող հիշողությունները, իմ մանկության գույները: Բայց ամեն անգամ Սիսիանի եկեղեցի բարձրանալիս ես անցնելու եմ Իգորի շիրմի կողքով, խոնարհվելու եմ նրա հիշատակի առաջ, շնորհակալ եմ լինելու այն ամենի համար, որ մերն է, ու ես կապրեցնեմ մեր մանկության հիշողությունը»,- ասաց Իննա Սամվելյանը` թաքցնելով արցունքահոս հայացքը…
Ննջիր խաղաղությամբ, հայոց երկրի զինվոր: Թուրքի երախից փախած, բայց թուրքի գնգակից ընկած քո կյանքը մի պատգամ է բոլորիս, որ պիտի միայն ուժեղ լինելով, հաղթող լինելով, հզոր լինելով կտրենք այն ոխերիմ ձեռքը, ով հանդգնում է ձեռք ու զենք բարձրացնել մեզ վրա…
Հավերժ փառք ու հավերժ խոնարհում…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
15 հունվար, 2021թ.