#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԱՐՇԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ԶՈՀԵՐԴ ՆՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ…

Տեղադրված է at 21:20
715 0

Արշակ Հայրապետյանի հուղարկավորության օրը հիվանդ էի, եւ չկարողացա Սիսիանի նահատակների պանթեոնում ներկա լինել նրա վերջին հրաժեշտին: Բայց հոգուս պարտքը հանգիստ չէր տալիս. իմ երախտապարտ գրչով նրա արժանի փառապսակն էլ պիտի հյուսեի, ու ահա օրեր անց այցելեցի Տոլորսի նրա հայրական տուն, որտեղ 1977 թվականին ծնվել-հասակ է առել Արշակը: Այստեղ է Արտակ, Արմեն եղբայրների հետ ձեւավորվել նրանց աշխարհայացքը, կյանքի եւ իմաստավոր ապրելու նրանց ընկալումներն ու պատկերացումները:

Հորեղբայր Վանիկի տունը նման էր հայկական բոլոր ավանդական օջախներին, բայց եւ` տարբեր էր… Առաջինը հայացքդ ընկնում է նահատակ Արշակի լուսանկարին, հետո` կորամեջք, թաց աչքերով, վշտից կուչ եկած ու նիհարակազամ յոթանասունամյա հորեղբայր Վանիկին, ապա` լույս ճառագող թոռներին, ու սիրտդ ընկնում է տեղը, որ տխուր զրույցներից բացի այս տաք ու ջերմ օջախում կարող ես խոսել նաեւ հույսի, հավատի, երազանքների ու ապագայի մասին: Գրկելով կրտսեր որդու` Արմենի մեկ տարեկան երեք ամսական կապուտաչ, լույսի կտոր Արման թոռանը, հորեղբայր Վանիկն ասում է, որ Արշակի ցավը կարողացել են դիմագրավել միայն Արմանի շնորհիվ: Նահատակ որդուն գտնելու` սպասման 111 երկար ու տանջալի օրերի միակ շողը եղել են թոռները, հատկապես` Արմանը, ով թեեւ չի հասկանում, թե ինչ է կատարվում շուրջը, բայց երբ հորեղբոր անունն են տալիս, փոքրիկ թաթիկներով գրկում է Արշակ հորեղբոր լուսանկարը, իսկ որտե՞ղ է հոպարը հարցին պատասխանում` թաթիկները պարզած` չկա… Արշակին սպասելու 111 օրվա մեջ ծնողները աչք չեն փակել, մայրը` Ջուլիետան, 111 օր հույսով-հավատով ամեն օր Արշակի տատ ու պապի գերեզմանին աղոթք ու խնդրանք է արել, որ, թեկուզ` վիրավոր, անգամ` երկու ոտքը կտրած, միայն թե որդին վերադառնար, իր տան, իր երեխաների գլխին լիներ, միայն թե…

Տոլորսում ծնված-մեծացած Արշակը հանգամանքների բերումով ընտանիքով տեղափոխվել եւ ապրում էր Գորայքում: Քանի որ Գորայքից ավելի հարմար էր Վայք գնալ-գալը, 2013-ին Արշակ Հայրապետյանը պայմանագարային ծառայության էր անցել Վայքի զորամասում: Տոլորսեցիներն էլ վստահորեն ասում էին, որ փույթ չէ, թե սարը կփակվի, իրենք ճանապարհին չեն մնա` Գորայքում օչախ ունեն, Արշակի օջախը, եւ` ունեին… Արշակն էլ ծննդավայրի հետ կապն էր անխաթար պահել, գալիս էր ասում` եկել եմ կարոտս առնեմ մերոնցից, տնից, գյուղից… Վերջին անգամ եկել էր պատերազմից մի քանի օր առաջ…

Հորեղբայր Վանիկը (Վանուշ) պատմում է, որ Վայքի զորամասում բոլորը սիրել են Արշակին, հարգել իրենց հետախույզ ընկերոջը, ում սիսիանցի լինելու համար Սիս էին անվանում: Ախր Արշակն էլ էնպիսի տղա էր… ուրի~շ տեսակի տղա էր… Ոչ մեկի խոսքը չէր մերժի, ում պատահեր` կօգներ…

Երբ պատերազմը սկսվեց, Արշակը զինակիցների հետ Վայքի դիրքերում էին ու միասին էլ հոկտմբերի 8-ին տեղափոխվել են Արցախ: Եղբոր` Արմենի կինը` Հերմինեն պատմում է, որ գնալուց առաջ զանգահարել էր տուն` տեղեկացնելու առաջնագիծ գնալու մասին, ինքը Արշակին խնդրել է չգնալ, ասել է` իրենց ընտանիքից չորս հոգի արդեն պատերազմի մեջ են, բայց Արշակը պատասխանել է` բա որ ես չգնամ, ո՞վ գնա… Իսկ երբ Հադրութի մարտական դիրքերում գտնվող Արմենն է զանգահարել եւ ասել` դու մի արի, Արշակը, որ թեեւ դեռ այստեղ էր, պատասխանել է` արդեն ուշ է, ես եկել եմ…

44-օրյա պատերազմին հերեղբայր Վանիկի ընտանիքից հինգ զինվոր է մասնակցել: Արշակից բացի զորահավաքով մարտական դիրքեր էր մեկնել նաեւ միջնեկ եղբայրը` Արտակը, իսկ կրտսեր եղբայրը` պայմանագրային Արմենը աներորդու` պայմանագրային Համիկի հետ արդեն դիրքերում էին: Ժամկետային ծառայության մեջ էին նաեւ Արտակի եւ Նորիկ հորեղբոր որդիները… Մի օջախից` այսքան զինվոր հայրենիքին…

Հորեղբայր Վանիկը պատմում է, որ հոկտեմբերի 11-ի չարաբաստիկ օրը լսել են Արշակի վիրավորվելու մասին, բայց հույսը չեն կորցրել…Ախր Արշակն էնքան ճարպիկ էր, մի ձեւով իր մասին տեղեկություն կհայտներ, անգամ` թուրքից հեռախոս կվերցներ ու տուն կզանգեր…

Հետո Արշակին շատ երկար են փնտրել ու չեն գտել ոչ զոհվածների, ոչ` ողջերի ցուցակում ու մտածել են, որ… Բայց նրանց հույսը փշուր-փշուր է եղել, երբ Վայքի զորամասի բուժքույրը, ով վկան եւ ականատեսն է եղել Արշակի զոհվելու, պատմել է, որ Արշակը կրակագծից դուրս է բերել երկու վիրավոր զինվորի, ու երբ հրետանու կրակահերթի տակ գնացել է երրորդի հետեւից, փորձել են ետ պահել, ասել են` մի գնա, նահանջի հրաման է տրված, բայց Արշակը հրաժարվելով ասել է` մենք միասին դիրք ենք պահել, նրան չեմ կարող թողնել: Բուժքույրը պատմել է, թե ինչպես է Արշակը վիրավոր ընկերոջը գրկած փորձել դուրս բերել, երբ արկը պայթել է հենց իր մոտ, կտրվել է նրա երկու ոտքը, ու Արշակը, վիրավոր ընկերոջը գրկած, հենց այդպես էլ ընկել են…

Արշակ Հայրապետյանի աճյունը ծնողներին եւ հարազատներին է հանձնվել հունվարի 27-ին, իսկ հունվարի 29-ին հայրենիքի 43-ամյա նահատակ զինվորը իր հավերժական հանգիստը գգտավ Սիսիանի պանթեոնում:

Հորեղբայր Վանիկը մի տեսակ հպարտությամբ պատմում է նաեւ, որ որոշ ժամանակ անց Արտակ որդին գնացել, Երեւանում հանդիպել է Արշակի փրկած վիրավոր զինվորներին եւ ուրախանում է, որ որդին երկու կյանք է փրկել, երկու օջախի լույս վառ պահել… Հետո դողացող, կերկեր ձայնով ավելացնում է, որ Արշակի հոգեհանգստյան օրը սգո սրահում իրեն է մոտեցել մի զինվորական, ցավակցել ու ասել, որ ինքը ոչ թե` մեկ, այլ` երկու հերոս զինվորի հայր է, ու պիտի հպարտանա ոչ միայն Արշակով, այլեւ` Արմենով, ով անսարք մեքենայով, անհնարին պայմաններում, կրակների տակ կարողացել է բազմաթիվ զինվորներ տեղափոխել Հորադիս եւ ետ բերել այնտեղից:

Երբ հարցնում եմ հորեղբայր Վանիկին, թե ի՞նչ գին ուներ մեր տղաների թափած արյունը, կյանքում շատ բան տեսած մարդը ասում է, որ էդ գինը դեռ պիտի հատուցվի, նրանց կիսատ թողածը դեռ պիտի շարունակվի եւ ավարտվի, որովհետեւ հայ զինվորը չի պարտվել եւ չի կարող պարտվել… Հպարտանում է, որ նահատակ զինվորի հայր է, որ իր ավագ որդին, իր սրտի առաջին պատառը կյանքը չի խնայել հանուն իր ընկերների, իր հայրենիքի եւ իր երկրի, բայց ապրողներս պարտք են նրանց բոլորին…

Ապա ասես ինքը իրեն եւ մեզ մխիթարելու համար ասում է, որ մինչեւ կյանքի վերջ իր հոգում, իր սրտում կպահի Արշակի տեսքը, կերպարը, նկարագիրը, ու կմտածի կյանքը շարունակելու մասին, քանի որ դեռ կարեւոր գործ ունի` թոռներին հասցնել իրենց նպատակին, Արշակի փափագը կիսատ չթողնել, տնավորել, բնավորել նրա երկու զավակներին… «Իմ սիրտը ուրիշ ցավ է մաշում,- ասում է հորեղբայր Վանիկը,- իմ Արշակը դեռ երկու զավակ թողեց, ինքը կշարունակվի, բա ի~նչ ասեմ էն 18-20 տարեկաններին, որ էս կյանքից բան չհասկացան, մի ժառանգ չթողեցին: Նրանց ցավն ինձ ավելի շատ է տանջում: Ինձ տանջում է նաեւ էն ծնողների ցավը, ովքեր դեռ իրենց նահատակներին հողին չեն հանձնել, խիղճները դեռ չի հանգստացել…»:

Էս ի~նչ իմաստուն են մեր հայրերը, մեր նահատակների ծնողները, որ իրենց վիշտը, իրենց ցավը կծկելով, այսքանից հետո երազում են մեր երկրի համախմբումը, մեր բանակի զորացումը, որ կարողանանք վերադարձնել կորցրածը, որ մեր զոհերի առաջ ամոթով չմնանք, որ նրանց թափած արյունը զուր չթվա, որ մեր կորցրածը ետ բերենք… մինչեւ չհաղթենք, չենք հաշտվելու, եւ մեր պատերազմը ավարտված չենք համարելու…

Հ.Գ. Ցավով, անասելի ցավով արձանագրեցի, որ Արշակի շիրմաթումբը Սիսիանի քաջաց պանթեոնում նոր շարքի սկիզբ է դրել` դուրս գալով հաղթարձան արծիվների պարսպապատից եւ տարածվելով դեպի վերեւ… Դեռ նահատակներ ունենք` տուն բերելու: Ու որպես հետգրություն այս պահին իմ մտքում միայն այս տողերն են` «Զոհերդ ննջում են հայերեն, Ցավերդ տանջում են հայերն, Հայերերն են գալու դարերդ» …

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. Հավերժ փառք ու հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

8 փետրվարի, 2021 թ.

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ …

Տեղադրվել է - Փետրվար 14, 2024 0
Կյանքի 93-րդ տարում հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, նշանավոր նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: