#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԱՐՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Նայեք նրա լուսանկարին, ասում է` մի՛ տխրեք, ես կա՛մ…

Տեղադրված է at Հոկտեմբեր 14, 2021
1357 0

Արմանի 19-ամյակը 2020-ի հոկտեմբերի 14-ին էր լրացել, ծառայության մեջ, երբ արդեն 10 ամսվա զինվոր էր: Հայրը` Ռուդիկ Կարապետյանը, ֆեյսբուքով շնորհավորել էր որդուն, մաղթել անփորձանք ծառայություն, առողջություն եւ աստծուց խնդրել պահապան լինել իր զինվոր-որդուն եւ մեր բոլոր զինվորներին… Բայց պատերազմն արդեն սկսվել էր, բայց թուրքը սեպտեմբերի 27-ին արդեն լայնածավալ հարձակում էր գործել, եւ լուսավոր, կենսախինդ, ընկերասեր այս պատանին արդեն ընկել էր պատերազմի հենց առաջին օրը, առաջին ժամերին… Արման Կարապետյանը սիսիանցի առաջին նահատակն էր, որ հետո, շատ հետո միայն պարզվեց, երբ պատերազմն արդեն կասեցվել էր…

Ծնողները, քույրերը, հարազատները հնարավոր ու անհնարին ամեն բան մտածեցին, բայց ոչ` վատթարագույնը: «Արմանին վերջին անգամ զանգահարել եմ սեպտեմբերի 26-ին, արագ-արագ խոսեց եւ անջատեց, ասաց` շտապում է, շարք են կանգնում: Հավանաբար իրենք արդեն գիտեին պատերազմի մասին, բայց ինձ ոչինչ չասաց: Հաջորդ օրը մարդկանցից լսեցի, որ լայնածավալ պատերազմ է սկսվել, սակայն մտքովս չէր անցնի, որ այն կհասնի նաեւ Ջաբրաիլի Արա Լեռ զորամաս, որտեղ ծառայում էր Արմանը: Իսկ երբ հաջորդ օրը չզանգեց, իմ զանգերին չպատասխանեց, բոլոր զանգերն անհասանելի դարձան, էլի մտքովս չանցավ, որ Արմանը… Ինքը էնքան ճարպիկ էր, էնքան հնարամիտ, էնքան ակտիվ, որ անգամ քարի տակից մի հեռախոս կգտներ-կզանգեր… Երբ այլեւս զանգերը դադարեցին, ահաբեր կասկածը սողոսկեց սիրտս, սակայն հույսը չկորցրեցինք… Քնեցինք հույսի հետ, արթանցանք հույսի հետ, ապրեցինք հույսի հետ, եթե դա էր մեր ապրելը… Տարոնի հուղարկավորության ժամանակ Սիսիանի պանթեոնում արդեն Արմանի լուրն էլ քսփսոցով տարածվեց, բայց մենք դարձյալ չէինք հավատում մինչեւ այն պահը, երբ խոսեցինք Արմանի հրամանատարի հետ, եւ նրա վարորդը մանրամասն պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Արա Լեռ զորամսում…

Ես երեւվի կխելագարվեի, եթե Արմանին անմիջապես բերեին, եթե մոտ 4 ամիս չտեւեր մեր սպասումը, եթե չորս ամիս մեզ չկերակրեր, չսներ, չպահեր մեր հույսը: Չորս ամիս փորձեցինք ապրել այդ հույսի հետ եւ մեզ կամաց-կամաց «հաշտեցնել» Արմանի չլինելու մտքին: Որոնումների, հույսերի, սպասումների այս երկարող չորս ամսվա ընթացքում փորձեցինք կամաց-կամաց առերեսվել ծանր իրողության հետ, կամաց-կամաց մեզ նախապատրաստել ամենաանհավանականին` Արմանի զոհվելուն…Նրա աճյունը մեզ տվեցին հունվարի 16-ին, իսկ հունվարի 18-ին Սիսիանի պանթեոնում հանձնվեց մայր հողին… Հետո երբ պանթենում տեսնում ես, թե ինչքան շատ են մեր զոհերը, հետո երբ տեսնում ես, որ ցավը համազգային է, հետո երբ տեսնում ես, որ մենակ չես, միակը չես, հետո երբ գիտակցում ես, որ սա մեր կամքով չէր ու մեր ցանկությունով, ու հասկանում, որ հանուն հայրենիքի էր… Հետո կամաց-կամաց սկսում ես ապրել ցավի հետ, նահատակ զինվորի ծնող լինելու հպարտության զգացումի հետ, հայրենիքի, ընկերների, շրջապատի համար նման որդի մեծացրած-դաստիարակած լինելու մտքի հետ, փորձում ես հաղթահարել եւ մխիթարվել, որ մեր տղաներն ընկան, որ այլոց տղաներն ապրեն, մեր զավակներն ընկան, որ նոր զավակներ խաղաղ երկնքի տակ մեծանան, մեր սիրտը կսկծաց, որ ուրիշ մայրերի սրտերը չկսկծան: Ուզում եմ միայն, որ էլ պատերազմ չլինի, որ մեր որդիների արյամբ մեր երկրում խաղաղություն լինի… »,-ասում է Արմանի մայրը` Արմինե Թովմասյանը եւ փորձում թաքցնել հոգու խռովքն ու ցավը, որ միայն մայրերը կարող են զգալ:

Իսկ Արմանի հա~յրը… Ռուդիկ Կարապետյանի ասելիքը ծանր լռությունն էր, դեմքին դրոշմված-դաջված անթարգամանելի տառապանքը, չարտաբերվող բառերը, չասվող խոոսքերը, առաջնեկ որդուն, միակ արու զավակին անդառնալի կորցրածի անբարբառ մորմոքը…

Երկար, երկար ենք նայում Արմանի լուսանկարին: Մեծ քույրը` տասնհինգամյա Մելանյան ասում է, որ Արմանի ժպիտից, կերպարից, հայացքից ուժ է ստանում: Երբ տխրում է, իսկ դա հաճախ է լինում, նայում է եղբոր լուսանկարին, ով իր կենսասիրությամբ փարատում է տխրությունը, լցնում ապրելու հավատով, անգամ` հպարտանում, որ նման եղբայր է ունեցել, ում զոհվելուց այնպես դառնորեն հուզվել են բոլոր-բոլորը: «Ես հավերժ կկրեմ հայրենիքի նահատակի քույր լինելու հպարտությունը: Նայեք նրա լուսանկարին` ասում է` մի՛  տխրեք, ես կա՛ մ… Ինքը կա հավերժ…»,-ասում է Մելանյան եւ հավաստիացնում, որ այս հպարտությունն ու լավատեսությունը թե իրեն, թե ծնողներին ներշնչել է Արմանը:

Դժվար է, սակայն, տասնամյա քրոջ` Մարիամի համար: Մայրը պատմում է, որ երբ հուլիսյան տավուշյան դեպքերի ժամանակ զոհվել էր նրա ուսուցչուհու` ընկեր Դավթյանի որդին` Գրիշան, Մարիամիկը եկել-մորն ասել է, մա՛ մ, բա հիմա ընկեր Դավթյանը ո՞նց է դիմանալու: Հիմա էլ իրեն է հարցնում` մա՛ մ, բա դու ո՞նց ես դիմանալու առանց ապերիս…

Արմանի զոհվելը ծանր տարան հատկապես անթիվ-անհամար ընկերները: Բոլորի պաշտպանն էր, բոլորի ականջթեթեւը, բոլորի ուրախությունը ոչ միայն դպրոցում, այլեւ` ծառայության ժամանակ: Վեց ամիս ծառայել է Գյումրու զորամսում: Այնպիսի բնավորություն ուներ, որ անհնար էր նրան չսիրել: Ծառայակից ընկերներն առաջարկել են մկրտրվել, Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի որդին` Հովհաննեսը ցանկություն է հայտնել խաչքավոր կանգնել: Մկրտությունը կատարվել է Յոթ Վերք եկեղեցում… Մայրը պատմում է, որ Արմանի հուղարկավորությանը ներկա են եղել նաեւ Գյումրու ընկերները, Սյունիքի նախկին մարզպետն իր երկու որդիների հետ… Հավանաբար մխիթարանք է, սփոփանք է…

Արմանը… Կարապետյան Արմանը: Սիրում էր Սիսիանը, Սիսիանում` հրապարակը, հրապարակում էլ ամենասիրած վայրը ցայտաղբյուրներն էին, ամենաշտ սիրում էր կանգնել այնտեղ եւ զննել շուրջը… Շատերն էլ Արմանին հենց այդպես են հիշում` հրապարակի ցայտաղբյուրների մոտ կանգնող տղան… Արմանը… Կենսասեր, ընկերասեր, աշխույժ, երբեմն` չարաճճի, բայց ոչ` վնասարար, նվիրվող, հասնող, ոչ մեկի խոսքը գետնին չգցող Արմանը, ում սիրում էին բոլորը եւ անուն-ազգանունով դիմում` այլոց հետ չշփոթելու համար: Չնայած` շփոթվող կերպար չէր, էնքան վառ էր ու էնքան անհատական… Արմանին սիրում էին ոչ միայն ընկերները, այլեւ` ընկերուհիները: Որքան ցավ ու ափսոսանք, որքան մխացող-ծխացող վիշտ կա նրանցից մեկի` Լուսինե Եղիազարյանի` Արմանի զոհվելու մասին լուրն առնելուց հետո կատարված գրառման մեջ…  «Պատերազմում հաղթողներ չկան։ Մենք պարտվում ենք այն պահից սկսած, երբ կորցնում ենք հարազատի:

Ես պարտվել եմ էս պատերազմում, որովհետև կորցրել եմ քեզ։ Ես պարտվել եմ էս կյանքում, որովհետև կորցրել եմ մաքուր ու անկեղծ ընկեր, անհնարին թվացող ընկերություն։ Պարտվել եմ քեզ, քանի որ ասել եմ, որ վերադառնալու ես:

Դու չես մահացել, դու կաս ու ապրում ես մեր մեջ։ Ասում են՝ մարդ մահանում է այն ժամանակ, երբ մոռանում են նրա մասին։ Քեզ մոռանալ չի լինի…Կներես աշխարհին, որ իր անտարբերության պատճառով դու լույս դարձար։ Ներիր ու պահապան հրեշտակի պես հսկիր, որ քեզ նման լույս մարդիկ չարժանանան քո ճակատագրին։ Ներիր ու պահապան հրեշտակի պես հսկիր, որ ոչ մի մայր չարժանանա հերոսածին մորդ բախտին:

Դու կներես։ Դու միշտ ես ներել…»…

Ապագա ֆուտբոլիստ էր Արմանը: Ընդունվել էր Երեւանի ֆիզկուլտ ինստիտուտի ֆուտբոլի բաժին ու մեկնել ծառայության: Մայրը պատմում է, որ առանց իրենց տեղեկացնելու գնացել- քննություն էր հանձնել եւ ընդունվել: Երբ ցանկություն են հայտնել հետը, գոնե, գնային, ասել է` Տղան պիտի տղա մեծանա: Արմանն այդպես էլ ֆուտբոլիստ չդարձավ, բայց հավերժ մնաց հայոց փառքի երկնակամարում որպես նվիրյալ ու նահատակ, ում թափած արյամբ շարունակվեց ու շարունակվելու է կյանքը եւ այլ պատանիների` ֆուտբոլիստ դառնալու լուսավոր երազանքը…

Հ.Գ. Մխիթարանքի ի՞նչ բառեր փնտրեմ-գտնեմ 19-ամյա զինվոր որդի կորցրած Արմինե մոր համար, որ արժանի լինի նրա անչափելի կորստին:

Փառավորման ի՞նչ բառեր փնտրեմ-գրեմ ընդամենը 19 գարուն ապրած նահատակ զինվոր Արմանի համար, որ արժանի լինի նրա զոհաբերումին:

Չկան նման բառեր, չկա նման փառապսակ: Բայց կա մի սփոփանք ու մի ամոքում, որ հայրենիքի նահատակները երբեք չեն մեռնում, նրանց հիշատակը երբեք չի խամրում, նրանց զոհաբերումը երբեք անտեղի չի լինում:

#Հաղթել ես. Քո երկրային կյանքը կարճ էր, երկնայինը` հավերժ: Փառք ու խոնարհում, պայծառ ու լուսավոր պատանի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

22 հունվարի

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: