#ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ… ԿԱՊԻՏԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆ. ՄԵՐ ԶԵՆՔԻ ՀԵՐՈՍ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
650 0

Երբ 35 տարի առաջ Վահան Դավթյանի եւ Գենյա Ղազարյանի ընտանիքում զավակ ծնվեց, Վարդան կոչեցին նրան… Ու հենց այդ պահից ոչ մեկի մտքով չանցավ, «սովետի երանելի տարիներին» ո՞ւմ մտքով կանցներ, որ ճակատագիրն իր կնիքը, իր խաչ-պատերազմին արդեն դրել էր նրա բազկին… Ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ ուշիմ, խելացի, չափազանց համեստ, ազնվաբարո ու բարեկիրթ տղան մի օր, երկրի համար շատ ճակատագրական մի օր, պիտի հերոսանար` իր կյանքի գնով մեր նվիրական հաղթանակը ու երազած խաղաղությունը ապահովելու համար… Մյուս որդուն էլ Մամիկոն կոչեցին, որ ընտանիքում ամբողջանար Վարդան-մամիկոնյանական զգացողությունը…

Վարդանը վաղ էր զրկվել հորից, բայց մոր, հարազատների, հորաքույրների, մորաքույրների սերն ու հոգատարությունը լրացրել էին այդ բացը, ու Վարդանը շատ ավելի արագ էր հասունացել, լրջացել, կայացել, քան հասակակիցներից շատերը…

Լավ էր սովորել, խելացի էր ու գրագետ, կարող էր խորանալ, հմտանալ որեւէ այլ մասնագիտության մեջ, բայց ճակատագիրն արդեն էն գլխից նրան հայրենյաց պաշտպան էր ընտրել, հայրենիքի զինվոր, զինական, ու Սիսիանի թիվ 3-րդ միջնակարգ դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ուսանողական կյանք էր տարել ինչպես իր լրջախոհությունը, պատասխանատվության իր գիտակցումը, այնպես էլ` հումորը, համով-հոտով զվարճախոսությունը, կատակները, եւ դարձել բոլորի սիրելին, ում հետ շփվել է, ում հետ ընկերություն ու ծառայություն էր արել: Արդեն կայացած զինվորական` ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո լեյտենանտ Վարդան Դավթյանը ծառայության է նշանակվել Գորիսի զորամասում որպես հրետանավոր: Բայց զինվորի, զինապարտի, զինականի ոգով կրթված երիտասարդը դեռ անցնելիք ճանապարհ ուներ, դեռ երկրին ու պետությանը տալիք նվիրում ու վարձ ուներ, ու 2011 թվականից զինվորական ծառայությունը շարունակեց Արցախում, աչքի ընկավ գերազանց ծառայության մեջ, ստացավ կապիտանի կոչում, պարգեւատրվեց «Անբասիր ծառայության համար», «Մարտական ծառայության» մեդալներով:

Ճանաչելով նրա ընտանիքը, նրա տոհմը եւ հարազատներին, վստահաբար կարող եմ սել, որ Վարդանը նվիրյալ էր, որ պրոֆեսիոնալ էր, որ գենորեն ժառանգել էր հայրենիքի, հայրենի հողի եւ հայրենի երկրի պաշտպանը լինելու արժեքները, ու դրանք անմնացորդ ցուցաբերել իր մարտական ծառայության ընթացքում, ինչն առավելապես դրսեւորվել էր ապրիլյան քառօրյայի ժամանակ… Հմուտ եւ խելացի զինականը, զինվորական գործի փայլուն գիտակը 2016-ի հերոսական օրերին ցուցաբերած քաջության, մարտավարական հմտություններ բանեցնելու համար արժանացել էր «Արիության մեդալի»… Արի էր հոգով, արի էր սրտով, արի էր էությամբ…

Արդեն զինականի փորձառու ճանապարհ անցած ու մեծ վաստակ ունեցող կապիտան Վարդան Դավթյանը երկու տարի առաջ տեղափոխվել էր հայրենի Սիսիան եւ ծառայության անցել Սիսիանի գնդում…

2020-ի սեպտեմբերի 27-ը կապիտան Վարդան Դավթյանի համար ծանր խոհերով բացվեց,  լուրջ մտահոգություններով լուսացավ. 2016-ին արդեն ապրել էր այդ  զգացողությունները, արդեն անցել էր այդ փորձությունով, բայց նրան ոչինչ ետ չէր պահի կատարել զինվորի սրբազան պարտքը հայրենիքի հանդեպ…Կատարեց… փառքով պսակեց իրեն, իր անունը, իր կոչումը… Հոկտեմբերի 21-ը վերջակետ չդրեց նրա հերոսական երկրային կյանքին, բայց հոկտեմբերի 21-ին դրվեց նրա հավերժումի, նրա փառքի, նրա հերոսացման անվերջ-անվախճանության սկիզբը` հավիտյանս հավիտենից…

Նույն համեստ կապիտանն էր, նույն համեստ զինականը… Միայն նահատակ զինակցի աճյունը տուն բերող ընկերներն են հետո պատմել, թե ի~նչ անօրինակ քաջություն է ցուցաբերել իրենց կապիտանը պատերազմական ծանր օրերին, ի~նչ խիզախությամբ կատարել հայրենյաց նվիրյալի իր պարտքը, ու էդպես կմնա իրենց հիշողության մեջ, իրենց սրտերում ու իրենց շարքերում…

Այս պատմությունները թեեւ չեն մեղմել մոր ու հարազատների ցավը, բայց` սփոփել են, ու վշտաբեկ մայրը ուժ էր գտնում իր մեջ մրմնջալու` իմ տղան թող վերջինը լինի, իմ հերոս որդու մահով թող հաղթանակը շուտ հաստատվի…

Լսո՞ւմ ես, հայոց փառավոր զենքի հզոր հաղթանակ, դու իրավունք չունես չգալու, դու իրավունք չունես չկռվելու-չկերտվելու,-չհառնելու,  դու իրավունք չունես չծնվելու… քանի որ դա կլինի նրանց միակ սփոփանքը, մխիթարությունը ու արյան գինը…

Ափսոս, հազար ափսոս, որ նա ժամանակ չգտավ ընտանիք կազմելու, իր նման խելացի ու կիրթ ժառանգներ թողնելու, որովհետեւ նվիրվել էր, զենքին, զինվորական գործին անմնացորդ նվիրյալ… Նա, ինչպես մեր հերոսական պատմության երդվյալ ֆիդայիները, «պսակվել էր զենքի հետ», ու նրա լուսավոր, ազգընտիր, վերածնունդ ավետող ճաճանչափայլ ժառանգ-զավակը հայոց զենքի հաղթանակն է լինելու` ի փառս մեր սուրբ նահատակների, ի փառս հայոց զենքի փայլատակումի, ի փառս մեր հավերժումի…

Հանգչիր խաղաղությամբ, կապիտան Վարդան Դավթյան, ականջդ` մեր հաղթանակի ձայնին… Հազար փառք քեզ, Սիսիանի ազնվագույն զավակ, մեր զենքի հերոս……

#ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

24.10.2020

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայրենական պատերազմի միակ վետերանը

Տեղադրվել է - Մայիս 9, 2022 0
Լորեցի 98-ամյա Հակոբ Լեւոնի Վարդանյանը Սիսիանի տարածաշրջանի` Հայրենական պատերազմի միակ վետերանն է: Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորել, բարեմաղթանքներ…

ՏՂԱՍ ԱՆԳԱՄ ԻՐ ՄԱՀՈՎ «ՕԳՏԱԿԱՐ ԵՂԱՎ» ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ… Զոհված Վահագն Գրիգորյանի մայր

Տեղադրվել է - Նոյեմբեր 3, 2021 0
Իմ հեռախոսազանգն ու այցը անակնկալի բերեցին Սիսիանի նախկին ուսումնարանի հանրակացարանում բնակվող 44-օրյա պատերազմի նահատակ Վահագն Արտուշի Գրիգորյանի մորը` Լուսինե Բաբայանին:…

ԻՄ ԲԱԺԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ. 44-օրյա պատերազմ

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
44-օրյա պատերազմի նահատակների մասին գիրք տպագրելու միտքը հետո ծնվեց: Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում, պանթեոնից…

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Իրանը հայ արվեստագետների աչքերով» խորագրով ցուցահանդեսը

Տեղադրվել է - Նոյեմբեր 2, 2021 0
Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code