Վերջին օրերին հայոց սուրբ նահատակներ փառաբանող գրիչս այսօր թաթախում եմ անհուն ցավի մեջ` Արմենի մասին գրելիս. մեծ աշխարհի էս փոքր անկյան` Լծեն գյուղիս հնավանդ տան պատից մի քար է ընկել, պինդ, ապառաժ հիմնաքար է ընկել` Արմեն Պետրոսյան անունով, ու կսկիծը անծիր է…
Իմ լծենցիները մի ուրիշ սիրով են սիրում իրենց գյուղը, իրենց սարն ու անտառը, իրենց քոլն ու չոլը… Բոլորն են իրենց ծննդավայրը սիրում, բայց լծենյան սիրո նման սեր չեմ տեսել… Պատճառն էլ գիտեմ` էդ մեծ սերը մեծացնում, ընդլայնում է փոքր գյուղի չափերն ու սահմանները, էդ մեծ սերը ավելացնում է բնակչությամբ փոքր գյուղի ապրողների քանակը, էդ մեծ սերը պահում-պահպանում է դատարկ տների` մի օր լույսերը վառելու հույսը… փակ կողպեքների` մի օր բացվելու հավատը… Անհունորեն մեծ ու անչափելի էդ սերը…
Ու նորօրյա մեր հերոս նահատակ Արմեն Պետրոսյանը ծնվել է հենց այս գյուղում 1995 թվականին, սովորել այս գյուղի ութնամյա դպրոցում, հայրենասիրության իր առաջին դասերն առել այս չքնաղ գյուղի` ամեն քայլի հանդիպող պատմանական, բնության ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձաններից, ու էդպես հասակ առել, բնավորություն կոփել… Տան երեք եղբայրներից ավագը լինելով` իր վրա է վերցրել նաեւ փոքրերին եղբայրություն, ընկերություն անելու, , հորը` օգնական, մորը` հույս ու ապավեն լինելու պատասխանատվությունը: Երեխա օրերից աշխատել է` կովերի հերթ գնացել, խոտ հավաքել, մարգ ու այգի ջրել, ու հայրենի հողին, երկրին, բնօրրանին կապվել այդ նվիրական, անխաթար սիրով… հետո ուր էլ գնացել է, որտեղ էլ սովորել է, այդ սերն ամուր է պահել իր սրտում, այնքան ամուր, որ մասնագիտություն ընտրելիս էլ կանգ է առել դժվարին, բայց պատիվ բերող` զինվորականի մասնագիտության վրա:
Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Տիգրան Մեծ» վարժարան, ապա` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2016 թ-ին ծառայության է անցել Արցախի զինված ուժերում: Սկզբում` դասակի, ապա` մարտկոցի հրամանատարի պատասխանատվությունը ստանձնած Արմենը լեյտենանտի կոչումից հետո ստացել էր ավագ լեյտենանտի կոչում: Փայլուն ծառայության համար դարձել էր կապիտան, օրնակելի, խելացի, անմնացորդ նվիրումով զինական…
Համեստ էր, անասելի համեստ, այնքան համեստ, որ անգամ ծնողներից էր թաքցրել կապիտանի կոչման արժանանալու իրողությունը, եւ այդ մասին գիտեր միայն իր հետ նույն գնդում ծառայող Արտակ եղբայրը… Հետո, հետո են միայն իմացել, թե արցախյան այս հերոսամարտում ի~նչ սխրանքներ է գործել Արմենը, զինականին, կապիտանին վայել ի~նչ անվեհեր պահվածք է ցուցաբերել մարտի ժամանակ, ի~նչ խիզախությամբ է տանկ խփել եւ ի~նչ վճռականությամբ ու գրագիտությամբ իր դասակի զինվորներին ուղղորդել մարտական գործողությունների ընթացքում… Իմացել են միայն հետմահու, իմացել են միայն այն ժամանակ, երբ եղբորը` Արտակին տուն են ուղարկել` մի քիչ վերականգնվելու, նրա ձեռքը տալով Արմենի` արնածոր հեռախոսը… Արտակը հետո է պատմել եղբոր արժանավայել կեցվածքի, իսկական մարտիկի եւ հայ զինվորի պատիվը բարձր պահող զինվոր եղբոր քաջագործությունների մասին, որը դարձել է ծնողների միակ սփոփանքն ու մխիթարությունը: Ու Արմենի արցունքախեղդ մայրը, հենց պանթեոնում սփոփում էր ամուսնուն` Գեւորգին, թե հպարտացիր, որ հերոս որդի ես հանձնում հայրենի հողին:
«Տասը տարի տան կարոտ էր, մոր եփած ճաշի կարոտ էր Արմենս»,- մղկտում էր մայրը:
Արմենի ընտանիքում ինքը միակը չէր, որ մատաղվեց հայրենի հողի պաշտպանությանը, հայրենիքի սահմանների անառիկությանը: Ինքը կրում էր հորաքրոջ` դեռեւս արցախյան առաջին ազատամարտում Հորադիզում նահատակված որդու` Արմենի անունը ու հպարտանում դրանով… Բայց Արմենները նահատակվեցին, որ շուն թուրքի ոտքը չմտնի հայոց սուրբ հողը, որ դեռեւս հարյուրամյակներ ու 30 տարի առաջ սկսված մեր հերոսամարտը հաղթական ավարտ ունենա…
Արմեն ջան, դու գնացիր միանալու մեր չքնաղ Լծենի լուսեղեն նահատակ Աղվան Մինասյանին, անհայտ-անհող կորած Կարեն Բախշյանին, ապրլյան քառօրյային նահատակված քո հայրիկի ընկեր Եղիշե Նիկալյանին, մեր հնօրյա ու նորօրյա բոլոր մարտիրոսներին եւ երկնի արքանյության մեջ շարունակելու քո հավերժական կյանքը…
Արմեն ջան, իմ փոքրիկ գյուղի ընկած սարբատաշ քար, իմ փոքրիկ գյուղի մեծ հպարտություն…խելոք, սիրուն, մարդկային, լծենասեր ու լծենապաշտ, որ նույնն է, թե` հայրենապաշտ Արմեն ջան…
Ամեն գարնան քեզ հարբազ-նարգիզներ կբերենք քո Նովակ սարից, քեզ կփնտրենք քո հայրենի հանդ ու դաշտերի ամեն անկյունում, բայց քեզ կգտնենք միայն այնտեղ, որտեղ հերոսներն են ննջում հավերժորեն… Փառք քեզ, իմ փոքրիկ գյուղի մեծ հպարտություն Արմեն Պետրոսյան… Հավերժ փառք…
Գյուղի` քո սիրո բաժինը չի պակասելու, սիրելի Արմեն… Ամեն գարնան Նովակի մոտ ծաղկող հարբազ-նարգիզները քո անունով են ծաղկելու, ամեն գարնան Քարաղբյուրի սառնորակ ջրերը քո անունով են կարկաչելու, ամեն գարնան Սպիտակ աղբյուրը քո հիշատակով է հորդելու, քո իրած Մեծ դուզի անտառը քո անունն է շշնջալու, Խութիսի հովերը քո անունն են շնկշնկալու, Չռռանի ջրերը քո անունուվ են շրխկալու, Բաղերի այգիները քո հուշերով են պտղակալելու… Դու կաս, հավերժ ես, սիրելի Արմեն…
Հավերժ փառք, հավերժ խոնարհում…
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
20 հոկտեմբեր