#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ… ԴՈՒ ԵՐԿԻՆՔ ԳՆԱՑԻՐ, ՄԵՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏՂԱ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
488 0

Հովո-Հովհաննես, թաղի սիրելի, հարեւանության սիրելի, ընկերության սիրելի, ընտանիքի սիրելի, դպրոցի սիրելի, կուրսի սիրելի, սիսիանցիների սիրելի Հովո… Բառերը խեղճ են ու անզոր, մտքերը տկար են ու թերի քեզ համար ասելու այն, ինչը հայրենիքի նահատակի համար են ասում… Ընտանիքի շատ սպասված արու զավակ, որ պիտի նրա ծուխ-ծխանին դառնայիր…

Երբ Կառլեն ու Աստղիկ Գրիգորյանների ընտանիքում երկու դուստրերից հետո ծնվել է որդին, ծնողները նրան Տիգրան են կոչել… Սիսիանի սուրբ Հովհաննես (Գրիգոր Լուսավորիչ) եկեղեցում մկրտվելու ժամանակ Տիգրանին մկրտող Տեր-Նարեկ քահանան նրան տվել է եկեղեցու անունը` Հովհաննես… ու այդպես էլ նրա անունը մնացել է Հովհաննես… Հետո Աստղիկ եւ Կարլեն Գրիգորյանների բարեպաշտ ընտանիքում մեծացող զավակը պիտի որ կապվեր սուրբ Հովհաննես եղեղեցուն, դառնար դպրաց դասի անդամ, շապիկ հագներ, խորան բարձրանար, բուրվառ գցեր եւ դաստիարակվեր քրիստոնեական բարեպաշտությամբ, մերձավորին, կողքինին, օտարին սիրելու սրտակցությամբ ու կարեկցությամբ… Ես այսպես եմ հիշում եկեղեցու դպիր, զվարթ, պայծառ, լուսավոր, ազնվագույն Հովո-Հովհաննեսին, ու նա միշտ այսպես կմնա իմ հիշողության մեջ …

Հովհաննեսի զոհվելու բոթն էլ այդպես մեխվեց-մնաց ողջ թաղի, ողջ Սիսիանի, Հովոյի հետ գեթ մեկ անգամ շփված մարդկանց մտքում` ախր շատ ափսոս էր, ախր ընդամենը 25 տարեկան էր, ախր որքա~ն կյանք կար նրա մեջ… Սգացին բոլորը, սգացին ընկերները, սգաց Սիսիանը, սգաց Սիսիանի սուրբ Հովհաննես (Գրիգոր Լուսավորիչ) եկեղեցին եւ վերջին անգամ իր մոմաբույր, խնկաբույր, հուշաբույր կամարների տակ առավ իր դպիր-զավակին ու այնտեղից ճանապարհեց հավերժություն…Անավարտ ու անկատար մնաց նրա ճախրը, նրա թռիչը, բայց հավատում եմ, որ Հովո-Հովհաննեսին երկնքի հրեշտակներն իրենց մոտ կտանեն…

Հովո-Հովհաննեսը որքան բարեպաշտ քրիստոնյա էր, նույնքան վճռական մարտիկ ու զինվոր էր, որքան ազնիվ ու պարկեշտ հայ էր, նույնքան անվարան հայրենապաշտ էր ու հայրենանվեր… Եւ հենց ճակատագիրն էր, որ իր հետեւրից տանում էր նրան, որ զինվոր դառնար, որ խնկահոտի սովոր նրա ունկը, բուրվառի սովոր նրա ձեռքը նաեւ պատերազմի հոտը զգար ու զենքի ուժը…

Ու հավանաբար այդ մղումներն էին, որ Երեւանի ճարտարագիտական համալսարանում սովորելու ընթացքում, ուսմանը զուգահեռ, վերապատրաստվել է մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտում եւ ավարտելուց հետո ծառայության անցել ԼՂ ՊԲ N զորամասում որպես ռադիոդասակի հրամանատար: Լինելով հմուտ եւ պրոֆեսիոնալ, հրամանատարության կողմից արժանացել է մի շարք շնորհակալագրերի եւ պատվոգրերի…

«Հովհաննեսը դեռ շատ նպատակներ ուներ իրականացնելու, անելիքներ շատ ուներ, բայց թշնամու գնդակն անավարտ թողեց նրա երազանքները… Վերադարձավ Հովհաննեսը եռագույն դրոշով, բայց` վահանի վրա դրոշը որպես ծածկոց: Վերադարձավ, այո, բայց ոչ մայրական գիրկ, այլ իր զինակից ընկերների տուն` եղբայրական գերեզման, որն այնքան է մեծացել…»,- ծափերի եւ պետական օրհներգի, խնկաբույրի ու հոգեհանգստյան աղոթքների ուղեկցությամբ նրան հավերժություն ճանապարհելիս ասաց պահեստի փոխգնդապետ Ժիրայր Ամիրջանյանը…

Հարազատներն ասում են, երբ վերջերս եկել էր Գոհար տատի քառասունքին, հրաժեշտին բարեկամներին ասել է` ես դեռ կգամ… Նա դեռ կգա…

…Երբ Հովհաննեսի աճյունը դուրս էին բերում Սիսիանի սուրբ Հովհաննես (Գրիգոր Լուսավորիչ) եկեղեցուց, երբ ծաղկեպսակների շարքերի միջով զինակից ընկերները նրան ուսած տանում էին հայրենիքի համար նահատակվածների պանթեոն, երբ թաղման թափորի առջեւից քայլում էին նրա հոգեւր եղբայրները, կարծես եկեղեցու ծիսական արարողություն լիներ, ու Հովհաննեսի կենդանի հոգին, լուսապայծառ ոգին ուղեկցում էր բոլորին…

Հիշատակդ` վառ, մեր լուսավոր տղա, մեր ազնվագույն Հովհաննես… Դու երկինք գնացիր, հսկիր մեր հաղթանակը աշխարհի չար ուժերի դեմ եւ փառավորիր մեր հերոսական ու բիբլիական երկրի հաղթանակի ոգին…

Հիշատակն արդարոյ օրհնությամբ եղիցի…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

11 հոկտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԳՄԲԵԹՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է - Մայիս 15, 2023 0
Սիսիանի բնակավայրերից մեկի մերձակայքում, որտեղ դեռ թարմ է վերջին շրջանի ռազմական գործողությունների հիշողությունը, երիտասարդների մի խումբ շինարարական աշխատանքներ է կատարում:…

ՏՂԱՍ ԱՆԳԱՄ ԻՐ ՄԱՀՈՎ «ՕԳՏԱԿԱՐ ԵՂԱՎ» ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ… Զոհված Վահագն Գրիգորյանի մայր

Տեղադրվել է - Նոյեմբեր 3, 2021 0
Իմ հեռախոսազանգն ու այցը անակնկալի բերեցին Սիսիանի նախկին ուսումնարանի հանրակացարանում բնակվող 44-օրյա պատերազմի նահատակ Վահագն Արտուշի Գրիգորյանի մորը` Լուսինե Բաբայանին:…

93-ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԷՋԵՐ

Տեղադրվել է - Մայիս 7, 2023 0
Ամեն անգամ մեծ ուրախությամբ եմ ընդունում մեր հարգարաժան հայրենակից, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Ալեքսանդրի Ղարիբյանի` իր մանկության, պատանեկության…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code