#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ, ԱՆՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ…

Տեղադրված է at 11:17
758 0

Ամեն սերունդ իր կռիվը տվեց հայոց հողի ազատության, հայոց երկրի սահմանների անառիկության համար: Ամեն սերունդ իր պատվով ու իր զենքով երդվեց ավարտին հասցնել նախորդների` կիսատ թողածը: Բայց մեր կռիվները անավարտ մնացին, մեր երկրի իրական սահմանները մեր հոգեւոր հայրենիքի տարածքներից դուրս մնացին, ու թեեւ արյունով գծվեցին, բայց հոգեւոր հայրենիքի երազանքը երբեք չպակասեց, երբեք չփոքրացավ, երբեք չլքեց մեզ…

Հայրենիքի կանչը այս անգամ էլ շատերին տարավ: Ու այդ շատերի մեջ էին նաեւ արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, որ երդվեցին վերջին զարկը տալ, որ երդվեցին իրենց զավակներին, իրենց թոռներին չթողնել գորդյան հանգույցը եւ պատերազմ մեկնեցին… Մեկը` Ռուբիկ Մայիլյանն էր, հին զինվոր, փորձառու մարտիկ, Սիսիանի առաջին հակատանկիստը, վրեժը` չլուծած, հաղթանակը մինչեւ վերջ չկերտած մուցքեցի «քոթոթը», ինչպես կարճ հասակի, կլորիկ, փոքրամարմին լինելու, ջերմ ու փափուկ բնավորության համար փաղաշորեն դիմում էին մարտական բոլոր ընկերները: Մայիլյան Ռուբիկը իր հորեղբոր որդի Անդրանիկ Մայիլյանի հետ առաջիններից էր, որ դեռեւս 90-ականներին էր ընտրել զինվորի, զինականի ճակատագիրը եւ Բարձրավանի ուղեկալում միասին պաշտպանում էին Նախիջեւանին սահմանակից` հայրենի գյուղի սահմանները: Հակատանյակին վաշտի հրամանատարն էր, մինչեւ հիմա էլ էդ հատվածների ուղեկալներից մեկը շարունակում են «Քոթոթի պոստ» անվանել` ի պատիվ Ռուբիկի` դեռեւս 90-ականներին ստեղծած համբավի: Հետո երբ Բարձրավանի հակատանկային դիվիզիոնը տեղափոպվել է Սիսիանի գունդ, Ռուբիկն իր ծառայությունը շարունակել է գնդում: 1992-93-94 թ.թ.-ին մասնակցել է Լաչինի, Հորադիզի մարտերին: Զինադադարից հետո ընտանիքով տեղափոխվել եւ ապրել է Ստեփանակերտում, աշխատել պաշտպանության բանակում: Խաղաղ տարիներին անգամ նրան երբեք չի լքել հայրենի հողեր ազատագրած զինվոր-մարտիկի այն հոգեբանությունը, որ հաղթանակը միայն հողը ազատագրելով չէ, այն պիտի նաեւ պահել` այնտեղ ապրելով, շենացնելով: Երկու տղաները այնտեղ էլ մեծացան, ծառայեցին բանակում: Տեւական խաղաղությունը նպաստեց, որ մտնեն բնականոն կյանք, ապրեն ոչ թե` զինվորի, այլ` հաղթանակած երկրի քաղաքացու կյանքով: Բայց կրկին պատերազմ էր, այս անգամ` ապրիլյան անունով, ու Ռուբիկը, որ արդեն անցել էր վաստակած հանգստի, կրկին միացավ Սիսիանի իր մարտական ընկերներին, եւ նրանց հետ մասնակցեց ապրիլյան հերոսամարտին: Այս կռիվն էլ կիսատ մնաց, ապրիլյանն էլ չլուծեց խաղաղ, ստեղծագործ ապրելու մեր իրավունքի հարցը:

Ապրլյանից հետո Ռուբիկը տեղափոխվել էր Երեւան, աշխատում էր, մտածում էր արդեն զավակների կյանքը հունի մեջ դնելու, տնավորելու մասին, երբ սեպտեմբերի 27-ին կրկին թուրքը հիշեցրեց իր նենգ ու արյունարբու գոյության մասին… Չմնաց Երեւանում, արագ վերադարձավ Սիսիան` ազատամարտիկ ընկերների մոտ: 51- ամյա Ռուբիկը չհաշտվեց այն մտքի հետ, որ առաջացած տարիքում գտնվող կամավորներին առաջնագիծ չտարան, ու կամավորագրվեց զինկոմիսարիատում եւ զորահավաքով գնաց` իր կիաստ գործը ավարտին հասցնելու: Որպես հմուտ հակատանկիստ, նրան նշանակել էին Հադրութ մեկնող հակատանկային դասկի հրամանատար… Վերջապես եկել էր իր կռիվը ավարտին հասցնելու ժամանակը… Մարտադաշտ մեկնելու առաջ մարտական ընկերներին միայն մի բան էր ասել` տղերք, աստված չանի` ճանապարհին մեքենան խփեն, աստված չանի, մենակ խնդրում եմ` ոտքս գետնին դիպչի, ոտքս հասնի հողին… Ոտքը հողին չէր դրել, չէր հասցրել… Հոկտեմբերի 10-ի չարաբոթ օրը թշնամու բայրաքթարի հարվածից Հադրութի ճանապարհին խփվել էր այն զինվորական մեքենան, որի խցիկում ինքն ու Մարտին Գալստյանն էին…

Մարտական ընկերները բացառիկ որակներով բնութագրեցին իրենց զինակից ընկերոջը, նրա հայրենասիրությունը, հոգատարությունը, իր ենթակաների նկատմամբ ծնողական վերաբերմունքը, իր գործին փայլուն տիրապետելը, կարգապահ ու բարեխիղճ լինելը, եւ մեծ ափսոսանք հայտնեցին, որ կես ճանապարհին կտրվեց քաջորդու կյանքի թելը:

Նույն պահին կտրվեց Ռուբիկի ազատամարտիկ ընկերոջ` Վազգեն Գալստյանի որդու` 29-ամյա Մարտին Գալստյանի կյանքի թելը…

Ապրեցին զինվոր, նահատակվեցին զինվոր, անմահացան զինվոր…

Մարտինի հայրը` Վազգեն Գալստյանը, նույնպես զինվոր է եղել, առաջին արցախյան պատերազմի մասնակից, Բռնակոթի համագյուղացիների հետ հսկել է Աղոթարանի գիծը` Նախիջեւանի ուղղությամբ, պայմանագրային ծառայության մտել Սիսիանի զորամասում: Հարաբերական խաղաղությունից հետո թողել է ծառայութունը: Հոր գործը որդին է շարունակել, Մարտինն է դարձել պայմանագրային զինվորական: Հադրութ մեկնող հակատանկային ջոկատի սերժանտն էր, բայց…

Մարտինը… Մարտին Գալստյանը… Ինչքա~ն կարճ եղավ նրա կյանքը, ինչքա~ն երազանքներ անկատար մնացին, ի~նչ հաստատակամությամբ էր լցվել ազատամարտիկ հոր անավարտ կռիվը այս անգամ ինքը մինչեւ վերջ ավարտին հասցնելու հայրենանվեր խոյանքին… Բայց հոկտեմբերի 10-ի չարաղետ օրը ինքն էլ հոր մարտական ընկեր Ռուբիկ Մայիլյանի հետ նույն զինվորական մեքենայի խցիկում էր, երբ գիշերը ճանապարհին թշնամու աթս-ն գնդակոծեց զինվորական շարասյունը…

Հարազատները, բոլորը, հայրենակիցները երկար սպասեցին, որ հերքվի լուրը, որ մի հրաշքով տղաները հայտնվեն ողջ եւ առողջ, շարունակեն իրենց մեծ երազանքի անավարտ գործը, բայց…

Տանջալիորեն երկար սպասումներից հետո այսօր հայրենի հողին հանձնվեցին նահատակներ Ռուբիկ Հովհաննեսի Մայիլյանի եւ Մարտին Վազգենի Գալստյանի աճյունները…

Հ.Գ. Մինչ թաղման թափորը բարձրանում էր Սիսիանի պանթեոն, քաղաքում հորդառատ, տեղատարափ էր… Երբ սկսվեց հայրենիքի նահատակների հոգեհանգստյան կարգը եւ աճյունները հանձնվեցին հայրենի հողին, նույն այդ ժամանակ երկինքը պարզեց, անձրեւը կտրվեց, արեւը շողաց… Նահատկները, ինչպես հաստատեց հոգեհանգստայն կարգը կատարող Հայր Միքայելը, ոչ թե մահացան, այլ` անմահացան, եւ, ինչպես ցորենի հատիկ, պահ տրվեցին հայրենի հողին, որից պիտի նոր սերունդներ ծլարձակեն…

Անձրեւից հետո ծագած պայծառ ու շողարձակ արեւը` վկա…

Փառք անմահներին, հավերժ փառք…

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

6 նոյեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: