#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… Խաղաղ ժամանակ քրտինք պիտ խառնես հողին, պատերազմի ժամանակ` արյուն…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
667 0

Արցախյան ազատամարտի հերոսական ուղի անցած Սիսական ջոկատի մարտակոչով կրկին Սիսիանի` Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում էին հավաքվել սիսիանցի ազատամարտիկները` միանալու հայրենիքի պաշտպանության եւ զավթված տարածքների ազատագրման հերթական ազգակոչին: Նույն` 1990-ականների ծանոթ դեմքերի եւ ծանոթ ազատամարտիկների շարքերը համալրվել էին նաեւ նոր սերնդի երիտասարդներով, ովքեր նույն մղումով ու նույն նպատակներով միացել էին փորձառու եւ մարատական ուղի անցած ավագ ընկերներին:

Չցանկանալով նշել իրենց անունը եւ բոլորովին չկարեւորելով դա, դեռեւս մարտադաշտ չտեսած երիտասարդները նշեցին, որ կարեւորը հայրենիքի կանչին միանալն է, կարեւորը հայրենիքի պաշտպանության համար սեփական ջանքը բերելն է:

Դիմելով հրապարակում հավաքված մարտական ընկերներին, նոր կամավորագրվողներին եւ նրանց մարտադաշտ ճանապարհելու եկած հայրենակիցներին` Աշոտ Մինասյանը նշեց, որ թուրք-ադրբեջանական հրոսակները լայնամասշտաբ պատերազմական գործողություններ են սկսել հայոց ազգի դեմ` վերստին փորձելով տիրել մեր աշխարհին եւ կոչ արեց զենք կրելու ունակ եւ պատրաստակամ բոլոր հայրենասեր հայորդիներին մի կողմ դնել քաղաքական, անձնական, կուսակցական տարաձայնություններն ու շահերը եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության ջոկատներին ու մեկնել Արցախ: «Հայրենիքը վտանգի մեջ է, եւ մենք պարտավոր ենք լինել նրա կողքին»,-հավելեց Աշոտ Մինասյանը:

Օրհնելով մարտադաշտ մեկնողներին եւ աստծո հովանավորությունը հայցելով նրանց անփորձանք ծառայության համար` Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակարը նշեց, որ ողջ երկիրը օրհասկան պատերազմի մեջ է, եւ ողջ ազգը, Հայաստանում, Սփյուռքում  թե Արցախում, միաբանված է լինելու զինվորի կողքին: «Միշտ Սյունիք աշխարհը ամուր կանգնել է Արցախ աշխարհի իր եղբայրների եւ քույրերի կողքին, եւ այսօր այդ օրերից մեկն է, եւ մենք վստահ ենք, որ կանգնելու ենք մեր հայրենիքը պաշտպանելու, մեր սրբությունները պաշտպանելու բարձր առաքելության գործին»,-նշեց սրբազան հայրը: «Թող աստված տա, որ մեր պանթեոնի շարքերը չմեծանան, պատերազմը կույր է, եւ ոչ ոք ապահովագրված չէ, լինի խաղաղ բնակիչ թե զինվոր, բայց աստծուց խնդրում ենք, որ իր հովանու տակ պահի մեր  երիտասարդներին, եւ մենք էլ մեր զավակներին թեւ ու թիկունք լինենք»,- ասաց հայր Մակարը` հավաստելով, որ ամուր կանգնած ենք մեր ժողովրդի եւ մեր երկրի կողքին:

Սիսական ջոկատի ազատամարտիկներին միացել էին ոչ միայն սիսիանցի կամավորականներ, այլեւ` ազատամարտիկներ Երեւանից եւ այլ վայրերից: Երեւանցի Մարտին Գրիգորյանը նշեց, որ երբ 2016-ի ապրիլյան զոհերի ժամանակ մասանկցեց սիսիանցի ազատամարտիկների հուղարկավորությանը, այն ժամանակից ի վեր հասկացավ, որ սիսիանցի տղաները շատ հոգեհարազատ են իրեն, մտերմացավ, ընկերացավ նրանց հետ, ու հիմա բնավ պատահական չէ, որ Արցախ է մեկնում Սիսիանի ջոկատի ազատամարտիկների հետ:

Շահե Աճեմյանը, ով նույնպես իր մարտական ընկերների հետ միացել էր Սիսական ջոկատին, նշեց, որ իր համար տարբերություն չկա, թե ինչ խմբի հետ է եղել` Սիսիանի, թե` դաշնակցության, թե` երկրապահի, էական չէ. հայրենիքը վտանգի մեջ է, եւ իր համար ամենակարեւորը իր ծանոթ ընկերների հետ րոպե առաջ մեր զինվորների կողքին լինելն է, քանի որ միշտ առաջինը հասել է մարտադաշտ, վերջինը վերադարձել:

Խոսելով հյուծիչ` հարաբերական խաղաղության մասին, Շահե Աճեմյանը նշեց, որ 94-ի զինադադարից հետո ունեցել ենք այնքան զոհ, որքան որ պատերազմի ժամանակ, ուստի սա լինելու է մեր վերջին կռիվը, վերջին պատերազմը: Ի պատասխան մեր` ամեն սերունդ իր կռիվն ունի, բայց այս սերունդը մի քանի պատերազմ տեսավ հարցին` ազատամարտիկը նշեց, որ դա, միգուցե, իրենց ճակատագիրն էր, բայց միեւնույն ժամանակ իրենց համարեց այն բախտավոր սերունդը, ով տեսավ հայրենիքի անկախացումը, ով կարողացավ ազատագրել հայրենիքի` թեկուզ մեկ կտորը: «Մենք էլ ուրիշ տեսակ բախտավոր ենք, եւրեւի մի հարյուր տարի հետո էլ շատերը մեզի երնեկ կուտան: Իսկ մեր նման փոքր երկները 20-25 տարին մեկ մի պատերազմ պիտի տան, որ երիտասարդությունը զգաստանա: Հողը, դրոշը միշտ կսիրե դառն արյուն, որպեսզի հայրենիքը միշտ ուժեղ լինի: Խաղաղ ժամանակ քրտինք պիտ խառնես հողին, պատերազմի ժամանակ` արյուն, որ կարենաս ապրել այս աշխարհում»,- հավելեց ազատամարտիկը, լիահույս, որ այս անգամ կռիվը լինելու է վճռական` կամ` մենք, կամ` իրենք…

Նման չլինելով նախորդ պատերազմներին, տարբերվելով մասշտաբներով, կիրառվող զենքի տեսակներով, ժամանակաշրջանով, այս պատերազմն էլ, սակայն, ունի նույն նպատակն ու նույն իմաստը` հայրենիքի սահմանների ամրապնդում եւ պատմական հայրենիքի վերակերտում…

Հաղթելու ենք…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Սեպտեմբերի 28

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆՎՈՐ…

Տեղադրվել է - Հուլիս 9, 2021 0
Որքան վաղուց իմ գրիչն ուրախ նյութեր չի գրել, որքան վաղուց իմ ֆոտոխցիկը ուրախությունից ճառագող դեմքեր չի տեսել, որքան վաղուց ես…

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Տեղադրվել է - Դեկտեմբեր 9, 2022 0
Համայնքների զարգացման «Հայաս» հասարակական կազմակերպությունը (նախագահ` Խաչատուր Ցոկոլակյան), օրերս մեծ քանակությամբ հիվանդանոցային մահճակալներ, քայլակներ, սայլակներ, բժշկական այլ սարքավորումներ ու պարագաներ,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: