#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ… ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՇՎԻՆ ԱՊՐԵԼԸ, ՏՂԵՐՔ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
557 0

Սեպտեմբերի 27-ից հետո մեր կյանքը փոխվել է, մեր նպատակներն ու ցանկությունները փոխվել են, մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին միեւնույն հասցեն ունի` հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն հաղթանակի… Ու հանունը անմնացորդ է, հանունը անվիճարկելի է, հանունը բոլորանվեր է… Հանունը` թանկ, հարազատ կյանքերի գնով է…

Հայրենյաց  նոր նահատակներին Սիսիանի սրբազան պանթեոնին հանձնելուց հետո մխխում ենք, բայց չենք կոտրվում, պրկվում ենք, բայց չենք ջարդվում, լույսի պես կյանքեր են հանգում, բայց մեր հոգու` հաղթանակի հրդեհը չի մարում, հայրենի երկիր մտած արյունարբու թշնամու մեջքը կոտրելու ցանկությունը չի պակասում…

Սեպտեմբերի 27-ից հետո զինվորապաշտ մեր ոգին ավելի ամրակուռ դարձավ, հայրենպաշտ մեր ոգին ավելի ամրացավ. սա մեր վերջին կռիիվն է դարավոր թշնամի թուրքի դեմ, ու հաղթանակը պիտի վերջակետ դնի երբեւէ մեզ հաղթելու նրա արնախում տենչին…

Ու սեպտեմբերի 27-ից հետո բոլորս զինվոր դարձանք` զենքի, գաղափարի, հաղթանակի զինվոր` ազգ-բանակ, ազգ-հաղթանակ, ազգ-միացյալ…

Հաղթանակի իրենց բաժինը տուն բերելու համար զինվորագրվեցին նաեւ սիսիանցի նվիրյալները, ու երդումը մեկն էր` միայն հաղթանակ…

Երազած, սպասված, բաղձալի հաղթանակի ճանապարհին ընկան տղերքը`  սիսիանցի Նարեկը, բնունիսցի Գեւորգը, շաքեցի Հրահատը… Ընկան որպես ցորյանի հատիկ, ընկան որպես հաղթության դրոշ, ընկան որպես բոցերի միջից վազող հուրհեր հաղթանակ, երկինք սավառնող սրաթռիչ արծիվ…

Սիսիանի` անխղճորեն ընդարձակվող Պանթեոնում երեկ նրանց հայրենի հողին հանձնելիս այդ հաղթանակի հավատը տեսա Նարեկի հոր` իմ ընկեր Ջիվանի սրտակեղեք լռության մեջ, տեսա Գեւորգի` ինձ քաջ ծանոթ բազմազավակ մայր Լիլիթի` ավագ որդի կորցնելու մտքի հետ չհաշտվող տառապանքի մեջ, տեսա Հրահատի` պատերազմ ճանապարհած հարազատների` մենք քեզ կսպասենք հավատավոր սպասումի մեջ…

Նարեկ Ջիվանի Սարգսյան, Գեւորգ Արտուրի Բաբաջանյան, Հրահատ Փայլակի Կարապետյան…

Ձեր մասին անցյալով չենք խոսելու, տղերք… գալու-գլուխ ենք խոնարհելու ձեր սուրբ տապանաքարերի առաջ, վերհիշելու ենք այս հերոսական օրերը, այս սրբազան պատերազմի բոլոր պահերն ու ակնթարթները, ապրումներն ու տագնապները, սպասումներն ու հույսերը, անվերապահ հավատները, աղոթքները, բերնե-բերան տարածվող ձեր անունները, ձեր սխրանքները, ու դուք միշտ ներկա եք լինելու, դուք շարունակվելու -հարատեւելու եք բոլոր սերունդների ճակատագրում, բոլոր ժամանակներում ու բոլոր հերոսամատյաններում…

Ներկա եք լինելու որպես դժվար ձեռք բերված հաղթանակ, որպես արժանապատվորեն ապրելու իրավունք, որպես հերոսական նախնյաց արժանի հետնորդ… Դուք մեր նորօրյա հերոսական պատմությունն եք կերտում, դուք երաշխավորում եք ապրելու, արարելու, լինելու եւ շենացնելու մեր ազգային իրավունքը…

Դուք մեր հաղթության եռագույն անձնագիրն եք` պարզված աշխարհին, պարզված դարավոր թշնամուն, պարզված այլեւս ոչնչից զրամացող աշխարհին` նրանց զարմացնելով ձեր հայկան ոգով ու կերպարով…

Դժվար է լինելու ձեր կյանքի հաշվին ապրելը, դժվար է լինելու ձեր թանկ արյան գինը վերադարձնելը, բայց` լինելու է… Նարեկ, Գեւորգ, Հրահատ, ներկա եւ բոլոր ժամանակների ապրողներս ձեզ հաղթանակած երկիր ենք պարտք, ձեզ` ձեր զոհաբերումին արժանի շեն ու ծաղկուն հայրենիք ենք պարտք…

Հավերժ փառք ու հավերժ խոնարհում, հայոց մեծ երթի լուսապայծառ զինվոր-տղերք …

Հ.Գ. Հայկական ասացվածք… Նրանք ուզում են մեզ թաղել, բայց չգիտեն, որ մենք սերմ ենք…

#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

29 հոկտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայացք` դրսից. Հայը իմ ճանաչած ամենահյուրընկալ եւ առատաձեռն ժողովուրդն է

Տեղադրվել է - Հուլիս 10, 2023 0
Անգեղակոթում դեռ հիշում են տարիներ առաջ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտներին անգլերեն սովորեցրած, գյուղացիներին շատ հարցերում օգտակար եղած «Խաղաղության կորպուսի» կամավոր,…

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ -110. Զրույց բանաստեղծի հետ

Տեղադրվել է - Ապրիլ 10, 2024 0
Գարունը կրկին իր լայնատարած թեւերով գրկել է Ձորերի ամենաչքնաղ անկյունը` սիրուն Լորը, ուր ամեն տարի Սյունյաց լեռնաշխարհի այդ հեռավոր ձրում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code