ԿԱՄՈ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ. ԹՈՂԵՑ ՄԻ ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎ ԵՎ ՄԻ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿ

Տեղադրված է at Փետրվար 7, 2023
1342 0

2022-ի մարտի 22-ին իրենց տանը հանկարծամահ եղավ Արցախյան առաջին, քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից, հարգված ու սիրված զինվորական, համեստ ու պարկեշտ, 59-ամյա մայոր Կամո Հակոբի Հակոբջանյանը: Հանկարծահաս բոթը ընտանիքի անդամի նման հավասարապես սգացին զինակից ընկերները, ում հետ Կամո Հակոբջանյանը դեռեւս 1988-ից էր հայրենիքին ծառայելու «մարտական դաշինք կնքել», անցել մեծ ազատամարտի բովով, եղել բանակաշինության ակունքներում եւ ստեղծել նվիրյալի, սկզբունքայինի ու գաղափարականի իր դժվարընթաց, բայց` պատվաբեր կենսագրությունը, որը բոլորանվեր ծառայություն էր երկրին եւ հայրենիքին:

Ծնվել է 1963 թ.-ին հունվարի 1-ին Սիսիան քաղաքում: Սովորել է Երեւանի` Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետում` ստանալով ինժեների որակավորում: Վստահելով նրա ուժերին եւ գիտելիքներին, եւ որպես լավ ուսանող` ինստիտուտը քսաներեքամյա երիտասարդին գործուղել է Սարատով` տեղի երկրաբանական արշավախմբում աշխատելու, որտեղ էլ շատ արագ հայտնվել է արշավախմբի ղեկավարության ուշադրության կենտրունում: Սկզբում նրան առաջարկել են վարպետի, կարճ ժամանակ անց` տեղամասի պետի պաշտոնը:

Դժվար է ասել` ինչպես կընթանար երիտասարդ ու շնորհաշատ ապագա լեռնամետալուրգի ճակատագիրը, եթե… Բայց տարիների հեռվից դժվար է պատկերացնել նաեւ ճակատագրի մեկ այլ ընթացք, որ կարծես արդեն կանխորոշված ու նախորոշված էր. եթե հայրենիքն իր կարիքն ունի, ընտանիքում հայրենասիրության անառարկելի դասեր ստացած երիտասարդը չէր կարող չանսալ նրա կանչին: Եւ երբ 88-ին հայրենի երկրից ու նրա սահմաններից իրեն էին հասնում հայրենականչի լուրերը, նա չէր կարող անհաղորդ մնալ, Սարատովում շարունակել ապահով կյանքն ու խուստումնալից ապագան, ուստի կիսատ թողեց բոլոր գործերը եւ վերադարձավ Հայաստան:

Դեռեւս Սարատովում աշխատելու ժամանակ հետաքրքրվել եւ Կրասնոդարի երկրամասի բնակավայրերից մեկում գտել էր մինչ այդ իրենց անհայտ` Հայրենական պատերազմում զոհված պապի գերեզմանը, մի քանի անգամ ընտանիքի բոլոր անդամներին տարել այնտեղ, պահպանել հայրերի-պապերի- թոռների հոգեւոր կապը, հայրենասիրության դասեր առել օտար հողում թաղված պապի «անհայտ գերեզմանից» եւ արդեն այդ տարիներից ի հայտ բերել սկսած գործը մինչեւ վերջ հետեւողականորեն ավարտին հասցնելու որակներն ու բնավորության գիծը, ինչը հետո նույնկերպ եւ առավել խորացված դրսեւորեց ավելի քան 34 տարի հայոց բանակի շարքերում անցկացրած տարիներին:

Վերադառնալով Հայաստան` 1988-90 թ.թ.-ին Կամո Հակոբջանյանն աշխատանքի է անցնել Կապանի երկրաբանաորոնողական արշավախմբի Սիսիանի խմբում, միաժամանակ ակտիվ մասնակցություն ունեցել Արցախյան շարժմանը: 1990 թ. անդամագրվել է Հատուկ գնդի Սիսիանի վաշտին, նշանակվել առաջին դասակի առաջին ջոկի հրամանատար: Նրա դասակին է հանձնարարվել Սիսիան-Բերձոր, Քաշաթաղ սահմանագծի վերհասկումը:

1992 թ. Հատուկ գունդը վերակազմավորվում է սահմանապահ զորքերի: Կամո Հակոբջանյանը նշանակվում է սահմանապահ ջոկատի Սիսիանի պարետության Նորավանի ուղեկալի պետի պաշտոնակատար: Նույն թվականին մասնակցում է Բերձորի միջանցքի ազատագրման, Հադրութի շրջանի Ազով, Դրախտիկ գյուղերի պաշտպանական մարտերին: 1993 թ. սահմանապահ զորամասը վերակազմավորվում է մոտոհրաձգային, հրաձգային ստորաբաժանումների: Կամո Հակոբջանյանը նշանակվում է Գորիսի բրիգադի Սիսիանի գումարտակի վաշտերից մեկի հրամանատար, մասնակցում Բերձորի, Գյուլիբերդի, Մուրադխանլիի ազատագրական մարտերին: 1993 թ.-ին Կամոն Հակոբջանյանը ընկերների` Արայիկ Մուրադյանի, Տիգրան Պողոսյանի, Վարդան Գեւորգյանի, Անդրեաս Քարամյանի, Արարատ Հայրապետյանի հետ կամավոր մասնակցել է նաև Քարվաճառի մարտերին:

1993 թ. օգոստոսին, որպես հմուտ ռազմավար եւ կազմակերպիչ, իր զենքի ուժը գործադրում է Գյուլիբերդի եւ Կուբաթլույի ազատագրման ժամանակ: 1994 թվականի հունվարից մասնակցում Հորադիզի ճակատում թշնամու ջախջախմանը, մի շարք գյուղերի ազատագրման ռազմական գործողություններին:

1994 թվականի մարտի 3-ին նշանակվել է նոր կազմավորված Սիսիանի գնդում որպես վաշտի հրամանատար, ապա` առաջին գումարտակի շտաբի պետ: Ապրիլի 18-ին մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է: Նոր կազմավորված Սիսիանի զորամասի կազմում անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ հարավ-արեւելյան եւ հարավ-արեւմտյան սահմանների պաշտպանությանը եւ մարտական հերթափոխությունների կազմակերպմանը:

Իր անցած մատական ուղին, երկրաբանի մասնագիտությունը, տեղանքի հրաշալի իմացությունը, փայլուն քարտեզագիտությունը նրա համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էին` իրեն ամբողջությամբ նվիրվելու բանակին եւ բանակաշինությանը, ուստի վերապատրաստվեց նաեւ զինվորական դասընթացներում:

1995-ին նշանակվել է Սիսիանի զորամասի շտաբի պետի տեղակալ: 1997-ին` 4-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: Ու այսպես այլեւս անշրջելի է դառնում զինականի նրա ճակատագիրն ու ճանապարհը: Հրադադարից հետո էլ Կամո Հակոբջանյանը ամենայն պատվախնդրությամբ եւ բարեխղճությամբ է շարունակաում իր ծառայությունը երկրին եւ բանակին` ինքնամոռաց, բոլորանվեր ու անձնուրաց:

2001-ին Կամո Հակոբջանյանը նշանակվել է Ն զորամասի օպերատիվ բաժնի պետ, 2004-ին` Ն զորամասի շտաբի պետի տեղակալ: 2010-ին նշանակվել է Վայքի տարածքային զինվորական կոմիսար, աշխատել հինգ տարի, ապա անցել վաստակած հանգստի:

Անժխտել է, որ Կամո Հակոբջանյանը կյանքի լավագույն տարիները եւ ժամանակը նվիրել է բանակին ու ծառայությանը: Ու թվում է` պիտի բավարար համարեր իր ներդրումը, իր անմնացորդ ծառայությունը զենքին եւ հայրենիքին: Բայց Կամո Հակոբջանյանը հենց նրանով էր առանձնահատուկ եւ տարբերվող, որ ինչպես ապրիլյան քառօրյային, այնպես էլ 2020-ին կամավորագրվեց հայրենիքին պատուհասած հերթական փորձությանը եւ մեկնեց առաջնագիծ: Խելահեղ ու արյունաքամ այդ պատերազմում, ինչպես ասում են նրա հարազատները եւ մտերիմները, զինակիցները, Կամոյի հրամանատարության ներքո մարտադաշտ մեկնած 66 զինակիցներից որեւէ մեկի քիթն անգամ չարյունոտվեց, որովհետեւ Կամոն նախ տեղանքը անգիր գիտեր, առաջնորդվում էր միայն քարտեզով, գծագրով եւ կարգ ու կանոնով, ինչի արդյունքում կարողացավ դուրս գալ շրջափակումից, 4 օր քայլելով` ջակատն անվնաս դուրս բերել օղակից եւ բարեհաջող տեղ հասցնել: Պատահական չէ, որ պատերազմից հետո 66 զինակիցները խոստովանել են, որ իրենց կյանքով պարտական են միայն իրենց աչալուրջ, փայլուն ռազմավար, ռամական գործի հմուտ գիտակ հրամանատարին:

Այդքանով հանդերձ` զարմանալի համեստ էր, բայց` խստապահանջ, լռակյաց, բոլորովին չէր սիրում խոսել իր մարտական ուղու, իր անցած ճանապարհի մասին, իսկ երբ տանը փորձում էին մի բան հարցնել կամ` մի տեղեկություն իմանալ, ասում էր` վերջացրեք: «Բայց 44-օրյայից հետո երբ տուն եկավ, շատ անտրամադիր էր, ընկճված, կոտրված, հուսահատված: Եղբորս երբեք այդքան «պարտված» չէի տեսել: Իր ապրած 59 տարիների մեծ մասը` 34 տարին նվիրեց բանակին, հայրենիքին: Ինչպես անտրտունջ ծառայել էր, էդպես էլ անտրտունջ, առանց որեւէ մեկին նեղություն տալու, հեռացավ կյանքից: Անչափ նվիրված էր բանակին, ընկերներին, բարեկամներին: Մի Կամո էր, մի Հակոբջանանց ազգ: Բոլորը երդվում էին նրա անունով: Դա է մեզ մխիթարում, որ լավ անուն թողեց, բարի հիշատակ: Օգնում էր բոլորին, իսկ եթե մեկն ու մեկին էլ օգնել չկարողանար, կանգնում էր կողքին: Բոլոր ընկերները սիրում էին նրան ազնվության, պարկեշտության, համեստության համար: Գոնե` ամուսնանար, ընտանիք, երեխաներ ունենար: Երբ շատ զգուշորեն ակնարկում էինք այդ մասին, ասում էր` դրա ժամանակը չի… Դրա ժամանակը այդպես էլ չեկավ… Թեեւ ժառանգ չունեցավ, բայց մեր երկրի յուրաքանչյուր հաջողություն, մեր բանակի յուրաքանչյուր ձեռքբերում ես համարում եմ նրա թանկ ձեռքբերումը ու դրանով մխիթարվում: Ծնողներիս խոսք եմ տվել, որ մեր միակ եղբոր` Կամոյի օջախը վառ կպահեմ, նրա տունը շեն կպահեմ, հիշատակը` անմոռաց, գուցե այդպես կարողանամ լրացնել այն թերին, այն կիսատը, որ եղբայրս այդպես էլ չհասցրեց»,- ասում է քույրը` Անահիտ Հակոբջանյանը, հետո սեղանին փռում եղբոր բազմաթիվ լուսանկարները, թղթերը, թերթերը, որտեղ նա մշտապես հակված է քարտեզին, թղթերին` զգոն ու կենտրոնացած: «Կարծես ծնվել էր զինվորական համազգեստի համար, որի պատիվը բարձր պահեց մինչեւ կյանքի վերջ»,– ասում է քույրը:

Կամո Հակոբջանյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է «Արցախի մայրերի երախտագիտության», «Արցախի մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ ատիճանի, «Արաբո», «Ազատագրում», «Դրաստամատ Կանայն», «Գարեգին Նժդեհ», «Արիության» մեդալներով եւ մի շարք պատվոգրերով ու շնորհակալագրերով: Փառավոր մարտական ուղի, փառավոր մարտական կենսագրություն, անձնուրաց նվիրում` հայրենիքին եւ բանակին: Եւ այսքանը` ընդամենը մեկ կարճատեւ կյանքում:

Հ.Գ. Երբ ամեն օր Սիսիանի քաջաց պանթեոնում հայրենյաց նահատակ էինք հանձնում հայրենի հողին, գրեթե ամեն օր հանդիպում էի Կամո Հակոբջանյանին, ում ճանաչում էի դեռեւս 88-ի խելահեղ օրերից` մեր նախկին թաղերում գտնվող նախկին զինկոմիսարիատի տարածքում գործող բարեգործական-հասարակական կազմակերպությունից, ու երբ խնդրում էի իր նահատակված մարտական ընկերների մասին որեւէ խոսք ասել, տխուր ժպիտով պատասխանում էր` ի՞նչ ասեմ… Հասկանում էի, թե որքա~ն դժվար է զինակցի մասին խոսք ասելը, ում հետ մի ողջ կյանք ու մի ողջ հավիտենություն է անցկացրել բանակում, ծառայության մեջ եւ մարտադաշտերում, ու հեռանում էի` մենակ թողնելով նրան իր տխուր խոհերի հետ… Ու բնավ մտքովս չէր անցնի, որ նրա մարտական ուղու մասին բազմիցս փառավոր տողեր գրած գրիչս պիտի նրա մասին անժամանակ գրի նաեւ ետմահու…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Կորած գարուններ. հերոսամարտ 2020… Անվանակոչություններ` Սիսիանի ավագ դպրոցում

Տեղադրվել է - Մայիս 22, 2021 0
Սիսիանի ավագ դպրոցի եւ «Միքայելյան» բարեգործական ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանի համատեղ ջանքերով Սիսիանի ավագ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակների անվանակոչության հանդիսություն`…

ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրվել է - Հունվար 27, 2022 0
Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code