…Ու լռությունն այդ զնգում-զրնգում է քաղաքով մեկ, աշխարհով մեկ, տիեզերքով մեկ: Զրնգում է այնտեղ, որտեղ տեղադրված են նրա քանդակները, զրնգում է այն մարդկանց հոգիներում, ովքեր իրենց բախտավոր են համարում, որ եղել են նրա ժամանակակիցը, ընկերակիցը, բաժակակիցը, խոհակիցը, զրուցակիցն ու լռության մասնակիցը: Մեկ տարի առաջ այդ մեծ լռությունը համբառնաց երկինք, ու այնտեղից է տարածում իր զրնգոցը` քարեղեն, քարերեն, քարակուռ, քարահունչ…
Լռության մաեստրոյի հիշատակի տարելիցն է … եւ հիշատակն արդարոյն օրհնությամբ եղիցի… Հուշ-երեկոն Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում էր, որի մուտքը զարդարում է Արտաշես Հովսեփյանի կերտած` Թամանյանի քանդակը: Հուշ-երեկոյի մասնակիցները նրա արվեստի երկրպագուներն են, ընկերները, հարազատները, արվեստակիցները, մտերիմները, ընտանiքի անդամները: Ու նրանցից յուրաքանչյուրը իր հոգում կրում է մի մասնիկ, մի չմարող, չխամրող հուշ, կյանքի անմոռաց մի դաս, մի նվիրական զգացում, որ բախտ է ունեցել վայելել նրա արարիչ, ծաղկազարդ, ժանեկազարդ, խաչազարդ լռությունը:
Մաեստրոյի թոռնուհին` հմայիչ ու առինքնող Հասմիկ Միշել Իսրայելյանը, գնահատումի խոսքեր է ասում, ու այդ խոսքերը իր նշանավոր պապիկով հիացող թոռնուհու խոսքեր չեն սոսկ, այլ` այդ արվեստն ընկալողի, նրա արարչագործությունը հասկացողի խորազնին, զուսպ, դիպուկ մտքեր` քանդակված բառերով…
-Նա ապրեց մեր մեջ եւ ծառայեց իր ազգին ու հայրենիքին` ինչպես իսկական նվիրյալ, թողնելով իր կերտած դյուցազուններին արժանի, հիրավի, դյուցազնական մի հսկա ժառանգություն հայոց հոգու, ուժի, հոգու անբասիր մաքրության, մտքի եւ զգացումի կատարելության մի գանձարան, որը հեղինակի խոսքերով, դուրս է ժամանակից ու տարածությունից: Այո, հայ ժողովրդի ամենապայծառ զավակները, ինչպիսիք են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, Եղիշե Չարենցը, Նիկողայոս Ադոնցը, Հրանտ Մաթեւոսյանը, Օրբելի եղբայրները եւ շատ ու շատ այլոք, հավերժ կյանք ստացան որպես քարակերտ հսկաներ մեծ վարպետի ձեռքով:
Արտաշես Հովսեփյանի արվեստը անզուգական է, այն բացարձակ հայեցի է, զուսպ, հուժկու, միեւնույն ժամանակ` շնչավոր, բնության պես: Նրա կերտած հուշարձանները մարմնավորում են մարդու հոգու վեհությունը, մտքի հանճարը ու անձի խոնարհությունը: Հրաշագործ վարպետի հարթաքանդակներում հարություն առան մեր առասպելական հերոսները` Մհերը, Մեծ Մհերը, Սասունցի Դավիթն ու Վիշապաքաղ Վահագնը: Ի դեմս նրանց` վարպետը մանիֆեստեց քարի մեջ մեր ազգի դյուցազնական հզորությունը, իմաստությունը, բարությունը ու սերը ճշմարտության հանդեպ: Նա նույնպես հզոր էր իր հերոսների պես, անդրդվելի` իր հայեցիությամբ, արվեստում բացարձակին ու կատարելությանը ձգտող ու անզիջող: Իսկ երկրային կյանքում` իսկ եւ իսկ ճգնավոր, առանց փառաբանության, մենակյաց, բայց կանգուն` մինչեւ վերջին շունչը: Այսօր հայտնենք մեր խորին երախտիքը վարպետաց վարպետին եւ հնչեցնենք մեր հոգու խոսքը նրա անմահ հիշատակին: Նա ապրում է իր քարե զավակների մեջ, իր քարե զարդանախշերի արեւներում եւ մեր սրտում: Հիշենք ու հղենք նրա հոգուն մեր սերն ու հպարտությունը, որ տեսել ենք, հիրավի, արեւային մի էակ, որի անունն էր Արտաշես Հովսեփյան…
Հիշողություններ, հետաքրքիր դեպքեր պատմեցին վարպետի արվեստակից ընկերները, մտերիմները: Գրող Վանուշ Շերմազանյանը, ով մինչեւ կյանքի վերջին պահը եղել է վարպետի կողքին, մասնավորաբար հիշեց, որ գրթեր մեկ տարի առաջ, երբ երկրային կյանքին հրաժեշետ տվեց վարպետը, օրվա իշխանավորները արհամարհեցին ոչ միայն Արտաշեսին, այլեւ նրան սիրող հասարակությանը եւ նրան տեղ չտվեցին մեր մեծերի պանթեոնում, որովհետեւ նրանք չարի իշխանություն էին, իսկ Արտաշեսի հանճարը աստծուց էր, որովհետեւ Արտաշեսը ոչ մի իշխանության հետ ոչ մի գործարքի չի գնացել, խիղճը չի ծախել, չի քծնել, ապրել է դժվարին պայմաններում, բայց հոգին չի վաճառել: Ու «չնչին» մի պատճառով չի ծնվել նաեւ նրա հրաշալի Սահյանը, քանի որ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները պահանջել են քանդակի էսքիզը: Արտաշեսն ասել է` Մեդիչիները երբեք Միքելանջելոյից էսքիզ չեն պահանջել… «Ինքը, իսկապես, դժվար պայմաններում ապրելով, իր հանճարը երբեք գործարքի մեջ չի դրել, եւ մենք պարտական ենք նրան, ինչքան ժամանակը առաջ գնա, նրա կերպարն ավելի է մեծանալու մեզ համար: Մենք, իսկապես, ապրել ենք հանճարի հետ, չիմանալով այդ մասին, եւ այդ պատճառով մենք նույնպես պատժվել ենք»,- ասաց Վանուշ Շերմազանյանը, ափսոսանք հայտնելով միայն, որ վարպետը ներկա չեղավ թավշյա հեղափոխությանը, չտեսավ չարի իշխանության կործանումը, բայց նրա հոգին երկնքից տեսնում է այն, ինչին երկար էր սպասել:
Ճարտարապետ Վահան Քոչարը նշեց, որ ունեցել ենք արվեստագետ` անշահախնդիր, սկզբունքային, մինչեւ վերջ կանգնած իր սրտի, իր բազկի, ուժի, իր գաղափարի վրա եւ ոչ մեկի հետ գործարքի մեջ չի մտել, մաքուր խղճով ապրել է, ստեղծագործել, եւ այդ մաքրությունը իր բոլոր գործերի մեջ է: Վահան Քոչարն ասաց, որ վարպետը լռակյաց էր, չէր սիրում լրագրողներին, եւ երբ նրան հարցեր էին տալիս, ասում էր գնացեք իմ քանդակներին խոսեցրեք: Ասկետ էր իր կյանքով: Ասում էր` մայրիկս ճնճղուկի նման էր, փոքր բռի մեջ փշրանքներ էր ուտում ամբողջ օրը, ուրիշ ոչինչ չէր ուտում, ինքն էլ նման էր մորը, կարող էր ոչինչ չուտել օրերով, մենակ իր ծխախոտը ծխել: Վահան Քոչարը ցավ հայտնեց, որ վերջին 10 տարում վարպետը որեւէ պատվեր չստացավ, եւ իրեն մեռած էր զգում, ափսոսանք հայտնեց, որ նրա հոյակապ Խորենացին չքանդակվեց, որ նրա երազած Նարեկացին գոնե էսքիզ չունեցավ, բայց երբ խոսք էր լինում Նարեկացու մասին, տեղից վեր էր ելնում, բարձրանում ոտնաթաթերի վրա, թեւերը ձգում-տարածում` իմ Նարեկացին էսպիսին պիտի լինի, ասում էր, ու տեսնում էիր զգայական, մոնումենտալ մի քանդակ, որն այդպես էլ չծնվեց: «Հայ մոնումենտալ արձանագործության միակ ներկայացուցիչն է Արտաշես Հովսեփյանը, բոլորաքանդակի հիմադիրը եւ հպարտանում էր, ասելով` ես հիմանադիրն եմ բոլորաքանդակի… Ինչե~ր կարող էր 10 տարվա մեջ արած լիներ, որ չարեց»,- նշեց ճարտարապետը, հիշեցնելով հատկապես մետրոյի Սասունցի Դավիթ կայարանի` Սասնա կանանց չկերտված կերպարները…
Արտաշես Հովսփյանի եւ Զաքար Խաչատրյանի մանկության ընկերը` ակադեմիկոս Գրիշա Ղարիբյանը հուշեր պատմեց իրենց դաժան մանկությունից, նշելով, որ չքավորությունը թեեւ ծանր հետք է թողել նրանց կյանքի վրա, բայց նրանք չեն դառնացել, չեն չարացել եւ ստեղծել են մնայուն, գեղեցիկ, լուսավոր ստեղծագործություններ` անկրկնելի հետք թողնելով հայ կերպարվեստում եւ հայ քանդակագործության մեջ: «Նույն հասարակարգը նրանց զրկեց հորից, բայց նույն հասարակարգն էլ գնահատեց նրանց` երկուսին էլ տալով ժողովրդական նկարչի կոչում»,- ասաց Գրիշա Ղարիբյանը:
Իր մտահոգությունը հայտնեց Սիսիանի` Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ Արեւհատ Ամիրյանը, նշելով, որ պետական ֆինանսավորմամբ իրականացվող տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները, ցավոք, մնացել են անավարտ այն դեպքում, երբ աշխատանքների գրեթե 70 %-ն արված է: «Մնացել է քիչ, բայց կարեւոր մասը, սակայն այդ քիչ աշխատանքների ավարտից հետո միայն տուն–թանգարանը կարող է շահագործվել: Բոլորիս երազանքն էր տուն–թանգարանը տեսնել գործող` մեծ վարպետների կենդանության օրոք, նրանց հյուրընկալել, մեծարել գործող տուն–թանգարանում, բայց… Ինչպես շատերն են ասում` երկու նշանավոր արվեստագետների գնահատման եւ արժեւորման իսկական ժամանակը հետո է գալու, ու դրա մեջ, անշուշտ, մեծ ու կարեւոր է լինելու տուն–թանգարանի դերն ու գործունեությունը: Եվ ցանկալի է, որ այդ ժամանակը, որքան հնարավոր է, շուտ գա…»,- ասաց տուն-թանգարանի վարիչը:
Օրը հագեցած էր Մաեստրոյի մասին հուզիչ, սիրելի ու թանկ հիշողություններով: Ու դրանք փրկված մասունքներ էին, որ ամբողջացնում էին արվեստագետի եւ մարդու նրա կերպարը: Բայց կարեւոր էր, որ բոլորը նրա մասին ներկայով էին խոսում, քանի որ նա հավերժ ներկա է իր քանդակների, իր ստեղծագործությունների, իր անգնահատելի ժառանգության մեծ ու խոսուն լռությամբ…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տ/թ. վարիչ
2018 թ. հուլիս, Սիսիան-Երեւան