ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ ՇԱՏ ՀԱՎԱՆԵՑ ՄԱՍՈՒՐԻ ՄԱԾՈՒՆԸ…

Տեղադրված է at Մարտ 11, 2024
780 0

Խորեն Պալյան-Լուսինե Զաքարյան զույգը աստծո հրաշքներից էր: Շատերն են ասել, որ առանց մեկը մյուսի չէր լինի այն անկրկնելի արվեստը, այն շքեղ արարումը, հոգեւոր մշակույթի այն կատարելությունը, հայ հոգեւոր երգի այն վեհասլաց ընթացքը, որ առանձին-առանձին ու միասին ստեղծեցին նրանք: Ու այդ արարումը դարձավ նրանց զավակը, նրանց երեխան, նրանց ժառանգը, որը, թեեւ հոգեւոր անունն ունի, նույնքան էլ նյութական է, իրեղեն ու առարկայական, որ հարատեւ ապում եւ ապրելու է առանց իր «ծնողների»…

Բոլորվին նպատակ ու հավակնություն չունեմ նրանց թողած ժառանգության բնութագրողն ու մեկնաբանը լինել, քավ լիցի, բայց բախտավորություն եւ պատեհություն եմ ունեցել մեն-մեկ անգամ, այն էլ` երջանիկ զուգադիպությամբ, ներկա լինել նրանց մասնակցությամբ մի հավաքույթի, որը, կարծես, դրան նախորդած եկեղեցական ծեսի շարունակությունն էր: Այդ երջանիկ զուգադիպությունն էլ սովորական զուգադիպություն չէր, այլ` հազվադեպ, որ տրված է քչերին, ընտրյալներին, օծյալներին, ձեռնադրվածներին…

1991 թվականի սեպտեմբերի 22-ին, Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում Տեր-Նարեկ քահանա Ամիրյանը մատուցում էր իր անդրանիկ պատարագը, որը շատ սպասված էր մեր ընտանիքի համար:

Հայրս մեծ պատրաստությամբ մի մեքենա էր բարձել գյուղի բերք ու բարիքով, մորս սարքած տնական համեղ ուտեստներով, որ քահանա որդու անդրանիկ պատարագից հետո մատաղ-հացկերույթ կազմակերպի: Անդրանիկ պատարագն անցավ հավուր պատշաճի: Պատարագի երգեցողության մասը կատարում էր Շողակաթ եկեղեցու երգչախումբը, որի ղեկավարը Խորեն Պալյանն էր: Հուզված էինք բոլորս: Մեզ համար էլ էր առաջին անգամը նման հոգեւոր ծեսի մասնակցելը, էլ չասեմ` պատարագիչ քահանայի` արյունակիցն ու ընտանիքի անդամ լինելը: Հիշողությանս մեջ դեռ զվարթուն է պատարագի վերջում Խորեն Պալյանի գնահատականը իր նախկին ուսանողին, որն արդեն պատարագիչ քահանա է: Նրա ձայնի գոհունակ թրթիռները դեռ ղողանջում են իմ ունկերում, երբ մտովի ետ եմ գնում 33 տարի, Սուրբ Շողակաթի պատերից ներս տեսնում անսահման հուզված ու վերերկրային զգացումներով համակված ընտանիքիս անդամներին, եկեղեցու խորանից լսում անգերազանցելի շարականագետ, բանասեր, հայ եկեղեցական երգի ճանաչման եւ տարածման մեծագույն ռահվիրա Խորեն Պալյանի այն խոսքերը, որ իր հոգեւոր կյանքի երկարամյա ընթացքին առաջին անգամն է հանդիպում քահանայի, ով երաժշտական լսողություն, ասել է թե` լավ ձայն չունի, բայց այնքա~ն լավ է պատարագ մատուցում, այնքա~ն խորությամբ եւ ճշգրտորեն զգում երաժշտության եւ խոսքի ներդաշնակությունը, ինչն ամբողջովին պատշաճում է պատարագիչ քահանայի ծառայական եւ մարդկային կերպարին, ինչը միայն հիացմունքի է արժանի:

Պատարագից հետո բոլորս հավաքվեցինք եկեղեցու սեղանատանը բացված ճոխ սեղանի շուրջ: Հայրս, դեռ պատարագի եւ Խորեն Պալյանի տպավորիչ խոսքի ազդեցությամբ, նրան խնդրեց ղեկավարել մատաղ-հացկերույթի սեղանը:

«Նորընծա´, դու սխալ թույլ տվեցիր,- դառնալով Տեր-Նարեկին` ասաց Խորեն Պալյանը,- նույն սխալը` երկրորդ անգամ…»: Մի պահ` քար լռություն: Հետո նորից Խորեն Պալյանի ձայնը` «Որտեղ Խորեն Պալյանն է, ուրիշ սեղանապետ չի լինում…»: Հետո ենք իմանում միայն, որ 1991-ի օգոստոսի 11-ին, երբ Մոսկվայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցում կատարվել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանի շրջանավարտ Արսեն Արամայիսի Ամիրյանի քահանայական ձեռնադրությունը, որին ներկա է եղել նաեւ Խորեն Պալյանը, փոքրիկ մատաղ-հացկերույթ է կազմակերպվել, նորաօծ քահանա Տեր-Նարեկը նրան խնդրել է վարել սեղանը, Պալյանն ասել է`«Նորընծա´, դու սխալ թույլ տվեցիր, որտեղ Պալյանն է, նրան չեն խնդրում, նա արդեն սեղանապետ է…»:

Դե որտեղ Պալյանն է սեղանապետը, պատկերացնել կարելի է այդ սեղանի մթնոլորտը, տրամադրությունը, խոսքն ու զրույցը, հումորն ու լրջությունը, կատակն ու երգը: Սեղանը լի էր միայն գյուղից բերված մթերքներով: Գառան խաշլամա, յուղուշոռ, հորած պանիր, բոխի, լավաշ, բոստանի վարունգ-պոմիդոր, մասուրի մածուն, քամած մածուն, նռան գինի, թթի օղի… Նորընծա քահանայի համակուրսեցիները, եկեղեցու երգչախմբի աղջիկները երգում էին իրենց շարականները, իրենց խմբավարի հայացքի ներքո ճաշակում սեղանի բարիքները… Ու այս զվարթ եռուզեռի մեջ` աստվածամոր կերպարով ու աստվածամոր խորհրդավորությամբ Լուսինե Զաքարյանն է…

Լուսինեն ոչինչ չէր ուտում: Հայացքը պտտում էր սեղանի ուտելիքների վրա, ոչինչ չէր վերցնում: Հետո հայացքը կանգ է առնում գառան խաշլամայով ափսեին… «Կեր, կեր, որ գնանք տուն, միսս ես ուտելու…»,- ասում է Պալյանը: Կատա՞կ էր, հումո՞ր, դառը ճշմարտությու՞ն… Տարիների հեռվից դժվար է ասել, երբ մենք` մեղավորներս, դեռ չգիտեինք Լուսինեի հիվանդության մասին, չգիտեինք, որ նա չդարմանվող հիվանդություն ուներ, նա  մեզ համար երկնային, ոգեղեն, աննյութական, աստվածակերպ արարած էր միայն` իր երգաձայնից պոկված մի հոգեզմայլ մեղեդի, որը, ըստ մեզ` չէր կարող հիվանդ լինել, որովհետեւ սրբուհիները չեն հիվանդանում: Իսկ Պալյանն անչափ ուշադիր էր, հետեւում էր նրա սննդակարգին, հոգում նրա առողջության մասին, եւ, գուցե, զգալով մոտալուտ ողբերգությունը, չկոտրեց նրա «սրտուզելիքը»:

Երբ հայրս իմացավ, տխրեց, ապա նրան առաջարկեց փորձել մասուրի մածունը, հավաստելով, որ մասուրը բոլոր հիվանդությունների լավագույն դեղամիջոցն է: Լուսինեն զգուշորեն, քիչ` անվսհատ, մի փոքր գդալով համտեսեց իրեն անծանոթ ուտեստը: Հավանեց: Շատ հավանեց… Հավանաբար առաջին անգամն էր մասուրի մածուն ճաշակում: Անկեղծ ասած` այն թվերին մասուրի մածուն քչերն էին պատրաստում… Ու հայրս մասուրի մածունով պնակը տեղափոխեց նրան ավելի մոտ: Լուսինեն շատ հավանեց նաեւ գյուղի յուղուշոռը… Հայրս գոհ էր: Խոստացավ` հենց վերադառնա գյուղ` Լծեն, անպայման մասուրի մածուն, չորացրած սզնու ծաղիկ ու սզնու թարմ պտուղ կուղարկի…

Հետո հայրս խոսք խնդրեց Խորեն Պալյանից, շնորհակալություն հայտնեց նրանց փառավոր ներկայության, սեղանապետության, իր որդու նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Հայրս նույնպես խոսքաշեն էր ու լավ կենացասաց: Մի քանի անգամ Խորեն Պալյանին «մաեստրո» դիմեց, բայց Պալյանն ընդհատեց` «Ես ի~նչ մաեստրո…» : «Դու էլ քո գործի մաեստրոն ես»,- ասաց խոսքի, բառի տեղն ու հարգը լավ իմացող հայրս եւ առաջարկեց խմել Խորենի ու Լուսինեի երեխաների կենացը… «Հա, խմենք, տասը երեխա ունենք, Լուսինեն իմ մեծ երեխան է»,- գրկելով Լուսինեի մեջքը, ասաց Պալյանը:

Վեց զավակ ունեցող հայրս խորապես ազդվեց, շփոթվեց, բոլորս շփոթվեցինք, մենք չգիտեինք, որ նրանք երեխաներ չունեին: Մենք չգիտեինք, որ դա նրանց մեծագույն ցավն էր, մենք չգիտեինք … Սակայն, իրենք, հավանաբար, արդեն սովոր էին նման կենացներ լսելու, հարմարվե՞լ էին, չէի՞ն հարմարվել, ո՞վ իմանա… Բայց Խորեն Պալյանը Պալյան չէր լինի, եթե, ով գիտի, որերորդ անգամ չհարթեր անհարմարության զգացողությունը, որ հայրս իրեն վատ չզգար, որ ոչ ոք իրեն վատ չզգար, որ ուրախ տրամադրությունը չխաթարվեր, որ պատարագի ժամանակ հնչած մաղթանքներն ու բարեխոսությունները լոկ խոսքեր չթվային, որ… չէ՞ որ անքննելի են աստծո գործերը…

Ու մինչ հայրս եւ Խորեն Պալյանը սեղանի շուրջ շարունակում էին իրենց զրույցը, մենք Լուսինե Զաքարյանի հետ մտանք Սուրբ Շողակաթ եկեղեցի: Լուսինեն բոլոր սրբանկարների առաջ մոմ էր վառում, ծնկում, աղոթում եւ ամեն անգամ ասում` Խորենն ինձի կսպանի, ուշացանք… Բայց մինչեւ վերջին մոմը վերջին սրբանկարի առաջ չվառեց, չավարտեց իր աղոթքը…

Ի~նչ ափսոս ժամանակներ էին, գոնե` լուսանկարչական ապարատ լիներ… Սակայն այն, ինչ մնում է մտապատկերում, նույն լուսանկարն է, բայց արդեն` միայն քեզ համար ու քո ապրած կյանքի…

1992 թվի տարեմուտն էր: Մեր տանն ընդունված էր, որ դեկտեմբերի 31-ը դիմավորենք Առաքել պապիենց տանը, հունվարի 1-ը` մեր տանը: Ռադիոյով լսեցինք ամենավատ լուրը` նախորդ օրը վախճանվել էր Լուսինե Զաքարյանը… Հիշեցինք մեկ տարի առաջվա մատաղ-հացկերույթը, Լուսինեի աստվածային տխրությունն ու աստվածային լռությունը … Գոհացանք աստծուց, որ երբ Տեր-Նարեկը գյուղ էր եկել, մայրս նրա հետ Լուսինեին էր ուղարկել հորս խոստացած մասուրի մածունը…

Ի~նչ սքանչելի են կատարված խոստումները` ժամանակի´ն, ի~նչ գեղեցիկ են մարված պարտքերը` ժամանակի´ն, ի~նչ հոգեհմա են մաքուր սիրտն ու մաքուր խիղճը… Ժամանակին, ժամանակի´ն… Հետո հայրս, Առաքել պապս, քեռիներս, ի հիշատակ Լուսինեի, խնդրեցին Տեր-Նարեկի կնոջը` Շողերին, երգել: Երեցկին Շողերը, իր հոգեզմայլ, աստվածատուր ձայնով երգեց… «Առավոտ լուսոյ»… Երգը ելավ, տարածվեց, ելեւէջեց, լցվեց մեր հոգիների, մեր երակների մեջ, տարրալուծվեց մեր արյան հետ, ու մենք հավատացինք, որ, ինչպես Վազգեն Վեհափառն էր ասել, երկնքում մի հրեշտակ ավելացավ… Լուսինեն էր…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

11.03.2024

Հ.Գ. Մարտի 10-ը Խորեն Պալյանի ծննդյան օրն էր:

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրվել է - Հունվար 11, 2024 0
Լրացավ աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի ծննդյան 153 ամյակը։ Թեև այստեղ տապանաքար չունի, սակայն Բռնակոթում ﬓում է այն տունը, որտեղ ծնվել…

Սիսիանում պակասեց մի բուռ բարություն

Տեղադրվել է - Հունվար 28, 2024 0
Անժամանակ մահը շատ անսպասելիորեն դառը անակնկալ մատուցեց Աղաբեկյաններին։ Դեռ ամանորյա տոներից շատ չանցած` չարաբաստիկ մահը հարազատներից բաժանեց սիրելի ամուսնուն, հոգատար…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: