ԼԾՆԱԳԵՏԻ ԵԶԵՐՔԻՆ, ԻՄ ԼԾՆԱԳԵՏԻ…

Տեղադրված է at Հուլիս 23, 2025
806 0

Գյուղի ամառն ուրիշ էր: Անհամբեր սպասում էինք, թե երեւաններից երբ են մեր բարեկամները գալու: Գյուղը լցվում էր Բաբոյի` Բաքվից, Համեստ տոտայիս` Գրոզնուց եկած թոռների ռուսերենախառը հայերենով: Երեւանից գալիս էին Ռիմա  հորաքրոջս աղջիկները` Մելանն ու Աստղիկը, Շաշինկա զիզու թոռներ Կարինեն, Ֆլորան, Սուսանը, Արմենը, Ռաֆիկը, Շուշան բիբու Երանուհի թոռը, մի ուրիշ ջերմություն էր ստանում Առաքել պապիս եւ Հերիքնազ տատիս տունը, երբ գալիս էին քեռուս Գայանեն ու Արթուրը: Գյուղը լցվում էր ուրախ կանչերով, մինչեւ գիշեր ձգվող անվերջանալի խաղերով: Գյուղի երեք թաղերից ամենաաշխույժը Ցածրի մահլան էր` մեր թաղը: Վերի ու Մեջտեղի թաղերից էլ էին իջնում մեր թաղ, եւ Ցածրի մահլան դառնում էր գյուղի բաբախող սիրտը, ու թվում էր` Լծենն է աշխարհի կենտրոնը, որտեղ տեղի էին ունենում աշխարհի ամենակարեւոր իրադարձությունները:

Արշալուսենց պատի տակ նստոտած տատիները` Այաս, Համեստ տոտան, Աստղիկ տոտան, Շաշինկա զիզին, Շուշան բիբին (ընդամենը, երեւի, մի 50-55 տարեկան կանայք, բայց մեզ` 9-10 տարեկաններիս համար` արդեն ծեր), մեզ ուղարկում էին Նով կամ` Արմաղան` սառը ջրի, Ախտախտ` պուտի, ինչը երանություն էր մեզ համար: Ախտախտը գյուղի ամենասիրուն տեղերից է, անունը, հավանաբար, հենց դրանից էլ ծագել է. երբ Սալմաստի Ջնդի գյուղից մեր նախապապերը 1828 թվին վերաբնակվել են այստեղ, Տաթեւից վանքապատկան գյուղ եկող ճանապարհի բարձունքից տեսել են այդ մեծ տափարակը, մտովի հերկել են, ցանել ու բացականչել` ա~խ, տախտ, ու անունը մնացել է` Ախտախտ: Մինչ ոտքով կհասնեինք Մեծ արտ, մտքով արդեն հասնում էինք: Պուտի ամենալավ քոլերը Մեծ արտի ցորենների մեջ էր լինում: Փակ աչքերով անգամ գիտեինք` որ քոլը արտի որ մասում էր: Պուտի դալար, թխլիկ ցողուններից հեռացնում էինք տերեւները, փնջով դասավորում գոգնոցի մեջ, քաղում ուռած, տռզած, դեռեւս չբացված խաշխաշի կոկոնները եւ ատամներիս տակ ճտացնելով` ծամում…

Դաշտում մի տեսակ շիկակարմիր, թելանման, դալար խոտաբույս կար, երկարում էր, փաթաթվում խոտերին, թփերին, անունը չգիտեինք, բայց, երբեք ռուս չտեսած, ռուսի մազ էինք ասում, հավաքում էինք, հյուսում մեր մազերի մեջ ու ձեւեր թափում, տեսեք-տեսեք` ռուս եմ… Քաղած պուտից հոսող սպիտակ կաթից կետիկ էինք դնում ճակատներիս, վերին շրթունքի աջ անկյունում, կամ` ծնոտի վրա, որ քիչ անց չորանում-մգանում էր, իբր, տեսեք-տեսեք` բնական խալ է… Կաթնուկը քսում էինք շրթունքներիս, կարմարցանում` կարծես շրթներկ է… ու շատապում էինք մեծանալ, շուտ մեծանալ…

(Էդ հետո, շատ տարիներ հետո պիտի հասկանայի, թե որքան նման էինք ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին, ում համար բացված կակաչը երանավետ ճոճք էր, աշխարհը` ծիրանագույն բուրաստան… Հետո, շատ տարիներ հետո միայն)…

Մի կես ժամից կեսօրվա տապից խրտնած գառների պես տրտինգ էինք տալիս, լիքը գոգնոցները շալակած` իջնում Մեծ արտի թեք ճանապարհով, անցնում ձորը, հասնում Նով, որի ջուրը ամռանը սառն էր, ձմռանը` տաք, լվանում պուտի հետքերը, խաչակնքում, եթե Նովի խաչում վառած, բայց` քամուց հանգած մոմ էր լինում, վառում էինք, հիշում մեծերից լսած` «երեսս` ոտքիդ տակ» խոսքերը ու թռվռալով հասնում մեզ սպասող տատիկներին…

Այաս ասում էր, որ Նովը գյուղի առաջին աղբյուրն էր, բոլորը, անգամ Վերի մահլից, այստեղից էին կժերով, դույլերով ջուր տանում, մինչեւ որ 50-ականներին կառուցվեց գյուղամիջի աղբյուրը: Այաս ասում էր` դրա համար էլ Նովը սրբատեղի է, ջուրը գետնի տակից է հոսում, որ, իբր, ֆրանսիացիները Հոռոմ խաչի մոտակայքում հանածոներ որոնելիս թունել են փորել, ջուրն էլ այդետղից է գալիս… Իրական էր, իրական չէր, չգիտեմ, կարեւոր էլ չէր, բայց սիրում էինք Նովի ականատում մոմ վառել, խաչակնքել ու երազանք պահել:

(Նովը… Անողոք ժամանակն իր ավերն արել էր, փլվել էին Նովի պատերը… Բայց վաղամեռիկ, լեծենապաշտ, հիշատակը խնկելի մեր քեռի Հակոբի որդի Աբգարը հետագայում վերականգնել է այն. Նովը դարձել է իմ Նոյան տապանը, փրկության ափն ու վերադարձի խորհրդանիշը… Լծենից Տաթեւ թեքվող ճանապարհի առաջին ոլորանի աջ թեւի վրա է, կտեսնեք):

Մթնշաղին գյուղը լցվում էր դաշտից, սարից, արտերից վերադարձող աշխատողների բարձրաձայն խոսք ու զրույցով, օրվա անցուդարձի քննարկումով, արոտից վերադարձող անասունի բառաչ-մայունով: Հավ ու ճիվը տեղավորում էին, ու գյուղն ընկղմվում էր ամառային տապից, հոգնատանջ աշխատանքից խոնջացած խաղաղ նիրհի մեջ…

Երեկոյան մեր հարեւան Համոկն ու մեր դասարանի Սոսը այլումինե դույլերի տակը հարմարեցնում, «դհոլ էին խփում», համերգ էինք կազմակերպում հենց բակում, երգում, պարում, մեզ միանում էին Երեւանից եկածները: Մեր համերգներն էլ հո հասարակ չէին: Էդ  ծրագրով հաղթող էինք ճանաչվում Դարբասի` փնջային, Սիսիանի` շրջանային փառատոներում: Մութն ընկնելիս պախկվոցի էինք խաղում, թաքնվում Շաշինկենց` ամրոցի պատերի պես հավասար շարված աթարի դեզի մեջ, որին համբրոց էինք ասում, Շուշան բիբունց կիսքանդ հացատանը, Արշալույս տոտաենց պատերի տակ, Աստղիկենց փլված հին օթախում… Խաղում էինք այնքան, մինչեւ մութը վրա էր տալիս, որ մատդ մտցնեիր դիմացինի աչքը, չէր տեսնի, բայց խաղով տարված մեր աչքերը մութ տեղն էլ էին լույս տալիս, կորցնում էինք ժամանակի զգացողությունը, մինչեւ տնեցիները տուն չէին կանչում… Հոգնատանջ քնում էինք` դեռ անկողնուն չհասած…

Առավոտյան արթնանում էինք խոտ հավաքող երեխաների բրիգադավար Մարգարիտ բիբու զրնգուն ձայնից` շան ճիժեր, ելեյ վեր, օրը քսօր է (վեր կացեք, կեսօր է): Ամառային գյուղում կեսօրը առավոտ ծեգին էր… Հացներս կապած` գնում էինք Դեմերի, Խաչտափի, Անապատի տակի դաշտերի քաղած խոտը հավաքելու: Դաշտավորի համար հատուկ ջուր կրող ունեինք, որ փոքր կժով ջուր էր բերում Արմաղանից, եթե Շիշի շրջակայքի արտերում էինք` Քոռ աղբյուրից, կամ` Ալեքսանի աղբյուրից… Կեսօրվա հացից հետո Մարգարիտ բիբին նորից ձայն էր տալիս` ա շան ճիժեր, ելեյ վեր… Կիսատ էի թողնում գիրքս, ծալում էջը, ու հավաքվող խոտի խշշոցի տակ ականջիս մեջ դեռ երկարում էր չորացած սիմինդրի խշշոցը, դեռ լսվում էր միրհավի շաղկղան, որն ընդհատվում էր Մարգարիտ բիբու ձայնից` ա շան ճիժեր, մաքուր հավաքեք, մի ծեղ չթողնեք, բրիգադիրը գալիս ա… Ես չգիտեի` բրիգադիրն ով է, ինչ կարեւոր դեր ուներ, բայց երբ հեռվից երեւում էր ինտելիգենտ կեցվածքով, մուգ-կանաչ գույնի ցիլոյով հայրս, երեխայական պարզությամբ ուրախանում էի: Ամսվա վերջին կոլխոզը մեզ աշխօր էր տալիս՝ 20 ռուբլի… Այդ գումարը մենք չէինք ստանում, այլ` մեր ծնողները, բայց գիտեինք, որ փող ենք վաստակել…

Խոտ հավաքողները մի տեսակ «նախանձում էին» Բաղերում աշխատողներին. այնտեղ համ հով էր, համ` գետ կար, համ էլ` միրգը ծով էր, իսկ դաշտում, թեեւ` անտառապատ, արեւը կրակ էր թափում… Բայց Մարգարիտ բիբին այդ մասին էլ էր հոգում. երկու հոգու ուղարկում էր Բաղեր` խոտ հավաքողների համար միրգ բերելու: Երբ մրգի գնացողները մտահոգվում էին` բա ո՞ր Պայծառը սըռից կանչի` էդ ո՞վ եք, է~յ ու չթողնի, գրկում էր նրանց, ասում` բիբու բալեք, արխային գնացեք, օրդերն արդեն հանել եմ… Երբ մրգի գնացողները տրտնջում էին` բա Բաղերից թթի, կեռասի, բալի դույլերը շալակած` ոտքով ո՞նց են էդքան տեղը բարձրանալու, գորովանքով, սիրաշահելով ասում էր` բա վա՞տ ի, որ ձեզ էլ գործից ազատի եմ …Մարգարիտ բիբին թեեւ խիստ էր ու խստապահանաջ, բայց եւ` հոգատար էր ու բարեսիրտ: Գյուղի ջահելները կատակերգ էին հորինել նրա մասին`

Առավոտյան մեր բակում

Մարգարիտն է աղմկում, 

Դե շան ճիժեր վեր կացեք,

Մարդու հոգի մի հանեք…

 Մարգարիտ բիբին…Մարգարիտ բիբին սիրուն էր, բաց կապույտ աչքերով, սպիտակամաշկ, փարթամ, շեկ հյուսքերով, որ հավաքում էր գունավոր գլխաշորի տակ: Եղիազարենց Մարգարիտը չէր ամուսնացել, երեխաներ չուներ, բայց բոլոր երեխաներին մի առանձին գորովանքով բիբու բալա էր ասում… Մարգարիտ բիբու բաց կապույտ աչքե~րը… Ճերմակաթույր մաշկն անգամ ամառվա կիզիչ արեւից չէր սեւանում, չէր ճաքճքում, ինչպես` դաշտերում ու սարերում աշխատող շատերինը… Լծենյան բազում սերունդների կյանքում իր հետքն է ունեցել, որ այսօր էլ երանությամբ են հիշում` որպես իրենց ապրած կյանքի անբաժան մասնիկ: Քանի~ սերունդ անցավ Մարգարիտ բիբու աշխատացնող, հոգատար ձեռքի տակով, չեմ կարող հաշվել: Բայց երբ դաշտերն ու արտերն այլեւս խոտ հավաքող բրիգադի «կարիք չունեին», երբ կոլտնտեսությունը լուծարվեց, շատերի կյանքը գլխիվայր շուռ եկավ, շատերը կյանքում կորցրեցին իրենց դերը, աշխատանքը, իմաստը, նպատակը, հովեկները դադարեցին քաղաքից գյուղ գալ` տատիկ-պապիկների մոտ, Մարգարիտ բիբին էլ կորցրեց անփոխարինելի բրիգադավարի իր դերն ու տեղը, տեղափոխվեց Սիսիան, ապրում էր եղբոր որդու տանը: Սիսիանում նրան ոչ մի անգամ չհանդիպեցի… Վերջին անգամ տեսել եմ հայրիկիս քառասունքին, ասաց` չեք կանչե, բայց իկի եմ, Ամիրյանը ղեկավարս ի իլե, ու ասված ամեն բառի մեջ խորին հարգանք ու ակնածանք կար, բաց կապույտ աչքերի խորքում` մի անանց թախիծ, մի թանձր տխրություն, որ հավետ կմնա իմ հիշողության մեջ… Մարգարիտի մահվան լուրը ծանր նստեց սրտիս վրա… Մեր մանկության մի մասնիկն էր, խոտ հավաքողների մեր բրիգադավարը, որ մնաց այն հեռու-հեռավոր աշխարհում, ուր կակաչի բացված կարմիրը երանավետ ճոճք էր թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան, մենք` ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզ…

ԽՈՏՀԱՎԱՔԻՑ` ԹՈՒԹՀԱՎԱՔ…

Երբ ավարտվում էր խոտի սեզոնը, սկսվում էր թութ հավաքելունը… Լծենը հայտնի էր իր թթի բաղերով, Մոլլի յոնջայի, Մխթարենց, Դանղի, Մարգարենց, Դավութենց բաղերի դարավոր, հաստաբեստ թթենիներով, ու ամեն ոք չէ, որ համարձակվում էր բարձրանալ էդ հնամենի ծառերը` թութը թափ տալու: Երեխաներից բաղկացած` խոտ հավաքողների բրիգադը հիմա էլ լծվում էր կոլխոզի թութը հավաքելու` անչափ պատասխանատու գործին:

Բարձր ու դարավոր, երբեմն` վտանգավոր ծառերից թութը թափ էին տալիս քարխանայի մեջ, չորս հոգի բռնում էին քարխանայի չորս ծայրերից, շարժվում թութ թափ տվողի հրահանգների ուղղությամբ…Մի առանձին արարողություն էր թութը քարխանայից դույլերի մեջ դատարկելը… Թթի հետ երբեմն սկյուռի ձագեր էին ընկնում, չորացած ճյուղեր, տերեւներ, օղակավար Արփեն բիբին մեկ-մեկ հանել էր տալիս, մաքրված թութը լցնում դույլերը եւ կարգադրում` տանել Ճանճանոցի (մեղվանոց) մոտ, դատարկել փայտյա տակառների մեջ, որ օղի թորեն կոլխոզի համար։

Մինչ մեծերն իրենց հաշիվ-հաշվարկն էին անում, մենք՝ երեխաներս, փոքր ամանների մեջ հատիկ-հատիկ հավաքում էինք խոտերի մեջ թափված թութը, լցնում դույլերը, բրիգադավարը Ղուկասենց Արփենի հետ կշռում էր մեր հավաքածը, ինչ- որ նշումներ անում:

Նման բաները մեզ քիչ էին հետաքրքրում: Մերը մեր թութն էր, մեր խաղը, գետի` հատուկ աղջիկների համար սարած գյոլը: Կեսօրվա ընդմիջմանը շորերով լցվում էինք Լծնագետը, թթի շիրան մաքրում, չորանում գետափի սալ քարերի վրա ու նորից գնում թութ հավաքելու: Ամենասպասվածը տուն վերադառնալու պահն էր. ամբողջ օրը կոլխոզի համար դույլերով թութ էինք հավաքում, բայց անհամբերությամբ էինք սպասում այն պահին, որ մի աման թութ են տալու մեզ, որ տանենք տուն… Այաս ուրախանում էր, մի աման թութը բաժանում էր տան մյուս անդամներին, մենք էլ գոհ ու երջանիկ էինք…Մանկությունը երջանկության համ ուներ՝ մի փոքր աման թթի քաղցրությամբ ու շիրայոտ ձեռքերի անհոգությամբ…

Շրջանի ղեկավարները Լծնագետում էին հյուրընկալում իրենց ամենապատվարժան հյուրերին: Լսել էինք, որ ճանճապահ Դանղենց Շիմոն, Դավութենց Նավոն շրջանակով մեղրն ու թթի օղին պահում էին հատուկ հյուրերի համար:

Մի օր էլ իրար հետ քսփսոցով խոսող մեծերից ականջիս ծայրով լսեցի, որ ռայկոմի կցվածն ի իկե, ասում են` Սահյանը գալու է… Ո՞վ էր էդ խորհրդավոր կցվածը, ո՞վ էր Սահյանը, ում մասին այդպես շշուկով էին խոսում… Իրենք էլ, հավանաբար, չգիտեին, բայց մի տեսակ պատկառանք կար իրենց անծանոթ հյուրի հանդեպ, քանր որ ռայկոմի կցվածն էր եկել հյուրասիրությունը նախապատրաստելու:

Արդեն տանը պատահաբար նկատում էինք սեղանին դրված գիրքը. Սահյան էր` որեւէ բացված էջով… Հետո էինք գլխի ընկնում, որ հայրս էր դնում: Ակամա թերթում էինք, բան չէինք հասկանում, բայց մեր մանկական պատկերացումների եւ ընկալումների մեջ մեծանում էինք Սահյանի հետ, որ Լծենի ամեն քար ու քերծից մոր ծոցի հոտ ու հորահոտ առնեինք` արդեն հետո, շատ տարիներ հետո, երբ Սահյանը պիտի դառնար մեր հոգու հացը, մեր Լորաձորը, մեր Լծնագետն ու մեր աշխարհը…

Ամառն ավարտվում էր: Գայանեն, Երանուհին, Մելանը, Աստղիկը վերադառնում էին քաղաք: Մենք մնում էինք գյուղում: Աշխարհից նեղացած` քաշվում էի մեր բոստանի խնձորենու տակ, թաքուն լաց լինում նրանց համար…Մի բան կիսատ էր մնում, անավարտ ու թերի էր թվում, թեեւ գիտեի, որ հաջորդ տարի էլի են գալու, ու ընդհատված տեղից նորից վերսկսվելու է մեր անհոգ, սիրուն, ուրիշ ամառը… Բայց, մեկ է, լաց էի լինում…

Անցել են անհաշիվ տարիներ…Երանուհուն այլեւս չտեսա, Գայանես չկա, քովիդը տարավ, Մելանն ու Աստղիկն ամեն անգամ հիշում ու հիշեցնում են էն ուրիշ մանկությունը, էն ուրիշ աշխարհը, որ մերն էր` անկրկնելին ու անհավանականը` ձուլված բնությանը, աստղերին, երազանքին ու տիեզերքին…Ժամանակը, սակայն, ցիրուցան է արել մեր երամը, փլուզվել է մեր ապրած կյանքը, տները դատարկ են, դպրոցը միացնում են հեռավոր գյուղի դպրոցին, հիշատակը խնկելի մեր քեռի Հակոբի Աբգար որդին, իր մեծ սերը պատնեշ արած, «կռիվ է տալիս» ժամանակի դեմ` փրկելու լեռան բաշին մարող մի գյուղ, իսկ Ղուկասենց Արփենի թոռը, Մարատ Տիգրանիչի աղջիկ Տիգրանուհին, որ, Ռուսատանում բնակվելով, ինձանից շատ է Լծեն այցելում, անընդհատ վկայում է, որ մենք գալիս ենք մեր մանկությունից ու չենք ավարտվում, չենք ավարտվելու… Ու բոլորս կարոտում ենք բոլորիս… մենք մեզ ենք կարոտում, որ ապրում էինք էն մաքուր ու զուլալ աշխարհում` Լծնագետի եզերքին, իմ Լծնագետի …

Հ. Գ. Մաշված այն կածանի բարակ թելը մնաց

Քարափների կողին ու ծնկների վրա:

Իմ առաջին սիրո առասպելը մնաց

Առուների կապույտ շրթունքների վրա:

Հիմա, երբ որ հոգնած կամ հարբած եմ լինում՝

Ամպի նման նստած բարձունքների վրա, –

Առուներ ու կածան հանկարծ լաց են լինում

Իմ այն մաքրամաքուր արցունքների վրա:

Հ.Ս.

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

19.06.2025

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՆՁ ԱՊՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՎ ԳՐԵԼԸ… 44-օրյա պատերազմի անհայտ զինծառայող Կարեն Իսկանդարյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 14, 2022 0
44-օրյա պատերազմի մասնակից սիսիանցի 5 զինծառայողի ճակատագիր դեռեւս անհայտ է: Նրանցից մեկը Սիսիանի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: