Գյուղից փոքր ինչ հեռու, անտառի փեշին գտնվող Անապատն ու Հուռում խաչը մեր սրբավայրերն էին: Բայց երբ ուզում էինք Անապատ բարձրանալ, մի ներքին ձայն մեզ ետ էր պահում. հենց հասնում էինք Գյոլի ձորի մոտ, որտեղից մի ճանապարհը տանում էր Դեմերի արտերը, մյուսը` Արմաղանի աղբյուր, կարկամում էինք, էլ առաջ չէինք գնում: Անապատի եւ Հուռում խաչի երկյո՞ւղն էր, որ մեզ ետ էր պահում, անհայտ, անծանոթ զգացումնե՞րը, մեծերից լսած խորհրդավոր պատմությունները, անբացատրելի- անիմանալին, ի՞նչը, որ հենց հասնում էինք Գյոլի ձոր, էլ առաջ չէինք գնում… Ու մեր մանական երեւակայության մեջ հորինում էինք մեր զարմանահրաշ հեքիաթը Անապատի եւ Հուռում խաչի մասին. երեւակայում էինք, որ Անապատը տղա է, Հուռում խաչը` աղջիկ, նրանց «պսակում էինք, հարսանիք անում», երգում, պարում, ու հենց գյուղի անասունը հանդից վերադառնում էր, ավարտում էինք մեր «հարսանիքը», քանդում ճյուղերից, ծաղկներից սարքած մեր «հարսանքասրահը» եւ վազում տուն…
Օրվա տպավորությունների տակ չէինք կարողանում քնել, մտովի դեռ շարունակում էինք «հարսանիքը», մեզ հեքիաթի հերոս պատկերացնում… Իրականությունն ու հեքիաթը խառնվում էին իրար: Մամայիս խնդրում էի պատմել «Օձամանուկն ու Արեւհատը» հեքիաթը, որ հազար անգամ արդեն լսել էի… Բայց պատահում էր, որ հեքիաթն էլ էր անկարող մեզ քնեցնել, հանել մեր միջի վախն ու տագնապը, ու այդ ժամանակ Այաս սովորեցնում էր, հավանաբար, իր իմացած միակ աղոթը`
Էս տունը տուն ի,
Քրիստոսը մեջին քուն ի,
Խաչ-գավազան հերթից կախ ի,
Պատերս զմբուռած են,
Շներս ժինջիլած են,
Չարը կյա, չար չիմանա,
Չարն էս տնից հեռանա…
Մի քանի անգամ կրկնում էինք ու գլխի չէինք էլ ընկնում` երբ քնեցինք, երբ արթնացանք… Այան ասում էր` այդ աղոթքը սովորել է տաթեւացի մորից` Վարսենիկից: Սիրուն էր Վարսենիկ մամը` զանգեզուրյան տարազով, գլուխը` չխկիներով ու փուչերով սարքած մեր մեծ նանը: Մեր կյանքը իրականի եւ հեքիաթի սահմանագծում էր, իրականը հեքիաթ էր, հեքիաթը` իրականություն: Առավոտյան Այաս մեզ ուղարկում էր Արմաղան` ջրի, Առաքել պապին` ջրի առուն բացելու, Հերիքնազ տատին Դավութի բաղում իրենց տան գորգերն էր լվանալ տալիս, ասում` արեք ինձ համար, սովորեք ձեզ համար: Երեկոյան պապը չորացած գորգերը դարսում էր Կինտո էշին, բարձրացնում գյուղ:
Մի յուրահատուկ անհամբերությամբ էինք սպասում գարնան գալուն, որ «մրցակցենք» բնության հետ, որ առաջ ընկնենք նրանից ու «կռիվ տանք» նրա հետ: Չէինք համբերում` ձյունը հալվեր, կանաչը բարձրանար: Սրսուռ, կիսահալ ձյուների փեշերի տակից էինք քանդում խնջլոզն ու ձնծաղիկը: Մրցում իրար հետ, թե ով ավելի շատ կքանդի, ով ավելի շուտ կքանդի… Մեր Նազիկը ձեռքերով այնքան էր ձնծաղիկ քանդել, որ մատը մատնաշունչ էր եղել: Ականջներիս մեջ դեռ հնչում է խեղճ քրոջս աղիողորմ մղկտոցը, որ կանչում էր` այ Շաշինկա զիզի, եկ մատիս սիրտը բուժի~… Այան ու Շաշինկա զիզին եզան լեզվով բուժեցին մատնաշունչը, սակայն հետքը, որպես այդ խելառ-խելահեղ, անհոգ ու անմեղ օրերի վկայություն, մնաց…
Իսկ կռութ քանդե~լը… Դա արդեն ուրիշ, անբացատրելի ու աներեւակայելի պատմություն էր. մինչեւ Սաքոյի Սմբատը «կռութի չեկ» չտար, ոչ մեկն իրավունք չուներ Արտի տակից կամ Բաղերից կռութ քանդեր: «Կռութի չեկն» էլ լուցկու մի հատիկ էր, որ քեռի Սմբատը հանում էր տուփից, ծայրը կտրում, տալիս մեզ, եւ «թույլատրում» կռութ քանդելը… այդպես` քանի~ սերունդ…Եւ ո~նց էինք հավատում քեռի Սմբատի «կռութի չեկի» «զորությանը»… Ի՞նչն էր պատճառը. մեծի նկատմամբ հարգա՞նքը, վստահությո՞ւնը, միմյանց փոխանցվող սովորո՞ւյթը, ի՞նչը… Այդքան միամիտ էի՞նք, այդքան դյուրահավա՞տ, այդքան պա՞րզ…
Չգիտեմ, հիմա էլ չգիտեմ, բայց մոտ կես դարից հետո իրար հանդիպելիս դեռ հիշում ենք քեռի Սմբատի «կռութի չեկը», ու անուշ մի թախիծ է պատում կորած օրերի, խաթարված հավատի ու «կռութի անիրական չեկերին» միամտաբար հավատալու համար… Մեծանում էինք «անգիտությամբ բախտավոր», գրված ու չգրված ավանդույթներով, սերնդե սերունդ փոխանցված սովորույթներով… Մենք մեծանում էինք, հարգանքը` մնում էր նույնը…
Ոչ եկեղեցասեր էինք, ոչ` հավատացյալ, ոչ էլ` անհավատ: Ոչ աղոթք գիտեինք, ոչ` աղոթել, բայց ամեն անգամ Նովի խաչի, կամ` Անապատի մոտով անցնելիս, դպրոց գնալիս, որը գյուղի եկեղեցու մոտ էր, մանկական միամտությամբ եւ պարզությամբ խաչակնքում էինք` ասելով` այ Հանապատ, այ Հուռում խաչ, երեսս` ոտքիդ տակ: Այդպես լսել էինք մեր մեծերից ու կրկնում էինք` չհասկանալով ոչ իմաստը, ոչ` կարեւորությունը: Բայց խոնարհության, անբացատրելի մի հարգանք ու երկյուղ կար գյուղի սրբավայրերի հանդեպ…
… Աշնանային մի ցուրտ, մառախլապատ ու անձրեւոտ օր հայրս մի անծանոթ հյուր էր բերել մեր տուն: Բարձրահասակ, կապուտաչ, միրուքով, գեղեցկադեմ երիտասարդ էր: Հայերեն չէր խոսում: Մտածեցինք` ռուս է: Անունը` Արտյոմ: Պարզվեց` հայ էր, լենինգրադցի, մի քանի հայերեն բառեր գիտեր: Հայրս, որ գյուղամեջ էր գնացել գյուղացիներից մեկին հացի հրավիրելու, աղբյուրի մոտ տեսել էր օտարականին, հարց ու փորձ արել, մի քիչ զրուցել հետը ու տուն էր հրավիրել… Մեզ համար էլ էր անչափ հետաքրքիր, թե ինչ գործ ուներ կինոյի դերասանի արտաքինով այդ երիտասարդը մեր գյուղում, Լենինգրադրում ապրող եւ հայերեն չխոսող մարդը որտեղի՞ց, ո՞նց է իմացել Լծենի մասին, որի անունը, ըստ իմ միամիտ պատկերացումների, նույնիսկ Սիսիանի քարտեզին չկար, բայց Լենինգրադում ապրող Արտյոմը գիտեր: Հայրս թարգմանում էր Արտյոմի հետ իր զրույցը… Իմացանք` ճարտարապետ է, բայց թե դա ինչ էր, հազիվ պատկերացնեինք: Սակայն այնպիսի մի հուզմունքով համակվեցինք, երբ ասաց, որ եկել է Լծենի եկեղեցու պատերի մեջ դրված «իշխանի եւ իշխանուհու տապանաքարերն» ուսումնասիրելու… Ու միայն դրանից հետո էի դպրոց գնալիս հայացքս բարձրացնում, նայում իշխանի եւ իշխանուհու տապանանքարերին, հիանում, զարմանում, ապշում, ապա ետ-ետ նայելով հասնում Լծենի հողաշեն դպրոցի մեր դասարան…
Արդեն մութը վրա էր տալիս: Իսկ մառախլապատ աշնան մութը մի տեսակ սարսռացնող ու վախեցնող էր: Արտյոմն ուզում էր ճանապարհ ընկնել: Հայրս համոզեց` ուշ է, ճանապարհին գայլեր կան, իսկ աշնանային մառախլապատ եղանակին նրանք շատանում են, պետք չէ մենակ, անտառի միջով, ոտքով գնալ Տաթեւ: Ասաց` առավոտյան կոլխոզի մեքենայով կճանապարհի մինչեւ Սարի դուզ, որտեղ գյուղի անասունի ամառային յայլաղն էր, ու այնտեղից արդեն հեշտ կլինի Տաթեւ հասնելը: Մեր հյուրը, դժվար համոզվելուց հետո, գիշերեց մեր տանը: Քարածուխի կլոր վառարանի թեժ, շիկացած կողերին միս էին կպցնում, շուռումուռ տալիս, անուշահոտերը գցում տունը… Ի~նչ երջանկություն ու երանություն էր… Ո~նց եմ կարոտել տիեզերական հույզեր պարգեւող այդ արարողոթյանը, միայն աստված գիտի… Քարածուխի վառարանի կարմրատակած կողերի մոտ Արտյոմը չորացրեց թաց գուլպաներն ու կոշիկները: Երբ արթնացանք, տանը չէր: Քիչ հետո եկավ` կրկին մրսած ու թրջված: Ասաց` Անապատ է գնացել… Անապատի տե՞ղն էլ գիտի, մտածեցինք մենք: Որտեղի՞ց: Ախր մեր գյուղն այնքան հեռու է եւ կտրված, որ թվում էր` միայն մենք գիտեինք, բայց հեռու Լենինդրադից մի ճարտարապետ էր եկել հասել Լծեն քիչ է, դեռ գնացել է Անապատ… Քիչ հետո եկավ կոլտնտեսության վարորդ քեռի Ռազմիկի մեքենան: Հայրս Արտյոմին ասաց, որ թեթեւ կոշիկներով «էս թոռ ու թացին» դժվար կլինի երկար ճանապարհ գնալը, ու մի կերպ համոզեց հագնել ռետինե իր նոր սապոգները… Արտյոմը խոստացավ տեղ հասնելուն պես ետ ուղարկել: Հայրս լիքը-լիքը, քուլա-քուլա ծիծաղեց… Արտյոմը Լենինգրադ հասնելուն պես զանգահարեց մեզ, կրկին շնորհակալ եղավ այն ամենի համար, ինչ արել էինք: Մի քանի օր հետո նամակ ստացանք Լենինգրադից. ծրարի մեջ Լենինգրադի տեսարժան վայրերի լուսանկարներն էին` շքեղ, ոսկեփայլ, սյունազարդ շենքեր, կառույցներ… Բայց Արտյոմը եկել էր Լծեն` մեր եկեղեցու Իշխանին եւ Իշխանուհուն տեսնելու…
Հանձնել էինք 8-րդ դասարանի ավարտական քննությունը: Մինչ արդյունքները հայտնեին, բարձրացանք Արմաղան: Արմաղանի դիմացի փոքրիկ տափարակին երկու փոքր վրան կար խփած: Անծանոթ մարդիկ Լծենով Տաթեւ էին գնում, գիշերել էին, որ հաջորդ օրը շարունակեն ճանապարհը: Ռուս էին, դարձյալ Լենինգրադից: Իմացան, որ շրջանավարտ ենք, ասացին` կարեւոր իրադարձություն է ձեր կյանքում, ու, որպես հիշարժան օրվա նվեր, լուսանկարեցին մեզ: Վերցրեցին մեր հասցեն, որ նկարներն կուղարկեն: Թե ի~նչ անհամբերությամբ էինք սպասում այդ լուսանկարներին… Շատ ժամանակ անցավ, հույսը մարեց, մտածեցինք` մոռացել են… Լենինգրադը որտե~ղ, Լծենը որտեղ… Բայց մի օր մի մեծ ծրար ստացանք: Մեր նկարներն էին…
Հիմա թե՛ կարոտով, թե՛ թախիծով, թե՛ տրտմությամբ, թե՛ երանությամբ, թե` անբացատրելի ջերմությամբ եմ նայում աշխարհից բան չհասկացող, չթարգմանվող երազներով լեցուն մեր դասարանի աղջիկների` մոտ հիսուն տարի առաջ արված այս լուսանկարին… Չգիտեմ` նրանք էլ են հիշո՞ւմ այդ օրերը: Բայց այդ օրերն ինձ համար Լծենի եկեղեցու պատերի մեջ տեղադրված Իշխանի եւ Իշխանուհու տապանաքարերը բացահայտելու, իմ գիտակցական կյանքի քարտեզին Լծենն առաջին տեղում դնելու, հազարամյա եկեղեցու եւ Եսայի մեծ իշխանի` 12-րդ դարի խաչքարի կողքով անցնելիս խոնարհվելու եւ առաջին անգամ իմ էությունն ինձ համար ճանաչելի դարձնելու օրերն էին, որ դեռ շարունակվում են…
Արդեն բուհ-ում ուսանելիս «Վիմագրություն» առարկա էինք անցում: Դասախոսը հայտնի վիմագրագետ, երջանկահիշատակ Գրիգոր Գրիգորյանն էր, Կապանի մերձակա` Վահանավանքի հայտնաբերող-ուսումնասիրողը: Ստուգարքի ժամանակ ուսանողներից հետաքրքրվում էր նրանց` որտեղացի լինելու, ծննդավայրում պատմական նշանավոր հուշարձաններ ունենալու մասին: Իմացավ` Սիսիանից եմ, ճշտող հարց տվեց` միջի՞ց: Ասացի` Լծենից: Խստադեմ մարդը պայծառացավ, հարցրեց` ի՞նչ պատմական հուշարձան կա Լծենում: Իհարկե, պիտի ասեի` (Հ)Անապատը եւ Հուռում խաչը: Հարցրեց` տարեթիվը գիտե՞ս… Չգիտեի: Ասաց` կգնաս-կնայես` 1347 թիվ… Եկա, նայեցի ու այլեւս երբեք չեմ մոռանում: Հանապատի հարթակում երկու տապանաքար կար: Հավանաբար` ճգնավորների: Տեսնես` ի՞նչ մատյաններ են ծաղկել, ի՞նչ պատմություններ են գրառել, ի՞նչ են խորհել եւ ի՞նչ են հիշատակել իրենց ծաղկած մատյաններում: Ափսոս` ոչինչ չգիտեմ: Երբեմն փոշմանում եմ, որ պատմաբան չեմ դարձել, կհետաքրքրվեի: Հետո մտածում` ինչ լավ է, որ բանասեր եմ դարձել…
Ես չգիտեի, որ մեր գյուղն այդքան հին է, որ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1000 թվին, բայց խոնարհվելուց հետո վերականգնվել է 1828-29-ին` Սալմաստի Ջնդի գյուղից այստեղ տեղափոխված մեր պապերի կողմից, որ այստեղ կա Գյուղատեղ անունով մի վայր, այսինքն` նախկինում եւս մի բնակատեղի, որ Լծենը Տաթեւի վանքի հարկատու է եղել, որ Գրիգոր Տաթեւացու դամբարանին փորագրված է լծենցի նվիրատուի անունը, որ Եսայի մեծ իշխանի խաչքարը 12-րդ դարի է, ու որ Մորուս Հասրաթյանը 1974 թվին Լծեն է եկել հատուկ այն տեսնելու համար… Ես շատ բան չգիտեի, հիմա էլ չգիտեմ, բայց ի՜նչ երանությամբ ու շնորհակալությամբ եմ հիշում իմ կյանքի այս փոքր դիպվածները, որ ինձ սովորեցրեցին ճանաչել իմ աշխարհը, որից էլ սկիզբ է առել իմ մեծ սերը այս առասպելական, վաղնջական, աստվածային, խորախորհուրդ ձորաշխարհ-լեռնաշխարհի հանդեպ: Սկիզբ է առել, ու չի ավարտվում, ու չի ավարտվելու…
Երկար տարիների ընդմիջումից հետո այս տարի կրկին բարձրացանք Հանապատ… Հանապատի պատերին ագուցված, նրանց փաթափված եւ ամուր գրկած գրեթե 800 ամյա կենին ծերացել էր, խեղճացել, խոնարհվել, տկարացել, տխրելու չափ ձեւափոխվել… Բայց իմ սիրտը մի ուրիշ բան դառնացրեց. Ճգնավորների երկու տապանաքարերը չկային, տեղը դատարկ էր. ո՞ւմ անողոք ձեռքն էր գնացել ջնջելու դարավոր պատմությունը, ո՞վ է բնահան, տեղահան արել իրենց լուռ վկայությամբ պամություն դարձած ճգնավորների հիշատակ-ներկայությունը: Սարսռացի մտածել, որ տապանաքարերը գլորել են հարթակի ներքեւի ձորը. ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՛ւ, որ… գա՞նձ գտնեն… Ախր գանձը հենց այդ տապանաքարերն էին, մեր պատմության լուռ վկաները, մոմալույս աղոթարանում մատյաններ ծաղկած լուսավորյալները, ախր… Լենինգրադցի Արտյոմին հիշեցի, որ հազարավոր կիլոմետրեր էր կտրել` անտառի մեջ կորած այս գանձը տեսնելու…
Բայց հոգիս փառավորվեց, երբ Հանապատի քանդված պատը վերակառուցված տեսա, երբ փլված տանիքը վերաշինված տեսա, երբ հնամաշ ցուցանակը նորոգված տեսա… Առաջ գյուղի փլված, ավերված մատուռներն ու ուխտավայրերը Մարգարենց Խաչատուրն էր նորոգում, վերականգնում, հազար օղորմի, մեր Խաչո ապեր, որ Ղուզեյի կածանը նորոգելիս էլ գլորվեց-մահացավ Լորագետի կիրճում, հիմա ցեղին վերապահվածն անում է Մարգարենց Հակոբի Աբգար որդին, ու սիրտս փառավորվում է, սիրտս ուրախանում է, որովհետեւ նույն ցեղի ուստա Հակոբն է վերականգնել Սիսիանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու` Սյունիքի մեծ երկրաշարժից ավերված գմբեթը, որի մասին այնքան պատկառանքով ու հիացմունքով էր պատմում Սիսիանի եկեղեցու ժամկոչ, երջանկահիշատակ Վարպետ Զավենը, ում Պայծառ անունով քույրը հենց Մարգարենց շինարար տոհմի հարս էր…
Ժամանակները թռել են, շատ բան թողել իրենց փլատակների տակ, Լծենից Տաթեւ բանուկ, նոր, սիրուն ճանապարհ է կառուցվել, օրական հարյուրավոր մեքենաներ են սլանում այդ ճանապարհով, սակայն կյանքի թոհուբուհում, երբ ուզում եմ գտնել ինքս ինձ, երբ ուզում եմ իրար բերել իրարից փախած, աշխարհից խռոված իմ եզրերը, մոտ կես դար ետ եմ գնում, ապա վերադառնում զուլալված, ինքս ինձ գտած, իմ կորած ափերն իրար բերած, որ դիմանամ, ինչպես մեծ Լորեցիս կասեր, կյանք կոչվող այս ձրի ներկայացմանը, որն այնքան թանկ է նստում վրաս…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
3.12.2025