ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԵՐԿՈՒ ԲՆԱԿԱՐԱՆ ՈՒՆԵԻՆ, ԲԱՅՑ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՏՈՒՆԸ ԵՌԱԲԼՈՒՐԸ ԴԱՐՁԱՎ…

Տեղադրված է at Հուլիս 14, 2021
3044 0

Այսօր, հենց այսօր` հուլիսի 9-ին, Լեւոնը պիտի զորացրվեր… Ուրախություն պիտի լիներ Գրիգորյանների տանը, տոն պիտի լիներ, խնջույք պիտի լիներ, եւ ազգուտակով պիտի աչքալուսանք տային Լեւոնի բարի վերադարձի, զինվորական ծառայությունն ավարտելու եւ պատվով տուն վերադառնալու համար… Լեւոնը պիտի անհուն կարոտով փարվեր ծնողներին, սիրելի քույրերին, նրանց բալիկներին, որ լույս աշխարհ էին եկել, երբ ինքը բանակում էր, ու տոնը պիտի երկարեր, երկարեր… Պիտի, պիտի… Ինչքան բան պիտի աներ, ինչքան սրտեր պիտի գերեր իր ազնիվ ու բարի սրտով, սիրո ի~նչ չասված խոստովանություններ պիտի աներ բոլորի սիրելի Լեւը-Լեւոնը-կյաժը, որ այդպես էլ չասվեց, որ այդպես էլ անկատար մնաց…

Ի~նչ խանդավառությամբ էին 2019-ի հուլիսի 9-ին Սիսիանի զինկոմիսարիատի բակից Լեւոնին բանակ ճանապարհել բոլոր հարազատ-բարեկամները: Ի~նչ հավատով էին լցված, որ իրենց բարի, սրտաբաց, կամեցող, բոլորին օգնող ու սատարող Լեւոնը նաեւ լավ զինվորական է դառնալու, եւ իրենք հպարտանալու են իրենց տան սյուն, հոգու եւ սրտի հենարան, ծուխ-ծխանի Լեւոն որդով…

Հայրը, որ արտերկրում` Իսպանիայում, բավականին լավ էր աշխատում, ուզում էր իր մեկ հատիկ տղային ազատել զինվորական ծառայությունից` վճարելով անհրաժեշտ գումարը եւ Լեւոնին հետը Իսպանիա տանել, բայց նա կտրականապես հրաժարվել էր, ասել, որ օդանավակայանից կփախչի, ինքն ուզում է ծառայել, ետ չմնալ իր ընկերներից, հո ղզիկ չի, որ չծառայի, համ էլ ազնիվ չի լինի ինքն իր հանդեպ, որ ընկերները, մյուսները ծառայեն, ինքը խուսափի, բա որ հանկարծ իր ապագա հարսնացուն էլ մերժի իրեն` ծառայած չլինելու համա~ր…

Վիճակահանությունը բոլորի սրտով էր… Լեւոնը ծառայեց Ստեփանակերտի Ցոր զորամասում: Վարորդ էր: Ավագ քույրը` Լիլիթը պատմում է, որ իր ուրախ, շփվող, կատակասեր բնավորության պատճառով ծառայությունն էլ էր դարձրել հաճելի: Պատերազմից հինգ օր առաջ, ինչ-որ ալերգիայի պատճառով, հոսպիտալ էր ընկել,  բայց ուշքն ու միտքը իր մեքենան էր, ասում էր` շուտ գնամ, մեքենայիս տիրություն անեմ, ուրիշ մեկը չի կարող իր մեքենան պահել-պահպանել իր նման, մեքենա շատ էր սիրում, սովորել էր նաեւ Սիսիանի ավտոդպրոցում, ու մեքենան իր համար իր անբաժան մասն էր: Երբեմն կատակ էր անում` ասելով, բա մի պատերազմ չլինե~ր` մեքենաս մի լավ ճռռիկներ անեմ… Իսկ պատերազմը, դարանակալ պատերազմը, պազվեց, այնքան էլ հեռու չէր…

Սեպտեմբերի 27-ին արդեն դուրս էր եկել հոսպիտալից, երբ…

Սկզբում տարան Վազգենաշեն, հետո` նենգ թշնամուն դիմակայում էին Ֆիզուլի-Հադրութ հատվածի տարածքներում: Ամեն օր խոսում էր մոր, քույրերի հետ, հորդորում էր չանհանգստանալ, իրենք ապահով են, լավ են, «սեմուշկա են չրթում»… Հոկտեմբերի մեկին Լեւոնին հայտնել էին, որ քրոջը երեխա է ծնվել, ու զինվոր-քեռին աշխարհով մեկ էր եղել… Հոկտեմբերի 10-ին երկու անգամ զանգահարել է տուն, մեկը` առավոտյան, մյուսը` երեկոյան, ու ասել, որ մի քանի օր կապ չի լինի, չանհանգստանան, հրաժեշտի ոչ մի խոսք չի ասել, հավատացրել է, որ գալու է, պիտի գա, այլ կերպ չի կարող լինել, պիտի գա…

Հոկտեմբերի 12-ին, ժամը 5-ն անց 30-ի սահմաններում, սակայն, Ֆիզուլի-Հադրութ տարածքի Ուխտաձոր հատվածում… Տանեցիները հետո են իմացել, որ Լեւոնը վիրավորվել է ոտքից, փորձել է հեռանալ կրակի տակից, հետո ոչ ոք նրան չի տեսել…

Հետո սկսվել է դժոխային մի կյանք, հետո սկսել է անվերջ որոնումների, անհույս փնտրտուքների, հուսավառ սպասումների, հավատավոր լուրերի անվերջանալի թվացող մի հավերժություն… որ ձգվեց ինը ամիս…

Փնտրեցին` որտեղ ասես, եղան` հնարավոր ու անհնարին բոլոր տեղերում` հույսի փշուր փայփայելով, որ Լեւը-Լեւոնը «խոստացել է վերադառնալ», որ Լեւը չէր կարող հուսախաբ անել իրեն այնպես կարոտով, սիրով, հավատով սպասող տնեցիներին, հարազատներին, բոլորին…

Տեսել էին Լեւոնենց զորամսի զոհվածների այն վիդեոն, որ թուրքերն էին տարածել համացանցում` նենգ ու անխղճորեն մոտիկից ցույց տալով զոհվածների դեմքերը: Բոլորը ճանաչել էին իրենց տղաներին, բայց Լեւոնը չի եղել նրանց մեջ, ու հույսը վերստին ծառս է եղել, որ նա ողջ է, որ մի տեղ թաքնված է, կամ` գերի է… Ախր Լեւոնի` այնքան սիրելի մեքենան էլ էին տեսել նողկալի թուրքերի` պատերազմի ավարի պուրակում` անվնաս ու սարքին, էլ ո՞նց չհավատային, որ Լեւոնը ողջ է, թեկուզ` գերի, բայց ողջ է: «Ինը ամսվա մեջ մեկ վայրկյան չենք կասկածել, որ Լեւոնը զոհվել է,- պատմում է քույրը` Լիլիթը: -Այդ ընթացքում այնպիսի անհավանական բաներ կատարվեցին, որ միայն ու միայն մեր հավատն էր ամրացնում Լեւոնի` ողջ լինելու մասին»,- ապա պատմում է, որ երբ հայրը մյուս ծնողների հետ գնացել են Ուխտաձորի այն հատված, որտեղ զոհվել են տղաները, հանկարծ ուժգին հողմ է բարձրացել, քամին թղթի մի կտոր է պտտացրել օդում, թուղթը նետել տարածքում գտնվող այրված մեքենայի վրա, ու այնքան մարդկանց մեջ նետել հենց Լեւոնի հոր` Մհերի ոտքերի տակ… ապշանքից քարացել են բոլորը, երբ գետնից բարձրացրած թղթի վրա գրված է եղել Լեւոնի մեքենայի համարանիշը եւ շարքային Լ. Գրիգորյան մակագրությունը… Այդ թուղթը հիմա կա, իրենց մոտ է, եւ անվերջ հույս է տալիս, որ Լեւոնը ողջ է… Քույրը պատմում է, որ պատերազմի ժամանակ Լեւոնը երկու անգամ փրկվել է մահից… առաջին անգամ բեկորը, այրելով Լեւոնի մազերը, անցել է գլխի վրայից, եւ Լեւոնը ողջ է մնացել, երկրորդ անգամ, երբ Լեւոնի վարած մեքենան անցել է կամուրջը, հաջորդ վայրկյանին այն պայթեցվել է, ու կրկին ողջ է մնացել… Էլի նման միջադեպեր են եղել, ու Լեւոնի ծնողները, քույրերը հավատում են, որ նա կա… թեպետ դնթ թեստը ապրիլի 4-ին հաստատվել է Հայաստանում, հնարավոր կասկածները փարատելու համար դնթ թեստ են արել նաեւ Դանիայում, որը նույնպես հաստատվել է, ու հունիսի 29-ին ստացել են պատասխանը, բայց շարունակում են հավատալ, հավատալ…. Հուլիսի 3-ին Լեւոնի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում, բայց ծնողներն ինչ-որ անբացատրելի հույս են տածում, որ Լեւոնը ողջ է, Լեւոնը կա… ու հավատում են իրենց հավատին…

Մայիսի 5-ին լրացել էր Լեւոնի 20-ամյակը, ու տնեցիները նրա ծննդյան օրը նշել են այնպես, ինչպես կնշեն նրա ներկայությամբ ու նրա հետ… ու հավատում են, որ նրա բոլոր ամյակները էլի շարունակելու են միասին նշել…

Լեւոնի մասին ափսոսանքի ի~նչ խոսքեր գրեցին Սիսիանի թիվ 5 դպրոցի ուսուցիչները, ովքեր դասավանդել էին էս սիրուն տղային, ի~նչ մրմուռ ապրեցին քեռու դուստրերը, ի~նչ անհավանական ցավ ու կսկիծ ապրեցին ընկերներն ու ընկերուհիները, ընտանիքի բարեկամները, ճանաչող-չճանաչողները… Ախր ո՞նց կարող ես անցավ ու անկսկիծ նայել այս լուսավոր պատանու, ընդամենը 19 գարուն ապրած զինվորի աչքերին ու` չափսոսալ… Ափսոսանքը դեռ երկար կմնա…

Լեւը-Լեւոնը-Կյաժը… Այս լուսավոր ու բարի, անհունորեն բարի սիսիանցի տղան, որ թեպետ հետո ընտանիքի հետ տեղափոխվեց Երեւան, գրեթե մեկ տարի տեւեց, մինչեւ հարմարվեց Երեւանի նոր` ավագ դպրոցին, իրեն երբեք չպատկերացրեց Սիսիանից դուրս, Սիսիանից հեռու… Երբ Երեւանում նոր բնակարան էին գնել եւ Սիսիանի իրենց տնից իրեր էին տեղափոխում այնտեղ, Լեւոնը խնդրում էր չտանել դրանք, պահել տանը, որովհետեւ ինքը պիտի վերադառնա եւ ապրի Սիսիանի` Իսրայել-Օրի փողոցի իրենց տանը, իջնի Սիսիանի իրենց տան բակ, ման գա Սիսիանի` իր սիրած վայրերում ու շարունակի սիսիանցու իր ազնիվ ու պարկեշտ կենսակերպը…

Թեեւ ընտանիքն ապահովված էր, բայց Լեւոնը սիրում էր աշխատել, ինքը ստեղծել, ինքը վաստակել: Քույրերին ասում էր, որ երբ բանակից վերդառնա, գեղեցկության սրահ է բացելու, քույրեից մեկը վարսահարդար կաշխատի, մյուսը` մատնահարդար, որ միշտ գեղեցիկ լինեն, որ բոլորին գեղեցկացնեն… Ասում էր, այնքան գումար է աշխատելու, որ բրաբուս գնի, ողջ ընտանիքին էդ բրաբուսով պտտացնի, գործի տանի, գործից բերի, ու ծիծաղում էր վարակիչ ծիծաղով… Իր աշխատած առաջին գումարները քույրերին էր տալիս, բա ո՞ր օրվա եղբայրն է, որ իր քույրերը իր վաստակը չվայելեն… Լիլիթը պատմում է, որ հիմա իրենք միայն հուշերով են ապրում, բայց հավատում են, հավատում, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ անհայտ մի մոլորակում, թե` երազում, կամ` հեքիաթում, ողջ է Լեւոնը, ապրում է, կա, որովհետեւ Լեւոնները չեն մահանում, նրանք ուղղակի գնում են այնտեղ, որտեղ հավերժ թագավորում է սերը, հավերժ խոնարհումը եւ հավերժ խնկարկումը ու հավերժական փառքը…

Հայրը` Մհերը, որ ամեն ինչ արել էր զավակների համար, տնից-տեղից, ընտանիքից կտրվել, գնացել էր Իսպանիա աշխատելու, ստեղծելու, որ միակ որդուն ապահովի տուն ու տեղով, նրա համար երկու տուն էր դրել` մեկը` Սիսիանում, մյուսը` Երեւանում, հիմա թեւակոտոր է, հիմա Իսպանիայի ճանապարհը պիտի մոռանա, որովհետեւ այստեղ է իր տան ծուխը ծխացող միակ որդու` Լեւոնի «տունը», որ Լեւոնն ինքը ճակատագրորեն «ընտրեց»: Հիմա այդ «տունը» մեկ հասցե ունի, որ նրա եւ նրա նման բազում հայորդիների հավերժ հանգրվանն է` անմահների երթում եւ անմահների շարքում` Երեւանի` հավերժ խնկելի Եռաբլուրում…

Մեր խոնարհումը եւ փառավորումը ձեզ` Լեւոն ծնած Մհեր Գրիգորյան եւ Անուշ Հակոբյան, մեր հարգանքը ձեզ` Լեւոնի քույրեր, պահեք, ամուր պահեք ձեր սրտում եւ ձեր հոգում այն հավատը, որ Լեւոնը ողջ է, որ Լեւոնը կա… որովհետեւ անմահները, հայրենիքի նահատակները, իրենց թանկ արյամբ հայրենիքը թանկացրած, ապրեցրած, հայրենիքի սահմաններն իրենց արյամբ գծած, սնուցած հայորդիները ողջ են հավերժորեն…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

09.07.2021

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրվել է - Հունվար 27, 2022 0
Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը,…

ԼԾԵՆ. ԻՄ ԿԱՐՈՏՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 3, 2021 0
(Նվիրում եմ Առաքել պապիս եւ հորս` Արամայիս Ամիրյանի վառ հիշատակին) Մանկությունն առանց գյուղի` անգույն է: Մանկությունն առանց տատ ու պապի`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code