ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ …

Տեղադրված է at Փետրվար 14, 2024
902 0

Կյանքի 93-րդ տարում հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, նշանավոր նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը:

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թ.-ի դեկտեմբերի 11-ին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Չորս տարի Հայրենական մեծ պատերազմում կռվելուց եւ ծանր վիրավորվելուց հետո Զաքար Խաչատրյանը վերադարձել եւ սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում: 1947թ. հանրակացարանում մնալու հնարավորություն չունենալով՝ վերադարձել է Սիսիան:

Բարձր առաջադիմությամբ 1948 թ.-ին ավարտել է Փ. Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանը և Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1956 թ.-ին Զաքար Խաչատրյանն ավարտել է Սանկտ-Պետերբուգի՝ Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ արժանանալով ռեպինյան և ստալինյան կրթաթոշակների:

1950-1956 թ.թ.-ին Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտում ստացել է հիմնարար կրթություն այնպիսի մեծահամբավ նկարչի ղեկավարությամբ, ինչպիսին ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Բորիս Իոգանսոնն էր: Զաքար Խաչատրյանը փայլուն ավարտեց Ակադեմիան, և, պետական քննական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովը հենց նրան ընտրեց իր արվեստանոցում ևս չորս տարի կատարելագործվելու: Այսպես կերտվեց դասական ռեալիստ նկարիչը: Սակայն Զաքար Խաչատրյանը անհաղորդ չմնաց աշխարհում` մասնավորապես Ֆրանսիայում, գեղանկարչության առաջավոր զարգացումներին: Խոսքն, անշուշտ, վերաբերում է իմպրեսիոնիստական ուղղությանը, որում գույների ճիշտ և հմուտ համադրությամբ հնարավոր է դառնում աշխարհը ավելի ճիշտ ընկալել` հասնելով անհրաժեշտ տարածության, օդի թափանցիկության, մարդու տրամադրությունների նուրբ արտահայտման գեղարվեստական առավել գեղեցիկ ընդհանրացումների:

1962 թվականին վերադառնալով հայրենիք՝ ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետության մշակութային-հասարակական կյանքին: Մասնակցել հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունեցել Պետերբուրգում, Ժնևում, Մոսկվայում, Երևանում, Էջմիածնում, արժանացել մրցանակների ու դիպլոմների:

1962 թ.-ին, Սիսիան քաղաքում, Մերկուրովի եւ Կոջոյանի արվեստի դպրոցներից հետո երրորդը ՝ հանրապետությունում, հիմնադրել է մանկական արվեստի ստուդիան, որի հիման վրա 1969-ին ստեղծվել է Սիսիանի գեղարվեստի դպրոցը , որը 1998 անվանակոչվել է նրա անունով: Նույն թ.-ին նրան շնորհվել է Սիսիանի համայնքի պատվավոր անդամի կոչում:

1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981 թ-ից եղել ամբիոնի վարիչ, 1984 թ-ից՝ դեկան:

1986 թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում: ԽՍՀՄ եւ Հայաստանի նկարիչների միության անդամ: 1995 թ.-ից Սանկտ-Պետերբուրգի գիտության եւ արվեստի պետական ակադեմիայի անդամ: Սանկտ-Պետերբուրգի վետերան նկարիչների խորհրդի նախագահն էր:

1983 թ.-ին ստացել է ՀՀ վաստակավոր, 2005 թ.-ին՝ ՌԴ վաստակավոր, 2012 թ.-ին՝ ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:

Պարգեւատրվել է՝ Ժուկովի մեդալով, «1941-1945 թ.թ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալով, Կարմիր Աստղի շքանշանով, Հայրենական մեծ պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» մեդալներով, «1941-1945 թ.թ. Հայրենական մեծ պատերազմի 50-ամյակ» հոբելյանական շքանշանով: 2015 թ-ին պարգեւատրվել է հայ առաքելական եղեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» շքանշանով:

2006 թ.-ին Սիսիան քաղաքի իրենց առանձնատունը նվիրել է պետությանը՝ իր եւ եղբոր՝ հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան դարձնելու մտադրությամբ: ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ 2016 թ.-ի հոկտեմբեր ամսին սկսվել էին տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները, եւ փափագում էինք նրա հետ միասին ձեւավորել տուն-թանգարանը: Ցավոք, մեծ վարպետը, սեւ գույնը մերժած նկարիչը, կենդանության օրոք չհասցրեց տեսնել իր եւ եղբոր թանգարանը, բայց այն կդառնա նշանավոր արվեստագետների հավերժացման եւս մեկ վկայություն՝ պահելով նրանց մշտագո ներկայությունը ծննդավայրում:

2017 թ. «Որոտան», թիվ 1(211)

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Էքսպո-2024. Մշակութային կրթություն

Տեղադրվել է - Սեպտեմբեր 14, 2024 0
Նոր ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, որն անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո՝ երեխաների ստեղծագործական միտքն ու…

ԱՌԱՆՑ ՔԵԶ Եւ ՔԵԶ ՀԵՏ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 29, 2021 0
Քսան տարի առաջ այս օրը ուրիշ տրամադրություն էր Նիկալյանների հարկի տակ… 20 տարի առաջ այս օրը շնորհավորանքներ էին, մի բարձի…

Էս կռիվը մեր կռիվն է, ու մենք այն պիտի մինչեւ վերջ տանք… 44-օրյա պատերազմի նահատակ Ռաֆիկ Սիմոնյան

Տեղադրվել է - Փետրվար 25, 2022 0
Պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, առանց ծնողներին, միակ քրոջը տեղյակ պահելու Ռաֆիկը Մասիսից եկել է Սիսիան, կամավորագրվել հրետանային վաշտում:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: