Սիսիանի բնակավայրերից մեկի մերձակայքում, որտեղ դեռ թարմ է վերջին շրջանի ռազմական գործողությունների հիշողությունը, երիտասարդների մի խումբ շինարարական աշխատանքներ է կատարում: Մի քիչ «անսովոր» նախագծով շինարարություն անող երիտասարդները մեզ բացատրումեն, որ իրենց պատրաստած շինությունը կոչվում է գմբեթ, որը պատերազմի ժամանակ կոչված է ապահովել քաղաքացիների անվտանգությունը, բայց, քանի որ մեր կռիվը դեռ չի ավարտվել, անհրաժեշտության դեպքում այն շատ արագ կարող է վերածվել ինքնապաշտպանական բունկերի` պահելով կռվող բանակի թիկունքը, միաժամանակ ապահովելով քաղաքացիական բնակչության ինքնապաշտպանությունը:
Ինչ սկզբունքով եւ ինչ չափանիշներով են ընտրվում ինքնապաշտպանական գմբեթները կառուցելու վայրը ու տեղանքը մեր հարցմանն ի պատասխան զրուցակիցներս նշում են, որ նախաձեռնության հեղինակը ՈՄԱ (Ողջ մնալու արվեստ) ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպությունն է: Գմբեթներ կառուցելու վայրն ընտրվում է համայնքի վարչական ղեկավարի, ՈՄԱ-ի ռազմական փորձագետների հետ միասին, նրանց ցուցումով եւ գիտությամբ: Այն քարտեզագրվում է, համարակալվում, անուն ստանում, հետո փոխանցվում ՊՆ-ին, որ նա, անհրաժեշտության դեպքում, կարողանա դրանք օգտագործել հավուր պատշաճի: Գմբեթները կառուցվում են քարտեզագրված, փորձագետների կողմից հաստատված, ճշգրտված, մշակված, ինքնապաշտպանության համար առավել նպաստավոր դիրքում, որտեղ հստակ ճշտված են թշնամու հնարավոր անցումները: Գմբեթները մեկը կամ`երկուսը չեն, այլ` ցանց է, մեկը մյուսի հետ կապված, մի կրակակետը պաշտպանում է մյուս կրակակետին, մշակված է մասնագիտորեն:
Ներկաներից մեկը` Աբգարը, ասում է, որ, փառք Աստծո, մեր բանակն իր գործն անում է, եւ հույս է հայտնում, որ թշնամին չի հասնի այստեղ, բայց, ինչպես ցույց է տալիս ժամանակակից ցանկացած պատերազմ, բանակը միշտ չէ, որ կարողանում է «ծածկել» ողջ շփման գիծը, ուստի նրա մեջքն ամուր պահելու առումով շատ կարեւոր է նաեւ պաշտպանական երկրորդ գիծը, ինչին հիմա նախանձախնդրորեն ձեռնամուխ են եղել իրենք, հավելում, որ քաղաքացիական ինքնպաշտպանական գմբեթներ շատ երկրներում գոյություն ունեն դեռեւս երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: Մեզ մոտ դրանք պիտի կառուցվեին ավելի շուտ, բայց հիմա էլ ուշ չէ, իսկ, վաղը, ահա, արդեն կարող է ուշ լինել, ու եթե, ինչ-ինչ պատճառներով «ճեղքվի» առաջին գիծը, երկրորդ գծով կարողանանք պահել մեր զինվորի թիկունքը եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունը: Շինարարական տեսակետից սրանք շատ պարզ կառույցներ են, բայց պաշտպանական, ռազմավարական եւ ռազմական առումով` կարեւոր, ապահով ու հարմարավետ:
«Մեզ ասում են` էս ձյունապատ սարի համա՞ր պիտի պատերազմ տանք, այո´, որովհետեւ եթե ինքնապաշտպանական գմբեթը այսօր այստեղ չսարքենք, վաղը պիտի Սիսիանի մեջ սարքենք, հաջորդ օրը` մայրաքաղաքի կենտրոնում, կամ էլ` արդեն չսարքենք: Մեր նպատակը մարդկանց արթնացնելը, սթափեցնելը, մեկ գերկարեւոր գաղափարի` պետականության շուրջ համախմբելն է, որ կարողանանք ցանկացած հարձակման դեպքում ապահովել Հայաստանի անվտանգությունը: Պատերազմող փոքր երկրում միայն հղի կանայք կարող են չմասնակցել երկրի ինքնապաշտպանությանը»,-ասում է զրուցակիցս ու շեշտում, որ այս նախաձեռնությունը զերծ է որեւէ կուսակցականությունից, դուրս է որեւէ քաղաքականությունից, հեռու է որեւէ մեկի կամ` քաղաքական որեւէ ուժի շահը հետապնդող` մեզանում տարածված մոլուցքից, չի սպասարկում որեւէ մեկի անձնական կամ` կուսակցական շահը, ինչը, ցավոք, արտասովոր ու տարօրինակ է թվում մեր հանրությանը: «Մեր միակ շահն այստեղ մեր երկրի անվտանգությունն է, մեր պետականությունը, մեր հայրենիքն ու մեր քաղաքացին»,– ասում է Աբգարը, հավելում, որ ամենահեշտը դրսում խաղաղ ու ապահով ապրելն է, բայց դա խորթ է իրեն եւ իր նման շատերին, ովքեր այս չափազանց պատասխանատու գործի մեջ դնում են ոչ միայն իրենց անձնական միջոցները, իրենց ֆիզիկական աշխատանքը, իրենց ժամանակը, այլեւ`ամենակարեւոր` հայրենիքի, պետության եւ պետականության շուրջ համախմբման գաղափարը, որը պիտի լինի առաջնայինը բոլորի համար: «Մնացած ամեն ինչը ածանցյալ է: Փոխանակ կենտրոնանանք ազգը համախմբող հիմնական գաղափարի` մեր հայ լինելու, մեր պետականության անվտանգության ու պաշտպանության շուրջը, ավելի շատ խոսում ենք այն մասին, թե ինչն է մեզ բաժանում, ինչի պատճառով բոլոր կարեւոր եւ հրատապ գործերը մնում են չարված, հարցերը` չլուծված»,- ասումէ Աբգարը եւ հավելում, որ Սյունիքի մարզում ինքնապաշտպանական գմբեթներն առաջինը կառուցվել են Կապանում, եւ որտեղ դրանք առկա էին, թշնամին առաջխաղացում չի ունեցել:
«Սիսիանի տարածաշրջանում սա առաջինն է, եւ կոչվում է Գմբեթ-2: Սա պայմանական անվանում է, գործառույթով եւ նշանակությամբ նույնն է, պարզապես սրանք ավելի քիչ ծախսատար են: Այսպիսի ինքնապաշտպանական գմբեթներ պետք է կառուցվեն ողջ առաջնագծում եւ բոլոր համայնքներում ու բնակավայրերում: Թե ինչու են դրանք այդքան անհրաժեշտ ու կարեւոր, բացատրեմ մեկ պարզ օրինակով. օրերս երկու թշնամի, առանց որեւէ արգելքի, ներթափանցել էին Սիսիանի տարածք: Հնարավո՞ր էր 2-ի փոխարեն լինեին 20-200 հոգի, հնարավո՞ր էր թափանցեին 2-ական հոգանոց խմբերով` սահմանային տարբեր հատվածներով… այո, հնարավոր էր, ու համայնքները, քաղաքացիական բնակչությունը պետք է ավելի զգոն ու պատրաստված լինեն դիմակայել ցանկացած ոտնձգություն»,- ասում է Աբգարը ու նշում, որ հարաբերական խաղաղ պայմաններում դրանք կօգտագործվեն ուսուցողական նպատակներով, համայնքի բնակչությունը, աշխարհազորը կսովորի քաղաքացիական պաշտպանության ամենապարզ ձեւերը, կանցկացվեն դպրոցների ռազմագիտության պարապմուքները, քաղաքացիները կյուրացնեն ողջ մնալու պարզագույն արվեստը, իսկ անհրաժեշտության դեպքում այն կծառայի արդեն բուն նպատակին: «Փոքր հարցերով մեծ հարցեր լուծելու մեխանիզմը սա է, մենք փոքր երկիր ենք, մեր ռեսուրսները սահմանափակ են, ուրիշ հայրենիք եւ ուրիշ պետություն չունենք, սա է միակը: Մեր բոլոր գյուղերի, բնակավայրերի տարածքում անպայման պետք է ունենանք պաշտպանական մի քանի գիծը, որ մեր սահմանը դարձնենք անանցանելի»:
Զրույցի ընթացքում երիտասարդները մտահոգություն հայտնեցին, որ մեր բնակչության ինքնապաշտպանական բնազդը չափազանց թույլ է, անտարբեր են շուրջը կատարվող երեւույթների նկատմամբ, մակերեսային տեղեկություններ ու պատկերացումներ ունեն քաղաքացիական ինքնապաշտպանական միջոցների եւ ձեւերի մասին, իսկ երբ փորձում ես մարդկանց ներգրավել այս գործընթացներում, բացատրել աշխարհազորի դերն ու նշանակությունը, առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերում, մեծամտանալով, որ ամեն ինչ գիտեն…
«Ես խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի եւ սխրանքի առաջ, բայց որքան շատ լինեն ինքնապաշտպանական գմբեթները, այնքան քիչ կլինեն հուշաղբյուրները»,-ասում է Արմանը, հավելում, որ իրենք կհամախմբվեին ցանկացած կառույցի շուրջ, ով կիրականացնի եղած ուժերը համախմբելու եւ քաղաքացիական ինքնապաշտպանությունը զարգացնելու, կատարելագործելու ու կիրառելու գաղափարը, ինչն այժմ հետեւողականորեն անում է հատկապես ՈՄԱ-ն:
Երիտասարդները նշում են, իրենց աշխատանքն ավելի արդյունավետ կլինի եւ կարճ ժամանակում ավելի շատ ինքնապաշտպանական գմբեթներ կարող են պատրաստել, եթե 10-ի փոխարեն աշխատեն ավելի շատ մարդիկ, եթե ավելի շատ նախաձեռնություն, սրտացավություն, օգնելու պատրաստակամություն ու շահագրգռվածություն ցուցաբերեն նաեւ համայնքային իշխանությունները, վարչական տարածքների պատասխանատուները, օգնեն տեխնիկայով, այլ անհրաժեշտ պարագաներով: Թեեւ սա նախաձեռնություն է «ներքեւից», պետության կողմից ոչ մի լումա չի հատկացվում, բայց այն ուղղված է հենց պետության եւ նրա քաղաքացիների պաշտպանվածությանը, բայց, ինչպես ասում են տղաները, անտարբերությունը մտահոգիչ է:
Արտերկրից եկած ռազմարվեստի մարզիչ Արտակ Կ.-ն ասում է, որ դրանից ինքը չի վիրավորվում, մտածում է, որ մարդիկ իրազեկված չեն, չգիտեն նման կառույցի եւ նրա գործունեության մասին, եւ հուսադրվում է, որ մեր հրապարակումը, գուցե, կօգնի քիչ թե շատ տեղեկություն տալ մեր քաղաքացիներին` մտահոգ լինել, գոնե, սեփական ինքնապաշտպանության համար եւ ներգրավվել ՈՄԱ-ի կամ ցանկացած ուրիշ ռազմա-հայրենասիրական կառույցի ինքնապաշտպանության դասընթացներին եւ քաղաքացիական շինությունների կառուցման գործին:
Երիտասարդներն ասում են, որ յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա լինի, պիտի միավորի անվտանգ, ազատ, ուժեղ պետականություն եւ պաշտպանված քաղաքացի ունենալու գաղափարը, մնացածը պատերազմող երկրի պարագայում երկրորդական է:
«Մենք զինվոր ենք էստեղ, գտել ենք հրամանատար, գտել ենք համախոհներ ու գաղափարակիցներ, եւ աշխատում ենք, մենք մեզ չենք խաբում, արդյունքը տեսնում ենք, ավելի ենք ոգեւորվում եւ հավատում, որ երկիրը, պետականությունն ու պետությունն ուժեղացնող, մարդկանց համախմբող մի փոքր գործ ենք անում, որի կայծը պիտի համաժողովրդական կրակ դառնա…»,-ասում են նրանք:
Հ.Գ. Երբ պատրաստում էինք այս հոդվածը, Աբգարը մեզ տեղեկացրեց, որ գմբեթների կառուցման աշխատանքներին օգնող իշխանասարցի երեք պատանիներից բացի իրենց են միացել նաեւ Ախլաթյան գյուղի եւ Սիսիանի Արմաթ լաբորատորիայի տղաները, ու համատեղ ուժերով ավարտին հասցրել հաջորդ գմբեթի պատրաստումը: Աշխատանքները շարունակվում են…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ