Ինչո՞ւ է ոտնահարվել զինվորի պատիվն ու արժանապատվությունը…

Տեղադրված է at Մայիս 31, 2022
1981 0

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 77,5 մլն դրամ գումար է հատկացրել Սիսիանի համայնքապետարանին`  44-օրյա պատերազմում զոհված եւ Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, 2020 թ.-ին ՀՀ Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի (Գրիշա Մաթեւոսյան), ինչպես նաեւ Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով: Հատկացված գումարով պատրաստվելու եւ տեղադրվելու է 67 տապանաքար:

Թե ինչու ողջ հանրապետությունում միայն Սիսիանի զոհվածները մինչ օրս տապանաքար չունեն, ինքնին արդեն տխուր իրողություն է, որի համար երկար պայքարեցին հատկապես նահատակների ծնողները: Այս որոշումը գուցե որեւէ կերպ խաղաղություն բերի նրանց սգավոր հոգիներին: Գուցե: Բայց «Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների» ծնողներին ոչ միայն մխիթարություն չբերեց, այեւ վերստին բորբոքեց նրանց ցավը, արյունահոսեց չսպիացող վերքը, ինչը չի փակվում արդեն 4-րդ տարին, ու, ինչպես իրենք են ասում, չի փակվելու մինչեւ մահ-գերեզման: Առաջին հայացքից արտառոց ոչինչ չենթադրող` «Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողներ» տարանջատման տակ, իրականում, մի ընտանիքի մեծ, անչափելի մեծ ողբերգություն է, ինչը խորացավ 44-օրյայի ժամանակ:

Վստահ չեմ, որ բոլորը գիտեն` ովքեր են «Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողները», ում համար նույնպես պետական հոգածությամբ, ինչպես պատշաճ է բոլոր նահատակներին, նախատեսված են տապանաքարերի տեղադրումը: Վստահ չեմ նաեւ, որ բոլորը գիտեն` ինչու են այդ զինծառայողները հուղարկավորվել ոչ թե Սիսիանի համայնքային պանթեոնում, ինչպես հարկն է հայրենիքի նահատակի պարագայում, բացառյալ այն դեպքերի, երբ ծնողը չի տալիս իր համաձայնությունը, այլ` անհայտ, անհասկանալի, չհասցեավորված, հետագայում զոհվածի ծնողներին տրամադրված «փաստաթղթում» իբրեւ Սիսիան քաղաքի զինվորական նոր պանթեոն վկայակոչված` Սիսիանի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող մի ամայի վայրում, ինչը դարձել է այս ընտանիքի ողբերգությունը:

Երկու զինծառայողներից մեկը 2018 թ.-ի դեկտեմբերի 5-ին Խուստուփի մարտական դիրքեր հերթափոխի գնալիս գահավիժող ձնահոսքի տակ մնացած, մարտական դիրքի ավագ, ջոկի հրամանատար, սերժանտ, Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող 23-ամյա Հայկ Սամվելի Քարամանն է, մյուսը 44-օրյա պատերազմի նահատակ Վահե Արսենի Քարամյանը, Հայկ Քարամյանի հորեղբոր տղան: Այստեղ, ամուսնու կողքին, ամփոփված է նաեւ Վահեի կինը` Շուշանը, ով 2020-ի հոկտեմբերի 23-ին ծնողների եւ եղբոր հետ շտապում էր Սիսիան` հոկտեմբերի 24-ին պանթեոնում հուղարկավորելու զոհված ամուսնուն, բայց շտապող մեքենան ողբերգական վթարի է ենթարկվել, Շուշանը դարձել է ավտովթարի զոհ:(Տես` 2022 թ. մարտի 17 vorotan.am կայքում հրապարակված «44-օրյա պատերազմում զոհված ամուսնու հուղարկավորմանը գնալիս ճանապարհին ավտովթարից մահացել է կինը» վերնագրով հոդվածը):

Թե ինչու 44-օրյա պատերազմի նահատակ Վահե Քարամյանը հուղարկավորվեց հորեղբոր որդու` Հայկի կողքին, վերոնշյալ հոդվածում որոշ անդրադարձ կատարել ենք: Բայց թե ինչու էր մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացած (զոհված) զինծառայող Հայկ Քարամյանը հուղարկավորվել ոչ թե Սիսիանի համայնքային պանթեոնում, ինչպես պատշաճ է հայրենիքի զինվորին, այլ` Սիսիանի գերեզմանատանը հարակից այս ամայի վայրում, մնում է անհասկանալի ու անբացատրելի: Կարծում եմ` ժամանակը դեռ կտա այս հարցի պատասխանը: Եւ ովքե՞ր էին այն մահկանացուները, որ, «մոլորեցնելով» զոհվածի ծնողներին, քմահաճույքով, կամայականորեն են հղացել այդ «որոշումը», մի ողջ ընտանիքի դնելով այնպիսի փաստի առաջ, ինչից չորրորդ տարին է` չեն կարողանում դուրս գալ, եւ հույս էլ չունեն, եթե անգամ «պատմությունն ու ժամանակը» շտկեն իրենց հանդեպ գործված սխալը…

Հայկ Քարամյանի հայրը` Սամվել Քարամյանը պատմում է, որ 2018-ի դեկտեմբերի 7-ին` Հայկի հոգեհանգստի օրը, իրենց տուն են այցելել Սիսիանի զորամասի հրամկազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ` ստանալու իր` որդուն Սիսիանի համայնքային պանթեոնում հուղարկավորելու համաձայնությունը, ու հավաստիացնելով, որ այն որեւէ հետեւանք չի կարող ունենալ, եւ չպիտի ունենար, ստացել են այն: «Սակայն նույն օրը երեկոյան, արդեն սգո սրահում, ինձ են մոտեցել Սիսիանի համայնքի ղեկավարն ու Սիսիանի զորամասի հրամանատարը եւ փոխանցել «իրա տղան թուրքի գյուլլից չի ընկել, դրա համար չի կարա պանթեոնում թաղվի» պատճառաբանությունը, որին հետեւել է նույնքան ցավեցնող` «պանթեոնը փակ ա, նոր հուղարկավորումների համար տեղ չկա» խոսքը: Խոսքաբերներն ինձ հավաստիացրել են, որ թե՛ իրենք, թե՛ կորպուսի հրամանատարը ամեն կերպ փորձել են  հակառակը համոզել, բայց պատճառաբանության հեղինակը մնացել է անդրդվելի»,- ասում է Սամվել Քարամյանը, ապա հավելում, որ դրանից հետո իրեն առաջարկվել է որդուն «Սիսիանի զինվորական նոր պանթեոնում» հուղարկավորելու` «տարբերակը»: Ինչպես բացատրում է Սամվելը, ով սեփական ձեռքերով էր փորել եւ ձյունի շերտերի տակից հանել միայն JPS-ով գտնված որդու անշնչացած մարմինը, հազիվ թե նշանակություն տար շուրջը կատարվող երեւույթներին, բայց, վստահելով բարձրաստիճան պաշտոնյաների խոսքին, համաձայնել է որդուն հուղարկավորել իրեն առաջարկված` Սիսիանի գերեզմանատան հարեւանությամբ գտնվող «նոր զինվորական պանթեոնում»: «Հո ես հիմար չէի` իմ ձեռքով իմ էրեխուն տանեի-թաղեի էն չոլում, եթե չհավաստիացնեին, որ այն զինվորական նոր պանթեոն է»,- անհունորեն խաբված` ասում է 59-ամյա տղամարդը:

Հայոց բանակի զինվորի արժանապատվությունը վիրավորող այս «որոշումներին» դեմ է կանգնել ողջ Բռնակոթը, պատրաստ ձեռքերի վրա Հայկի աճյունը Սիսիանից տանել եւ արժանապատվորեն հողին հանձնել հայրենի գյուղի պանթեոնում, որտեղ հանգչում են արցախյան ազատամարտի իրենց նահատակները: Իսկ Հայկի զինակիցները պահանջել են կորպուսի հրամանատարից (ով նույնպես մասնակցել էր Հայկի որոնողական աշխատանքներին), արժանին մատուցել մարտական առաջադրանք կատարելիս զոհված իրենց ընկերոջը, նրան արժանապատվորեն հանձնել հայրենի հողին, հակառակ պարագայում` սպառնացել են իջնել Խուստուփի դիրքերից եւ փակել ճանապարհները:

3200 մ բարձրության վրա Հայկը ձնամրրիկի ժամանակ Խուստուփի դիրքերում, լեռնադահուկային մրցումների է՞ր մասնակցում, թե՞ ձնաբքին դժվարանց լեռներում ձնագնդի էր խաղում, որ պատահեց ողբերգական դեպքը: Հիշեցնենք, որ գահավիժող ձնահոսքի տակ մնացել էին եւս 4 զինծառայող, ովքեր, բարեբախտաբար, ողջ են մնացել: Հայրենիքը բարձր է գնահատել «թուրքի գյուլլից չընկած» Հայկ Քարամյանի ծառայությունը եւ 2019 թ.-ի հունվարի 28-ին` Հայոց բանակի օրը, ՀՀ նախագահի ձեռամբ, նրան ետմահու պարգեւատրել «Մարտական ծառայության» մեդալով:

Որդեկորույս հայրը երանի է տալիս, որ «թուրքի գյուլլից» ոչ մեկի որդին չզոհվեր, որ «պանթեոնը փակ լիներ», միայն թե 44-օրյային այն այդպես դաժանորեն ու անողոք չտարածվեր, չծավալվեր, չընդարձակվեր, դուրս չգար իր ափերից, ու, որպես ցավի չպայթած ական, չծանրանար մեր քաղաքի գլխին, որդուն կորցնելու մորմոքը «չհոշոտեր որեւէ ծնողի, ինչպես որ իրեն է հիմա ուտում-ծվատում»… Սակայն որքա~ն անքննելի են աստծո գործերը, ու որքա~ն «սխալական է մարդը»:

Տան միակ տղային, օջախի ծուխը շարունակողին կորցրած Սամվել Քարամյանը կամաց-կամաց սկսել է հասկանալ այն իրողությունը, ինչի մեջ հայտնվել էր կամա թե ակամա: Ժամանակի ընթացքում տեսնելով կատարյալ անտարբերություն եւ անուշադրություն «նոր զինվորական պանթեոնում» հանգչող միակ շիրմի նկատմամբ, ահազանգել է պատկան մարմիններին որդու գերեզմանի տարածքը բարեկարգելու, տապանաքար տեղադրելու համար, քանի որ ինքը հրաժարվել էր տապանաքարը տեղադրելու համար պետության կողմից որպես փոխհատուցում տրվող 1,400 հազար դրամ գումարից, հավատացած, որ որդին հուղարկավորված է «Սիսիանի նոր զինվորական պանթեոնում», որի բարեկարգման, շիրմաքարի տեղադրման պատասխանատվությունը գտնվում է նրանց հոգածության ներքո: Ժամանակը հոսել է, ինքը հույսով սպասել, բայց… Վիճակն այնքան է բարդացել, որ հայրը պատրաստ էր անգամ (իրազեկ լինելով վերահուղարկավորումների համար նախատեսված ժամանակային սահմանափակումներին), ներողություն խնդրելով որդուց` նրա հոգին տանջելու համար, արտաշիրմում անել, որդու աճյունը տեղափոխել նրա անունով գրանցված սեփական հողամասում, միայն թե վերջ դրվեր հայոց բանակի զինվորի նկատմամբ ցուցաբերված անհարգալից քաշքշուկին:

Ոմանց տղամարդկային խոսքին հավատալու, որդու արժանապատվությունը պաշտպանել չկարողանալու համար, ինչպես ասում է Սամվելը, մեղավորության զգացումը ծվատում էր իրեն, որ տվել է իր համաձայնությունը որդուն հուղարկավերել մի ամայի, անտեր վայրում, որտեղ, բացի իրենցից, հիշատակի եւ պետական տոներին ոչ ոք չի գնում հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու, խոնարհվելու, խնկարկելու, ինչպես որ արվել եւ արվում է Սիսիանի համայնքային պանթեոնում:

Որդու` հանիրավի անարգված պատիվն ու արժանապտվությունը վերակագնելու, Սիսիանի գերեզմանատան մոտ գտնվող ամայի տարածքը զինվորական պանթեոն լինելու մեջ հավաստիանալու հայցապահանջով դիմել է Սյունիքի մարզի դատախազություն: Դատախազության` պատիվ եւ արժանապատվություն վիրավորելու` վաղեմության ժամկետն անցած լինելու եւ Սիսիանի համայնքապետարանի կողմից դատախազությանը տրամադրած` տարածքը դեռեւս 2015 թվականից զինվորական պանթեոն համարվելու «հիմքերը» չեն փարատել նրա ցավը, չեն տվել իր հարցերի պատասխանը, որովհետեւ դրանից ո՛չ զինվոր-որդու ոտնահարված պատիվը վերականգնվեց, ո՛չ էլ ամայի տարածքը դարձավ պանթեոն: Ընդհակառակը` նոր հարցեր ի հայտ եկան. «Եթե հիշյալ տարածքը պանթեոն էր դեռեւս 2015 թվականից, ինչու 2016-ի ապրիլյանի եւ հետոյի նահատակները հուղարկավորվեցին ոչ թե Սիսիանի գերեզմանատան մոտ գտնվող «զինվորական նոր պանթեոնում», այլ` Սիսիանի համայնքային պանթեոնում: Եթե այն 2015-ից էր «զինվորական պանթեոն», ինչու 2018-ի դեկտեմբերի 7-ին, ետին թվով, Սիսիանի համայնքային ավագանին նոր որոշում կայացրեց տարածքը «զինվորական պանթեոն համարելու մասին»: Եթե Սիսիանի համայնքային «պանթեոնը փակ էր», ավարտուն տեսքի բերված, նորոգված, ինչպես ներկայացնում էին, ինչու խաթարեցին Սիսիանի հուշարձանների ցանկում ներառված պատմա-մշակութային հուշարձանի տեսքը եւ տեղական բյուջեից 61 միլիոն դրամ գումար հատկացրեցին այն վերակառուցելու համար, երբ բարեկարգման, պանթեոնին վայելուչ տեսքի բերելու անհրաժեշտություն ուներ հենց Սիսիանի գերեզմանատան մոտ գտնվող «զինվորական նոր պանթեոնը»: Եւ` մի քաղաքում ինչի՞ համար էր երկու պանթեոն ունենալու աբսուրդը»,- ասում է Սամվել Քարամյանը:

«Սիսիանի նոր զինվորական պանթեոնը» բարեկարգելու ակնկալիքով դիմել է նաեւ համայնքի ղեկավարի ԺՊ-ին: «Իր պաշտոնի մասին պատկերացում չունեցող երիտասարդը, չտիրապետելով զբաղեցրած պաշտոնի լրջությանն ու պատասխանատվությանը, ինձ ասաց, որ Սիսիանի համայնքապետարանում չկա նման փաստաթուղթ, որը վկայի տարածքի` պանթեոն լինելու մասին, համայնքի բյուջեում էլ գումար  չկա այն բարեկարգելու համար, եւ, որպես «իր կողմից մեզ արված լավություն», կարող է տարածքը հատկացնել մեզ որպես ընտանեկան գերեզմանատեղ: Դե արի ու մի ասա …»,- դառնորեն ասում է Սամվել Քարամյանը:

Այնպես չի, որ Սամվելը որդու հիշատակի հավերժացումը «վստահել է» միայն պատկան մարմիններին: 3200 մետր բարձրության վրա` Հայկի զոհվելու վայրում, խաչքար է կանգնեցրել, որը հսկում է բարձունքից` փարոսի նման «լուսավորելով» Խուստուփի բարձրաբերձ դիրքեր տանող ճանապարհը: Հերթափոխի բարձրացող զինվորականները տեղանքին տվել են Հայկոյի խաչ անունը, ասում են` հենց հասնում են այդտեղ, երկրորդ շնչառություն է բացվում ու ավելի թեթեւ են հաղթահարում բարձունքը: Մեկ այլ վայրում` Սիսիանի տաք ջրի մոտակայքում, իր ձեռքերով կառուցել է Հայկի հիշատակի տաղավար, որտեղ անցկացվող ցանկացած միջոցառման առաջին կենացը Հայկին եւ հայրենյաց նահատակներին է նվիրվում: Սամվելն իր բոլոր առավոտները սկսում է Հայկի, Վահեի, Շուշանի շիրիմներին բարի լույս մաղթելով, բայց չի կարողանում «ազատվել տառապանքի ճիրաններից», ինչի մեջ հայտնվեց ոմանց քմահաճույքից, չհասկանալով` այս մեղավոր աշխարհում ո՞րն էր իր մեղքը…

Տղամարդու` քար ծակող արցունքներով պատմում է, որ 44-օրյա պատերազմը, իր ողջ ողբերգականությամբ հանդերձ, կարծես, «օգնության էր եկել իրեն` ուղղելու իր ցավի վրա ինքնահաստատվածների սխալը»: Քանի որ, ինչպես իրեն էին ասել, եկեղեցու մոտակայքի «պանթեոնը փակ է, նոր հուղարկավորումների տեղ չկա», ատելով պատերազմը, հոգու մի թաքուն անկյունում հույս է փայփայել, որ 44-օրյայի զոհերը կհուղարկավորվեն «նոր պանթեոնում», որտեղ իր որդին մենակ է, անտեսված, արհամարհված, անարգված, անտեր… Մտածել է, անգամ, որ գիտակցելով հայրենիքի զինվորի հանդեպ գործած աննախադեպ սխալը, մեղավորները ուժ եւ քաջություն կունենան ուղղելու այն, եւ, ներողություն խնդրելով զինվորի ընտանիքին պատճառած բարոյական, հոգեբանական, առողջական սոսկալի վնասների, անմարդկային տառապանքների համար, կխնդրեն իր թույլտվությունը` Հայկին Սիսիանի համայնքային պանթեոնում վերահուղարկավորելու համար… Հավանաբար այն ժամանակ կհամաձայնվեր: Բայց հետո եկավ ավելի սահմռկեցնող` Քարամյան ընտանիքի հետ պատահած ողբերգությունների ողբերգությունը. Վահեն եւ Շուշանը…

Արսեն Քարամյանը, գիտակցելով Հայկի հետ պատահածի ողջ անարդարությունը, անդառնալիությունը, տառապանքերը, հետեւանքները, եղբոր` վիրավորանքից ու ցավից բզկտվելը, չփոխեց Վահեին Հայկի մոտ հուղարկավորելու անքննարկելի որոշումը, թեեւ Սիսիանի համայնքային պանթեոնում արդեն փորված էր Վահեի աճյունափոսը: Ծնողները որոշեցին իրենց որդուն հուղարկավորել Հայկի մոտ, Հայկի կողքին, նրան մենակ չթողնել. ծնված օրվանից միասին են եղել, միասին էլ կլինեն անմահության մեջ: Ամուսնուն ու կնոջը` Վահեին եւ Շուշանին իրարից բաժանելը նորից մեղք կլիներ… Աստված էր միացրել նրանց ճակատագիրը, անգամ` աստված չբաժանեց… Հիմա էլ մեջտեղ բերեցին պանթեոնում կնոջ հուղարկավորումը բացառելու «հիմնավորումը», անտեսելով այն «արտակարգ, աննախադեպ» իրավիճակը, որ Քարամյան ընտանիքին «պագեւել էր» պատերազմը… Բայց սխալների վրա նոր սխալներ գործվեցին:

Ինչո՞ւ, ինչի՞ համար այս ամենը սարքվեց դեռեւս 90-ականներին նոր-նոր ձեւավորված ֆիդայական առաջին ջոկատների մասնակից Սամվել Քարամյանի գլխին, ով առաջին սիսիանցին էր, որ Իշխանասարի վրա թուրքի ձեռքից խլել էր նրա զենքը: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով: Սամվել Քարամյանն այդպես էլ չի կարողանում հասկանալ, անուններ չի տալիս, ասում է` աստծո դավթարում գրված են, իր ցավի վրա ինքնահաստատվածների սրտի դավթարում էլ, եթե սիրտ ունեն: Համոզված է, որ իրենց գործած սխալը հանգիստ չի տալիս նաեւ նրանց, տանջում է նրանց խիղճը, եթե ունեն… Ու հավատում է, որ դեռ ունեն…

Հ.Գ. Սամվել Քարամյանը հույսը չի կորցնում, որ մի օր վերականգնվելու է զինվոր որդու` ոտնահարված պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար ունակ է դիմելու նաեւ ծայրահեղ քայլերի` անգամ հայրենիքին մատուցած ծառայության համար որդուն տրված «Մարտական ծառայության» մեդալը հրապարակայնորեն վերադարձնելու, ափաչքարա իր անմեղ նահատակների աճյունները «Սիսիանի նոր զինվորական պանթեոնից» որեւէ այլ վայրում վերահուղարկավորելու գնով: Ասում է` էս խմորը դեռ շատ ջուր է տանելու…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ… Խաղաղ ժամանակ քրտինք պիտ խառնես հողին, պատերազմի ժամանակ` արյուն…

Տեղադրվել է - Ապրիլ 6, 2021 0
Արցախյան ազատամարտի հերոսական ուղի անցած Սիսական ջոկատի մարտակոչով կրկին Սիսիանի` Սիսակ Նահապետի անունը կրող հրապարակում էին հավաքվել սիսիանցի ազատամարտիկները` միանալու…

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: