ԻՆՁ ԽԱԲԵՑԻՆ, ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է…

Տեղադրված է at Մարտ 21, 2024
1097 0

Սիսիանցի 19-ամյա Լիլյա Գեւորգյանը հրապարակել է իր առաջին, բայց` վստահաբար, ոչ վերջին գիրքը, քանի որ, ինչպես ինքն է ասում, երբ ունես ասելիք, երբ ունես ընթերցող, երբ ունես քո հաջորդ գրքին սպասող, պիտի գրես, ավելի ճիշտ` չգրել չես կարող: Լիլյան իր գիրքն անվանել է «Գողացված մանկություն», իսկ նախաբանում գրել` «Ես թիթեռ եմ, կարճ կյանք ապրող մի թիթեռ, որ ամեն թռիչքից հետո վախենում է, թե արյունը կսառչի ու ջուր կդառնա»: Ինչու է «գողացվել» ընդամենը 19 տարի ապրած աղջնակի մանկությունը եւ ինչու է նա իրեն համեմատում միայն երեք օր ապրող թիթեռի հետ… Փորձեցինք պարզել հենց նրանից:

-Պատմիր քո մասին, Լիլյա:

-Ես 19 տարեկան եմ, ավարտել եմ Սիսիանի ավագ դպրոցը, ընդունվել Հայաստանի Ֆրանսիական համալսարանի կառավարման բաժին, սովորում եմ երկրորդ կուրսում: Ես սովորական մեկն եմ, ով իր ճանապարհն ինքն է ընտրել, իր բուհն ու իր մասնագիտությունն ինքն է ընտրել ու առաջին ինքնուրույն քայլերն արել կյանքում: Համոզված եմ, որ իմ ընտրած մասնագիտությունն այն է, ինչ ինձ հետաքրքրում է, ինչ ինձ պետք է եւ հոգեհարազատ է:

-Ե՞րբ սկսցեիր գրել:

– Երբ 2020-ի պատերազմից առաջ միակ եղբորս ճանապարհեցինք բանակ: Մինչ այդ էլ սիրել եմ գրել, բայց գրում էի միայն ինձ համար: Սակայն պատերազմի ամենածանր օրերին, երբ տանը միայն ես ու մայրս էինք, հայրս էլ էր զորահավաքով մասնակցում պատերազմին, շատ անհանգիստ էինք: Ամենածանրն այն էր, որ պատերազմից առաջ, քովիդի պատճառով, երկար ժամանակ չէինք տեսել զինվորական եղբորս, ու կարոտն անասելի էր: Սակայն իմ ծանր մտքերով ու տրամադրությամբ չէի ցանկանում կիսվել անգամ մայրիկիս հետ, չխորացնել նրա տագնապները, նրա անհանգստությունը, ու սկսեցի գրել ինքս ինձ համար, որ ինձ ներսից չսպանեմ: Դա միակ ձեւն էր, որով խաղաղվում էի, թեթեւանում, հաղթահարում պատերազմի արյունոտ պատկերները: Եւ ստացվում էր: Եղբայրս կռվել է Շուշիի մատույցներում: Պատերազմից հետո ծառայությունն ավարտել ու վերադարձել է տուն:

-Ինչո՞ւ` «Գողացված մանկություն», դու վաղուց հատել էիր մանկության շեմը:

-Թեպետ տարիքի առումով ես անցել էի մանկության շեմը, բայց դեռ մանկության մեջ էի, կյանքն ինձ ավելի գունեղ էր թվում, ճանապարհս` հարթ: Երբ քո կյանքը կախված չէ ուրիշների որոշումներից, դեռ ապրում ես մանկության աշխարհում, մեկ էլ պատերազմը բացում է քո աչքերը, գունազերծում քո աշխարհը… Ու ես միանգամից մեծացա, մեծացա ոչ թե 1-2 տարով, այլ` շատ, մեկուսացա իմ ընկերներից, ես ինձ ավելի լավ էի զգում իմ մենության մեջ ու կարողացա ճանաչել նաեւ ինձ, եւ դրան օգնեց, նպաստեց գրելը: Բայց ես արդեն լրիվ այլ մարդ դարձա:

-Վերնագիրը շատ բան է հուշում. ինչի՞ մասին է քո գիրքը:

– «Գողացված մանկություն» գիրքը պատմվածքների ժողովածու է: Ընդգրկում է 18 պատմվածք: Արծարծված են տարբեր թեմաներ, կյանքին, աշխարհին, իրականությանը նայում եմ տարբեր տեսանկյուններից, փորձել եմ ներկայացնել իմ հասկացած, իմ ճանաչած կյանքը, սերը, պատերազմը… Կան եւ իրական, եւ հորինովի հոգեվիճակներ, իրական եւ հորինովի կերպարներ, բայց, իմ կարծիքով, ամեն ինչ վերցված է կյանքից: Մի շրջան կար, որ միայն բացասական երեւույթների մասին էի գրում, անընդհատ կռիվ էի տալիս աշխարհի հետ, մարդկանց հետ, ինքս ինձ հետ, թե ինչու է այսպես, ինչու է այնպես… ու պատասխանը չէի գտնում, հիմա էլ չեմ գտնում, ու չգիտեմ` երբեւէ կգտնե՞մ, չգիտեմ` որեւէ մեկը կարո՞ղ է այդ հարցերի պատասխանը գտնել…

-Այդ  պատմվածքներից կա՞ն առավել սիրելիները:

-Կդժվարանամ ասել, քանի որ բոլորի մեջ որեւէ ձեւով ես կամ, իմ մասնիկը կա, դրա համար չեմ փորձում առանձնացնել, բայց կուզենամ ներկայացնել հենց համանուն վերնագրով պատմվածքի վերջաբանը`«Մենք հաշվեցինք օրերը` հուսալով, որ այս պատերազմը բնական թվերի անսահմանության գերին չի դառնա: Հաշվեցինք 44-օր, բայց ինձ նորից խաբեցին` ասելով, թե պատերազմն ավարտվել է: Ինձ խաբեցին` հիշելով տարիքս, բայց այդ մարդիկ մոռացան, որ ես վաղուց փոքր չեմ, ու իրենք ինձ մի գողացված մանկություն են պարտք…»:

-Հե՞շտ ես գրում:

-Բավականին: Բայց գրում եմ այն ժամանակ, երբ հույզերը շատ են, երբ եռում եմ ու շատ անկեղծ եմ, բայց հետո զգում եմ, որ պիտի անկեղծության սահման դնեմ … Երբեմն շատ անկեղծությունը խանգարում է: Պիտի տեղ թողնել: Դա հասկանում եմ, երբ իմ գրածը կարդում եմ արդեն ոչ թե որպես հեղինակ, այլ` ընթերցող: Երբ քննադատաբար եմ վերաբերվում իմ գրածներին, հասկանում եմ, որ հենց այդ կետից եմ սկսել աճել եւ ձգտել ավելիին: Կուզենամ մի փոքր հատված մեջբերել «Նռնենի» պատմվածքից`Մեզանից այն կողմ քաղաքի լույսերն էին վառվում, ինչպես ամեն գիշեր էր: Մեզ հարվածում էին երեւի միայն քամիները: Ցավից սեղմում ու ճանկռում էին մարդկանց ձեռքերն ու կյանք էին գոռում, որ գիշերը երկինքը լուսավորվի միայն աստղի լույսից: Մեզնից այն կողմ երկինքներն էին մեռնում, հողն էր քար դառնում, որ սրտերը չհասցնեն քարանալ: Նոր ծնունդ էին ունենում աղոթքները, ու եկեղեցիները մի ոտնաչափ տեղ չէին ունենում, որ հավատացյալը կարողանա Աստծո տուն մտնի…

-Ամեն ոք չէ, որ համարձակություն եւ հնարավորություն ունի գիրք հրապարակել:

– Այո, իհարկե: Գրել կարող են շատերը, բայց գիրք հրապարակել…Սկզբում գրել եմ միայն ինձ համար, բայց երբ հասկացա, որ իմ ապրումները, իմ հույզերը կարող են հետաքրքրել նաեւ ուրիշների, ովքեր պատերազմի ժամանակ անցել են նույն ճանապարհը, ունեցել նույն տագնապները, գուցե իրենք էլ իմ միջոցով գտնեն իրենց այս գրքում…Ու այդպես ծնվեց գիրքը: Ես, իհրակե, շնորհակալ եմ «Էջ» հրատարակչությունից, գրքի ձեւավորողից, հովանավորներից, եւ, անշուշտ, խմբագրից` Սեւակ Ղազարյանից (Պարույր Սեւակի թոռը), ով մեծ վստահություն ներշնչեց ինձ, իմ ընտանիքից, իմ պապից, որ հավատացին ինձ:

-Ի՞նչ կուզենաս ավելացնել:

-Եւ որպես վերջաբան ու ելք այս մտքերից, ուզում եմ, որ դու սովորես չսպասել արծվի թեւերի լայն բացվածքին:

Դու թիթեռ ես:

Ծովը կփոթորկվի մի օր, ու մեր հուշերը կխառնվեն ալիքներին, բայց եւ ոչ ոք չի հիշի, որ մենք մի լուսավոր մշուշում մի թիթեռ ենք եղել, ով սիրում էր կյանքը…

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՀԵՐՈՍԻՆ ՉԵՆ ՈՂԲՈՒՄ, ՀԵՐՈՍԻՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ… Խաչքար` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի Միքայելյանին

Տեղադրվել է - Նոյեմբեր 13, 2021 0
Շամբի միջնակարգ դպրոցի պատին Մակիչ Ասրյանի եւ Մարատ Հակոբջանյանի հիշատակի ցուցապաստառների կողքին ավելացավ եւս մեկը` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի…

93-ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԷՋԵՐ

Տեղադրվել է - Մայիս 7, 2023 0
Ամեն անգամ մեծ ուրախությամբ եմ ընդունում մեր հարգարաժան հայրենակից, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Ալեքսանդրի Ղարիբյանի` իր մանկության, պատանեկության…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code