44-օրյա պատերազմի նահատակների մասին գիրք տպագրելու միտքը հետո ծնվեց: Պատերազմի առաջին օրերին, երբ գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում, պանթեոնից շտապ վերադառնում էի` օրվա նահատակի կամ` նահատակների մասին հնարավորինս արագ տեղեկատվություն հրապարակելու «Որոտան» կայքում: Այդ օրերին անպատկերացնելի էին մեզ պատուհասած աղետի չափերը եւ այն զարհուրելի իրողությունը, որի մեջ ապրում էինք: Գրեթե ամեն օր պանթեոն գնալ-զինվոր թաղելը դարձել էր մեր կյանքը, մեր ապրելաձեւը, մեր հոգեվիճակը: Օր է եղել` միաժամանակ երեք, չորս, անգամ` վեց զինվոր ենք հուղարկավորել: Եւ այնպես էր ստացվում, որ մեկի հուղարկավորումը զուգադիպում էր մյուսի ինքնահողին, յոթին կամ` քառասունքին…
Ու պանթեոնում գրեթե ամեն օր ես զոհվածի մայր էի տեսնում, զոհվածի հայր: Ամեն նահատակի հետ փոխվում էին սգո թափորի մասնակիցները, բայց բոլորի դեմքին դաջված էր նույն զգացումը` ՑԱՎԸ: Պատահել է` նույն օրը զինվոր էինք թաղում ե՛ւ Սիսիանում, ե՛ւ Անգեղակոթում, ե՛ւ Շաղատում, ու որովհետեւ միաժամանակ չէի կարող ներկա լինել բոլոր տեղերում, ինձ խոստանում էի նրանց մասին նույնպես գրել…
44-օրյա պատերազմում Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 նահատակներից միայն 4-ի հուղարկավորմանը ներկա չեմ եղել (երկու դեպքում` հիվանդության, մեկ դեպքում` իմ քեռու թաղումն էր Լծենում, մյուսը` հապճեպ հուղարկավորում): Երբ քեռուս թաղումից վերադարձա, 2021-ի հունվարի 21-ի իմ ֆբ էջի նամականիում կարդացի ErvandGayane օգտատիրոջ` «Բարի երեկո, կներեք մի բան հարցնեմ էլի` ինչո՞ւ Կարապետյան Արմանի մասին նյութ չհրապարակեցիք, անկեղծ ասած, շատերս էինք սպասում ձեր գրառումին, որը տարբերվում է մյուսների գրածներից» նամակը, ինձ համար, գոնե, պարզեցի, որ մարդիկ սպասում էին նահատակների մասին իմ հրապարակումներին, ու գուցե հենց այդ պահերին էլ ծնվեց գիրք տպագրելու գաղափարը: Երբ Արման Կարապետյանի մայրը զոհվածներից մեկի մասին հրապարակած իմ հոդվածի տակ գրեց` «Ամենքի մասին յուրովի գրում եք» մեկնաբանությունը, երբ դեռեւս ինձ անծանոթ ծնողները պանթեոնում գրկում էին ինձ, շնորհակալություն հայտնում իրենց որդու մասին գրած իմ բառերից, որոնք, ինչպես իրենք էին ասում, օգնում են իրենց ապրել, երբ զոհված Տիգրանի մայրն ասաց` տղայիս մասին ի~նչ լավ էիր գրել, բայց Ժորկայի մասին էլ էիր լավ գրել, երբ Ժորկայի Արեւիկ տատը շատ էր ցանկացել թոռան մասին հատկապես «իրենց Արեւիկը գրի», երբ նահատակ Արմենի հայրը` Գեւորգը, ամեն հանդիպելիս ասում էր` օրը հազար անգամ կարդում եմ Արմենիս մասին գրածդ ու չեմ հագենում, երբ պանթեոնում հապճեպ կատարված թաղմանը նահատակի հարազատները նկատել էին իմ բացակայությունը, զարմացել, հետո մտածել` երեւի հիվանդ է, որ չի եկել, երբ նահատակ Գարիկի դուստրը հարցնում էր` որտեղի՞ց եք ամենքի համար իրեն համապատասխան, բնորոշող բառերը գտնում, հասկանում էի, որ յուրաքանչյուրն ինքն էր «հուշում, թելադրում» իրեն արժանի իր բաժին բառը, գիտակցում, որ այդ ահասարսուռ եւ ծանր օրերին տեղին ասված ամեն իմաստավոր բառ բալասան է, սպեղանի, դարման` կոտրված սրտին, ու գուցե հենց այս տրամադրություններն են հուշել գրքի գաղափարը:
Եթե ասեմ` չէի գիտակցում իմ արածի կարեւորությունն ու նշանակությունը, «Որոտան» թերթի` ավելի քան 30 տարվա լրագրող-խմբագրիս պարագայում համոզիչ չէր լինի: Թերթն ինքնին տարեգրություն է, ժամանակագրություն: Բայց, հավանաբար, այս ազդակների արդյունքում էր, որ առարկայանում էր գիրք տպագրելու միտքը:
Նույնչափ կարեւոր էին իմ էջի եւ կայքի հետեւորդների կարծիքները, ովքեր նույնպես գնահատում, արժեւորում էին արածս: Գուցե նաեւ ա՞յդ կարծիքներն ինձ վստահություն ներշնչեցին իմ կատարածի կարեւորության մեջ, ու հենց այդպես ամրապնդվեց գիրք տպագրելու միտքը: Ես հասկացա, որ 44-օրյա պատերազմում իմ զենքն էլ իմ գրիչն է, որը պարտավոր է հերոսացնել, անմահացնել, սերունդներին, պատմությանը թողնել հայրենյաց նահատակների անունն ու սխրանքը: Գրքի վերնագիրն ու խորագիրն էլ հենց ցավի այդ խելահեղ ընթացքում ծնվեցին: Հասկացա, որ դա էլ իմ բաժին պատերազմն էր, որը պարտավոր էի հաղթել եւ նվիրել նահատակների ծնողներին, կանանց, զավակներին:
… Ու երբ այլեւս ամեն օր զինվոր չէինք թաղում, «ժամանակը ետ պտտեցի», գնացի նահատակների տներ, զրուցեցի նրանց ծնողների հետ, որ իմ վավերապատումներն ավելի հանգամանալից, հավաստի, արժանահավատ, իրական ու կենդանի լինեն, որ նահատակների մասին անմիջականորեն պատմեն նրանց ծնողները, հարազատները, որ նրանց մասին կերտվող պատմությունը անխաթար մնա ժամանակի մեջ, մեր պատմության հերոսամատյանում եւ 44-օրյայի տարեգրությունում: Ու սկսվեց իմ տառապանքի ոդիսականը` Սիսիան-Նորավան-Բռնակոթ-Շաղատ-Անգեղակոթ-Լծեն-Շաքե-Շամբ-Որոտան-Աղիտու-Սալվարդ-Վաղատին-Իշխանասար-Երեւան «երթուղով», որ նահատակների ընտանիքների հետ միասին հաղթահարենք համազգային ցավի փորձության` մեր բաժին ցավը…
Երբ պատերազմի ավարտից ամիսներ, անգամ` տարի հետո բախում էի նահատակի տան դուռը ու զգում զոհվածի ծնողի կամ` կնոջ «զարմանքը` այդքան ժամանակ անց իրենց չմոռանալու, իրենց այցելելու համար», երբ սրդողած տեսակապով կապվում էի նահատակի` Երեւանում ապրող ինձ անծանոթ ծնողի հետ, բայց լսում նրա հարազատաբար, բարեկամաբար ասված` սպասում էի քո զանգին խոսքերը, «մոռանում էի» նախորդ օրերի գերհոգնածությունը, հույզերը, տկարությունը, ուժասպառությունը, անգամ` հիվանդությունը եւ շարունակում իմ գործը:
Եւ, այնուամենայնիվ, վստահ չեմ, որ ամեն ինչ անթերի է ու կատարյալ: Վստահ չեմ, որ կարողացել եմ ամեն ինչ նահատակների ծնողների եւ հարազատների սրտով անել: Վստահ չեմ, որ բոլորին եմ կարողացել ըստ արժանվույն ներկայացնել: Վստահ չեմ, որ նրանց մասին այլեւս գրելիք չկա: Բայց վստահ եմ, որ գրել եմ մեծ նվիրումով, անհուն սիրով ու ցավով` հավատարիմ մնալով իմ լսածին ու տեսածին, իմ զգացածին ու ապրածին: Իսկ եթե վերանանք օրվա այժմեականությունից եւ գիրքը թերթենք, ասենք, մի քանի տասնամյակ անց, վստահ եմ, որ մեր նահատակների անունները փայլելու են նույն շողարձակ լույսով, պատմության մեջ ապրելու են նույն փառապսակ կերպարով, նույն հերոսական նկարագրով, հավետ խոնարհումի եւ խնկարկումի նույն խորհրդով:
44-օրյա պատերազմում Սիսիանը կորցրել է իր 82 զավակներին: 64 հոգի հուղարկավորված է Սիսիանի համայնքային, 2-ը` Անգեղակոթի, 3-ը` Շաղատի պանթեոններում: Մեկ հոգի հուղարկավորված է Սիսիանի գերեզմանատանը, մեկ հոգի` Նուբարաշենում, մեկը` Ավանի ընտանեկան գերեզմանում, մեկը` Մասիսի եղբայրական գերեզմանատանը: 9 հոգի հանգչում է Եռաբլուրում: Մեր 82 նահատակներից բացի գրել եմ եւս 2 զոհվածի մասին, ովքեր թեեւ ծննդով սիսիանցի չեն, բայց սիսիանցի են նրանց կանայք, ում հանդիպել եւ զրուցել եմ Շաղատում` շաղատեցի զոհվածների մասին նյութերը նախապատրաստելիս: Նրանք եւս հուղարկավորված են Եռաբլուրում:
44-օրյա պատերազմում Սիսիանի պանթեոնում առաջին հուղարկավորությունը կատարվել է 2020-ի սեպտեմբերի 29-ին, վերջինը` 2022-ի հունվարի 18-ին:
Գրքում ներառել եմ նաեւ 2018 թ-ի ձնահոսքից մահացած պայմանագրային զինծառայող Հայկ Քարամյանի, ինչպես նաեւ 2022-ի մայիսին Սոթքի զորամասում սպանված ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մասին պատմող հոդվածները:
«Ցավի փորձություն. 44-օրյա պատերազմ» գիրքն ունի երեք բաժին` «Ճակատագրի սերունդ», որը նվիրված է 44-օրյա պատերազմի նահատակներին, «Եւ դարից երկար ձգվող օրը. 2016. Ապրիլի 3», որը նվիրված է ապրիլյան քառօրյայի զոհերին եւ` «Շփման գիծ», որտեղ զետեղված են 2014-2015 թ.թ. հայ-ադրբեջանական շփման գծում զոհված մեր 5 ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների մասին պատմող հոդվածները:
Գիրքը կազմվեց այնպես, որ չխախտվի ժամանակագրությունը, պահպանվեց նահատակների հուղարկավորման ժամանակային հաջորդականությունը, թեեւ նրանց մասին հոդվածները գրվեցին տարբեր ժամանակներում: 2020-ի սեպտեմբերի 29-ից մեր նահատակների մասին գրված շատ հոդվածներ, որոնք արդեն հրապարակվել էին «Որոտան» կայքում, որոշեցի գրքում զետեղել նույնությամբ` պահպանելու տվյալ ժամանակի ոգին, զգացողությունները, տրամադրությունները, հոգեվիճակը, #Հաղթելու ենք, #Հաղթում ենք, #Հաղթել ենք, #Հաղթել ես հեշթեգով, որ ավելի ամբողջական դառնա այդ օրերի պատկերը: Գիրքը «բացվում է» 2020-ի տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Գրիշա Մաթեւոսյանին նվիրված հոդվածով. ցավոք, Սիսիանի պանթեոնում Գրիշայով սկսվեց «նոր շարքը», որը հետո այլեւս ինքն իր մեջ անկարող եղավ «տեղավորել» մեր ցավը եւ անգթորեն տարածվեց:
«Ավարտվեց» 2020-ի սեպտեմբերի 29-ից սկսած` «ճակատագրի սերնդի մասին» կերտվող «իմ բաժին պատերազմը», որ գրվեց իմ արյամբ, բոլորի համար ու բոլորի հետ թափված իմ արցունքով, չավարտվող պատերազմի երկարուձիգ օրերում չավարտվող ցավով ու ափսոսանքով, իմ ամեն նյարդով, ամեն բջիջով, բայց եւ` անլացուկոծ, առանց լալահառաչ ողբասացության, առանց աղեկտուր ճիչերի, նահատակին արժանավայել, արժանապատիվ հերոսացմամբ, որովհետեւ հերոսներին չեն ողբում, փառավորում են: Հազար անգամ խոցվեցի, բզկտվեցի, քամվեցի, մաղվեցի, արյունաքամ եղա, ընկա, բարձրացա, բայց մնացի «իմ խրամատում»: Նոյեմբերի 10-ին «արթնացա մեռած», հոգիս դուրս էր եկել մարմնիցս ու պտտվում էր վրաս: Ձեռքերով շոշափեցի ինձ, գտա, համոզվեցի, որ ես եմ, մտաբերեցի անունս, հիշեցի անելիքս ու շարունակեցի «ապրել»… «Ցավի փորձությունը» միասին «հաղթահարեցինք» պատերազմի նահատակների մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների հետ` ի խորոց սրտի նրանց հայտնած երախտապարտ, երախտագետ շնորհակալությամբ: Դա՛ ինձ պահեց ոտքի վրա, դա՛ վստահություն ներշնչեց այն հանդուգն, խիզախ, կարեւոր ու անչափ պատասխանատու գործի մեջ, որ, ինչպես իրենք էին ասում, ուրիշ մեկը ի զորու չէր եւ հանձնառու չէր… Գրեթե երկու տարվա տառապալից, սպանող, բայց` հերոսական վավերապատումն ավարտելուց հետո միայն մի բան եմ խնդրում աստծուց` թող իմ գրիչն այլեւս, երբեք ոչ մի նահատակ զինվորի մասին մեկ տող, մեկ բառ անգամ չգրի:
Հ.Գ. Ես ամեն օր «քայլում էի պատերազմի միջով», իսկ աշունը Սիսիանում այնքան սիրուն էր ու մեղավոր` հեղվող արյան, թափվող տերեւների եւ լուռ արցունքների «տոնահանդեսում»…Ես ամեն օր քայլում էի պատերազմ «բուրող» սիսիանյան անգթորեն շքեղ աշնան միջով, ու պատերազմն իմ մեջ էր, զոհերն իմ մեջ էին, զոհվածն ու զոհվողը ես էի… Ես ամեն օր զոհվում էի` զինվոր թաղելիս, հետո ամեն օր հառնում էի, որ նորից զինվոր թաղեմ…
2020-ի աշնանը ես ամեն օր քայլում էի ոսկեդեղին, ինքն իր գեղեցկությունից ամաչող ու ամոթից, ցավից, տխրությունից գունավոր արցունքներ թափող շքեղ աշնան միջով… Իսկ աշնան մյուս կողմում ծաղկուն գարուններ էին մեռնում…
Պատերազմն իմ հոգում երկարում է ու դեռ չի ավարտվել, ու ամեն աշնան, երբ Սիսիանում այն նույնքան սիրուն ու մեղավոր լինի, իսկ աշունը Սիսիանում միշտ է սիրուն, ես կրկին «քայլելու եմ պատերազմի միջով» ու փնտրելու եմ ճակատագրի սերնդի այն առինքնող, սիրուն ու մահը հեգնած ժպիտները, որ ես էի երկինք ճանապարհել…
Մենք դեռ երկար ենք քայլելու սիրուն ու մեղավոր աշնան միջով, որի անունը պատերազմի աշուն էր…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ