Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը առիթ դարձավ «հայտնաբերելու» արժեքավոր մի քանդակ: Միջադեպը մտածել տվեց` անհնար էր, որ մեր նոր քերթության անհաս Արարատի եւ հայ քանդակի Միքելոնջելոյի ուղին մի տեղ, երբեւէ, հատված չլիներ… Պարզվում է` խաչվել է, եւ արգասիքը բարձրարվեստ մի գործ է, որը շատ վաղուց կար, բայց մոռացումի թանձր փոշին «թաքցրել էր» նրան իր հաստ շերտի տակ: Գրեթե ոչ ոք չգիտեր, որ Սիսիանի մշակույթի տանը գոնե մեկ անգամ իր տեսած Թումանյանի քանդակը հեղինակ ուներ, այն էլ` Արտաշես Հովսեփյանը…
Փետրվարի 20-ի առավոտյան գնացի Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան: Թանգարանի հարեւան 78-ամյա Մանվել հայրիկը (Արտաշես Հովսեփյանի քրոջ` Պայծառի որդին) անհամբեր ինձ էր սպասում: Ամբողջ գիշեր չէր քնել: Երբ հեռուստացույցով լսել էր Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված հաղորդումները, հանկարծ հիշել էր, որ շատ-շատ տարիներ առաջ (ինքն այդ ժամանակ եղել է 18 տարեկան) քեռին` Արտուշը (ինքն այդպես ասաց) Թումանյան է քանդակել, որը դրված է եղել Սիսիանի մշակույթի տանը… Հիշեցի, որ մշակույթի տանը այդ քանդակը ես էլ եմ տեսել … ու գնացի այնտեղ:
Տնօրեն Վարդուհի Մարգարյանը հավաստեց, որ Սիսիանի մշակույթի տան հաշվեկշռում կա նման քանդակ, բայց գույքացուցակում որեւէ նշում չկա քանդակի ստեղծման թվի եւ հեղինակի մասին:
Քանդակը զննեցինք տարբեր դիրքերից: Աշխատանքը գիպսից է, մի քանի տեղ` վնասված, Թումանյանի ձեռքին` գրիչ, հայացքը` դեպի անհունն ու անհայտը… Բայց քանդակի վրա ոչ մի գրություն, ոչ մի վկայություն, ոչ մի հիշատակում չգտանք… Խորհրդակցելով միմյանց հետ` զանգահարեցինք հնարավոր բոլոր այն մարդկանց, ովքեր անցած տարիներին եղել են մշակույթի բաժնի վարիչ, շրջկոմի քարտուղար, ովքեր քիչ թե շատ մտերիմ կամ` ծանոթ են եղել Արտաշես Հովսեփյանին կամ Զաքար Խաչատրյանին` այս քանդակի հեղինակի մասին որեւէ տեղեկություն իմանալու: Փնտրտուքը ապարդյուն էր: Ապա զանգահարեցինք նկարիչ Սլավիկ Խաչատրյանին, ով աշակերտել էր Զաքար Խաչտրյանին եւ մշտապես կապի մեջ եղել նրա հետ: Սլավիկ Խաչատրյանն անմիջապես ասաց` Մաեստրոն է: Խնդրեցի գալ մշակույթի տուն: Նորից զննեցինք քանդակը, ու նորից ոչ մի հետք, ոչ մի մակագրություն, բայց նկարիչն ասաց, որ այն շատ հին աշխատանք է, իսկ այդ տարիներին Սիսիանում հազիվ թե գտնվեր մեկը, որ կարողանար արվեստի նման գործ ստեղծեր…
Մանվել հայրիկից հետո Սլավիկ Խաչատրյանը երկրորդ մարդն էր, ով հաստատեց քանդակի հեղինակի ով լինելը, բայց, կասկածը սրտումս, դեռեւս չէի շտապում «էվրիկա» բացականչել… վախենում էի հուսահատվելուց… Հավատալով նրանց, ինձ, միեւնույն է, որեւէ փաստ էր պետք` մակագրություն, փորագրություն, որեւէ հիշատակում, տարեթիվ, անվան տառեր` ամբողջությամբ հավաստիանալու ու հետո միայն ողջ պատասխանատվությամբ բարձրաձայնելու, որ «գտել ենք» Թումանյանի քանդակի` «անհայտ» հեղինակին…
Քիչ անց Սիսիանի հրապարակում մի քանի տարեց մարդկանց հանդիպեցի: Հետաքրքվեցի` որեւէ բան գիտե ՞ն մշակույթի տան Թումանյանի քանդակի մասին: «Արտուշն ի արե»,- ղարաքիլիսյան բարբառով ասաց ամենատարեցը, ում չէի ճանաչում: «Ի՞նչ գիտեք»,– միանգամից հետեւեց իմ հարցը: «Դու որ պատմեցիր, անմիջապես աչքիս առաջ Մարգարիտ մայրիկը եկավ, որ ասել էր` Արտուշը Թումանյան ի քանդակե, բերում են Սիսիան: Մենք հին հարեւան ենք եղել»,– շատ վստահ ու հանգիստ ասաց ինձ անծանոթ մարդը` Յուրիկ Հակոբջանյանը:
Սա էլ երրորդ վկան, էլ ի՞նչ ունես չհավատալու, մտածեցի, բայց… Հավանաբար չափից ավելի մեծ էր ցանկությունս, որ այն, իսկապես, Արտաշես Հովսեփյանը քանդակած լիներ, ու մենք «գտած» լինեինք նրա «կորած» աշխատանքներից մեկը, դրա համար էլ դեռ լիարժեք չէր ուրախությունս…
Հաջորդ օրվա առավոտը շատ խորհրդավոր բացվեց ինձ համար… Մշակույթի տան տնօրենի զանգն էր` «գտե՜լ ենք» բացականչությամբ… Փոշեծածկ մի քանի գիծը, որը քանդակի վրայի խազեր էինք կարծել, պարզվել է` մակագրություն է…1959 Aah: Ո՜ վ հրաշք: Այլեւս որեւէ կասկած չկար, որ այս հրաշալի քանդակի հեղինակը Արտաշես Հովսեփյանն է:
Արտաշես Հովսեփյանը Թումանյանի քանդակը կերտել է 28 տարեկանում, տակավին` երիտասարդ, շատերին տակավին դեռ անհայտ-անծանոթ, քանդակագործության մեջ դեռեւս իր խոսքը չասած, բայց արդեն` վարպետ, արդեն` ուրույն ձեռագրով, Թումանյանի` նուրբ, խոհական, կերպարային, զգայուն, խորքային ու խոհա-փիլիսոփայական բացահայտումով…
Դրանից միայն 10 տարի հետ է քանդակել Սիսիանի մուտքի վեհաթռիչ, սքանչելի Արծիվը… Նույն նրբագեղ ձեռագիրն է…
Այդ տարիներին Սիսիանի շրջկոմի քարտուղարը եղել է Մհեր Մելքոնյանը, Սիսիանի մշակույթի տան տնօրենը` Զաքար Խաչատրյանի ընկերներից մեկը` նկարիչ Սուրեն Եղիազարյանը… Նրանք վաղուց չկան: 2017 թվականին կյանքից հեռացան նաեւ սիսիանցի երկու մեծ արվեստագետները` Զաքար Խաչատրյանն ու Արտաշես Հովսեփյանը, բայց… գիրը մնաց հիշատակող…
Այս հանգամանքն է, որ մեկ անգամ եւս ստիպում է բարձրաձայնել Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի կարեւորության մասին, կիսատ մնացած հիմնանորոգումն ավարտին հասցնելու եւ այն գործող դարձնելու մասին: Եւ որքան շուտ, այնքան ավելի շատ մասունքներ ի հատ կգան, կգտնվեն, կմեկտեղվեն ու կփրկվեն մոռացումից, քանի դեռ կան, ողջ են նրանց ժամանակակիցները, ընկերները, աշակերտները, ովքեր անսպառ հուշեր ունեն նրանց մասին: Վաղը ուշ կլինի, ինչպես` հաճախ է լինում…
Հ.Գ. Համո Սահյանն ասում էր` ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում: Թույլ տամ ինձ հավելել` իսկ «կորածը» գտնելը` առավել եւս… Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի տան մի անկյունում համեստորեն հանգրվանած եւ տարիներ ի վեր իր համար «խաղաղ ննջող» Թումանյանը հիմա ուրի՜ շ լույսի ներքո է երեւում` դառնալով կրկնակի արժեքավոր` Թումանյան է, ու Արտաշես Հովսեփյանի Թումանյանն է: Իսկ երբ քանդակի լուսանկարն ուղարկեցի Ազգային պատկերասրահի մասնաճյուղերի համակարգող, արվեստաբան Գայանե Եղիազարյանին` հիացմունքից բացականչեց` «էսպիսի՜ Թումանյան դեռ չեմ տեսել»…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տ/թ վարիչ
2019 թ. փետրվար