ԹԵՐԹՎՈՂ ՀՈՒՇԵՐ ՇԱՐՔԻՑ. ՎԻԿՏՈՐՅԱ

Տեղադրված է at 11:49
713 0

Նվիրում եմ ծնողներիս և նրանց, ովքեր աշխատում էին Դարբասի և Լծենի միացված կոլտնտեսությունում։

 Նրանք չէին արտաբերում Աստծո անունը, բայց ապրում էին և գործում նրա պատվիրաններով։ Իսկ մենք մեծանում էինք նրա’նց զրույցների ներքո, նրա’նց խրատով, երբեք չանտեսելով նրանց դաստիարակող «Չի կարելիները»։

Մայրս կովը նախիրին խառնելուց հետո շարունակում է առօրյա գործերը։ Բոլոր գյուղացիների նման նա նույնպես աքլորականչից առաջ է արթնանում, որովհետև «այս եղանակի մեկ օրը տարի է կերակրում»։ Արդեն հասցրել է փայտե տակառը լցված անձրևաջրով ածուները ջրել, բակը ջուր ցանել, որ հասցնի ցամաքել մինչև ավլելը։ Շտապում է։ Հայրս սարվորի հետ լուր է ուղարկել, որ ավելուկը դախանում է, թող ժամանակ գտնի, գնա-հավաքի։ Շուշանին ու սիբեխին հաջորդող բույսն է ավելուկը, որը ձմռանը գյուղացիներիս համար ուտելիքի հիմնական մասն է, իսկ քաղաքաբնակների համար` սրտուզելիք։Մայրս գիտի, որ իր հետ մասուր կամ կանաչի հավաքելու գնալն իմ տարերքն է և գրեթե միշտ թույլ է տալիս ընկերակցել իրեն։ Ցանկացած աշխատանք անելիս նա մանրակրկիտ բացատրում է, թե ինչպես է արվում, սակայն մեզ՝ ինձ, քրոջս և եղբայրներիս հեռու է պահում կենցաղային գործերից։ Խստապահանջ է միայն մեր ուսման հարցում, որպեսզի լավ սովորենք, որ «մարդու շարք ընկնենք», և հաճախ է հիշեցնում, որ «հայրս սարին, ձորին տված աշխատում է, որ մեզ հասցնի մեր նպատակին»։ Մայրիկիս անհանգստությունը դասի ու դպրոցի հանդեպ ունեցած իմ անտարբերության համար խաղաղվում է, երբ մի օր բոլորովին պատահաբար ձեռքս եմ առնում Հ․Թումանյանի «Անուշ» պոեմը, որն ինձ համար ճանապարհ է բացում դեպի գրական աշխարհ։ Ընթերցանությունն ինձ համար դառնում է հաց ու ջրի նման պահանջ։ Ապրում եմ գրքերի աշխարհում։ Գրական կերպարները յուրովի եմ վերակերպարանավորում՝ համեմատում եմ իմ շրջապատի մարդկանց հետ, ինձ եմ պատկերացնում նրանց փոխարեն և երազում եմ նմանվել իմ սիրելի հերոսներին։ Եթե ընթերցանությանս խանգարող հանգամանք է լինում, գիրքը վերցնում եմ բարձրանում սաղարթախիտ կեռասենին կամ տան կտուրը։ Մայրս «չի նկատում և բողոքում է», որ գլուխս գրքերի միջից չեմ հանում»։

Իմ ամենասիրելի գիրքը նրա դասագիրքն է՝ Հայ Գրականության Քրեստոմատիան, որի էջերից ծանոթանում եմ նոր հեղինակներին և նրանց ստեղծագործություններին և կարդում ամբողջ ցանկը։ Ակնածանքով եմ լցվում, երբ նա աշակերտուհու առոգանությամբ կարդում է իր անցած դասերը, ասմունքում պոեմներն ու բալլադները։ Մեկ շնչով արտասանում է Ն․ Զարյանի` Ստալինին նվիրված շարքը ու հիշելով, թե ինչպես են լացել նրա մահվան բոթից, հազիվ լսելի ձայնով ասում է` Շու՜տ պիտի մեռներ, քանի՜ քանիսի գլուխը կերավ։ Երեկոյան ավարտին հասցրած Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» վիպակով տպավորված` բակն եմ ավլում ու մայրիկիս կողմից տրված մանր հանձնարարությունները կատարում։ Իսկ նա թեժ օջախի վրա եռացող կարտոֆիլի կաթսայի մի կողքին թեյնիկն է դնում, մյուս կողքին` սոխեռածի փոքրիկ թավան։ Երեկոյան թրջած լավաշն է ծալում, եռացրած ու հովացած կաթով մածուն է մերում ու հորս հացը կապում։ Գիրք քննարկելու ժամանակ չկա․«մայրիկիս ոտքերի տակ կրակ է վառվում»։ Քրոջս զգուշացնում է, որ տունն աչքաթող չանի, չմոռանա կեսօրին հորթին ու հավերին կեր տա, մերած մածունը ժամանակին բացի, որ «չպճպճա»։ Ցանցանման պայուսակը՝ «սետկան», որի մեջ գոգնոցներով փաթաթած դանակներն են ու շալակի համար նախատեսված սփռոցը, տալիս է ինձ, ինքը նույնանման հացի պայուսակը վերցնում ու գնում ենք դեպի գյուղամեջ։ Այգաբացից առաջ սկսված առօրյան ավելի ակտիվ ընթացքի մեջ է։ Ամռանը մեծից փոքր և՛ իրենց անելիքը գիտեն, և՛ ժամանակի գինը։ Աշխատանքը շատ է, աշխատուժը` քիչ։ Նույնիսկ շրջկենտրոնի տարբեր հիմնարկությունների աշխատավորներն են շաբաթօրյակ կազմակերպում գյուղացիներին օգնելու համար։ Մայրս գլխի թեթև շարժումով բարևում է կենցաղի տան բակում հավաքված մարդկանց, որոնք սպասում են կոշկակար Անուշավանին ու նկարիչ Մարտիկին։ Վարսավիր Արտաշեսն ու դերձակ Համիկը աշխատանքային ժամից շուտ են սկսել իրենց գործը։ Քայլում ենք դեպի մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ունիվերմագը, որին գործակատարի անունով «Աստղիկի խանութ» ենք ասում։ Մայրս մանր գնումներ է կատարում սարվոր հորս համար, շուտ սպառվող «ապրանքից» պահել տալիս, պայմանավորվելով, որ առաջին հնարավորության դեպքում գնալու է գնի, ու դուրս ենք գալիս։ Նույն ուղղությամբ կառուցված ակումբի պատին կինոմեխանիկ Գառնիկը երեկոյան ցուցադրվող ֆիլմի աֆիշն է փակցնում։ Մանկապարտեզի կողքով անցնելիս մայրս երանությամբ հիշում է, որ այն իր դպրոցն է եղել։ Ուրիշ ժամանակ պատմում է դպրոցական` մասունքի պես թանկ հուշերը, որոնք յուրովի դասեր են դառնում մեզ համար։ Փոքրիկ կանաչապատ տարածքում երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորներիի հիշատակին նվիրված հուշարձանն է, քիչ հեռվում` երկհարկանի շենքը, որի առաջին հարկում փոստն է ու «Բրթելի բուֆետը»։ Այն նույնպես գործակատարի անունով ենք անվանում, իսկ երկրորդ հարկը զբաղեցնում են «գյուղսովետի» և «կոլխոզի» գրասենյակները։

Ամեն օր ակումբավար Ալավերդյան Գուրգենը, իր գործին նվիրված, թարմացնում է այս և հարակից շենքերի պատերից կախված լոզունգներն ու պլակատները, որոնք ագիտացիայի և պրոպագանդայի նեղ միջոց էին։ «ՍՄԿԿ համագումարին ընդառա՛ջ», «Հնգամյակը` երե՛ք տարում», «Ո՛չ մի ծեղ խոտ դաշտում», «Կատարում ենք կաթի՛, ձվի՛,բրդի՛ պլանը» և նմանատիպ կոչերն ամեն պահ զարթուցիչի նման սթափեցնում են, ոգևորում և իրենց անելիքը պարտադրում կոմունիզմ կառուցող կոլտնտեսականներին։ Բոլորը՝ շրջանին պատկանող գյուղերն իրար հետ, հանրապետության շրջանները և ԽՍՀՄ հանրապետություններն` իրար միջև մրցակցում են։ Հաղթող անհատները պարգևատրվում են պատվոգրով, դրամական պարգևով կամ աշխատանքային հերոսի մեդալով, իսկ հաղթող տարածաշրջանն ստանում է փոխանցիկ դրոշը։

Միկիչանց Սեփոյի ու Վազգենի` իրար հարևանությամբ կառուցված տների երկայնքով խումբ-խումբ կանգնած իրար հետ զրուցում են դաշտավարության, այգեգործության բրիգադների, անասնապահական ֆերմայի աշխատողները և ավտոբուսին սպասող ուղևորները։ Շրջկենտրոն գնում են միայն հովեկներն ու նրանք, ովքեր անհետաձգելի գործ ունեն։ Աշխատանքի եռուն շրջանում «ցախին շոր են փաթաթում, աշխատեցնում», ու՜ր մնաց, թե ղեկավարները թույլ տան, որ աշխատող բացակայի՞ գյուղից։ Երբ կոլտնտեսության նախագահը գրասենյակից դուրս է գալիս և քայլում դեպի մայթեզրին կանգնած իր ծառայողական «Վիլիս» ավտոմեքենան, մի պահ քար լռություն է տիրում։ Ղեկավարին հարգելը կարծես պարտականություն լինի։ Յուրաքանչյուր բրիգադի թափքով մեքենա է տրամադրված` աշխատավորներին տեղ հասցնելու համար։ Առաջինը սարվորների ավտոմեքենան է գնում։ Վարորդը՝ Հակոբջանանց Վալոդը, մեքենայի թափքի հետևի մասը բացում է ու հեռվում սպասում մինչև բոլորն իրար օգնելով բարձրանան։ Ես և մայրս նույնպես տեղավորվում ենք մեքենայի մեջ։ ճանապարհին մեզ են միանում Լծեն գյուղի կթվորուհիները։ Հովիվները, հեռվից տեսնելով ոլորաններն ի վեր բարձրացող ավտոմեքենան, այգաբացից առաջ արոտի տարած հոտը քշում են դեպի փարախները։ Հայրս հեռվից ձայն է տալիս, որ չվազեմ իր մոտ, որպեսզի շները չհարձակվեն ու ինձ գզեն։ Սարվորը կատակում է, որ մայրս հայրիկիս հացն այսօր ոչ ոքի չի վստահել, որոշել է իր ձեռքով բերի։ Մի անգամ, երբ նա տանում է հացն ուղարկելու, ճանապարհին գյուղացիներից մեկը, որ նույնպես գյուղամեջ էր գնում, մորս հարգելով հացի պայուսակը վեցնում է, որ տեղ հասցնի։ Տանում է դնում կթվորուհիների կողքին ու գնում իր գործին։ Առավոտյան, երբ բոլորն անցնում են իրենց աշխատանքին, գյուղամիջում մնում են տարեց մարդիկ, ովքեր կյանքի ու աշխարհի հանդեպ ունեցած իրենց խոհերը կիսելուց, նախորդ օրվա անց ու դարձը քննարկելուց հետո տուն են գնում։ Այդ օրը, տեսնելով պատի տակ դրված հացի պայուսակը, պատկերացնում են, որ ինչ-որ մեկը մոռացել է։ «Չուտողի մալն ուտողին հալալ է»,-ասում են ու անուշ անում։ Ավելի ուշ խոստովանում են, որ հացի միջի տոլման շատ համեղ էր, իսկ օղիով խմել են եփողի կենացը։

Աշխարհի աչքից հեռու այս փոքրիկ տարածքում, որը պատկանում է Դարբաս և Լծեն միացված կոլտնտեսությանը, սկսվում է աշխատանքային օրվա բուռն ընթացքը։ Հովիվները պահում են ոչխարների գլուխները, իսկ կթվորուհիների վարժ ու արագ շարժումներից կաթի շիթերն ասեղնահարում են փոքրիկ դույլերի և այլումինե կաթսաների կողերը։ Հայրս ցույց է տալիս, թե որ մասերում շատ ավելուկ կա և զգուշացնում, որ ցանքը չոտնահարենք։ Մայրիկիս հետ ծփացող ցորենի ու գարու դաշտերը երիզող խոտածածկ տարածքով ավելուկ հավաքելով առաջ ենք գնում։ Ընդարձակ տարածության մեջ, որտեղ պատեր և ցանկապատեր չկան, ես վայելում եմ իմ ազատությունը, զմայլվելով հեռու հորիզոնում ուս-ուսի տված Արամազդի ու Տատնիի երկնահաս սլացքով և նրանց շղթայված սարերի ալիքաձև զառիթափներով։ Սև լճից փչող զեփյուռից հասկերը մերթ ընդ մեթ հերանց են գնում ու մի քանի վարկյան անց նազանքով հետ վերադառնում, հողից ալիք-ալիք բարձրացող ծիածանագույն սարսուռով պարուրված։ Բնության մեղմ սուլոց հիշեցնող մեղեդին պարբերաբար ընդհատվում է ճանապարհով սլացող ավտոմեքենաների ձայներից։ Ես ետ ու առաջ վազելով լավ թփեր եմ գտնում ու մայրիկիս ձայն տալիս, որ գա միասին հավաքենք կամ նրա շուրջը պտտվելով հարցեր եմ տալիս։ Մայրս, առանց գործից կտրվելու, բավարար պատասխաններ է տալիս։ Բացատրում է, որ հեռվում երևացող ճանապարհը մայրուղի է, որը տանում է Գորիս,Ղափան, Քաջարան ու Մեղրի։ Իսկ Ղափանից սկիզբ առնող երկաթգիծը հասնում է մինչև աշխարհի ծայրը։ Աշխարհը ԽՍՀՄ-ն է։ Հարցիս, թե ինչու՞ է այս տարածքը «Շտափա» կոչվում, մայրս պատասխանում է, որ թուրքերեն «Ուչ թափա» է, որը իջվածքներով ու ձորակով առանձնացած լինելու պատճառով կոչվում է Եռաբլուր։ Հարցս ցավոտ է։ Երբ Աշխեն տատս զրույցի մեջ թուրքերեն բառ է մեջբերում, մայրս բարկացած հարցնում է` «Այ մե՛ր, դրանք էլ ի՞նչ պիտի անեին, որ իրենց լեզվով չխոսեիր»։ Նրա թրքատյացությունը նաև տատիս խեղված մանկությունն է, ով յաթաղանից մազապուրծ լինելով, բռնել էր գաղթի ճամփան։ Այս պահին էլ, թեև ինձ է դիմում, բայց կարծես ինքն իր հետ է զրուցում` Չգիտեմ բալաս, մի տեղ կա՞, որ դրանք թաթները վրան դրած չլինեն կամ իրենց սև հետքը թողած։ Սոված գայլի նման աչքները չռած սպասում են, թե որտեղից ինչ զավթեն, իրենցը դարձնեն։ Իրենք մեր տարածքներին անուններ են տալիս, իսկ մենք բողոքելու, մերժելու փոխարեն կրկնում ենք։ Մի նայիր էս դիմացի սարին, նրանք «Ղամշի» են ասում, ստորոտում բխող աղբրին էլ` «Ղարա բուլաղ»։ Արծաթագույն ջուրը նրանց աչքին սև է երևում։ Ասա՛որ մենք ասենք Եղեգնասա՛ր, աղբրին էլ Սա՛ռն աղբյուր, թուրքը կնեղանա՞։ Մի նայի՛ր,-ցույց է տալիս մոտակա սարավանդը, որի ստորոտում Ուռուտ գյուղն է ու մի քանի ոլորանով իրարից բաժանվող Վաղուդին ու Աղուդին,- որտեղ տաք տեղ կա, եկել են օձի նման բնավորվել։ Մեր Ալվարդ,Նվարդը մոռացած, նրանց Վարթիգյուլներն ու Սարիգյուլները ծաղկեցնում ենք։ Իրենք իրենց խորամանկությամբ ու խարդախությանբ առաջ են գնում, մենք նույն միամտությամբ հավատում ենք։

Մայրս ավելուկի խիտ փունջը դնում է գոգը, թևով ճակատը մաքրում ու նկատելով, որ օրը դեպի մայրամուտ է թեքվում, ձայն է տալիս․

-Աղջիկնե՜ր, հավաքվեք, ուշ է․․․

Աղջիկները կթվորուհիներն են, ովքեր աշխատանքն ավարտելուց հետո միացել են մեզ։ Հակառակի նման լավ թփերը տուն գնալու պահին են հանդիպում։ Կանայք, թեև իրար հիշեցնում են, որ ուշ է, որ վարորդ Վալոդը կաթը վաղուց հասցրել է շրջկենտրոնում գտնվող «յուղարտ», վերադարձել, իրենց է սպասում, որ հիմա բարկացած է, բայց շարունակում են հավաքել։ Մայրս մեջքն ուղղում է ու նորից ավելի վճռական կանչում․

-Ա՜յ Լիդա՜, Գրետա՜, Օֆելյա՜, Վիկտորյա՜, հավաքվեք, գնանք, մինչև տուն հասնենք, կես գիշեր է լինելու։

Վիկտորյա անունը ինձ սթափեցնում է։ Հետաքրքիր է` նա որքա՞ն նման է Ստեփան Զորյանի նկարագրած Վիկտորյային։

-Վիկտորյա՞,-հարցնում եմ մայրիկիս։

-Հա, Վիկտորյա է,բայց կարճ Վիկտոր են ասում։

-Վիկտորյան սիրո՞ւն կին է։

Մայրս գիտի, թե ինչու եմ հարցնում, ու մինչև հասցնում է պատասխանել, լսվում է Անուշ տոտայի զրնգուն ծիծաղը։ Նա մեր գյուղի փոստատարն է ու կոլտնտեսությունում տարբեր աշխատանքների է մասնակցում։

-Որ մոտենանք, քո աչքով կտեսնես,-կարճ պատասխանում է մայրս։

Կանայք, հավաքած ավելուկը շալակած, անկանոն շարքով, իրար հետ զրուցելով քայլում են դեպի յայլաները։ Երբ նստում են հովիվների վառած կրակի շուրջը շունչ առնելու, նոր են հիշում, որ գործով տարված նույնիսկ հաց չեն կերել։ Թվում է, թե օրը նոր է սկիզբ առնում։ Ասել-խոսելով, կատակելով հաց են ուտում, հաջորդ օրվա անելիքը ծրագրում։ Բոլորը թեև հոգնած են, բայց ուրախ են։ Կանացից մեկը սկսում է երգել․

-Հազար նազով յա՜ր, հովերի հետ եկ…

Մյուսները ձայնակցում են։ Նրանց հոգեպարար ձայնը փարվում է հովի թևին ու ալիք-ալիք գնում հեռուները։ Թանձրացող մթության մեջ այս փոքրիկ տարածքը կարծես կյանքով լի օազիս լինի։ Միալար ու անընդմեջ լսվում է մակաղած ոչխարների փնչոցն ու հոտի շուրջ պտտվող գամփռ շների կաղկանձը։ Սարալանջերին ու ձորերում փռված գյուղերն իրենց առկայծող լույսերով կարծես աստղազարդ երկնքից են կտոր֊ կտոր պոկվել ու հանգրվանել։ Անհոգ ու երջանիկ նստած եմ հայրիկիս ու մայրիկիս թևերի տակ, սակայն անթաքույց հետաքրքրությամբ նայում եմ հարևան գյուղի կանանց, նրանց մեջ Վիկտորյային գտնելու հույսով։ Զու՜ր։ Տեղավորվել ենք ավտոմեքենայի թափքի մեջ, տուն ենք վերադառնում։ Մեքենայի շարժման ռիթմին համընթաց` բոլորս իրար հենվելով մեկ աջ ենք թեքվում, մեկ` ձախ։ Կթվորուհիները զրուցում են, շալակների չափն են ստուգում, թե ով է ավելի շատ քաղել․․․Իսկ ես փորձում եմ գրեթե միանման, բումազեից և բարխատից խալաթ հագած, գլխաշորերն իրար նման կապած կանանց մեջ առանձնացնել Վիկտորյային, մեկ էլ Անուշ տոտան դիմում է ինձ բարձր ծիծաղելով․

-Նունե՛, տեսա՞ր Վիկտորին,-ու ցույց է տալիս իր կողքին նստած հոգնատանջ դիմագծերով կնոջը։ -Ահա, ինչքան ուզում ես նայի՛ր, տես սիրու՞ն է։

-Ինչի՞, ինչ ի՞ իլե,-հարցնում է փոքրամարմին կինը` զարմացած, նուրբ ու երգեցիկ ձայնով։

-Մորը հարցնում էր, թե Վիկտորը սիրու՞ն է,-շարունակում է Անուշ տոտան։

Բոլորն ինձ են նայում ու բարձր ծիծաղում։ Թաքնվելու տեղ չկա։ Կաս- կարմիր կտրած, կուչ եկած, սեղմվում եմ մայրիկիս։

-Ինչի՞ ախճի, մի նայի տես մերտ ի սիրու՞ն, թե՞ ես,-Վիկտորի ձայնի մեջ վիրավորանք կա։

Երբ թեման շեղվում է, և ես դուրս եմ գալիս ուշադրության կենտրոնից, մայրս այդ կնոջը ցածրաձայն ասում է, որ Վիկտորյա անունը գրքի մեջ եմ կարդացել և շատ եմ սիրում։ Իսկ ինձ, ինչպես միշտ, մի խաղաղ պահի, օրինակներ բերելով, բացատրելու էր, որ եթե մարդը կեղտոտ հոգի է ունենում, հիասթափվում ես և չես նկատում դեմքի գեղեցկությունը, ու նույնիսկ օճառն անզոր է լինում լվանալու նրա ներաշխարհը։ Իսկ թվացյալ տգեղներն իրենց բարությամբ ստվերում են արտաքին թերությունները։ Ասելու էր նաև, որ հեղինակները բոլոր կերպարներն ու դեպքերը իրական կյանքից են ընտրում։

Ես ամբողջ ճանապարհին ակընդետ հայացքով նայում եմ Վիկտորյային, որպես առաջին անգամ իրական կյանքում հանդիպած հերոսի։ Երբեմն մեր հայացքները հանդիպում են՝ նա ներողամիտ ու բարեհամբյուր, ես` մեղավոր ու ներում հայցող հայացքով, իրար ենք նայում։ Գլխաշորի տակից դուրս եկած մազափունջը առանձին հմայք է հաղորդում դեմքին, որի վրա պահպանված է աղջկական սիրունությունը։ Մտովի զուգահեռներ եմ տանում Ստեփան Զորյանի նկարագրած և գյուղացի պարզ ու հասարակ Վիկտորի միջև։ Վերջինս իր փխրուն ուսերին ընտանիքի հոգս է կրում։ Աշխատանքին զուգահեռ դաշտերից, այգիներից ու անտառից բերք ու բարիք է հավաքում, ամբարում ձմեռվա համար։ Ղեկավարին հարգելը, նրա ներկայությամբ բարձր չխոսելը կոլտնտեսուհի այս կնոջ համար ամոթ է, ուր մնաց թե գրքային Վիկտորյաի նման բանավիճելով իր գաղափարներն առաջ տանի, ինչպես հեղինակն է ներկայացնում․«․․․Մեկ-մեկ էլ վիճում էր հասակն առած մարդկանց հետ, վարժապետների հետ։ Նա իր կարդացած գրքերից, նրանք՝ իրենց»։

Ինը տարեկանիս համար հեղաշրջում բառը սամանափակվում է, որ մարդիկ լավ ապրեն, որ հարուստները նրանց չճնշեն հասկացողությամբ, իսկ Վիկտորյան մեկն է այդ նպատակի համար պայքարողներից։ Նա ակտիվ է, համառ և համարձակ, խոսքը լսվում է։ Նա գրադարանավարուհի է, որի համար «Գրադարանի աղջիկ» անվանումն է ստացել։ Տարբեր են քաղաքաբնակ, հեղափոխական Վիկտորյան ու սարերին թիկն տված Լծենում ծնված ու հասակ առած, ընտանիք կազմած, տուն-տեղ դրած Վիկտորը։ Երբ իրենց գյուղի խաչմերուկում նա աշխատանքային ընկերուհիների հետ իջնում է, ափսոսանքի զգացողությամբ եմ համակվում։ Այդ օրվանից հետո, երբ նա ամեն անգամ ծնողներիս հանդիպելուց հարցնում էր, թե նրանց «կուճի աղջիկը ի՞նչխ ի», հոգիս ջերմանում էր։

Մեր գյուղ տանող ամենաբարձր ոլորանից երևում է գյուղն ամբողջությամբ և Լծեն գյուղից մի քանի տների լույսեր։ Հավանաբար Վիկտորի աղջիկը, քրոջս նման, մոր համար պատրաստած ընթրիքը շորով ծացկել է, որ չսառչի ու սպասում է։ Մայրս պաշգամբում շոր է փռել ու քրոջս հետ ավելուկը փունջ-փունջ դասավորում են, որ «չկեծանա», որից հետո սկսում է մաքրել։ «Հատ-հատ» ստուգում է բոլոր թերթերի աջ ու ձախ երեսներն ու զոխերը, որովհետև դաշտում որքան էլ ուշադիր ես հավաքում, անթերի չի լինում։ Միջատների ձու դրածներն ու կարկտահարվածներն առանձնացնում է, որ չհասցնեն բազմանալ։

Ձեռքիս մայրիկիս դասագրքն է, որի էջերին իրար հաջորդում են Արազու «Արևը», Հ․Քոչարի «Գեներալի քույրը», Գ․Սարյանի «Գյուլնարա»-ն, Ս․Զորյանի «Գրադարանի աղջիկը»․․․Իսկ աչքերիս առջև իրար հաջորդելով անցնում են օրվա մեջ ինձ հանդիպած բոլոր մարդիկ, որոնց, Վիկտորյայի նման առանձնացնելով, համոզվում եմ, որ յուրաքանչյուրն իր կյանքի հերոսն է՝ իմ ժամանակաշրջանի հերոսը։ Մայրս ասում է.

– Ուշադրությունը հոգի բացող բանալի է։ Հերոս են իմ շրջապատի բոլոր մարդիկ, ովքեր արթնանում են աքլորականչից առաջ և ծանրաբեռնված աշխատանքով կրճատում ամռան առանց այն էլ կարճ գիշերները․․․

Մայրս հյուսում է «տմկած» ավելուկը։ Ակնթարթորեն երկարող հյուսքին նա թերթ -թերթ իր խոհերն է ավելացնում, վաղվա օրվա հանդեպ ունեցած ակնկալիքներն ու հույսերը․․․

Նունե ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code