Պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, առանց ծնողներին, միակ քրոջը տեղյակ պահելու Ռաֆիկը Մասիսից եկել է Սիսիան, կամավորագրվել հրետանային վաշտում: Երբ անհամբեր երիտասարդին հորդորել են մի քիչ սպասել, ասել է` չտանեք, իմ մեքենայով կգնամ: Սեպտեմբերի 29-ին ընկերոջ` Զախար Իսկանդարյանի հետ բարձրացել են Բարձրավանի դիրքեր, մնացել մինչեւ հոկտեմբերի 7-ը, իսկ հոկտեմբերի 8-ին, հրետանային գումարտակի կազմում, մեկնել Կարմիր Շուկա, մասնակցել Մարտունու, Ֆիզուլիի մարտերին: Հրետանային գումարտակը ճանաչվել էր լավագույններից:
Ամեն անգամ տնեցիների հետ խոսելիս Ռաֆիկն ասել է, որ ամեն ինչ լավ է, հեռախոսի մյուս ծայրին լսվող հրթիռակոծությունները մերն են, մենք ենք խփում, հավատացրել ծնողներին, քրոջը, հարազատներին, որ ամեն ինչ լավ է:
1994-ին Սիսիանի շրջանի Սպանդարյան գյուղում ծնված Ռաֆիկ Սիմոնյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից հորից, Վարազդատ հորեղբորից, մյուս բարեկամներից է լսել պատերազմի մասին, հասկացել, որ այն դեռեւս ավարտված չէ, ու երբ պայթեց 44-օրյան, համոզված էր, որ այն հաղթական վերջակետ է դնելու ձգձգվող, քամող, մաշող, հյուծող պատերազմին, ու եկող սերունդն այլեւս ազատվելու է իր ճակատին դրոշմված` «պատերազմի սերունդ» սինդրոմից եւ ապրելու է խաղաղ կյանքով: Բազում մարզական հաջողությունների հասած, բազմաթիվ մարզական մեդալներ նվաճած նախկին մարզիկը հավատում էր հաղթանակին ու այդ հավատով` կռվում, ու այդ հավատով` ապրում: Ընկերները հետո պատմել են, որ անսահման բարի, ազնիվ, ընկերասեր, միաժամանակ` խիստ ու ազդեցիկ երիտասարդը, որ նաեւ փխրուն հոգի ուներ, հաճախ է ասել` սա մեր պատերազմն է, այն չպիտի թողնենք հաջորդ սերնդին… Այնքան էր հավատում հաղթանակին, այնքան էր ուզում ճաշակել այն, որ չի համոզվել նույնիսկ հերթափոխով տուն վերադառնալ…
«Կռվում էին Մարտունու եւ Շուշիի արանքում գտնվող Ննգի գյուղում: Երբ նրա հետ խոսելիս կրակոցների ձայներ էինք լսում, ասում էր` բան չկա, ամեն ինչ լավ է: Նոյեմբերի 6-ի գիշերը զանգեց, երկար խոսեցինք, երեխաներս երգում էին քեռիի համար, հարցնում` լա՞վ երգ է, ասում էր` հեշտ երգեր սովորեք: Նոյեմբերի 7-ի առավոտյան զանգել է, ասել` գնում են սուրճ խմելու, ու այդ պահին թշնամին հրետակոծել է»,- պատմում է Ռաֆիկ Սիմոնյանի քույրը` Հերմինեն, ապա հավելում, որ նույն օրը երեկոյան Ռաֆոյի խոցված մարմինը մարտադաշտից գրկած դուրս է բերել ընկերը` Զախարը… Որքա~ն ծանր ու ցավալի պիտի լիներ նրա համար… Ընդամենը երկու օր հետո հրադադար պիտի լիներ, ընդամենը` երկու օր, բայց այդ երկու օրվա ընթացքում քանի~-քանի կյանքեր մատաղվեցին անհավասար, անարդար, դաժան պատերազմում… Իսկ Ռաֆոն ո~նց էր հավատում հաղթանակին…
Նոյմեբերի 9-ին` զինադադարի օրը, 27-ամյա Ռաֆիկ Սարոյի Սիմոնյանի աճյունն ամփոփվեց Մասիսի եղբայրական գերեզմանում, որտեղ համաքաղաքացիները թանգարան կկառուցեն ու թանգարանում կշարունակեն ապրեցնել այն հերոսական տղաներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքին, ներկաներին, ապրողներին, գալիք սերնդին, որին այնպես անպատերազմ տեսնել էր երազում Ռաֆոն …
«Թեպետ եղբայրս եւ ես ծնվել ենք Սպանդարյանում, բայց հայրս ցանկացավ, որ իր որդին իր մոտ` Մասիսում հուղարկավորվի, որ ամեն օր տեսնել կարողանա…»,- ասում է քույրը, հետո ավելացնում, որ իրենց շենքի բակում խաչքար է կանգնեցվել նրա հիշատակին, իսկ հայրենի Սպանդարյանում ընկերները, Զախարի նախանձախնդրությամբ, աղբյուր-հուշաքար են կանգնեցրել, որովհետեւ Ռաֆոն, վեց տարեկանից ապրելով Մասիսում, երբեք չկտրվեց ծննդավայրից, բարեկամներից, ընկերներից, տատիկ-պապիկից, Սպանդարյանի` իրենց տնից, ու նա նույնքան սպանդարյանցի էր, նույնքան սիսիանցի, որքան` մասիսցի ու հայրենատեր հայ…
Խորհրդանշական է, որ Սպանդարյանի հուշաղբյուրին ընկերները փորագրել են Ռաֆոյի` «Այս կռիվը մեր կռվն է, եթե հիմա մենք այսօր մեր կռիվը մինչեւ վերջ չտանք, ապա այն թողնելու ենք սերունդներին, իսկ մենք դրա իրավունքը չունենք…» խոսքերը, ու, որպես ուղերձ, դրանք պատգամել եկող սերնդին, որ նա էլ իր կռիվը չթողնի հաջորդներին… Ամեն սերունդ իր պատերազմը տվեց, բայց, ցավոք, մեր կռիվը դեռ անավարտ է, քանի որ մեր հաղթանակը դեռ «տուն չենք բերել»…
2000-ին սպանդարյանցի Սարո Սիմոնյանի ընտանիքը բնակություն է հաստատել Մասիս քաղաքում: Ռաֆիկը սովորել է Մասիսի թիվ 3 հիմնական, ապա` թիվ 5 ավագ դպրոցներում: Վեց տարեկանից հաճախել կարատեի, հետո` բոքսի պարապմունքերի: 2011-2012 թ.թ.-ին սովերել է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, տարբեր երկրներում մասնակցել բազմաթիվ առաջնությունների, վերադարձել հաղթական մեդալներով: 2012-ին ընդունվել է Երեւանի` ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի բռնցքամարտի ֆակուլտետ… Ուսումը կիսատ թողնելով` զորակոչվել բանակ: 2014-ին սերժանտի կոչումով զորացրվել է եւ շարունակել ուսումը, մասնակցել բռնցքամարտի պարապմունքների…
«Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում սովորելիս ունեցել է մեծ հաջողություններ, դարձել Հայաստանի չեմպիոն: Բայց նրա համար իր բոլոր մեդալները եւ հաղթանակները` մեկ կողմ, ադրբեջանցի մարզիկի նկատմամբ տարած հաղթանակը` մեկ կողմ: Շատ էր հպարտանում այդ հաղթանակով, շատ էր ուրախանում, որ հատկապես նրան էր հաղթել: Հայրս ասում էր` տանս մի պատը պիտի տղայիս մեդալներով ու պատվոգրերով լցվի: Ավաղ… Մարզական բոլոր մեդալները «խամրեցին» հայրենիքին մատուցած ծառայության համար ստացած` «Մարտական ծառայության» մեդալի «շուքից», որը ե՛ւ ցավ է, ե՛ւ հպարտություն, ե՛ւ գնահատում, ե՛ւ դառը իրականություն…»,- ասում է Հերմինեն, հետո ավելացնում, որ հողամաս էին վերցրել, տուն էին ուզում կառուցել, Ռաֆոն ասում էր` հիմա իսկական տղաները քիչ են, ինքը պիտի յոթ տղա ունենա, յոթ որդով սեղան նստի, ու տանն էնքան սենյակներ լինեն, որ բոլորին տեղ լինի: «Հայրս հիմա ապրում է տղայի երազանքը իրականություն դարձնելով` կառուցում է նրա երազանքի մեծ տունը…»,- ասում է Հերմինեն:
Քույրը պատմում է, որ բանակից հետո Ռաֆոն մի տեսակ կորցրեց մարզավիճակը, թեեւ նրա խփածը խփած էր, ծանր հարվածներ ուներ, բայց այլեւս չշարունակեց բոքսով զբաղվել: «Հաճախ էր ասում` տեղս չեմ գնտում…. Շատ սիրուն դիմագծեր ուներ, նրա նմանը չկար, շիտակ էր, ուղիղ, շատ համեստ էր, ամաչկոտ, հասարակ էր, ոնց որ էս աշխարհից չլիներ, բայց նաեւ` շատ կամային էր, իրասածի, եթե պիտի մի բան աներ, շատ հետեւողականորեն կաներ-կավարտեր: Ինքնուրույն էր, չէր սիրում ուրիշի ձեռքի տակ աշխատել, եւ ընկերների հետ մաքրման միջոցների արտադրամաս հիմնեցին, ամեն ինչ փորձում էր, ամեն գործ անում էր, սիրում էր ամեն ինչ արագ անել, որ հասցնի: Չհասցրեց մեկ էլ ընտանիք կազմել: Թեեւ պատերազմի օրերին ասել էր` աչքադրած աղջիկ ունի, հենց գա, մոտենալու է, խոսեցնի: Հավանաբար պատերազմը շատ բան էր սովորեցրել նրան… Ռաֆոյիս նմանները աստծո ընտրյալ են: Ռաֆոս մեր ուժն էր, մեր բարությունը, մեր հպարտությունը, մեր ամուր թիկունքը, ազնիվ, ճշմարիտ, հաստատակամ, մեր աստվածային պարգեւն էր, հիմա էլ` մեր հավերժ կարոտը, մեր հավերժ հերոսը…»,-ասում է քույրը ու պատմում է, որ եղբայրը կենդանիներ շատ էր սիրում, պատերազմի վայրում մի շուն կար, Ռոֆոյից հեռու չէր գնում, նա էլ իր բաժին խտացրած կաթը շանն էր տալիս, մայրն ասում էր` կարող է՞ էդ շանը վերջում հետդ բերս…
Ավաղ, ոչ ինքը եկավ, ոչ` շանը բերեց… ու էս կյանքում իր տեղը չգտնող Ռաֆոն իր տեղը այնտեղ գտավ` երկնքում, անմահության բարձունքին, ու էնտեղից է փափագում անկռիվ, անպատերազմ, անզոհ Հայրենիք… Մայրը հավատքով է ապրում, արժանավայել քրիստոնյայի նման, որ երկնային կյանքում կհանդիպեն: Երբ Ռաֆոյի մորը` Վարսիկին ասում են` հանգիստ ես, խաղաղ ես, չարացած չես, ասում է` ինձանից չի, աստծուց է…
Ռաֆիկ Սիմոնյանը պատվախնդիր էր` մարզիկի նման, պատվախնդիր` մարտիկի նման, ու երբ քույրն առաջարկել էր հետ գալ` բա ո՞ նց են մյուսները գալիս պատճառաբանությամբ, Ռաֆիկը տվել է մարզիկ-մարտիկին վայել պատասխան` գիտե՞ ս, որ նրանց հետեւից ուրիշ բան են ասում, ես չեմ կարող հետ գալ, տղերքին չեմ թողնի- գամ:
Ռաֆիկ Սարոյի Սիմոնյանը ծնողների եւ քրոջ երկնային պարգեւն էր, հենարանը, թիկունքը, նեղության պահին` սրտակիցը, հոգեկիցը: Հարազատները նրա կարիքը շատ ունեին, ու Ռաֆոն հիմա էլ շարունակում է երկնքից սատարել, խորհուրդներ տալ, նեղության պահերին հարեհաս լինել` մնալով բոլորի սրտում, բոլորի մտքում, բոլորի երազներում` նահատակի իր լուսապսակով եւ անմար փառքով:
Հայրենյաց նահատակ Ռաֆիկ Սիմոնյանի տեղն ընկերների կողքին թափուր մնաց, իրենց շենքի բակում թափուր մնաց, իրենց գյուղում թափուր մնաց, բայց կհարատեւի` որպես հուշաղբյուր, որպես խաչքար, կփայլատակի` որպես լուսաստղ եւ կհավերժի` որպես անմահություն: Փառք քեզ, լեգենդ-տղա, մարզիկ- տղա, զինվոր-տղա, հավերժ խոնարհում քո խնկելի հիշատակին, դու քո կռիվը արժանապատվորեն, գիտակցաբար, հավատով տվեցիր, բայց այն դեռ չի ավարտվել… Երիցս փառք քեզ ու խոնարհում…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ