ԷԴԳԱՐ ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ. ՍԻՍԻԱՆԻ ՊԱՆԹԵՈՆԻ ՆՈՐ ՆԱՀԱՏԱԿԸ

Տեղադրված է at Մայիս 23, 2023
1000 0

Մայիսի 19-ին Սիսիանի պանթեոնում ամփոփվեց մայիսի 17-ին Սոթքի դիրքերից մեկում թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորված, ապա` շտապօգնության մեքենայով տեղափոխելու ընթացքում մեքենայի հրետակոծովելու հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Էդգար Վահանի Սուլեյմանյանի աճյունը: Էդգարը բանակ էր զորակոչվել 2021-ի դեկտեմբերի 26-ին, ծառայել էր մեկ տարի հինգ ամիս, ծառայության ավարտին մնում էր եւս յոթ ամիս, իսկ 20-ամյակը պիտի լրանար 2023-ի հոկտեմբերի 18-ին:

Իրենց զինակցին եւ ընկերոջը Սիսիանի պանթեոնում վերջին հրաժեշտ տալու էին եկել նաեւ նույն օրերին դիրքերում իրենց ծառայությունն անցկացնող մարտական եւ մանկության ընկերները` կրտսեր սերժանտներ Վրեժ Մարտիրոսյանն ու Դավիթ Հակոբյանը, ովքեր իրենց մեծ ցավն ու ափսոսանքը կիսելով մեզ հետ` նշեցին, որ Էդգարը բացառիկ ընկեր էր, լավ մարդ, հրաշալի զավակ ու եղբայր, օրինակելի ու կարգապահ զինվոր, ու նրա կորստով հայոց բանակը զրկվեց իր լավագույն զինվորներից, հայ ընտանիքը` իր լավագույն զավակներից մեկից, իսկ իրենք կորցրեցին թե´ իրենց լավ զինակցին, թե´ բացառիկ ընկերոջը ե´ւ թե ազնիվ ու համեստ մի մարդու: Էդգարի կորուստը թեեւ կոտրել է իրենց, բայց, ինչպես հավելեցին նրանք, հետո կշտկեն իրենց մեջքը, կհավաքվեն, կվերադառնան զորամաս` շարունակելու իրենց ծառայությունը նաեւ Էդգարի փոխարեն` պահել-պահպանելու այն սուրբ հողը, որի հավերժական գրկում հանգրվանեց իրենցից մի մասնիկ:

Էդգարը սովորել է Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցում: Պատմության ուսուցչուհի Աիդա Առաքելյանը միաժամանակ թե´ գովեստի, թե´ անհուն ափսոսանքի խոսքեր է ասում իրենց սանի մասին, առանձնապես նշում նրա համեստությունը, զսպվածությունը, բոլորին օգնելու պատրաստակամությունը, ասում, որ թեեւ ուսման նկատմամբ առանձնապես սեր չուներ, բայց նրա լավագույն որակներն ու մարդկային բարձր հատկանիշները շատ ավելին էին, ինչի համար թե´ դպրոցը, թե´ ինքը, թե´ ուսուցիչները խորապես ցավում եւ ափսոսում են: «Ցավում եմ, որ մեր դպրոցի փառքի սրահում նոր անուն պիտի անմահանա` դպրոցի մյուս նահատակների անունների կողքին: Նրա լուսանկարը նույնպես կավելացնեք այնտեղ, որ յուրաքանչյուր աշակերտ ճանաչի այն զինվորին, ում արյան գնով այսօր պահում ենք մեր երկիրն ու հողը»,- ասում է ուսուցչուհին:

Դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց անմիջապես հետո Էդգարը սկսել է աշխատել: Իր վաստակածը ոչ թե իր վրա էր ծախսում, այլ` ընտանիքի: Իրենից փոքր եղբոր` Սեւակի համար հեծանիվ էր գնել, հպարտ-հպարտ նայել, թե եղբայրն ինչպես է երանությամբ վարում իր գնած հեծանիվը, եւ սարի պես թիկունք կանգնել տան բոլոր անդամներին: Անչափ բարի էր, համեստ ու խելոք, զուսպ ու ականջթեթեւ, մեկը մի բան ասեր, թռնելով էր անում: Հատկապես` Լյուդմիրա տատի սրտաբաժինն էր, թռչնի թեւով արագ հասնում եւ տուն էր տանում նրա` ալյուրի ծանր պարկերն ու պայուսակները: Էդգարին սիրում էին ոչ միայն տանը, ոչ միայն ընկերները, ոչ միայն` դպրոցում, բակում, հարեւանության մեջ, այլեւ` բոլորը: Կարողանում էր իր շուրջը համախմբել ընկերներին, ասածն օրենք էր նրանց համար, ինչի պատճառով ընկերները նրան դեպուտատ էին ասում:

Էդգարը տան առաջնեկն էր: Ծնողների առաջին ուրախությունը: Հայրը` Վահանը, համոզված էր, որ որդին իրեն թիկունք-վահան է դառնալու, մայրը` Իրինան, հավատում էր, որ որդին իր հույսն ու հենարանն է լինելու, ու ապրում էին իրենց բաժին ընկած համեստ կյանքը` եւս երկու զավակ լույս աշխարհ բերելով: Զավակները մեծանում էին, հոգսերը` շատանում, կյանքը` դժվարանում: Եւ Էդգարը, ի համեմատ իր հասակակիցների, իրեն շուտ դրեց հոգսի բեռան տակ, ժամանակից շուտ վերցրեց տան մեծ զավակը, ապա` տան տղամարդը լինելու պատասխանատվությունը, որ թեթեւացնի ե´ւ մոր, ե´ւ հոր, ե´ւ տատի, ե´ւ իրենից 4 տարով փոքր եղբոր ու 10 տարով փոքր քրոջ հոգսերը:

Մայրը պատմում է, որ երբ լրացել էր որդու զինապարտության տարիքը, սկսել էր անհանգստանալ, որ իրեն ծանուցագիր չեն ուղարկում, քանի որ իր դասընկերներից ոմանք արդեն ծանուցվել էին: «Էդգարը փոքր տարիքից էր սկսել աշխատել, մեջքի խնդիրներ ուներ, զինկոմիսարիատից ուղարկել էին Երեւան հետազոտման, անհանգստանում էր, գնաց զինկոմիսարիատ, ու հաջորդ օրը նրա ծանուցագիրն էլ եկավ: Ծառայությունը Վարդենիսում էր, Սոթքում, ծառայության ընթացքում ոչ մի անգամ չի տրտնջացել, չի բողոքել, չի դժգոհել, զորամասում էլ են բոլորը սիրել նրան իր բարի եւ ազնիվ, հասնող եւ օգնող բնավորության համար: Ասում էր` մամ ջան, մեր ջան, բանակն ավարտեմ գամ, գնամ դրսում աշխատեմ, վերադառնամ, մի բիզնես դնենք, ուրիշի մոտ ես աշխատում, մեզ համար բիզնես հիմնենք, դու խոհարար կլինես, ես` մենեջեր… տուն կգնենք, մեքենա, թեկուզ` մի չորս պատ, բայց մերը կլինի, ու վարձով չենք ապրի»,-պատմում է մայրը, հավելում, որ տղան վախ չուներ, ոգին պինդ էր, հարմարվող ու համակերպվող, ամեն նեղության անտրտունջ դիմացող: «Ամեն օր զանգում էր: Մի օր ձայնն էր խզվել, մեկ ուրիշ օր` ատամն էր ցավացել, ասացի` գնա բժշկի, ասաց` բան չկա, կանցնի: Ծառայության ընթացքում` 2022-ի սեպտեմբերի 13-ին, մեկ անգամ արդեն ընկել էին թշնամու հարվածի տակ, երբ պայթեցվել էր իրենց զորամասը: Զինվորները դուրս ես թռել, ոտաբաց վազել, տղայիս ոտքերն այրվել էին, բայց ետ էր վերադարձել, ջարդել պատուհանների ապակիները, կասկա ու զենք վերցրել եւ օգնել գյուղի երեխաներին: Խաչ էի նվիրել, ասաց` մեր ջան, որ մեր զորանոցը հրետակոծեցին, խաչս ձեռքիս մեջ ամուր պահած, վազեցի-փրկվեցի: Հետո էդ խաչը դիրքերում կորցրեց: Ինչու մեկ ուրիշ խաչ էլ չգնեցի, որ այս անգամ էլ նրան պահպաներ… Մի օր գիշերը զանգեց-ասաց` մեր ջան, մենակ գնում եմ կողքի դիրք, մարտկոցները տանում եմ, որ ռացիաները լիցքավորեն, ասացի` չե՞ս վախենում, ասաց` մեր ջան, ինչի պիտի վախենամ, մագազինս` լիքը, ավտոմատս` ուսիս, դուխս տեղը, շրջանցել էր թշնամու դիրքը ու վերադարձել: Բայց հաջորդ օրը` մայիսի 17-ին, դիպուկահարը կրակել էր հենց իր դիրքին… 19 տարեկան էր, ինչ տեսավ իմ տղան էդ կարճ կյանքում, փոքրուց աշխատեց, ժամանակից շուտ մեծացավ… Իմ թիկունքը փլվեց, իմ սարը փլվեց: Իմ տանը տղամարդու բացակայություն չեմ զգացել, Էդգարս տանս տղամարդն էր… Աշխատող էր, տանն ինչ ջարդվեր, սարքում էր, վերանորոգում, սկսած լվացքի մեքնեայից վերջացրած ամեն ինչով: Միակ «թերությունը» քնել սիրելն էր: Մինչեւ առավոտյան արթնացնում էի, հոգիս դուրս էր գալիս, ասում էի` բանակում ոնց ե՞ս ծառայելու: Բայց բանակում էլ շատ արագ կայացավ, զանգում-ծիծաղում էր` մեր ջան, էլ ինձ ոչ ոք չի արթնացնում, ժամանակին արթնանում եմ»,- ասում է մայրը, հետո դառնորեն մորմոքում ե´ւ որդու, ե´ւ իր, ե´ւ ընտանիքի երազանքներն այդպես անողորմ փշուր-փշուր լինելու համար, Էդգարի սիրած աղջկան` Կարինեին, այդպես էլ տեսնել չհասցնելու համար…»: Հետո Իրինան փորձում հասկանալ իր հետ կատարվածը, ու դառը կսկիծով ասում` չի ցանկանա ոչ մի մայր տեսնի ու ապրի այն ցավը, ինչը հիմա ինքն է զգում ու ապրում: «Գալիս ա պահ, ետ ես նայում, չես հաշտվում, չես հավատում, չես պատկերացնում, որ էդ ամենը քեզ հետ է պատահել, ու սպասում ես… ես սպասում եմ իմ տղային… Բայց երբ սթափվում ես, իրականությունը ապտակում է դեմքիդ, ճզմում հոգիդ, ցավեցնում միտքդ, հետո սթափվում ես` երկու զավակ էլ կա քո հույսին… Իմ մխիթարությունը նրանք են, որ ուժ են տալիս ինձ, գիտակցում եմ, որ ես դեռ պիտի պինդ լինեմ, ապրեմ, Սեւակ ու Մարի ունեմ… Հիմա էդ բեռն ընկավ 16-ամյա Սեւակիս ուսերին, մի քանի օրվա մեջ նա էլ մեծացավ, հիմա էլ ինքը դարձավ տան տղամարդը: Ուզում եմ հասկանալ ձեր մխիթարող խոսքերը, որ ասում եք` հանուն հայրենիքի էր, բայց եթե որդիս չզոհվեր, հանուն հայրենիքի ավելի շատ բան կաներ` ապրելով, ստեղծելով եւ հայրենիքին պիտանի մարդ լինելով»,- ասում է մայրը, հավելում, որ թեեւ ինքն ու ամուսինը ամուսնալուծվել են, եւ երեք երեխաներն իր խնամքին էին, բայց չի արգելել զավակներին շփվել իրենց հոր եւ մյուս հարազատների, տատի, հորեղբայրների եւ հորաքույրների հետ, քանի որ նրան բոլորն էլ սիրում էին, Էդգարն էլ` բոլորին:

Վշտից ու կորստից կուչ եկած-մի բուռ դարձած հայրը, որ որդու աճյունը սգո սրահից դուրս բերելիս վատացել եւ շտապօգնության կանչով ու դեղերով էր մի կերպ ուշքի բերվել, չկարողացավ որեւէ բառ ասել, եւ շվարած, շփոթահար ու մոլորված միայն շուրջն էր նայում` փորձելով հասկանալ կատարվածը` անզոր թաքցնելու դեպի ներս հոսող ցավն ու արցունքը… Նրա փոխարեն արտերկրում ապրող մեծ քույրը` Անահիտը, Էդգարի նահատակությունը ամենամեծ ցավը եւ կորուստը համարեց իրենց ողջ ընտանիքի համար, չպատկերացնելով, թե այսուհետ առանց Էդգարի ոնց պիտի շարունակեն ապրել իր ծերացած-կուչ եկած 75-ամյա մայրը եւ կորստից փշրված եղբայրը: «Թե ես, թե մյուս հորաքույրներն անընդհատ Էդգարին հրավիրում էինք մեզ մոտ աշխատելու, բայց Էդգարս ասում էր` մինչեւ բանակս չավարտեմ, ոչ մի տեղ չեմ գնա… Էդգարս ուրիշ էր, իրոք, ուրիշ»,- ասում է հորաքույրը:

Հորեղբոր` Վրեժի կինը` Նարինեն, ամենաջերմ խոսքերով ներկայացնելով Էդգարին, չկարողացավ, սակայն, քողարկել վիրավորվանքը, զարմանքն ու զայրույթը, թե ինչու զինվորի հուղարկավորության կազմակերպինչներն ու պատասխանատուները այդպես անհարգալից ու անպատշաճ ձեւով հողին հանձնեցին մարտական դիրքում ծառայություն կատարելիս թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողին եւ հարկ չհամարեցին հանուն հայրենիքի զոհվածին վերջին հանգրվան ճանապարհել նահատակին վայել հարգանքի ու խոնարհումի դամբանական խոսքով, նահատակի ծնողներին, հարազատներին, ընտանիքին ուղղված շնորհակալության ու մխիթարական որեւէ բառով` արագ-արագ աճյունն իջեցնելով փոսը: «Մենք չհասկացանք` ինչու եւ ինչի համար այդպես արեցին: Ափսոսեցի՞ն հարգանքի, խոնարհումի, շնորհակալության, մեծարանքի բառերը հայոց բանակի զինվորին եւ որդեկորույս ծնողներին ու հարազատներին: Էդգարի ծնողներն արդեն կորցրել են իրենց ամենաթանկը` իրենց զավակին, եւ ոչինչ այլեւս նրան ետ չէր բերելու: Բայց, անգամ, սովորական հուղարկավորությունների ժամանակ են հանգուցյալին վերջին հանգրվան ճանապարհում` մի քանի խոսքով ներկայացնելով նրա կենսագրությունն ու վաստակը, իսկ հայրենիքի սահամնները պաշտպանելիս ընկած զինվորին մի՞թե այդպես են հրաժեշտ տալիս, մի՞թե նրա արյան գնով չեն ողջերը շարունակում իրենց կյանքը…Թե՞ հաշվի էին առել նրա ընտանիքի սոցիալական վիճակը, որ հարուստի զավակ չէր, պաշտոնյայի զավակ չէր, բայց չէ՞ որ զինվորը զինվոր է, եւ նա է երկրի պաշտպանն ու հույսը: Ամոթ էր: Ափսոս Էդգարս, ափսոս…»:

Հ.Գ. Յոթ ամիս հետո Էդգարը պիտի զորացրվեր եւ վերադառնար, ու տունը պիտի ցնծար նրա բարի վերադարձով, աչքալուսանքով, բայց վերադարձավ ոչ թե տուն, այլ` Սիսիանի քաջաց պանթեոն` որպես փառապսակ հավերժազինվոր, որ հայրենիքին տվեց ամենաթանկը` կյանքը` հանուն ապրողաց… «վերադարձավ» որպես մշտարթուն զինվոր եւ միացավ շարքերին այն երկնային զորավոր բանակի, որ «չի զորացրվում ոչ մի հատուկ հրամանով ու կարգադրությամբ», այլ` հսկում է մեր խիղճը, մեր հոգեւոր եւ իրական հայրենիքի սահմանը, մեր ինքնության կերպը, մեր հավերժումի ընթացքը: Հավերժ փառք քեզ եւ հավերժ խոնհարում, հայրենիքի սուրբ նահատակ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՆՁ ԱՊՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՎ ԳՐԵԼԸ… 44-օրյա պատերազմի անհայտ զինծառայող Կարեն Իսկանդարյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 14, 2022 0
44-օրյա պատերազմի մասնակից սիսիանցի 5 զինծառայողի ճակատագիր դեռեւս անհայտ է: Նրանցից մեկը Սիսիանի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար…

Ես մամային ասում եմ` հույսդ չկորցնես, պապան մի օր գալու է… 44-օրյա պատերազմի անհայտ զինվոր Արա Ավագյանի որդի

Տեղադրվել է - Հունիս 30, 2023 0
Քառասուն տարուց ավելի փոստատար Ամալյա Օհանյանը թերթեր, նամակներ, բացիկներ ու թոշակներ է բաժանել: Սիսիանի գրեթե բոլոր թաղերն ու հասցեները անգիր…

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. ԶՈՀԵՐԴ ՆՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2021 0
Սեպտեմբերի 27-ից առաջ էլի պանթեոն էինք գալիս, էլի խոնարհվում ու խնկարկում էինք հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նահատակների հիշատակի առջեւ…Սեպտեմբերի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code