ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱն-100. Նրա ցանած սերմերը հասկակալել են…

Տեղադրված է at 17:34
145 0

Դեկտեմբերի 11-ին (փետրվարի 5-ին) լրանում է ՀՀ ժողովրդական (2012), ՀՀ (1983) եւ ՌԴ (2005) վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության եւ արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ, Հայրենական մեծ պատերազմի` Սանկտ-Պետերբուրգի վետերան նկարիչների միության նախկին նախագահ Զաքար Ավագի Խաչատրյանի ծննդյան  100-րդ տարին: 2024 թ.-ի օգոստոսի 7-ին, ՀՀ Ազգային Պատկերասրահի նախաձեռնությամբ, պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում մեծ շուքով նշվեց նկարչի ծննդյան 100-ամյակը, որի առթիվ խոսք հնչեցրեցի նաեւ ես: Սիրով ներկայացնում եմ իմ խոսքը:

Պատիվ ունեմ ներկայացնել Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը: Պատիվ ունեմ այս կարեւոր եւ մշակութային օրը առաջին անգամ ձեր ուշադրությանը ներկայացնել այստեղ ցուցադրվող շատ խորհրդավոր, շատ արժեքավոր ու կարեւոր մի ցուցանմուշ, որը, թեեւ, տարիների բեռան «ծանրությունից» խամրել է, «մաշվել», գունազրկվել, բայց չի կորցրել ու չի կորցնելու իր թիկունքում թողած այն ահռելի դերն ու նշանակությունը, որ ստեղծվել է ավելի քան 60 տարի առաջ` դառնալով բարձր մշակույթը այն տարիների գավառական գյուղաքաղաք Սիսիանում հիմնադրելու, զարգացնելու եւ տարածելու խորհրդանիշ: Խոսքն ապակյա այս ցուցանակ-ցուցանմուշի մասին է` ՍԻՍԻԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՏԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՍՏՈՒԴԻԱ մակագրությամբ, որը գրեթե 60 տարի փակցրած է եղել Սպանդարյան փողոցի այն առանձնատան կամարակապ պատին, որտեղ ապրել եւ արարել է Զաքար Խաչատրյանը: Այստեղ է 1961 թվին, Մերկուրովի եւ Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո, երրորդը` հանրապետությունում, Զաքար Խաչատրյանը ստեղծել Սիսիանի արվեստի ստուդիան, որը դարձել է մշակութային ինքանտիպ ու եզակի արվեստակերտ մի օջախ` ծնունդ տալով սիսիանյան գեղանկարչական մի փառահեղ փաղանգի, որն այսօր պատիվ է բերում ոչ միայն Սիսիանին, ոչ միայն հայ, այլեւ` համաշխարհային մշակույթին: Այստեղ են գեղանկարչություն եւ գեղարվեստ սովորել հետագայում ՀՀ վաստակավորի կոչում ստացած մի շարք հայտնի նկարիչներ եւ քանդակագործներ, այստեղ է Զաքար Խաչատրյանի գնահատող հայացքի ներքո գույների կախարդական աշխարհն իր համար բացել ու բացահայտել ՀՀ ժողովրդակն նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանը, այստեղ է իր ինքանտիպությունը կատարելագործել ՀՀ ժողովրդակն նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, այստեղ են գույների աշխարհում մկրտվել ճանաչված ու սիրված նկարիչներ Սլավիկ Խաչատրյանը, Պայքար Գալստյանը, Էդիկ Հակոբջանյանը, Վալերիկ Ստեփանյանը, Հրաչիկ Գյուրջյանը, Աշոտ Գասպարյանը եւ շատ այլոք, ովքեր հետո իրենց կրթությունը շարունակել են դարձյալ Զաքար Խաչատրյանի կողմից 1969 թվականին հիմնված Սիսիանի մանկական գեղարվեստի դպրոցում, հետագայում նույն դպրոցում իրենք գեղանկարչություն, քանդակագործություն սովորեցրել եւ սովորեցնում են տասնյակ սերունդների:

Պատահական էր, արդյո՞ք, որ Սանկտ Պետերբուրգում կրթություն ստացած, հայտնի Գերասիմովին աշակերտած սիսիանցի Զաքար Խաչատրյա´նը հենց պիտի Սիսիանի իր տանը հիմներ հայրենակիցներին բարձր մշակույթին հաղորդակից դարձնելու, գեղարվեստի գաղտնիքներն ու նրա գունագեղ բանալին նրանց տալու, դեպի արվեստ ու մշակույթ նրանց ճանապարհը բացելու եւ հարթելու օջախը եւ ի´նքը դառնար նրանց ուսուցիչը, ով ամենից շատ էր զգում ոչ միայն դրա պակասը գյուղաքաղաք Սիսիանում, այլեւ` դրա կարեւորությունը սերունդների գեղագիտական ճաշակի ձեւավորման գործում: Համոզված եմ` պատահական չէր: Քանի որ միայն բարձր մշակույթ, արվեստ ու գեղարվեստ իր մեջ կրո´ղը պիտի իմանար ու իմանա դրա հարգն ու կարեւորությունը, ուստի եւ` հե´նց նա պիտի Սիսիանում դներ այն հիմնաքարը, որի վրա պիտի բարձրանար արվեստակիր, մշակութասեղծ այն շքեղ սերունդը, որն ունեցանք եւ ունենք:

Ինչպես նշել է Փարավոն Միրզոյանը, Զաքար Խաչատրյանի` Սանկտ Պետերբուրգից Սիսիան վերադառնալը եւ արվեստի ստուդիա հիմնելը շատ կարեւոր դեր է ունեցել ոչ միայն իր կյանքում, այլեւ` Սիսիանում ու Սյունիք աշխարհում: Անցյալ դարի 60-ականներին, երբ ոչ մի տեղ ոչ կարգին երաժշտական դպրոց կար, ոչ կարգին նկարչական դպրոց, Զաքար Խաչատրյանն, ահա, երեխաներին հաղորդակից է դարձնում արվեստին, ինչը շատ կարեւոր նշանակություն է ունեցել Սիսիանի հետագա մշակութային կյանքում: Խորհրդանշական համեմատություն կատարելով Տիգրան Պետրոսյանի եւ Վիկտոր Համբարձումյանի հետ, երբ շատերը նրանց օրինակով երազում էին շախմատի աշխարհի չեմպիոն ու գիտնական դառնալ, Զաքար Խաչատրյանի` Սիսիան վերադառնալով շատերը ճանաչեցին Տիցիան, Մոնե, բարձր արվեստ ու գեղարվեստ, եւ նրա օրինակով երազեցին նկարիչ դառնալ ու դարձան…

«Ես 10 տարեկան էի, արդեն նկարում էի, երբ Սիսիան եկավ Զաքար Խաչատրյանը: Նկարներս ցույց տվեցի նրան: Նրա մոտ սովորելու երկու տարիներն ինձ համար բացեցին արվեստի ճանապարհը, որը տարավ ինձ: Մենք չէինք լինի, անձամբ` ես չէի լինի, եթե չլիներ Զաքար Ավագիչը… Նա ոչ միայն գեղարվեստը բերեց Սիսիան, ոչ միայն արվեստի հետ շփումն ու արվեստը ճանաչելը բերեց, այլեւ` ինքն իրենով, իր կերպարով, մտավորականի իր գործունեությամբ բարձր մշակույթը բերեց Սիսիան, եւ նրա թողած հետքը առ այսօր շարունակվում է: Զաքար Ավագիչը արվեստի լեռ էր ոչ միայն Սիսիանի համար, ու մենք պիտի հանրահռչակենք, պահենք-պահպանենք այդ մեծ մարդու, մեծ գեղանկարչի արվեստը: Նա հրաշալի կոմպոզիտոր էր, հրաշալի գեղանկարիչ, հրաշալի գրաֆիկ: Զաքար Ավագիչը անմահ է, քանի որ նրա արվեստը մնալու է…»,- ասել է Փարավոն Միրզոյանը:

Անգնահատելի է Զաքար Խաչատրյանի դերը ոչ միայն հայ գեղանկարչության մեջ: Անգնահատելի է, առաջին հերթին, նրա թողած ահռելի վաստակն ու ժառանգությունը Սիսիանի եւ սիսիանցիների կյանքում: Եւ, թերեւս, պատահական չէ, որ սիսիանցի հարգարժան մի տիկին, ուսուցչուհի Լուսինե Վարդանյանը, իր հուշագրությունում գրել է` ինձ թվում էր` բոլոր նկարիչներին Զախար են ասում…

Բնավ պատահական չէ նաեւ, որ 2006-ին Զաքար Խաչատրյանն իրենց առանձնատունը նվիրել է պետությանը` իր եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան դարձնելու նպատակով: Ես համոզված եմ, որ դեռեւս տունը կառուցելիս է Զաքար Ավագիչը հե´նց այդ նպատակն ունեցել, որ իրենցից հետո էլ այն, արդեն` տուն-թանգարանի կարգավիճակով, ծառայի հայրենի Սիսիանին, հայրենիքին, սերունդներին կապի բարձր մշակույթի եւ արվեստի հետ, ինչպես որ կաներ իսկական մտավորականը, նվիրյալը, երկիրը պագանողը, ամենազոր ու ամենակարող արվեստին ծառայողն ու խոնարհվողը…

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ Ազգային Պատկերասրահին` Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը այսքան շուքով, պատվախնդրությամբ ու արժանվույնս նշելու համար, որվհետեւ մենք միշտ պարտք ենք մեր մեծերին, պարտք ենք` նրանցով ինքներս մեզ ճանաչելու համար, պարտք ենք` ոչ միայն հացիվ ապրելու պատգամի համար, պարտք ենք` մեր տեղն ու դերը այս «խառն ու խրթին աշխարհում» չկորցնելու համար, պարտք ենք` հոգեւոր, մշակութային ազգ լինելու այցեքարտը այս նյութական աշխարհում չնսեմացնելու համար, պարտք ենք` մեր ընթացքը արարումով ու ստեղծագործ ոգով շարունակելու հավատամքի համար…

Թեեւ առիթն այսօր Զաքար Խաչատրյանի ծննդյան 100 ամյակն է, ես չեմ կարող այստեղ չտալ եւս մեկ հնչեղ անուն, որը ոչ միայն աստծո կամքով, այլեւ` ճակատագրորեն անքակտելիորեն կապված է Զաքար Ավագիչի անվան հետ` Արտաշես Հավսեփյան… Երկու տաղանդավոր ու հանճարեղ անուն` մեկ ընտանիքից: Ապրեցին միասին, ստեղծագործեցին միաժամանակ, հեռացան կյանքից միեւնույն տարում, ու, ինչքան որ հնչի Զաքարի անունը, զուգահեռվելու է Արտաշեսի անվանը, ինչքան որ հնչի Արտաշեսի անունը, հնչելու է Զաքարի անունը… Ուստի, ամենայն լավատեսությամբ, մեր հաջորդ հանդիպումը` Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի բացմանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տ/թ վարիչ

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տղայիս դժվար պահեցինք, հեշտ կորցրեցինք … Սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված Անդրանիկ Պետրոսյանի մայր

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2023 0
Սպանդարյանցի Վաչագան Պետրոսյանն ու Անգեղակոթ գյուղից նրա օջախ հարս եկած Նորվարդ Մկրտումյանն ամուր, հայկական ավանդական օջախ հիմնեցին, հող վարեցին, արտ…

ԱՌԱՆՑ ՔԵԶ Եւ ՔԵԶ ՀԵՏ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 29, 2021 0
Քսան տարի առաջ այս օրը ուրիշ տրամադրություն էր Նիկալյանների հարկի տակ… 20 տարի առաջ այս օրը շնորհավորանքներ էին, մի բարձի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: