ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ-100. ՆԱ ՍԻՍԻԱՆ ԲԵՐԵՑ ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏԸ

Տեղադրված է at Օգոստոս 12, 2024
158 0

Օգոստոսի 7-ին գույների տոն էր Սիսիանի պատկերասրահում, հոգու եւ ոգու տոն, հույզերի, մարդկանց սրտերը ջերմացնելու տոն: Ծննդավայր-հայրենիքի տաք հողից, արեւախանձ ժայռերից, օրհնաշատ դաշտերից, այգիներից ու արտերից վերցրած շքեղ գույները, կտավների տեսքով, վերադարձել էին տուն` որպես շռայլորեն իրենց տրված պարտքի հատուցում: Լուսասփյուռ ու գունասփյուռ կտավները վերադարձել էին` հպարտության անչափելի, անապարագիծ զգացողությամբ համակելու հայրենակիցներին: Վերադարձել էին` աստղաթափ գեղեցկությամբ լցնելու այն ցուցասրահը, որը նկարչի հոգեզավակներից մեկն էր` ծնված ամենայն սիրուց ու նվիրումից: Վերադարձել էին` իրենցով նշանավորելու դռնբացեքը եւ հավաստելու, որ 100-ամյակը ի՞նչ մի սահմանագիծ է բարձր արվեստի համար:

Եւ հոգու տոնի այս արարողությամբ, տեւական դադարից հետո, այցելուների առջեւ իր դռներն էր բացել Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղ Սիսիանի պատկերասրահը` նշանավորելու ՀՀ ժողովրդական (2012), ՀՀ (1983) եւ ՌԴ (2005) վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության եւ արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Ավագի Խաչատրյանի ծննդյան 100-ամյակը եւ վկայելու, որ նա գունե սերմեր ցանեց ու դեռ ցանում է…

Խորհրդանշական է, որ այս պատկերասրահը, դեռեւս հեռավոր 1969-ին, հիմնադրել է Զաքար Խաչատրյանը, որը նրա ստեղծած մշակութային կարեւոր օջախներից մեկն էր Սիսիանում, որ տասնամյակներ ի վեր անվերապահ կատարել էր մշակույթ պահելու ու տարածելու իր առաքելությունը: Բայց, ինչպես ողջ երկրում, այնպես էլ` Սիսիանում, երբ լուծարվեցին գործադիր կոմիտեները, լուծարվեց նաեւ Սիսիանի գործկոմի մշակույթի բաժնի ներքո գտնվող պատկերասրահը: Եւ միայն 1998 թ.-ին, Սիսիանի նորաստեղծ քաղաքային իշխանության կողմից հիմնանորգվելուց հետո, արդեն նոր կարգավիճակով, որպես ՀՀ Ազգային պատկերասրահի մասնաճյուղ, բացեց իր դռները` այցելուներին ներկայանալով ոչ միայն սիսիանցի, այլեւ` հայ եւ համաշխարհային նկարիչների ստեղծագործություններով: Ժամանակը, սակայն, թողել էր իր վնասարար ազդեցությունը, եւ, հիմնանորոգումից գրեթե քառորրդ դար հետո Սիսիանի պատկերասրահում կրկին վերանորոգման անհրաժեշտություն էր առաջացել, ինչը հանձն էր առել գեղանկարիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը եւ ԶՊՄ կոմբինատի համաֆինանսավորմամբ նախաձեռնել մասնաճյուղի վերանորոգման եւ արդիականացման աշխատանքները:

Ցուցահանդեսի բացման ողջույնի խոսքում ՀՀ Ազգային պակերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը խիստ խորհրդանշական համարեց, որ Սիսիանի մասնաճյուղի բացումը զուգադիպում է, ինչպես ինքն էր իրեն համարում, իսկական սիսիանցի, Սիսիանի զավակ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100 ամյակի հոբելյանին, եւ, հարկ էր, որ 100-ամյակին նվիրված ցուցադրությունը բացվեր հենց Սիսիանում, հենց մեծ նկարչի ծննդավայրում եւ հենց նրա հիմնադրած ցուցասրահում: Շեշտելով մշակութային կյանքը մայրաքաղաքից դեպի մարզեր տանելու կարեւորությունը, ազգային պատկերասրահի` նորոգված եւ արդիականացված մասնաճյուղեր ունենալու անհրաժեշտությունը, Մարինա Հակոբյանը նշեց, որ Սիսիանի նորոգված եւ վերաբացված մասնաճյուղը Ազգային պատկերասրահի 13 մասնաճյուղերից հերթականն է, եւ, ամենայն լավատեսությամբ հույս հայտնեց, որ դրան կհաջորդեն այլ մասնաճյուղերի վերանորոգումներ եւս, որոնց թվում` Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը, եւ հավելեց, որ ներկա պահին այնտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Կարեւորելով պետություն-մասնավոր անձ համագործակցությունը, ինչի արդյունքն է Սիսիանի մասնաճյուղի նորոգումն ու արդիականացումը, Ազգային պատկերասրահի տնօրենը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին` գեղանկարիչ Դավիթ Դանիելյանին եւ ԶՊՄ կոմբինատին` խորհրդանշական համարելով, որ պատկերասրահի վերաբացումը նշանավորվում է Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի ցուցահանդեսով:

ՀՀ ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ հյուրերին` Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար, ինչպես նաեւ` Ազգային պատկերասրահի տնօրեն, մեր հայրենակից Մարինա Հակոբյանին` մասնաճյուղի վերաբացումը նման կարեւոր ցուցադրությամբ նշանավորելու համար: Մասնաճյուղի վարիչը շնորհակություն հայտնեց Սիսիանի համայնքապետին, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանին, ում ջանքերով իրականություն դարձավ մասնճյուղի վերանորոգումը:

ՀՀ ազգային պատկերասրահի մասնաճյուղ` Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի վարիչ Արեւհատ Ամիրյանը մասնավորաբար խոսեց այն մեծ ու ահռելի դերակատարման մասին, որ ունեցել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում ուսանած Զաքար Խաչատրյանի վերադարձը Սիսիան, որով նա Սիսիան բերեց բարձր մշակույթը, անմնացորդ նվիրվեց դրա զարգացմանն ու տարածմանը: Տուն-թանգարանի վարիչը հանգամանալից խոսեց դեռեւս 1961-ին Սպանդարյան փողոցի իր առանձնատանը Զաքար Խաչատրյանի հիմնած արվեստի ստուդիայի մասին, որը, Մերկուրովի եւ Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո 3-րդն էր հանրապետությունում, որն անգնահատելի, ահռելի եւ հսկայական դեր ու նշանակություն է ունեցել Սիսիանի հետագա մշակութային կյանքում եւ դեռ շարունակում է ունենալ:

Տուն-թանգարանի վարիչը նշեց, որ այստեղ են գույների աշխարհում մկրտվել սիրված ու ճանաչված բազմաթիվ նկարիչներ ու քանդակագործներ, իսկ ՀՀ Ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Փարավոն Միրզոյանի եւ ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակների դափնեկիր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի անունն արդեն խոսում են այն ահռելի ավանդի մասին, որ ունեցել է արվեստի ստուդիան: Զաքար Խաչատրյանի` Սիսիան վերադարձի եւ արվեստի ստուդիայի` իր վրա թողած ազդեցության եւ իր կյանքում ունեցած դերի մասին Փարավոն Միրզոյանն ասել է, որ անցյալ դարի 60-ականներին, երբ ոչ մի տեղ ոչ կարգին երաժշտական դպրոց կար, ոչ կարգին նկարչական դպրոց, Զաքար Խաչատրյանն, ահա, երեխաներին հաղորդակից է դարձրել արվեստին, ինչը շատ կարեւոր նշանակություն է ունեցել Սիսիանի հետագա մշակութային կյանքում: Խորհրդանշական համեմատություն կատարելով Տիգրան Պետրոսյանի եւ Վիկտոր Համբարձումյանի հետ, երբ շատերը նրանց օրինակով երազում էին շախմատի աշխարհի չեմպիոն ու գիտնական դառնալ, Զաքար Խաչատրյանի` Սիսիան վերադառնալով շատերը ճանաչեցին Տիցիան, Մոնե, բարձր արվեստ ու գեղարվեստ, եւ նրա օրինակով երազեցին նկարիչ դառնալ ու դարձան…

Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը ներկա էր նկարչի ավագ որդին` Արամ Խաչատրյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ ազգային պատկերասրահի տնօրինությանը` հորը այսպես մեծարելու, նրա ծննդյան 100-ամյակը Սիսիանում մշակութային տոն դարձնելու համար, նա ափսոսանք հայտնեց միայն, որ հայրը ներկա չէ այս ամենին: Արամը Երեւանից ձեռնունայն չէր եկել իր եւ հոր ծննդավայր. կատարելով հոր պատգամը` նա տուն-թանգարանին նվիրեց 2015 թ.-ին Նորին Սուրբ Օծություն Ամենայն Հայոց Կաթողիկոս ՏՏ Գարեգին Բ-ի կողմից ստացած հայ եկեղեցու բարձրագույն` Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ շքանշան ստանալու մասին կոնդակի` դեռեւս իր ձեռքով պատրաստած կրկնօրինակը:

Տուն-թանգարանին Զաքար Ավագիչի մասին պատմող տեսասկավառակ նվիրեց տարիներ ի վեր նրա հետ բարեկամություն արած Լեւոն Ավագյանը:

ՀՀ ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի ժամանակավոր ցուցադրությունն ընդգրկում է շուրջ 40 բնանկարչական աշխատանք, նատյուրմորտներ եւ քաղաքային փոքրածավալ տեսարաններ ներկայացնող կենսախինդ ու վառ ստեղծագործություններ: Ցուցադրությանը ներկայացվել են նաեւ Զաքար Խաչատրյանի անձնական իրեր նկարչի տուն-թանգարանից: Ժամանակավոր ցուցադրությունը կտեւի երկու ամիս: Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությանը զուգահեռ` ընթանում են պատկերասրահի` մշտական ցուցադրության նախապատրաստական աշխատանքները:

ՈՐՈՏԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Էքսպո-2024. Մշակութային կրթություն

Տեղադրվել է - Սեպտեմբեր 14, 2024 0
Նոր ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, որն անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո՝ երեխաների ստեղծագործական միտքն ու…

ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԳՄԲԵԹՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է - Մայիս 15, 2023 0
Սիսիանի բնակավայրերից մեկի մերձակայքում, որտեղ դեռ թարմ է վերջին շրջանի ռազմական գործողությունների հիշողությունը, երիտասարդների մի խումբ շինարարական աշխատանքներ է կատարում:…

Արցունքս թողել եմ տանը, սրբել աչքերս ու տնից դուրս եկել… Զոհված Գեւորգ Բաբաջանյանի մայր

Տեղադրվել է - Հոկտեմբեր 25, 2021 0
Գեւորգը բնունիսեցի Արթուր Բաբաջանյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի վեց զավակներից երկրորդն էր, երկու տղաներից` մեծը: Բազմազավակ ընտանիքի երեխաները խինդով, ուրախությամբ, համ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: