ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ – 100. ԱՄԵՆ ԳՈՒՅՆԸ` ՄԻ ԶԻՆՎՈՐ…

Տեղադրված է at Օգոստոս 6, 2024
240 0

Հայրենական մեծ պատերազմում չորս տարի կռվելուց եւ ծանր վերքերը բուժելուց հետո ընկերս` Զաքար Խաչատրյանը, վերադարձավ եւ ուսումնառության անցավ սկզբում Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա` Երեւանի երաշժտական ուսումնարանում: 1947 թ.-ին հանրակացարանում մնալու հնարավորություն չունենալով` որոշեց վերադառնալ Սիսիան: Խորհուրդ տվեցի նրան տեխափոխվել Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան (որտեղ ես սովորում էի), քանի որ այն ուներ անվճար հանրակացարան: Հետագայում, իր կենսագրականում Զաքար Խաչատրյանը պետք է գրեր. «Ստացվեց այնպես, որ կամա թե ակամա, նկարչի իմ մասնագիտությունն ընտրեց ընկերս` Գրիգոր Ղարիբյանը: Եթե նրան չհանդիպեի, ինչ կկատարվեր ինձ հետ, միայն Աստված գիտի»:

Բարձր առաջադիմությամբ սովորելով Փ. Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանում եւ Երեւանի գեղարվեստի ինստիտուտում` Զ. Խաչատրյանը բարձրագույն նկարչական կրթությունն ավարտեց Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում, արժանանալով ռեպինյան եւ ստալինյան կրթաթոշակի: Հետագայում այդ նույն ինստիտուտում ուսանելու տարավ իր եղբորը` ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանին եւ իր սանին` ՀՀ ժողովրդական նկարիչ, Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանին:

Ստանալով հիմանարար կրթություն Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտում այնպիսի մեծահամբավ նկարչի ղեկավարությամբ, ինչպիսին ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Բ. Յոհանսոնն էր, Զ. Խաչատրյանը փայլուն ավարտեց ակադեմիան, եւ պետական քննական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Ա. Գերասիմովը հենց նրան ընտրեց իր արվեստանոցում եւս չորս տարի կատարելագործվելու: Այսպես կերտվեց ապագա ռեալիստ նկարիչը: Զ. Խաչատրյանը, սակայն, անհաղորդ չմնաց աշխարհում, մասնավորապես Ֆրանսիայում, գեղանկարչության առաջավոր զարգացումներին: Խոսքն, անշուշտ, վերաբերում է իմպրեսիոնիստական ուղղությանը, որում գույների ճիշտ եւ հմուտ համադրությամբ հնարավոր է դառնում աշխարհն ավելի խոր ընկալել` հասնելով անհրաժեշտ տարածության, օդի թափանցիկության, մարդու տրամադրությունների նուրբ արտահայտման գեղարվեստական առավել գեղեցիկ ընդհանրացումների:

Զ. Խաչատրյանի ոգեշնչման եւ ստեղածագործության նյութը բնությունը եւ մարդկային կյանքն են` իրենց հաճելի ու դաժան դրսեւորումներով: Լինելով Հայրենական մեծ պատերազմի չորս տարիների մասնակիցը եւ հազարավոր զինվորների մահվան ականատեսը, նկարիչը չէր կարող անտարբեր մնալ պատերազմի մեծ զոհաբերությունների եւ աշխարհի մայրերի վիշտը արտացոլող հուզիչ թեմաների հանդեպ: Դրա վկայությունն է 2010 թվականին «Նվիրվում է զինվորների մայրերին» կտավը, որի վրա միայն ծաղիկներ են` նվիրված պատերազմում ընկած զինվորների հիշատակին եւ ծանր վիշտը մորմոքող նրանց մայրերին: Այն մի կողմից արտացոլում է հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած զինվորների հանդեպ մեծ հարգանքն ու ցավը, մյուս կողմից` նրանց տանջահար մայրերին հատուցվող սփոփանքը:

Գեղանկարչության դասական ռեալիստական եւ իմպրեսիոնիստական սկզբունքների հմուտ ներդաշնակությունը հատկապես նկատելի է Զ. Խաչատրյանի «Երեւան» մեծածավալ կտավում, որը նկարել է Երիտասարդական պալատից` մայրամուտին, Արարատի ֆոնի վրա: Ի տարբերություն շատ նկարիչների, որոնք Արարատը, հատկապես նրա ձյունածածկ գագաթը ընդգծում, «գեղեցկացնում են», Զ. Խաչատրյանի Արարատը Երեւանից շատ հեռու է, հազիվ նշմարելի, ամպերի հետ խառնված: Հենց դա է նկարչի վարպետությունը: Պատահական չէ, որ այդ հրաշալի, հին, թամանյանական շունչը կրող Երեւանի պատկերը գտնվում է մշակույթի նախարարի աշխատասենյակում: Շատ տպավորիչ են ցուցահանդեսում ներկայացված «Հավերը», «Քոչը» կտավները: Ասում են` Միքելանջելոն, երբ ավարտել է իր «Դավիթը», մուրճով հարվածել է ծնկին ու ասել` «Դե, խոսիր»: Զ. Խաչատրյանի «Հավերը» եւ «Քոչը» ստեղծագործություններին նայելիս նույն` իրական զգացումներն ես ապրում:

Նկարչի առաքելությունն այն է, որ բնության ստեղծած գեղեցկությունը, հրաշքը դիտողին ներկայացնի առավել ընդգծված ու պատկերավոր: Աշխարհահռչակ Այվազովսկին ունի «Արեւածագը Սեւ ծովի վրա» հայտնի կտավը, որը գտնվում է Թեոդոսիայում իր տուն-թանգարանում: Ականատեսները պնդում են, որ նկարի արեւածագն ավելի շռայլ է ու գեղեցիկ, քան` նույն տեղից ` ծովի բնական արեւածագը: Հենց այսպիսին է Զ. Խաչատրյանի «Սիսիանի եկեղեցին մայրամուտին» կտավը: Արեւի վերջին ճառագայթների աստվածային գեղեցկությունն ու նուրբ լուսավորությունը հեքիաթային է դարձրել Սիսիանի` առանց այն էլ հրաշք սուրբ Հովհաննես եկեղեցին: Երեւի նշված նկարի տպավորության ազդեզությամբ է ոգեշնչվել Համո Սահյանը եւ գրել ծաղիկների մասին իր սքանչելի տողերը`

Երբ դաշտ եմ մտնում, ուշքս ու միտքս

Ինձնից խլում են ծաղիկները…

Եւ թվում է, թե ինձ հետ ժպտում,

Ինձ հետ տխրում են ծաղիկները:

Չի պատասխանում հողն ինձ անգամ.

-Ի՞նչ երազներ են տեսնում տեսնես,

Երբ որ քնում են ծաղիկները:

Վերջին շրջանի գործերից ցնցող տպավորություն է թողնում «Տիրամայրը» կտավը: Միայն զարմանալ կարելի է, թե օրերս ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանն արժանացած արվեստագետին այդ տարիքում որտեղի՞ց այդքան ուժ, աշխատասիրություն ու եռանդ, երեւակայություն, համբերություն եւ վարպետություն` այդ հրաշքը ստեղծելու համար:

Գրիշա ՂԱՐԻԲՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

«Հայաստանի Հանրապետություն» (13.10.2012)

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Տեղադրվել է - Դեկտեմբեր 9, 2022 0
Համայնքների զարգացման «Հայաս» հասարակական կազմակերպությունը (նախագահ` Խաչատուր Ցոկոլակյան), օրերս մեծ քանակությամբ հիվանդանոցային մահճակալներ, քայլակներ, սայլակներ, բժշկական այլ սարքավորումներ ու պարագաներ,…

ՀԵՐՈՍԻՆ ՉԵՆ ՈՂԲՈՒՄ, ՀԵՐՈՍԻՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ… Խաչքար` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի Միքայելյանին

Տեղադրվել է - Նոյեմբեր 13, 2021 0
Շամբի միջնակարգ դպրոցի պատին Մակիչ Ասրյանի եւ Մարատ Հակոբջանյանի հիշատակի ցուցապաստառների կողքին ավելացավ եւս մեկը` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: