ՀՀ ժողովրդական նկարիչ, մեծանուն քանդակագործ Արտաշես Հովսեփյանին նվիրված` Վանուշ Շերմազանյանի հրապարակումներից մեկի ներքո Հարություն Կիրակոսյանի կողմից կատարված գրառումը առանձնահատուկ գրավեց ուշադրությունս. Հարությունը գրել էր, որ 1971 թվականին Կուրթան գյուղում տեղադրված` Հայրենական մեծ պատերազմի զոհվածներին նվիրված հուշարձանի հեղինակը նույնպես Արտաշես Հովսեփյանն է: Խնդրեցի լուսանկար ուղարկել: Անմիջապես ուղարկեց, նշելով, որ քանդակը կոչվում է Երեք սգակիր կանայք, նվիրված է Մեծ հայրենականում զոհված 236 կուրթանցիների հիշատակին:
Համացանցում երկար փնտրեցի հուշարձան-քանդակի մասին որեւէ տեղեկություն, սակայն, բացի Կուրթանի էջում տեղադրված լուսակարներից, ոչինչ չգտա: (Գուցե հետագայում գտնեմ): Այնուամենայնիվ, ուրախությունս եւ ոգեւորությունս անասելի էր, որ հնարավորություն ընձեռվեց ներկայացնել Արտաշես Հովսեփյանի եւս մի քանդակ, որը, գուցե եւ, հայտնի չէ նրա արվեստի երկրպագուներին եւ հանրության լայն շրջանակներին:
Լոռու մարզի Կուրթան գյուղի նախկին նախագահ, ապա` կենցաղի եւ մշակույթի թանգարանի տնօրեն, գյուղապետի տեղակալ, «Կուրթան. իմ ոստան» վերնագրով գրքի հեղինակ հարգարաժան Հարություն Կիրակոսյանի հետ մեր զրույցը, բնականաբար, ջերմ ու հարազատական էր: Պատմեց, որ «Երեք սգակիր կանայք» քանդակն Արտաշես Հովսեփյանը կերտել է 1969-70 թվականներին, բացումը կատարվել է 1971-ի մայիսի 9-ին: Հուշարձանի բացումը վերածվել է մեծ տոնախմբության, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի նախագահն էր այդ տարիներին հայտնի մայոր Գեւորգ Թամարյանը, հյուրասիրության, հյուրընկալության համար մորթվել է 20 անասուն, հնչել են զինվորական համազարկեր, բացվել է հուշաղբյուրը, որի ջուրը մինչ օրս հոսում է, տարածքը մաքրվում է դպրոցականների եւ գյուղացիների կողմից, եւ ամեն տարի մայիսի 9-ին համագյուղացիները խոնարհվում եմ Մեծ հայրենականում իրենց կյանքը զոհաբերած կուրթանցիների հիշատակին:
Հարություն Կիրակոսյանը պատմեց, որ ինքն այդ ժամանակ սովորում էր 7-րդ դասարանում, բայց լավ է հիշում, որ երբ հսկա քարաբեկորը բերում էին գյուղ, մարդիկ մտավախություն ունեին, որ Ստեփանավանի կողմի կամուրջը չի դիմանա այդ ծանրությանը, կփլվի, բայց կամուրջը դիմացավ, հսկա ժայռաբեկորը հասավ գյուղ, տեղադրվեց նախապես մաքրված տարածք, եւ բանվորական հագուստով, կեպիով, ակնոցով մարդը սկսեց աշխատել: Հարությունը հավելեց, որ իրենց հարեւան վաստակավոր ուսուցչից է լսել, որ քանդակագործը սիսիանցի է, անունը` Արտաշես Հովսեփյան, ով Ռաֆայել Իսրայելյանի փեսան էր, իսկ քանդակը կոչվելու է Երեք սգակիր, կամ` սգացող կանայք…
Քանդակի երեք նիստերին երեք սգակիր կին է` մայր, կին, քույր… Պատերազմում զոհվել է մեկի որդին, մեկի ամուսինը, մյուսի եղբայրը, ու սուգը կամ` վիշտը, մոր, կնոջ, քրոջ կերպարով, քարացել-մնացել է հայրենիքի սրտում, բայց մայրը, կինը, քույրը, որպես հայրենիքի հավերժական խորհրդանիշ, ամուր կանգնած են հայրենի հողին, հայրենի երկրին, հայրենիքի սրտում ու իրենցով պահում են այն ամենը, որը կոչվում է տուն, օջախ, հայրենի երկիր… Քանդակի կենտրոնական հատվածում հավերժության գեղեցկակուռ վարդյակն է, Արտաշես Հավսեփյանի խորհրդանիշերից մեկը, որտեղից հոսում է անմահության մշտահոս հայրենական ջուրը…
Քանդակը զոհվածների հիշատակին է նվիրված, սակայն կենտրոնական կերպարը նահատակ զինվորը չէ, այլ` մայր հայրենիքի կենսատու ակունքը` կինը, ու եթե զինվորը նահատակվեց եւ մնաց եղբայրական գերեզմաններում, ապա` մոր, կնոջ, քրոջ կերպարով շարունակվեց ու մնաց որպես ֆաշիզմ հաղթած եւ հաղթանակը տուն բերած իրապատում…
Քանդակը հուզական, խոհական տրամադրություններ է տարածում, սգակիր կանանց վշտի, մորմոքի, տխրության, կորստյան ցավի ու ինքնամփոփ մենակության մեջ, սակայն, մի լուսավոր թախիծ կա, մի զսպված արժանապատվություն, ակամա խոնարհումի եւ հիացումի զգացողություն, որ նրանց քղանցքի ծալքերից ծածանվում-տարածվում է դեպի երկինք, դեպի անհաս հորիզոններ…
Հ.Գ. Մանրազննին եւ ուշադիր զննեցի քանդակի լուսանկարը: Զուսպ, Արտաշեսյան խորհրդանիշներով, ընդգծված կերպարներով, քարի կարծրությամբ, բայց եւ` անչափ հուզախռով, առանց որեւէ ավելորդության աշխատանք է, քանդակի գլխադիր հատվածում միայն մեկ փորագրություն է`1941-1945, սակայն տրամադրությունն այնքա~ն բնորոշ է ժամանակին, զգացողություններին, հոգեվիճակներին, անհաշիվ նահատակություններից հետո Մայր-Հայրենիք կերտելու ինքնավսհատ նկարագրին: Արտաշես Հովսեփյանն այս քանդակ-հուշարձանը կերտելիս եղել է 39-40 տարեկան: Բայց արդեն` իր ոճը, իր ձեռագիրը, իր ուղին` գտած, որը հետագայում պիտի փայլատակեր աստվածային խրախճանքների, առյուծ ձեւող Մհերի, Վիշապաքաղ Վահագնի շքեղ ու շլացուցիչ զարդանախշ-հմայքներով…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
14.07.2026