ԵՎ ՄԱՀԱՐՁԱՆԸ ԴԱՐՁԱՎ … ՀԱՂԹԱՐՁԱՆ

Տեղադրված է at Հունիս 5, 2025
249 0

1993-ի հոկտեմբերի 23-ին, երբ դեռ շարունակվում էր արցախյան ազատամարտ-գոյամարտը, երբ հայ զինվորը շարունակում էր իր արյամբ գծել հայրենիքի սահմանները, երբ Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում դեռ նահատակների աճյուններ էին ամփոփվում, բացվեց վեհասլաց, թեւատարած, արեւային ճաճանչների միջից բարձրացող խորհրդանշական Արծիվների քանդակը: Հրադադարի մասին դեռ խոսք չկար, բայց կար հայրենիքի նահատակներին հերոսացնելու, նրանց անմահացնելու գիտակցումը, նրանց սխրանքը ժամանակներին եւ պատմությանն ի պահ տալու պատգամը, որ փոխանցվել էր սերնդեսերունդ` որպես մահ իմացյալ անմահություն…

Ու հարկ էր, որ հենց պատերազմի ընթացքում կերտվեր նահատակների հավաքական կերպարը խորհրդանշող, նրանց անմահությունը բանաձեւող սիմոլ-հուշակոթողը` որպես ապրողների հավերժ երախտագիություն եւ քարե հուշամատյան… Այդպես եղել է, այդպես պետք է լինի… Եւ, ինչպես պոետը կասեր, դա առավելապես հենց ապրողներին էր պետք` ընկածների զոհաբերումը գիտակցորեն գնահատելու, նրանց հիշատակը հավերժ պահելու, նրանց առաջ ծնրադիր եւ ձեռն ի սիրտ խոնարհվելու ու դասեր քաղելու համար…

Ընթացող պատերազմի օրերին արծվաթռիչք այսպիսի հուշակոթողի բացման կարեւորության, խորհրդի եւ անհրաժետության մասին են խոսել Սիսիանի քաղխորհրդի եւ շրջխորհրդի գործկոմների նախագահներ Նորիկ Հակոբյանը, Սամվել Սահակյանը, զինվորականներ, զոհվածների ծնողներ: Իսկ Սյունյաց թեմի` այն ժամանակվա առաջնորդ Ասողիկ սրբազան Արիստակեսյանն իր խոսքում շատ պատկերավոր այն պիտի ոչ թե մահարձան, այլ` հաղթարձան կոչեր` ի խորհուրդ համազգային հաղթության եւ հավելեր, որ Արցախում հայերը չէին ունենա հաջողություն, եթե չլինեին Սիսիանի եւ Ապարանի ջոկատները:

Արծիվների հաղթաքանդակի բացումից անցել է 30 տարուց ավելի: Պանթեոնը դարձել է սրբատեղի եւ ուխտատեղի, դարձել է երդում, դարձել է խոստում ու վրեժ, դարձել է անավարտ թռիչք ու չավարտվող պատերազմ… Շատ բան է տեսել ու ապրել Պանթեոնը, բայց մի բան հստակ է` արծիվների թռիչքը դեպի արեւն է, դեպ` անմահություն…

Ինչպե՞ս ծնվեց խորհրդանշական քանդակը, ինչո՞ւ արծիվները դարձան նահատակների հավաքական սիմվոլը: Այս հարցերի շուրջ զրուցեցինք հաղթարձան քանդակի հեղինակ ճարտարապետ Մանվել Համբարձումյանի հետ:

Ասաց, որ հուշակոթող կառուցելու եւ նահատակներին անմահացնելու գաղափարը տվել է Վազգեն Սարգսյանը: «Արդեն շրջանի գլխավոր ճարտարապետն էի: Մինչ այդ հուշարձանների պահպանության պետական կոմիտեի «Սիսական» տեղամասի պետն էի, որն զբաղվում էր Եղեգնաձորից մինչեւ Մեղրի ընկած տարածքի պատմական հուշարձաններով: Հիմնական ուշադրությունը բեւեռված էր Տաթեւի եւ Որոտնավաքի վրա, բայց վերականգնվեց նաեւ Թանգու կամուրջ, Օրբելյան իշխանի մահարձանը` Բնունիսում, Լորիկ իշխանի մահարձանը` Լորում: Մեծ տապասխանատվությամբ հանձն առա նաեւ զոհվածներին հուշարձան կառուցելու առաջարկությունը»,- ասաց ճարտարապետն ու հավելեց, սակայն, որ այդ ժամանակ տարածքի նկատմամբ որեւէ իրավասություն չունեին պետական կառույցները, քանի որ այն եկեղեցապատկան էր, պատերազմում զոհվածների հուղարկավորությունները կատարվել էին ոչ օրինական, տարածքի պարսպապատումը` նույնպես, ինչի մասին անընդհատ զգուշացվել էին, եւ անհրաժեշտ էր նախ այդ խնդիրը լուծել:

«Խնդիրը պիտի լուծվեր միայն Մայր Աթոռում: Հանդիպեցի Մայր Աթոռի ճարտարապետ Արծրունի Գալիկյանին, նրա միջնորդությամբ ձեռք բերեցինք համաձայնությունը: Սկսեցի աշխատել էսքիզների վրա: Մի քանի տարբերակ մշակեցի: Մի օր միտքս ընկան հայտնի երգի տողերը` ուս-ուսի տված, առյուծի նման…Էդ «առյուծի մնանը» արագ վերափոխեցի արծվի նման, եւ միանգամից ծնվեց քանդակի հիմնական տարբերակը: Մի քանի օր հետո մի ուրիշ փոփոխություն կատարեցի էսքիզում` արծիվների գլուխը թեքեցի դեպի Արցախ… Ու սկսեցինք աշխատել»,- ասում է Մանվել Համբարձումյանը, հավելում, որ համապատասխան քար եւ քարագործ վարպետներ գտնելը դժվար չէր, քանի որ Սիսիանը հայտնի է իր շնորհալի քարագործներով եւ բազալտի քարով:

«Առաջին արծիվը քանդակեց Վովա Պապիկյանը, նրան ե՛ւ օգնում, ե՛ւ քարտաշություն էր սովորում մի երիտասարդ տղա` Գեւորգը: Մեջտեղի արծիվը քանդակեց հայտնի քարագործ Վալիկ Վարդանյանը, երրորդը` աջինը, Մհեր Սիմոնյանը: Նրանցից եւ ոչ մեկը պրոֆեսիոնալ չէր, ինքնուս էին, բայց հիանալի տիրապետում էին քարի լեզվին, եւ փայլուն քարագործ-վարպետներ էին: Գեւորգ Էդիկի (Նորիկի) Սահակյանը զորակոչվեց ծառայության, ցավոք, զոհվեց Գորիսում, 1994-ին, 19 տարեկանում, հուղարկավորվեց հենց իր քանդակած արծվի հայացքի ներքո… Իր քանդակած արծիվն իր համար դարձավ հուշարձան: Պապիկյան Վովան էլ է հեռացել կյանքից, ու պիտի ասեմ, որ նրանց կերտած քանդակը հուշարձան է ոչ միայն հայրենիքի նահատակների համար, այլեւ` իրենց… Թե ինչ անմնացորդ նվիրումով էինք աշխատում, դժվար չէ պատկերացնել, քանի որ մեկուկես ամսվա մեջ ավարտեցինք աշխատանքը: Բացմանը ներկա էին զոհվածների ծնողները, հարազատները, բազմաթիվ հյուրեր: Սիսիանի ղեկավարները Ղարյանի կոմբինատի ճաշարանում հյուրասիրություն կազմակերպեցին զոհվածների ծնողների համար: Ես կառավարության կողմից դրամական մրցանակ ստացա, գումարը բաժանեցի զոհվածների ընտանիքներին…»,- ասում է ճարտարապետ Մանվել Համբարձումյանը, հավելում, որ աշխատանքներին շատ են օգնել հատկապես զինվորականները, իսկ իր բացակայության ժամանակ իրեն փոխարնել է ճարտարապետ Հակոբ Սահակյանը:

Ճարտարապետին ասում եմ` ոչ բոլոր մահարձանները կարող են հաղթարձան կոչվել, ինքն ինչպե՞ս է վերաբերվում Ասողիկ սրբազանի գնահատումին, ասում է` համամիտ է, քանի որ իսկապես, առաջին հերթին այն հաղթարձան է` նվիրված արցախյան առաջին պատերազմի հաղթանակին: Ասում եմ` բայց մեր հաղթանակը բաց թողեցինք մեր ձեռքից, Արցախը կորցրեցինք, Պանթեոնը դաժանորեն եւ աններելիորեն մեծացավ, Արծիվների հուշարձանի հաղթական իմաստը իմաստազրկվե՞ց: Ճարտարապետն, իհարկե, համամիտ չէ իմ հնչեցրած մտքի հետ, ասում է` ունի նույն զգացողությունը, ինչ` հուշարձանը նախագծելիս, կառուցելիս, ու քանի գնում է, էդ արծիվների սլացքն իր համար ավելի է հզորանում, երբեմն զարմանում է, թե ոնց է հղացել, հետո հաստատում, որ դա նաեւ ժամանակի զգացողությունն էր: Իսկ Արծիվների քանդակը այնպիսի տեղում է, որ ամբողջությամբ համահունչ է միջավայրին, շրջապատին, դարավոր եկեղեցուն, եղեռնի նահատակների համեստ ու զուսպ հուշաքարին (որի հեղինակն, ի դեպ, Արտաշես Հովսեփյանն է. Ա.Ա.), ու երբեք չի նվազելու, չի թուլանալու նրա` հաղթանակի խորհրդանիշ լինելը, ապա վկայակոչում, որ Արծիվները սուր մագիլներով հենված են մեկը` հայկական արեւխաչին, մեկը` վահանին, մյուսը` հավերժության նշանին, գլուխներն էլ` արեւի ճաճանչների մեջ… Դե արեւը կյանքի խորհրդանիշն է: Մեր արմատներն ամուր են մեր հենարան հողով, հայրենիքով, մեր զորավոր խաչով, ամուր վահանով, մեր ընթացքը` հավերժ…

Ին՞չ է սովորեցնում պանթեոնը մեզ` ապրողներիս, հարցնում եմ ճարտարապետին… Ասում է` ես չէի ուզենա, որ այն լիներ, չէի ուզենա, որ հաղթարձան կերտեի, չէի ուզենա, որ այս տղաները զոհվեին հանուն հայրենիքի, այլ` ապրեին հանուն հայրենիքի… Բայց դրա համար պիտի ապրենք ուս -ուսի տված, ինչպես` այս արծիվները, որ ամուր պատնեշի նման են, միաբան լինենք, միասնական լինենեք, համախմբված լինենք, անսասան լինենենք, ժեռ քարի պես պինդ լինենք… Հենց այդ մասին է արծիվների քանդակը, միտքը դա է, գաղափարը դա է: Բռունցքվել… Այսօր հատկապես այն արդիական է…

Որպես կառույց` Սիսիանի Պանթեոնը ճարտարապետական կուռ համալիր է, որտեղ ամեն ինչ իր խորհուրդն ունի: Մուտքի ձախ կողմում կենաց ծառն է` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի վերընձյուղմանը, աջում` երեք ցայտաղբյուրներ, որտեղ փորագրված են մեր պետական օրհներգի` «Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտի մեռնի, Բայց երանի, Որ յուր ազգի ազատության կզոհվի» տողերը: Ինչպես պատմում է Ճարտարապետը, երկար է մտածել` ինչ խորհրդանշական տողեր գրի, ու Ալբետ Ավետիսյանը խորհուրդ է տվել այդ տողերը փորագրել:

Պանթեոնի մուտքը սկսվում է ջրով եւ ավարտվում է ջրով, որը կյանքի հարատեւության իմաստավորումն է. խոնարհվելով ցայտաղբյուրին, խոնարհվում ենք նահատակների սուրբ հիշատակի առաջ, որոնց կյանքն արդեն շարունակվում է որպես մշտահոս ջուր…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

05.06.2025

 

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրվել է - Հունիս 22, 2023 0
Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: