Հաճախ մտածում ենք, թե ներառականությունը թեքահարթակներն են, լայն դռները կամ օրենքներով ամրագրված իրավունքները։ Սակայն իրական ներառականությունը չի սկսվում շենքի մուտքից, այն սկսվում է մարդու մտքից ու սրտից։ Այն սկսվում է այն պահից, երբ մենք դադարում ենք դիմացինի մեջ տեսնել «խնդիր» և սկսում ենք տեսնել «մարդ»՝ իր երազանքներով, տաղանդով և աշխարհին ինչ-որ բան տալու կարողությամբ։
Յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով և արժանի է սիրո ու հարգանքի։ Սակայն մեր հասարակության մեջ դեռևս կան անտեսանելի պատեր։ Հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները կամ սոցիալապես անապահով մարդիկ հաճախ բախվում են ոչ թե ֆիզիկական արգելքների, այլ` կարծրատիպերի և խղճահարության։ Իսկ խղճահարությունը ամենավտանգավոր զգացմունքն է, քանի որ այն ստորացնում է։ Մարդուն պետք է ոչ թե խղճահարություն, այլ` հնարավորություն։
Ներառական հասարակություն կառուցելը նման է խճանկար (մոզաիկա) հավաքելուն։ Եթե խճանկարից հանենք նույնիսկ ամենափոքր ու տարբերվող քարը, պատկերը կլինի թերի։ Այնպես էլ հասարակությունը․երբ մեկուսացնում ենք հաշմանդամություն ունեցող երեխային դպրոցից, կամ` տարեց մարդուն՝ ակտիվ կյանքից, աղքատացնում ենք ինքներս մեզ։ Մենք զրկվում ենք նրանց յուրահատուկ տեսակետից, նրանց ստեղծագործ մտքից և կամքի ուժի օրինակից։
Իմ պատկերացրած ներառական Հայաստանում «տարբեր լինելը» դատավճիռ չէ, առավելություն է։ Դա մի միջավայր է, որտեղ գործատուն աշխատանքի է ընդունում ոչ թե «բարեգործությունից դրդված», այլ որովհետև տեսնում է պրոֆեսիոնալի։ Որտեղ դպրոցում երեխաները մատնացույց չեն անում սայլակով տեղաշարժվող իրենց դասընկերոջը, այլ պայքարում են նրա կողքին նստելու համար, որովհետև նա լավ ընկեր է։
Ես երազում եմ մի Հայաստանի մասին, որտեղ «ներառականություն» բառը դուրս կգա գործածությունից, որովհետև դրա կարիքն այլևս չի լինի։ Մի աշխարհ, որտեղ մարդու արժեքը չի չափվում նրա քայլվածքով, տեսողությամբ կամ մտավոր ունակություններով, այլ չափվում է նրա մարդկային էությամբ։ Մի աշխարհ, որտեղ ոչ ոք ստիպված չէ պայքարել իր տեղի համար, որովհետև այդ տեղը ի սկզբանե իրենն է։
Եվ այս փոփոխությունը պետք է սկսվի ինձնից, քեզնից, մեզնից։ Յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր մեկնած ձեռք, յուրաքանչյուր ընդունող հայացք մի աղյուս է այն մեծ տան կառուցման գործում, որտեղ բոլորս տանտեր ենք, և ոչ ոք՝ հյուր։
Ներառականությունը սերն է՝ գործողության մեջ։ Եկե՛ք սիրենք այնպես, որ ոչ ոք իրեն օտար չզգա։
Ի՞նչ կարող ենք անել մենք։ Փոփոխությունը մեծ քայլեր չի պահանջում։ Այն սկսվում է բարևից, ժպիտից, անծանոթին օգնության ձեռք մեկնելուց կամ պարզապես լսելու կարողությունից։
Եկեք կոտրենք ոչ թե ֆիզիկական պատերը, այլ մեր գլխում եղած արգելքները։ Եկեք ստեղծենք մի աշխարհ, որտեղ «ներառականություն» բառը կկորցնի իր իմաստը, որովհետև մարդուն չտարբերակելն ու հավասար ընդունելը կդառնա սովորական, բնականոն կենսակերպ։ Չէ՞ որ արևը հավասարապես է շողում բոլորի համար, և մենք իրավունք չունենք ստվեր գցելու որևէ մեկի լույսի վրա։
Ներառականությունը բարեգործություն չէ։ Այն մարդու հիմնարար իրավունքների իրացման գործիք է։
Երբ հասարակությունը պայմաններ չի ստեղծում, որպեսզի խոցելի խմբերը կարողանան ապրել ինքնուրույն, արժանապատիվ և պաշտպանված կյանքով, խախտվում է մարդու հիմնական արժեքը՝ արժանապատվությունը։ Իսկ արժանապատվությունը չի կարող լինել ընտրովի։ Այն կա բոլորի համար, կամ վտանգի տակ է դրվում բոլորի համար։
Ներառական հասարակություն կառուցելը միայն բարոյական պարտք չէ, այն Հայաստանի գոյատևման և զարգացման կարեւոր բանաձևն է։ Երբ մենք կոտրում ենք խտրականության պատերը, մենք դրանց քարերով կառուցում ենք կամուրջներ։ Մեր խնդիրն է ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ, անկախ սայլակից, ազգությունից, սեռից կամ բնակության վայրից, կզգա, որ ինքը ոչ թե հյուր է իր երկրում, այլ՝ տանտեր։
Հաճախ մենք ներառականությունը շփոթում ենք «թույլտվության» կամ «լավություն անելու» հետ։ Մենք թեքահարթակներ ենք կառուցում և կարծում, թե գործն ավարտված է։ Բայց իրական ներառականությունը չի սկսվում շենքերի մուտքերից, այն սկսվում է մեր մտքի դռներից։ Այն սկսվում է այն պահին, երբ մենք դադարում ենք հաշմանդամություն ունեցող մարդուն նայել խղճահարությամբ և սկսում ենք նրան նայել հարգանքով՝ որպես հավասարը հավասարի։
Երբ հասարակությունը մեկուսացնում է հատուկ կարիքներ ունեցող երեխային, միայնակ տարեց մարդուն կամ սոցիալապես անապահով ընտանիքին, այն ոչ միայն վնասում է այդ անհատներին, այլև աղքատացնում է ինքն իրեն։ Մենք զրկվում ենք այդ մարդկանց տաղանդից, նրանց յուրահատուկ աշխարհընկալումից և այն սիրուց, որ նրանք կարող էին տալ։
Ներառականությունը պատեր քանդելու և կամուրջներ կառուցելու արվեստ է։ Պատերը մեր կարծրատիպերն են՝ «նա չի կարող», «նա տարբեր է», «նա խանգարում է»։ Իսկ կամուրջները կառուցվում են այն ժամանակ, երբ մենք հասկանում ենք, որ սահմանափակումները ոչ թե մարդու մեջ են, այլ միջավայրի։ Եթե երեխան չի կարողանում սովորել այնպես, ինչպես մենք ենք դասավանդում, ուրեմն մենք պետք է դասավանդենք այնպես, ինչպես նա կարողանում է սովորել։ Սա է արդարությունը։
Ներառականությունը սկսվում է ոչ թե բարձր հարթակներից, այլ մեկ մարդու կյանքի իրական փոփոխությունից։ Այն պահից, երբ մարդը զգում է, որ իրեն չեն խղճում, այլ` վստահում են։ Երբ նրան չեն «օգնում վերևից», այլ կանգնում են կողքին։ Այդ պահին օգնությունը դադարում է լինել ծառայություն և դառնում է արժանապատվության վերականգնում։
Ներառականությունը Հայաստանում հաճախ ընկալվում է որպես հումանիզմի դրսևորում, բարի կամքի ժեստ կամ եվրոպական կառույցների պահանջ։ Սա ամենամեծ ու վտանգավոր կարծրատիպն է։ Ժամանակն է փոխել պարադիգմը. ներառականությունը ոչ թե խղճահարություն է, այլ՝ ռեսուրսների արդյունավետ կառավարում։ Մի երկիր, որն ունի սահմանափակ մարդկային ռեսուրս, իրավունք չունի այդ ռեսուրսի նույնիսկ 1%-ը թողնել «լուսանցքում»։ Ներառականությունը մաթեմատիկա է. որքան շատ են տարբեր խմբերի մարդիկ մասնակցում երկրի ՀՆԱ-ի ստեղծմանը և հանրային կյանքին, այնքան ավելի կենսունակ է պետությունը։ Իրական ներառականությունը սկսվում է այն պահից, երբ մենք դադարում ենք «հանդուրժել» տարբերությունը և սկսում ենք «կապիտալիզացնել» այն։
Լրագրողական գործունեությանս տարիների ընթացքում ես հաճախ եմ հանդիպել մարդկանց, որոնց ձայները հազվադեպ են հասնում հանրային լսարան։ Նրանք ապրում են նույն քաղաքում, քայլում նույն փողոցներով, տեսնում նույն ցուցանակները, բայց չեն օգտվում նույն հնարավորություններից։ Այդ մարդիկ ինձ համար վերացական «խոցելի խումբ» չեն եղել․ նրանք ունեցել են անուններ, պատմություններ, կիսատ երազանքներ և լռության մեջ մաշվող հույսեր։ Հենց այդ հանդիպումներն են ներառականության գաղափարը ինձ համար դարձրել ոչ թե տեսություն, այլ` անձնական համոզմունք։
Մենք սիրում ենք խոսել զարգացման, առաջընթացի և հաջողության մասին։ Սակայն իրական առաջընթացը չի չափվում միայն տնտեսական ցուցանիշներով կամ կառուցվող շենքերի բարձրությամբ։ Այն չափվում է նրանով, թե ովքեր են բարձրանում այդ աճի հետ միասին, և ովքեր են շարունակում մնալ ներքևում՝ նույն սահմանափակ հնարավորությունների մեջ։ Եթե հասարակության որևէ հատված շարունակում է անհասանելիությունից, աղքատությունից կամ ֆիզիկական ու սոցիալական սահմանափակումներից ելնելով դուրս մնալ կրթությունից, աշխատանքից, առողջապահությունից կամ հանրային կյանքից, ապա այդ զարգացումն ուղղակի չի կարող լիարժեք համարվել։
Լրագրողի աշխատանքը հաճախ բացահայտում է ոչ թե խնդրի մակերեսը, այլ նրա խորքային պատճառները։ Իմ փորձը ցույց է տվել, որ բացառված մարդիկ շատ հաճախ չեն բողոքում։ Նրանք սովորում են ապրել սահմանափակվածության մեջ, հարմարվում են մերժմանը, լռում են։ Այդ լռությունն ավելի վտանգավոր է, քան աղմուկը, որովհետև այն հասարակության համար անտեսանելի է դարձնում խնդիրը։ Իսկ ներառականությունը սկսվում է հենց տեսանելի դարձնելուց. տեսնել մարդուն ոչ թե որպես վիճակագրական թիվ, այլ որպես ճակատագիր։
Ներառականությունը պահանջում է ոչ միայն կարեկցանք, այլ համակարգված քայլեր։ Մատչելի քաղաքային միջավայր, հարմարեցված կրթություն, հավասար պայմաններով աշխատաշուկա, հասանելի սոցիալական ծառայություններ։ Բայց այս ամենը միայն ենթակառուցվածքային փոփոխություն չէ։ Դա մտածողության փոփոխություն է։ Երբ դպրոցում մեկ երեխայի համար ստեղծվում են հարմար պայմաններ, իրականում փոխվում է ամբողջ դասարանի մշակույթը։ Երեխաները սովորում են, որ տարբեր լինելը թերություն չէ, այլ կյանքի բնական ձև։
Ներառականությունը նաև համերաշխության մասին է։ Այն սովորեցնում է հասկանալ, որ հասարակության ամենախոցելի անդամի բարեկեցությունը ուղղակիորեն ազդում է բոլորի անվտանգության և կայունության վրա։ Հասարակությունը չի կարող լինել անվտանգ, եթե նրա մի մասը մշտապես ապրում է անտեսված ու մերժված վիճակում։ Բացառումը միշտ ծնում է լարվածություն, իսկ ներառումը՝ վստահություն։
Իմ մասնագիտական ճանապարհին ես բազմիցս տեսել եմ, թե ինչ ուժ ունի մեկ փոքր հնարավորություն տալը։ Երբ մարդուն տրվում է կրթվելու, աշխատելու, որոշումներ կայացնելու հնարավորություն, նա փոխվում է ոչ միայն անձամբ, այլ նաև որպես ընտանիքի անդամ, հարևան, քաղաքացի։ Այդ պահերին առավել հստակ եմ հասկացել՝ ներառականությունը երբեք «ծախս» չէ հասարակության համար։ Այն ներդրում է մարդկային կապիտալի մեջ, որն անհամեմատ ավելի բարձր արժեք է ստեղծում, քան ցանկացած ներդրում:
Այսօրվա աշխարհում, որտեղ պատերազմները, տեղահանությունները, աղքատությունն ու սոցիալական անհավասարությունը խոր ճաքեր են բացել հասարակությունների ներսում, ներառականությունը դառնում է ոչ թե ցանկալի գաղափար, այլ կենսական անհրաժեշտություն։ Մենք չենք կարող խոսել կայունության, զարգացման կամ անվտանգության մասին, եթե այդ գործընթացների մեջ ներգրավված չեն բոլորը։
Ներառականությունը մեր ժամանակների ամենաանկեղծ քննությունն է։ Այն մեզ չի հարցնում՝ ինչ ենք ասում մարդու մասին, այլ ցույց է տալիս՝ ինչ ենք իրականում անում նրա համար։ Մենք կարող ենք հայտարարել արժեքների մասին, խոսել իրավունքներից, բայց եթե մեր կողքին ապրող մարդը շարունակում է ապրել փակ դռների, փակ հնարավորությունների և փակ հույսերի մեջ, ապա այդ ամենը մնում է զուտ որպես տեսություն։
Ներառականությունը ապագայի մասին խոստում չէ, այն ներկայի ընտրություն է: Այստեղ և հիմա։ Յուրաքանչյուր մեր բառով, հայացքով, որոշմամբ, քաղաքականությամբ, ծրագրով մենք ամեն օր կամ ընդլայնում ենք մարդու տեղը հասարակության մեջ, կամ այն ավելի նեղացնում։
Հիմնական լուծումը համակարգային մոտեցումն է՝ բարեգործությունից (ուղղակի օգնությունից) անցում կատարելով դեպի զարգացում և իրավունքների պաշտպանություն։ Սա նշանակում է ոչ թե մեկուսացնել խնդիրները, այլ ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք, անկախ կարգավիճակից, կարող է լիարժեք գործունեություն ծավալել։
Այդ անգամ ես փորձեցի զետեղել խնդիրների և լուծումների համապարփակ վերլուծությունը՝ ըստ ոլորտների։
- Հաշմանդամություն ունեցող անձինք. խնամքի օբյեկտից՝ տնտեսության սուբյեկտ։ Խնդիրը. Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս դիտարկվում են «բժշկական մոդելի» շրջանակում՝ որպես բուժման կամ խնամքի կարիք ունեցողներ։ Հիմնական խոչընդոտը ոչ թե թեքահարթակների բացակայությունն է (թեև դա էլ կա), այլ գործատուների և հասարակության մտքի «թեքահարթակների» բացակայությունը։ Մենք կորցնում ենք հազարավոր պոտենցիալ ծրագրավորողների, վերլուծաբանների կամ արվեստագետների՝ պարզապես ֆիզիկական սահմանափակումը մտավորի հետ նույնացնելու պատճառով։
Լուծումը. անցում դեպի «սոցիալական և տնտեսական մոդել»։ Պետք է ներդնել ոչ թե նպաստների, այլ՝ հարկային արտոնությունների համակարգ այն գործատուների համար, ովքեր ոչ թե «բարեգործությունից դրդված», այլ` մասնագիտական հմտությունների հիման վրա աշխատանքի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց։ Թվայնացումը և հեռավար աշխատանքը լավագույն գործիքներն են՝ ֆիզիկական արգելքները չեզոքացնելու համար։
- Ազգային փոքրամասնություններ. Էթնոգրաֆիայից դեպի քաղաքացիական լիիրավ գործընկերություն։
Խնդիրը. մեր ազգային փոքրամասնությունների (եզդիներ, ասորիներ, հույներ, ռուսներ և այլն) ինտեգրումը հաճախ սահմանափակվում է մշակութային միջոցառումներով։ Սա ստեղծում է «ցուցափեղկային» ներառականություն, որտեղ նրանք ընկալվում են որպես ազգային կոլորիտի մաս, բայց ոչ որպես պետականաշինության ակտիվ մասնակիցներ։
Լուծումը. ներառականությունը պետք է լինի քաղաքական և կրթական։ Անհրաժեշտ է խրախուսել ազգային փոքրամասնությունների երիտասարդների ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում, ոչ թե քվոտաներով, այլ՝ առաջնորդության ծրագրերով։ Նրանց բազմալեզու լինելը և կապերը’ իրենց համաշխարհային համայնքների հետ, պետք է օգտագործվեն Հայաստանի հանրային դիվանագիտության մեջ։
- Տարբեր տարածաշրջանների բնակիչներ. «Երևանակենտրոն» մտածելակերպի ապամոնտաժումը։
Խնդիրը. տարածքային անհամաչափ զարգացումը Հայաստանի ներառականության ամենացավոտ կետն է։ Մարզաբնակ երիտասարդը հաճախ իրեն զգում է «երկրորդ կարգի» քաղաքացի՝ կրթական և ժամանցային հնարավորությունների պակասի պատճառով։ Սա հանգեցնում է ներքին միգրացիայի և գյուղերի դատարկմանը։
Լուծումը. տեխնոլոգիական ապակենտրոնացում։ Սմարթ գյուղերի կոնցեպտի իրականացում, որտեղ ինտերնետի հասանելիությունն ու համայնքային կենտրոնները (ինչպես Թումոն) հնարավորություն են տալիս գյուղում ապրելով՝ աշխատել գլոբալ շուկայի համար։ Պետք է ստեղծել մարզային երիտասարդական խորհուրդներ, որոնք ունեն իրական բյուջետային լիազորություններ՝ իրենց համայնքի խնդիրները լուծելու համար
- Մարզերից տեղափոխվածներ։
Խնդիրը. սոցիալական կապերի կորուստ. նոր միջավայրում ծանոթությունների և աջակցող ցանցի բացակայություն, հոգեբանական տրավմաներ. անորոշության և կորստի զգացում։
Լուծումները. մենթորության ծրագրեր, որտեղ տեղաբնակները օգնում են նորեկներին կողմնորոշվել քաղաքում/համայնքում։
Հոգեբանական աջակցություն. խմբային և անհատական թերապիաների հասանելիություն։
- Սոցիալական տարբեր շերտեր. կրթությունը որպես վերելակ։
Խնդիրը. սոցիալական անհավասարությունը ստեղծում է փակ շրջանակ. աղքատ ընտանիքի երեխան ստանում է ավելի վատ կրթություն և ունենում ավելի քիչ կապեր, ինչը նրան դատապարտում է աղքատության։ Էլիտար դպրոցների և հանրակրթական սովորական դպրոցների միջև անդունդը խորանում է։
Լուծումը. մենթորության ինստիտուտի ներդրում։ Հաջողակ գործարարներն ու մասնագետները պետք է ստանձնեն սոցիալապես անապահով խավի տաղանդավոր երիտասարդների մենթորությունը։ Պետությունը պետք է երաշխավորի, որ ֆինանսական միջոցները երբեք խոչընդոտ չեն լինի տաղանդավոր երիտասարդի բուհական կրթության համար՝ կիրառելով կարիքահեն կրթաթոշակներ։
- Կանայք. տրադիցիայի և ամբիցիայի հաշտեցումը։
Խնդիրը. չնայած կանայք կազմում են բնակչության կեսից ավելին և ունեն բարձր կրթական ցենզ, մասնակցություն որոշում կայացնող օղակներում և բարձր վարձատրվող ոլորտներում (օրինակ՝ ղեկավար պաշտոններում, ՏՏ ), սակայն նրանց ներկայությունը դեռևս անհամաչափ է։ Կարծրատիպը, թե «կինը՝ ընտանիքի պահապան է, իսկ տղամարդը՝ հաց վաստակող», խոչընդոտում է կանանց տնտեսական պոտենցիալի իրացմանը։
Լուծումը. տնտեսական անկախությունը՝ որպես ներառականության հիմք։ Անհրաժեշտ է զարգացնել կանանց ձեռներեցությունը գյուղական վայրերում և խթանել STEM կրթությունը աղջիկների շրջանում։ Պետք է նորմալիզացնել տղամարդկանց կողմից երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու մշակույթը, ինչը կհավասարակշռի կարիերայի հնարավորությունները։
- Երիտասարդություն. ապագայից անցում դեպի ներկա։
Խնդիրը. երիտասարդությանը մշտապես անվանում են «մեր ապագան», ինչը նրանց զրկում է «ներկայում» գործելու լիազորությունից։ Երիտասարդները հաճախ դիտարկվում են որպես էժան աշխատուժ (կամավորներ) կամ պասիվ լսարան, այլ ոչ թե ռազմավարություն մշակողներ։ Տարիքային խտրականությունը գործում է՝ անտեսելով երիտասարդի նորարար միտքը։
Լուծումը. համատեղ կառավարում։ Պետական և հասարակական կառույցներում պետք է ստեղծել երիտասարդական խորհուրդներ, որոնց կարծիքը հաշվի կառնվի որոշումներ կայացնելիս։ Սա օգնում է վստահել երիտասարդին ոչ միայն դրոշակ պահելը, այլև բյուջե տնօրինելը։
Եվ վերջում ուզում եմ ասել, որ եթե կա միակ ճշգրիտ չափումը, որով կարելի է դատել հասարակության իրական հասունության մասին, ապա դա հետևյալ հարցն է․ արդյոք այդ հասարակության մեջ մարդուն պետք է պայքարել միայն նրա համար, որ իրեն թույլ տան լինել մարդ։
Եթե պատասխանը «ոչ» է, ուրեմն այդ հասարակությունը կանգնած է ճիշտ ճանապարհին։ Եթե պատասխանը «այո» է, ուրեմն բոլոր մյուս առաջընթացի խոսքերը դեռ վաղաժամ են։ Ուժը երբեք մեծամասնության մեջ չէ։ Ուժը այն հասարակության մեջ է, որը կարողանում է տեսնել յուրաքանչյուրը՝ որպես անփոխարինելի արժեք։ Եւ միայն այդ հասարակությունն է, որ կարող է համարձակորեն նայել իր ապագային։
Դիանա ԲԱԽՇՅԱՆ