Գրիշա Մաթեւոսյանի վերջին հրաժեշտը. ԶԻՆՎՈՐԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ, ԶԻՆՎՈՐԸ ՀԵՐՈՍԱՆՈՒՄ Է…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
1021 0

2020 թվականի հուլիսը փառավոր տողերով գրվեց-մնաց մեր պատմության ոսկեմատյանում, գրվեց արյամբ, գրվեց հայ զինվորի ամրակուռ ոգու եւ բազկի հաղթանակով: ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի եւ Գրիշա Մաթեւոսյանի լուսապսակ անունները հավերժորեն անմահացան մեր հերոսամատյանում:

Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հանդիսապետությամբ եկեղեցու հոգեւոր սպասավորների, այսօր տեղի ունեցավ ՀՀ պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված կրտսեր սերժանտ 19- ամյա Գրիշա Մաթեւոսյանի հրաժեշտի արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ սիսիանցիներ, զինվորականներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Հուղարկավորության կարգը կատարելիս Տեր-Պարգեւ Զեյնալյանը նշեց, որ մեր զավակները, դարեր շարունակ, մեր սրբությունները պահելու համար չեն խնայել ոչինչ եւ ազգի զոհասեղանին դրել են նաեւ ամենաթանկը` իրենց կյանքը, ինչը երբեք չենք համարել կորուստ, այլ ընկալել ենք որպես ազգի զորության, միասնականության եւ հաղթության փաստ:

«Այսօր մենք Գրիշա Մաթեւոսյանին հուղարկավորում ենք դեպի հավիտենություն, իմանալով, որ նրա ճանապարհը ինչպես որ այս երկրի վրա էր հաղթական, այնպես էլ այնտեղ պիտի լինի…»,- ասաց տեր-հայրը եւ, զորակցելով զոհվածի ծնողներին, հարազատներին, բոլորին, հավելեց, որ նրա ապրած կարճ, բայց` հերոսական կյանքը շատերի համար պիտի լինի հայրենիքը սիրելու եւ հանուն նրա նահատակվելու, ճիշտ ապրելու, կյանքի ամեն վայրկյանը արժեւորելու օրինակ…

Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանը հուղարկավորվեց Սիսիանի քաղաքային պանթեոնում, որտեղ ննջում են արցախյան հերոսամարտի, ապրիլյան քառօրյայի մեր մյուս նահատակները: Գրիշային հուղարկավորեցին զինվորին վայել

պատվով, հայրենիքի նահատակին արժանի հանդիսավորությամբ, ցավը եւ հպարտությունը կոկորդում սեղմած, բայց եւ` արժանապատիվ ու զինվորական համազարկերի եւ հայոց հիմնի հնչյունների ուղեկցությամբ: Բայց ամենատպավորիչն ու հուզիչը այն էր, որ նրան վերջին հանգրվան իջեցրեցին ոչ թե ողբով, ոչ թե` լացով, այլ` ծափահարություններով… եւ երկարատեւ ծափերը նրա հերոսական հոգին երկինք տարան, նրան հրեշտակների մոտ տարան ու բազմեցրեցին անմահների գահին…

Սիսիանի զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալի ժպ, մայոր Գեւորգ Սիմոնյանը իր դամբանական խոսքում նշեց, որ կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանը մեր նոր իրականության այն քաջորդիներից է, որ միաձուլվեց հայրենիքի ազատության համար հերոսացած քաջերի աստղաբույլին` ցույց տալով անձնուրացության ուղին ու հարատեւումի ճանապարհը: «Հայորդի Գրիշան մեկ անգամ եւս ապացուցեց, որ այսօրվա անկախության սերունդը նվիրված, հավատարիմ ու արժանի է իրենց պապերի սուրբ գործին: Զինվորը չի մեռնում, զինվորը հերոսանում է եւ հավերժանում` դառնալով հայրենյաց պաշտպանի պատմության փայլուն էջերից մեկը…»,- ասաց մայոր Սիմոնյանը:

Թեեւ ոչ մի սփոփանք եւ ոչ մի մխիթարանք ի զորու չեն մեղմելու նահատակ զինվորի ծնողների ցավը, բայց հայրենի երկրի իշխանությունները բարձր են գնահատել կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած զինվորի` Գրիշա Մաթեւոսյանի ծառայությունը եւ հետմահու պարգեւատրել մարտական ծառայության մեդալով, որը Գրիշայի հորը` Վահան Մաթեւոսյանին հանձնվեց հուղարկավորության ժամանակ:

Ծաղկահեղեղ նոր շիրմաթումբ ավելացավ հայոց հերոսամարտում իրենց անունը սրբագործած սիսիանցիների պանթեոնում… Ամեն սերունդ իր կռիվն է տալիս հայրենիքի` թեկուզ մեկ թիզ հողը ազատագրելու համար… Ու հայրենիքն ու սերունդները հավերժ գլուխ են խոնարհում նրանց սխրանքի, նրանց հերոսության եւ նրանց անմահության առաջ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

17 հուլիսի 2020 թ.

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Իրանը հայ արվեստագետների աչքերով» խորագրով ցուցահանդեսը

Տեղադրվել է - Նոյեմբեր 2, 2021 0
Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդների միջև հաստատվել են…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: