ԳԻՐՔ ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄԻ

Տեղադրված է at Մայիս 11, 2023
1186 0

Գրասեղանիս է լրագրող «Սիսական» ՀՀԿ-ի գործընկեր ու համախոհ, Սիսիանի «Որոտան» թերթի և կայքի խմբագիր Արևհատ Ամիրյանի «Ցավի փորձություն. 44 օրյա պատերազմՙ» գիրքը: Այն նվիրված է քառասունչորսօրյա, քառօրյա պատերազմներում և սահմանային մի շարք միջադեպերում զոհված սիսիանցիներին:

Դժվար անցա գիրքն ընթերցելու ճանապարհը, այն դժոխային էր ինձ համար, բոլորի հետ զոհվեցի, բոլորի հարազատների հետ ողբացի…

Ինձ համար ծանր էր նաև այն հանգամանքը, որ զոհվածների մեջ Արմեն Գալստյանը և Նարեկ Մնացականյանը իմ ազգականներն են՝ Սալվարդից: Նրանց ճանաչել եմ դեռ վաղ մանկությունից, եթե Նարեկը հասցրեց ամուսնանալ և զավակ ունենալ, ապա Արմենը դա՛ էլ չհասցրեց, միայն հպարտություն և արժանապատվություն թողեց ծնողներին և Անի քույրիկին: Մայիսը Միրզոյան, Արթուրը Գալստյան և շատ ուրիշներ զինակից, մարտական ընկերներ էին ինձ:

Գիրքն ուսումնասիրելուց հետո ըմբռնեցի, թե ի՜նչ ծանր ճանապարհ է անցել մեր Արևհատը՝ այն ամբողջացնելու ընթացքում: Զրուցել է զոհվածների հարազատների հետ` նրանց կերպարը ճիշտ ստեղծելու համար (հավանաբար` ամեն ոք չէր կարող դա անել): Բոլորին բնորոշ բնութագրելը, հերոսական կերպար ձևավորելը և այդ ամենը առանց ամպագորգոռ արտահայտությունների, համեստորեն, սրտի մրմուռով իմի բերելը՝ լրագրողական սխրանք է: Կարմիր թելի նման յուրաքանչյուրի կերպարը նկարագրելիս` ձգվում է լավատեսության, հույսի, հայրենիքի նկատմամբ մեծ սիրո զգացողությունը, մտահոգությունը վաղվա օրվա հանդեպ, ընդվզումը անարդարության և անտարբերության նկատմամբ: Խնկարկելով և մեծարելով հերոսներին, գրքում նաև մտահոգություն է արտահայտվում զոհվածների ընտանիքների անդամների և ընդհանրապես ապրողաց համար:

2016 թ. քառօրյա պատերազմում զոհված լծենցի Եղիշե Նիկալյանի կերպարին առանձին հոդվածով անդրադառնալիս, գրքի հեղինակը խորը մտահոգություն է հայտնում իր ծննդավայր Լծենի «կողպված դարպասների և կիսափուլ պատերի» (ծաղկածիծաղ, աղմկաշատ ճանապարհից)՝ «մաշված, քրքրված մի ուղղու» վերածվելու մասին և խորին մտահոգությամբ դիմում ընթերցողին, հանրությանը` «Եթե միայն պանթեոններն են հարստանալու, ինչի՞ համար են զոհվել տղերքը»:

Արևհատի նկարագրած այս անհանգստությունն ու ցավը զգացի՝ իմ ծննդավայր Սալվարդ այցի ժամանակ, երբ կողպված տեսա հայրական տան դարպասներն ու ամենուր հանդիպող կիսափուլ պատերը: Սալվարդում ևս, այդ տխուր պատկերը տեսնելուց հետո, որոշեցի որդուս՝ քառասունչորսօրյա պատերազմում հերոսաբար զոհված, հեռավոր Ամերկայից հայրենիքի կռվին մասնակցելու եկած Կարեն Պողոսյանի` Եռաբլուրի շիրիմից մի բուռ հող տեղափոխել և քարի վրա պատկերված դիմանկարը տեղադրել ծնողներիս շիրիմի կողքին: Երկու ցանկություն ինձ դրդեց դրան. առաջինը, որ Կարենս անսահման շատ էր սիրում Հայրենիքը, իմ ծննդավայր՝ Սիսիանն ու Սալվարդը, որտեղ իր մանկության տարիներին շատ էր լինում և իրեն միշտ համարում էր սիսիանցի: Երկրորդ ցանկությունս էլ այն էր, որ ընտանիքս, հարազատներս, Կարենիս երկու որդիները միշտ հիշեն, որ Սալվարդում էլ կա շիրմաթումբ, և դա դառնա այնտեղ մշտապես այցելության պատճառ:

Գրքի՝ շուրջ հարյուր հոդվածների և դիմանկարների մեջ ձևավորվել են զոհվածների հարազատների և մտերիմների մի շարք հուզական կերպարներ: Հուզական, քանզի ողբերգականության հետ մեկտեղ երևում է նրանց ուժն ու թուլությունները, վաղվա օրվա հանդեպ ունեցած հույսն ու հպարտությունը, բայց ոչ երբեք` անվերջ վիշտն ու տառապանքը: Այդ բոլոր կերպարների մեջ ինձ ցնցեց Արփինե Մնացականյանի կերպարը: Նա սալվարդեցի է, Նարեկ Մնացականյանի քույրը և Ներսես Մովսեսյանի կինը… Երիտասարդ հայ կին, ընդամենը 29 տարեկան և մի պատերազմում կորցնում է իր երկու ամենաթանկ տղամարդկանց: Նման մեծ չարիքի քչերը կարող են դիմանալ, չկորցնել մարդկային դիմագիծը, զգալ կարոտի անսահմանությունն ու արժանապատիվ ապրելու անհրաժեշտությունը:

Ցանկալի էր, որ գիրքը տպագրելիս, փոքր տեխնիկական, խմբագրական միջամտություններ արվեին և թերթում հրատարակված` տվյալ պահին սոցիալական չլուծված խնդիրները գրքում տեղ չգտնեին, քանզի համոզված եմ, որ հետագայում դրանք լուծում են ստացել:

Արևհատ Ամիրյանի հերոսապատման այս գիրքը մեծ ժառանգություն է սերունդներին, ապագա լրագրողներին և պատմիչներին: Գրքում ամփոփված յուրաքանչյուր կերպար մի պատմավեպի նյութ է, հայրենասիրության անվերջանալի դաս:

Որպես վերջաբան, ուղղակի պիտի ասեմ՝ կեցցես, ԱՐԵՎՀԱՏ ԱՄԻՐՅԱՆ:

Ֆելիքս ՊՈՂՈՍՅԱՆ

«Սիսական» ՀՀԿ-ի նախագահ

Երեւան

Լուսանկարները` «Որոտանի»

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻ ԵՐԱԽԻՑ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿԻՑ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Տասներկու-տասներեք տարեկան տղա էր Իգորը, երբ ծնողների, երկու քույրերի եւ հազարավոր հայրենակիցների հետ տեղահանվեց արյունռուշտ Բաքվի կոտորածներից, փրկվեց թուրքի արյունոտ…

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: