Սիսական փողոցի աջ մայթից աստիճաններով բարձրանում ես սիսիանցիներին քաջ հայտնի` Սիսիանի առաջին կաֆեի շենք, ու հայացքիդ առջեւ բացվում է անհավանական, անպատկերացնելի, գողտրիկ մի ցայտաղբյուր, կատարյալ գլուխգործոց: Առաջին զգացողությունը զարմանքն է, հետո` ապշանքը, ապա` հիացմունքը, հետո հանճարեղ բացահայտում արածի հրճվանքը ու ինքնամեղադրանքը` այսքան տարի ո~նց չեմ տեսել… Պտտվում ես շուրջը, հայացքդ մի պատկերից մյուսին է սահում, մի նախշից` մյուսին, մի քանդակից` հաջորդին, ու մտապատկերիդ մեջ բարձրանում է հայոց քարարվեստի ողջ հմայքը` փոքր ծավալի մեջ, բայց` բազմախորհուրդ ասելիքով… Այնպես չէ, որ պատահական էի գնացել, այնպես չէ, որ առաջին անգամն էի տեսնում, բայց բոլորովին ուրիշ է, երբ գնում ես գնահատողի, արժեւորողի, իմացողի, բացահայտողի նպատակադրվածությամբ, ու տեսածդ սքանչելիքը գերազանցում է բոլոր պատկերացումներդ… Ցայտաղբյուրի նախշա-քանդակազարդ քառակողմ նիստերից մեկի վրա թռչնատառ, գեղեցիկ մի գրություն կա` Հակոբին…
Ոչ պատահական զուգադիպությամբ այս ցայտաղբյուրի եւ նրա հեղինակի մասին ինձ օրերս պատմեց Հակոբի դասընկերներից մեկը` Սամվել Վարդանյանը, ով օգնում է տուն-թանգարանի այգու հիմնանորոգման աշխատանքներին եւ տեղյակ է իմ` Արտաշես Հովսեփյանի մասին պատմություններ հավաքելու շահագրգիռ հետաքրքրվածությանը, ու հենց նրա պատմելուց հետո եմ գնացել ուրի~շ աչքերով տեսնելու իրենց ընկերոջ հիշատակի ցայտաղբյուրը, որն, իսկապես, ինձ եւ շատերի համար բացահայտվեց որպես քարարվեստի գլուխգործոց…
Ո՞վ էր Հակոբը, ում հիշատակին հայ քանդակագործության Միքելանջելո Արտաշես Հովսեփյանը կերտել էր այս փոքրիկ գլուխգործոցը ու Սիսիանին թողել ոչ միայն Հակոբին հավերժացնող մի աննման հուշաղբյուր, այլեւ` քարարվեստի մի սքանչելի արարում` իր գեղեցկագույն հետքը թողնելով հայրենի քաղաքի պատմության, հիշողության, տարեգրության, քանդակագործության եւ ժամանակագրության մեջ:
Հատկապես` ընկերներն ու Սիսական փողոցի շենքերի բնակիչներն են չխամրող գույներով հիշում իրենց բակի ամենասիրուն, ամենաներկայանալի տղային, բարձրահասակ, ծնողների միակ զավակ, բասկետբոլիստ, մեծ, սեւ աչք-ունքով երիտասարդին` Հակոբ Հակոբյանին, ով 20 տարեկան հասակում, 1976 թվականի հուլիսի 6-ին, ջրասույզ էր եղել Եղվարդի նորաստեղծ ջրամբարում, երբ Երեւանի գյուղինստիտուտի 4-րդ կուրսի ընկերների հետ գնացել էին գործնական պարապմունքների: Հակոբի դասընկերներն ու ընկերները, այն ժամանակների համար դեռես արտառոց մի բան, իրենց ընկերոջ հիշատակը հավերժացնելու համար որոշում են ցայտաղբյուր կառուցել նույն շենքի բակում, որը, ինչպես հետո պատմում են նախաձեռնության «մեղավոր» ընկերները, անխնամ, ամայի, աղբավայրի վերածված մի տարածք էր:
Ընկերոջ հիշատակին ցայտաղբյուր կառուցելը հասկանալի է, բայց ինչպե՞ս է եղել, որ այն կառուցել է հենց Արտաշես Հովսեփյանը` Սիսիանին թողնելով այս սքանչելիքը: Մանրամասներն իմանալու համար Սամվել հետ հանդիպում ենք նախաձեռնության հեղինակներից մեկի` իրենց դասընկեր Պողոս Ղազարյանի հետ:
«Ընկերներով որոշեցինք մի հուշաղբյուր դնել մեր ընկերոջ հիշատակին: Այն ժամանակ` 1976 թվականին, կոմունիստները թույլ չէին տալիս անվանական ցայտաղբյուր դնել: Գնացի ՀԿԿ Սիսիանի շրջկոմի երկրորդ քարտուղարը Շչորս Դավթյանի մոտ, հայտնեցի մեր մտադրության մասին, ասաց` մեր ընկեր Ջիվանը մահացավ, թույլ չտվեցին հուշաղբյուր դնենք, բայց ձեզ կընդառաջեմ եւ ուղարկեց գործոկոմի նախագահ Գրիշա Մուրադյանի մոտ: Այդ թվերին Գրիշա Մուրադյանն էլ էր Հակոբենց շենքում ապրում` դեպի Աղջկա արձանը գնացող երեք հարկանիում, ողջունեց, ասաց` լավ բան եք մտածել, կօգնեմ, բայց երբ սկսեցինք գործ անել, եկան-արգելեցին: Համառեցինք, ասացինք, եթե հուշաղբյուրը չեք թողնում, կանաչապատման անվան տակ տարածքը կբարեկարգենք, հուշաղբյուր չենք դնի: Համոզեցինք: Թույլատրեցին: Դե կանաչապատման համար առաջինը ջրի հարցը պիտի լուծվեր: Նույն շենքից ջուրն անցկացրեցինք, հետո մտածեցինք` ցայտաղբյուրը որ դնենք, հո չեն գալու քանդեն… Ու սկսեցինք արդեն ցայտաղբյուրի մասին մտածել. որոշեցինք դիմել Արտաշես Հովսեփյանին: Ճիշտն ասած, նրան չեմ ճանաչել, բայց գիտեինք, որ մեր ընկերներից մեկի` Հրանտ Ազարումյանի քեռու տղայի`Փարավոն Միրզոյանի միջոցով կարող ենք դիմել նրան: Հաջողվեց: Գնացինք Կոմիտաս-Մերգելյան հրապարակի մոտ գտնվող նրա կիսանկուղային արվեստանոց: Հայտնեցինք մեր մտադրության մասին: Հետաքրքրվեց` ումանցից ենք: Երբ իմացավ ատամնաբույժ Վարոսի տղան եմ, խանդավառվեց, ասաց` ամբողջ Սիսիանում, որպես գիրք կարդացող մարդ, երկու հոգու եմ հարգել, մեկը Վարոսն է եղել, մեկը` Դովլաթյան Սմբատը: Իրեն հետաքրքրող մի քանի հարց տվեց, ասաց` կանեմ…Մեր ծանոթությունը վերածվեց բարեկամության, ապա` ընկերության: Ուսանող էի: Դասերից հետո հաճախ էի գնում արվեստանոց, օղի էի տանում, մի օր հանդիմանեց` օղի չբերես, եթե բերում ես, գինի բեր: Մաեստրոն մեզ սովորեցրեց նաեւ դաստակը մինչեւ քիմքին հասցնելով բազուկը բարձր պահած` գինին վայելելով խմելու արվեստը. ընկերներով մինչ օրս այդպես ենք գինի խմում… 1978 թվականի մայիսի 10-ին բանակ պիտի զորակոչվեի, ու այդ օրն էլ հենց տեղադրեցինք ցայտաղբյուրը…»- պատմում է Պողոս Ղազարյանը` ուշադրությունս հրավիրելով ցայտաղբյուրի յուրաքնչյուր զարդի ու քանդակի իմաստին ու խորհրդին, որոնք Մաեստրոյի մտահղացումներն էին…
«Ցայտաղբյուրի չորս կողերից մեկին արեւի ժամացույցն է եւ Հակոբի անվան տառերը: Մաեստրոն ո տառն էլ օ է գրել, պարզ երեւում է: Ցայտաղբյուրի մյուս նիստին հավերժության խորհրդանիշն է, մյուսին` գլխահակ եւ թեւաբեկ արծիվներ են, որը խորհրդանշում է Հակոբի թեւաբեկ ընկերներին, մյուս նիստին` քանդակազարդ վարդյակի ներսում` թեւաբեկ արծիվն է, գլխահակ որդուն գրկած, որը խորհրդանշում է մորն ու որդուն… Ցայտաղբյուրի թասը զարդարված է 20 զարդաքանդակով, որը Հակոբի ապրած կյանքի տարիների քանակն է: Զարդաքանդակներից մեկը ջարդվել էր, սոսնձեցին, սակայն հիմա էլ երեւում է ջարդված մասը … Դա էլ պատահական չէր, 20 տարեկանում էր «ջարդվել» Հակոբի կյանքը»-պատմում է Պողոսը ու հավելում, որ ջրի շիթն էլ պատահական չի ցայտում թասանման մեծ ափսեի մեջ, Մաեստրոն դրան էլ էր տվել իր մաեստրոյական մեկնաբանությունը` ցայտաղբյուրից ջուր խմելիս պիտի ոչ թե կուչ գալ, այլ թեւատարած հենվել աղբյուրի թասին եւ այդպես խմել…
«Ցայտաղբյուրի բացումը վերածվեց մեծ արարողության, ներկա էր նաեւ Հակոբի մայրը` մորաքույր Արշիկը: Շուրջը գեղեցիկ պուրակ սարքեցինք: Օգնեց նաեւ կոմունալ տնտեսությունը: Լացող ուռենի տնկեցինք ու մեկ կաղնու ծառ որպես հին ղարաքիլիսեցիների ամրության խորհրդանիշ: Ուռենին չորացել է, բայց կաղնին դեռ կա: Ցանկապատի ճաղերին երկու Հ տառ կա, որ նշանակում է Հակոբ Հակոբյան: Պուրակի մոտ էր գտնվում Սիսիանի առաջին կաֆեն, որը հայտնի է որպես Ռայայի կաֆե: Ռայան, Վարինկան սուրճ էին հյուրասիրում, շենքի բոլոր բնակիչները շատ էին ուրախացել…»- ասում է Պողոսը, հավելում, որ ցայտաղբյուրի կառուցմանը մասնակցել է իրենց ողջ դասարանը, նաեւ` աղջիկները, հավաքվել է մոտ 300 ռուբլի, բայց Մաեստրոն այն չի վերցրել, ասել է` տվեք Օնիկին, (Հավանաբար` Օնիկ (Հովհաննես) Մուրադյան, որ մի քանի տարի աշխատել է Մաեստրոյի արվեստանոցում, եւ կերտել Զաքար Խաչատրյանի հրաշալի դիմաքանդակը. Ա.Ա.): Հիմա իրենց համար այս տարածքը սրբատեղի է: «Որքանով է ճիշտ, չգիտեմ, լսել եմ, որ պուրակը սեփականաշնորհել են… Ասեմ, որ սխալ են արել, քանի որ այն մեզ համար սրբատեղի էր ու պիտի սրբատեղի էլ մնա… Բայց եթե անգամ արել են, պարտավոր են տարածքը բարեկարգ պահել, խնամել, մաքրել, դա հանգստի հիանալի վայր է հենց իրենց համար…»,– հավելում է Պողոս Ղազարյանը:
Իսկ եթե դրան հավելենք նաեւ, որ այստեղ Մաեստրոյի գլուխգործոցն է, առավել հոգատարություն եւ ուշադրություն պիտի դարձնեն պուրակի խնամքին ու պահպանությանը:
Հ.Գ.Եթե դասընկերների համար այս գողտրիկ ցայտաղբյուրը իրենց վաղամեռիկ դասընկերոջ հիշատակի հավերժացումն է, ինձ համար Սիսիանի «թաքնված» գանձերից մեկի բացահայտումն է որպես քարարվեստի հրաշալի գործ եւ մնայուն արժեք, որը կապվում է մեր նշանավոր հայրենակից, մեծահամբավ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի անվան հետ` ի ցույց դնելով նրա անշփոթ ձեռագիրն ու ինքնատիպության պատվանուն դրոշմը` ակնածանքով ու հիացմունքով լցնելով հոգիդ ոչ միայն այս սիրուն ու հուզիչ պատմության հանդեպ, այլեւ`Մաեստրոյի անվան, որը սիրով, հիացմունքով եւ պատկառանքով էլ «փրկում եմ» հանձնելով սիսիանյան տարեգրությանը…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ