Երբ հոկտեմբերի 13-ին Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհի Բելլա Ջիվանշիրյանն իր ֆբ էջում տեղադրեց որդու` Արմենի լուսանկարը` իմ հավերժ կարոտ մակագրությամբ, փշրվեցին բոլորի հույսերը, ցանուցիր եղան բոլորի պատրանքները, ու դաժան իրականությունը` իր ողջ դառնությամբ, սղոցեց բոլորի սիրտն ու հոգին… Ամենքի մեջ մի քիչ Արմեն պակասեց: Ու Արմենը ամենքից պակասեց: Ով չէր ճանաչում, ծնողներով գիտեր նրան, ով ճանաչում էր, փաստում էր ծառը պտղով է ճանաչելի իմաստությունը, ով երկուսին գիտեր, անփարատ ցավի դեմ հանդիման կարկամեց մնաց լուռ ու լռելյայն…
Արմեն Իսախանյանը Արցախ էր` Հայաստանում եւ Հայաստան էր Արցախում… Արմեն Իսախանյանը Արցախ-Հայաստան ոսկեօղ շղթա էր, մի կեսը` Արցախ, մի կեսը` Հայաստան, սակայն` բոլորանվեր եւ Արցախ, եւ` Հայաստան… Ծնվել է Արցախում` 1985 -ի ապրիլի 28-ին, բայց մի քանի ամիս հետո ծննդյան վկայականը ստացել Սիսիանից, ապրել է Սիսիանում, բայց մայրական կաթի հետ ստացել արցախյան սիրո ամենախիտ ու թանձր կաթիլները, որն ավելի զորեղ ու զորավոր գտնվեց, քան մնացյալ ամեն ինչ… Սովորեց Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, զինվորական պարտքը կատարեց Հայաստանում, ծառայեց Արտաշատում, ապա` Էջմիածնում, «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով ավարտեց ծառայությունը, բայց ասում էր` բախտս չբերեց` Արցախում ծառայեմ, ու հոգու խորքում, կարծես, «մեղավոր էր» զգում, որ իր պարտքը Արցախի հանդեպ չի կատարել, որ առաջին արցախյանում զոհված մորեղբոր` Վարդան Ջիվանշիրյանի շիրիմն «ապրում է» առանց իրեն, որ անհայր մնացած մորեղբոր երկու դուստրերը մնացել են առանց իր «պաշտպանության», որ սրտաբեկ պապի կարոտի աչքը իր ճանփան է պահում… Արցախյան առաջին պատերազմից հետո արցախցի մոր եւ սիսիանցի հոր հետ բազմիցս անցել է Արցախ տանող ետպատերազմյան ճանապարհներով, ու թեւ ապրում էին Սիսիանում, մշտապես Արցախում էին ու Արցախի հետ, որ պապը մենակ չմնա, որ վաղամեռիկ տատի շիրմին ծաղիկներ տանի, առաջին պատերազմի նահատակ մորեղբոր գերեզմանին երդվի ծառայել Արցախին…
Ընդունվեց Արցախի պետական համալսարանի նախնական զինվորական պատրաստության եւ ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ: Ավարտեց բարձր առաջադիմությամբ: Չբավարարվեց ձեռք բերածով, հանձնեց պահանջվող քննությունները եւ ծառայության մտավ Արցախի հատուկ ջոկատայնների կազմում: Առաջին արցախյանում որդուն կորցրած պապը զանգահերց դստերը` Բելլալյին, պահանջեց որդուն հանել ծառայությունից եւ տանել Արցախից: «Ասացի` պապ, Արմենը քեզ համար է Արցախ եկել, ոչ թե` ինձ, ասացի` բանակում ծառայելիս Արմենն ասում էր` ավելի շատ Արցախն եմ կարոտում, քան` Սիսիանը, ավելի շատ պապիկին, քան` ձեզ…»,- պատմում է մայրը, հետո հավելում, որ Արցախը Արմենի ամենասերն էր նույնքան, որքան` Հայաստանը, ու որեւէ հորդոր, որեւէ խնդրանք նրան ետ չէր բերելու Արցախից: Արմեն Իսախանյանը երեք տարի` 2007-2010 թ.թ. ծառայեց Արցախի հատուկ ջոկատայինների կազմում, վերապատրաստվեց Հունաստանում, բարձր պահեց Հայաստանի եւ Արցախի պատիվը ու հինգ հոգու մեջ լավագույնը լինելով` դարձավ «Արցախի դյուցազն» կոչմանն արժանացած 30-րդ հատուկ ջոկատային-սեւ բերետավորը, ով իր պարգեւը ստացավ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի ձեռքից: Պապը, սակայն, ամեն ջանք գործադրեց, որ Արմենը դուրս գա հատուկ ջոկատի ծառայությունից` ասելով, եթե Վարդանի կորստին դիմացել է, Արմենին մի բան պատահի, չի դիմանա, բայց ի զորու չեղավ նրան կտրել Արցախից, ուժային կառույցներից, քանի որ դա նրա կոչումն էր, առաքելությունը… Եւ 2011 թ.-ին Արմեն Իսախանյանն աշխատանքի անցավ Արցախի ազգային անվտանգության ծառայությունում:
Հետո սկսվել է Արցախ-Սիսիան նորովի հետաքրքիր մի կապ: Իր դասղեկական բոլոր դասարանների էքսկուրսիաները Բելլա Ջիվանշիրյանն Արցախ էր տանում, Արմենը նախապես պայմանավորվում էր Ստեփանակերտի` զոհվածների թանգարանի հիմնադիր-տնօրեն տիկին Գալյայի հետ, Սիսիանից եկած աշակերտներն ու ուսուցիչները ծանոթանում էին Արցախի տեսարժան ու պատմական վայերին, բացահայտում ու ճանաչում Արցախը, սիրում ու խոստովանում, որ սխալ պատկերացումներ են ունեցել Արցախի եւ արցախցու մասին, ինչպես որ այնտեղ էին սխալ քարոզչության հետեւանքով «խորթացել» Հայասատնի հայրենակիցներից: «Անգամ Արցախի պատկան կառույցներին առաջարկել էի իրենց տուրիստական երթուղիներում ներառել զոհվածների թանգարանը, որ այցելուն տեսնի, հասկանա, գիտացի, թե ինչպես է ապրել ու ապրում Արցախը… Շատերը հետո ներողություն էին խնդրում ինձանից` Արցախի մասին սխալ կարծիք ունենալու համար: Նույնիսկ` Արմենի հարսանիքը վերածեցինք Սիսիան-Արցախ էքսկուրսիայի: Արմենը երբեմն ինձ մեղադրում էր այդքան հայրենասեր դաստիարակելու համար, իսկ ես նրան ասում էի` հո չեմ նստել հատուկ սովորեցրել հայրենասեր լինել, փոքր տարիքից ինչ տեսել, սովորել էր: Պատերազմի տարիներին, երբ հետս Արցախ էի տարել, մի օր եկավ ասաց` մամ, մեր հացից էլ չկա՞, էնտեղ մի սոված տատի կա, տանեմ նրան…Արմենն էսպես է մեծացել ու դաստիարակվել: Հետո դարձավ Արցախում ապրող ու ծառայող շատ սիսիանցիների կնքավորը, բարեկամը, ընտանիքների հարազատը, հենարանը»,-ասում է տիկին Ջիվանշիրյանը:
Արմեն Իսախանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ծառայել Եղնիկներում: Կապ չլինելու պատճառով 10 օր ընտանիքը որեւէ լուր չի ունեցել նրանից: Մի անգամ հաջողվել է կապ հաստատել, ասել է` չանհանգստանան, պիտի 4 կմ իջնի, որ կարողանա կապի դուս գալ: Մասնակցել է Սղնախի, Շուշիի մարտերին: Հրամանատրությանը խնդրել է իրեն ուղարկել պապեկան գյուղը` Ակնաղբյուրը պահելու, քանի որ տեղանքին եւ անտառներին լավ ծանոթ էր, ուր թշնամու ոտք չէր դիպել, բայց մինչ հրամանատարությունը որոշում կկայացներ, թշնամին մտել էր այնտեղ: «Գյուղի կորուստը, նվիրական գերազմանների հնարավոր պղծումը ծանր ու մեծ ցավ էր ոչ միայն մեզ համար, այլեւ` Արմենի: Մեզ սփոփելու համար 44 օրյայի ժամանակ իր հագած զինվորական ժիլետը հանեց տվեց ինձ, բուշլաթը` հորը, ասաց, որ հագնես գաս, գնանք քո գյուղը ազատենք… Բայց ես չէի կարողանում սթափվել, մի օր շատ ազդու տոնով ասաց` մամ, եթե դու էդպես շարունակես, վաղը ձեր գյուղը ազատագրելու ենք, բայց դու ողջ չես լինելու, որ տեսնես… ու ես ուշքս հավաքեցի»,- ասում է մայրը, ապա հավելում, որ Արմենը բնավորությամբ հանդարտ էր, հանգիստ, հավասարակշիռ, գիտեր համոզել, նվիրվել, ամեն ինչում չափի մեջ էր, միայն պատասխանտվության զգացումն էր անչափ: Ստեղծել եւ պահպանում էր լավ հարաբերություններ թե´ դպրոցական, թե´ բանակային, թե´ աշխատանքային ընկերների եւ նրանց ընտանիքների հետ: Արտասահմաններում, Երեւանում եւ այլուր ապրող ընկերները Սիսիան ասելով հասկանում էին Իսախանյան Արմեն… Երբեք իր համար որեւէ բան չէր խնդրի, ինչի հասել է, միայն իր ջանքերով, իր շնորհքով, ընկերությունը չէր խառնի աշխատանքի հետ, առանձնացել է իր պարզությամբ, մաքրությամբ, ու հենց էդպես էլ հասկացվել, ընկալվել, ընդունվել ու սիրվել է: Հարեւանասեր էր, բարեկամասեր, պաշտում էր միակ քրոջը` Արմինեին, բայց բոլորի եղբայրն էր, բոլորի քեռին, իսկ տատն իր սրբությունն էր: Բանակից վերադառնալուց հետո շենքի երեխաներին հավաքել-տարել էր Սիսիանի մարզադաշտ` վազելու, արգելել ծխել, ու եթե որեւէ մեկի մոտ նկատեր, պատժելու լավագույն ձեւը նրան մարզումներից զրկելն էր:
2012-ին Արմենը գտավ իր կյանքի կեսին` փխրուն, բայց հոգով պինդ ու ամուր Հասմիկին, իհարկե` արցախցի… «Ես մեծացել եմ զինվորականի ընտանիքում, հայրս փոխգնդապետ էր, հրետանավոր, հայրենասիրությունն ինձ համար ընտանեկան դաստիարակություն էր, ու երբ նույնը տեսա նաեւ Արմենի մեջ, առաջինը հենց դա գրավեց ինձ, մեկ էլ` համազգեստը… Հասկացա, որ Արմենը շատ է տարբերվում բոլորից, նույն ձեւով էլ Հայաստանն էր սիրում… Արմենի շնորհիվ ես էլ Սիսիանը սիրեցի, բայց երկուսիս մեջ էլ արցախասիրությունը հաղթեց, ու որոշեցինք մեր համատեղ կյանքը շարունակել Արցախում: Արմենը Սիսիանը կապեց Արցախին, Արցախը` Սիսիանին, ու ես հասկացա, որ մեր երկու հայրենիքները չեն կարող մեկը մյուսից բաժան լինել… Ծնվեցին մեր երկու բալիկները: Թվում էր` ոչինչ չէր կարող խաթարել մեր կյանքն ու երջանկությունը: Անգամ` քառօրյայի ժամանակ դուրս չեկանք Ստեփանակերտից, երբ շատերը հեռացել էին: Բայց 44-օրյան մի ուրիշ ցավ բերեց իր հետ: Երեխաներիս ու ծնողներիս հետ տեղափոխվեցինք Սիսիան, չէինք ուզում դուրս գալ, բայց Արմենը պնդեց…Աստված այդ ժամանակ պահեց Արմենին… Ուրախացանք, որ պատերազմն ավարտվեց… Արմենն այն քչերից էր, որ մնացել էր Ստեփանակերտում: Երբ եկավ Սիսիանից մեզ տանելու, ծնողները ստիպում էին մնալ, բայց առանց Արցախ դժվար էր… ու վերադարձանք: Դատարկված Ստեփանակերտը տեսնելը ծանր էր: Սակայն ամենքս յուրովի փորձեցինք վերականգնել ե´ւ մեզ, ե´ւ մեր կյանքը: Լույս չկար, ջուր չկար, գազ չկար, ընտանիք չկար, որ զոհ չունենար, սակայն կար Արցախը եւ կար այն պահելու յուրաքանչյուրիս բոլորանվեր սերը: Ինքս մանկավարժ եմ, օտար լեզուների մասնագետ, զբաղվել եմ նաեւ զբոսաշրջությամբ, բայց զգացի, որ ուրիշ կերպ պետք է օգտակար լինեմ ծնողազուրկ, սառած աչքերով արցախցի երեխաներին, սովորեցի ավազանկարչություն, ստուդիա բացեցի, ընդգրկեցի այդ երեխաներին, որ գունավորեմ նրանց տխուր առօրյան, նրանց կյանք վերադարձնեմ, եւ ստացվեց… Բայց չէի պատկերացնի, որ մի օր էլ այդ ցավը իմ երեխաների աչքերի մեջ եմ տեսնելու…»,- ասում է Հասմիկը ու հավելում, որ հետո սկսվեց շրջափակումը, շատ դժվարություններ տեսան, բայց ամենաանհավանականն այն էր, որ պիտի Արցախը կորցնեին: Արմենն անընդհատ աշխատանքի էր, վերջին 5 ամիսներին նույնիսկ գիշերը տուն չի գնացել, մեծ պատասխանատվությամբ է վերաբերվել ծառայությունը, այնքան էր նվիրված գործին, որ գիշերներն էլ է մնացել աշխատավայրում, տրանսպորտ չկար, իմաստ չուներ ոտքով տուն գնալը, մանավանդ որ առավոտյան վաղ նորից պիտի աշխատավայրում լիներ: «Մոմի լույսի տակ յուրաքանչյուր դժվարություն կարողացանք հաղթահարելի դարձնել:Երբ կարոտում էինք, երեխաներիս հետ մենք էինք բարձրանում Արմենի աշխատավայր, ինքը չէր կարող տարածքից դուրս գալ, մի քանի րոպեով հանդիպում էինք, իրար տեսնում, ու պատրաստ էինք անգամ այդպես ապրել, միայն թե միասին լինեինք, ու Արցախում լինեինք… ու Արցախը լիներ… Երբեւէ չեմ պատկերացրել, որ մեզ հետ նման բան կպատահեր, որ Արցախը մի քանի օրվա ընթացքում կհայաթափվի… դա չի տեղավորվում իմ գիտակցության մեջ… էնքան ուժեղ էինք ու միասնական, իրար օգնող հատուկ խմբեր էինք ստեղծում, պայքարում էինք, այնքան սիրով էինք պայքարում, դժվար էր, բայց ոգին կար, ամեն ինչ հասցնում էինք, ամեն ինչին կատակով էինք վերաբերվում…Եթե մարդիկ աղ էին սարքում, սուրճ էին սարքում, ամեն ինչով ուրախանում էինք, անգամ` հացի հարթերն էին տանելի, երեւի Արցախում էդպես են ծնվում… Ավելի շատ Սյունիքի համար էինք անհանգստանում… բայց նման ավարտ չենք պատկերացրել»,- պատմում է 32-ամյա Հասմիկ Արզանյանը, հավելում, որ սեպտեմբերի 19-ին ամեն ինչ փոխեց… Ամսի 20-ին թշնամին հասել էր Ստեփանակերտի Կրկժան թաղամաս, զոհվել էր հորաքրոջ` զինվորական տղան, 24-ին Արմենի հետ մասնակցել են հուղարկավորությանը, 25-ին ստիված եղել դուրս գալ քաղաքից: Առավոտյան ժամը 6-ին Արմենը կնոջն ու երեխաներին Հասմիկի ծնողների հետ ճանապարհ է դրել: Կինը չի ցանկացել առանց Արմենի դուրս գալ, փորձել է համոզել, նույնիսկ` վիճեցել են, բայց ծառայության մեջ գտնվող Արմենը չէր կարող դուրս գալ, ասել է` դուք գնացեք, ես Արցախից վերջինն եմ դուրս գալու, բոլորին ճանապարհելու եմ, վերջում քայլեմ ամբողջ Ստեփանակերտով, որովհետեւ նրա համար շատ ծանր է, երբ պատերազմից հետո տեսել էր դատարկված Արցախ…Նույնը Հասմիկն էր ցանկացել, բայց Արմենն ընտանիքն ուղարկեց, որ ինքը հանգիստ լիներ, որ երեխաները դպրոցից չկտրվեն…«Ասաց` դուք գնացեք, 10 օրից ես եմ գալու, նույնիսկ քո ավազանկարչության սեղաններն եմ ուղարկելու, ինքը ինձ խոստացել էր: Համաձայնվեցի… Բոլորն այրում էին իրենց նկարները, իրենց համազգեստը, որ թշնամին չպղծի, Արմենը դա չարեց, ասաց` չեմ կարող, ամեն աստղ ստանալիս ինչեր եմ ապրել, ասում էի` պետությունը կործանվել է, չկա, դու քո համազգեստի մասին ես մտածում… Արմենի համար իր պետությունը իր համազգեստն էր, որի պատիվը միչեւ վերջ բարձր պահեց: Այնքան պատասխանատու էր իր զավակների, իր ընտանիքի եւ իր ծառայության հանդեպ, որ չէր կարող այն հենց այնպես թողնել: Շատերի նման, երբ տարհանումից առաջ հանձնել էին զենքը եւ աշխատանքից ազատման դիմում գրել, նա չէր արել, չէր անի ու չէր կարող անել… Նա նվիրյալ էր ու երդվյալ, նա Արցախ էր ու Հայաստան, եւ երբեք չէր լքի իրեն վստահված դիրքը»,- պատմում է Հասմիկը, հավելում, որ ժպիտով է ճանապարհել իրենց, ու նույն օրը, 12 ժամ անց, տեղի է ունեցել վառելիքի պահեստի չարաբաստիկ պայթյունը… Մի ուրիշ փորձություն էր Հագարիի կամուրջն անցնելը: Երիտասարդ կինը որոշել էր սեւեռուն նայել թշնամական աչքերին ու նրանց ապացուցել, որ չի վախենում: Բայց մտահոգ էին զինվորական հոր համար, ում մեքենայից իջեցրել եւ ստիպել էին ոտքով անցնել տարածքը, էնքան որ մի նենգություն արած լինեին… 28 ժամ հետո հասել են Կոռնիձոր, վերականգնված կապի շնորհիվ Արմենի` ավելի վաղ արված հաղորդագրությունները հասել են իրեն, Հասմիկին թվացել է` նոր են, հավատացել է, որ Արմենին բան չի պատահի, չի կարող պատահել…
Նույն ժամանակ Արմենն այսպիսի ձայնային հաղորդագրություն է ուղարկել մորը` էրեխեքը թող հասնեն, ջիգս, ես էլ եմ գալու… Որ հասնեն, կասես անպայման զանգեն էլի, անհասանելի են… տեղից ա էլի երեւի… ասում եմ` ջիգ, կարողա ա՞ Հասմիկը քեզ հետ խոսել ա… սա նրա` վերջին անգամ հնչած կենդանի ձայնն էր, որ այսուհետ պիտի հնչի ծնողների, ընտանիքի անդամների ականջին որպես ծանր ու դաժան իրականության իրեղեն վկայություն, նաեւ` թանկ մասունք… Պատմում են, որ պայթյունից մոտ 10 րոպե առաջ Հասմիկի հորեղբոր տղան Արմենին տեսել է գործընկերների հետ, ուրիշ մանրամասնություններ չգիտեն: Բայց ամենավատ երազում անգամ չէին պատկերացնի այն, ինչը հետո եղավ… Հետո հույսերի հեղեղ էր, հետո հավատի փորձություն էր, հետո ծանր ու դաժան սպասման օրեր էին, որ կհերքվի պայթյունի ժամանակ Արմենի` տարաքծում լինելու լուրը, որովհետեւ նա վառելիքի կարիք չուներ, չպիտի այդտեղ լիներ… Սպասեցին ու չհավատացին, որ Արմենի նման թիկնեղ, մարզված, նախկին հատուկ ջոկատայինը կարող էր անհեթեթ պայթյունի բաժին դառնալ… Սակայն հոկտեմբերի 13-ին հաստատվեց դնթ անալիզի պատասխանը: Տիկին Բելլան ասում է, որ անալիզ է հանձնել ու սպասել, երազել անգամ, որ գիտակցությունը կորցրած մի այրվածի մասին լուրերը իր տղայի մասին լինեն, որ մի հրաշքով գիտակցության գա, որովհետեւ համազգեստի գրպանում նրա փաստաթղթերն են եղել, բայց… դնթ անալիզը այրեց բոլոր հույսերը… Հետո սպասեցին Եռաբլրում հուղարկավորելուն, սակայն օրերն անցնում էին, որոշումն ուշանում, ու ծնողներն այլեւս անկարող եղան իրենց մինուճար որդու աճյունը պահել Երեւանում, եւ հոկտեմբերի 29-ին փոխգնդապետ Արմեն Սամվելի Իսախանյանին հուղարկավորեցին Սիսիանի քաղաքային գերեզմանատանը: Ինչու չցանկացան Արմենին հուղարկավորել Սիսիանի պանթեոնում իմ հարցին տիկին Ջիվանշիրյանի պատասխանն առավել քան հուզիչ էր ու տխրեցնող` «Խռովել եմ աստծուց… Չէ, չեմ խռովել, բայց նեղացել եմ…Ամբողջ կյանքում մի քանի անհայտով հավասարում եմ լուծել, բայց ո՞վ ինձ կօգնի` լուծել իմ կյանքի անհայտով այս հավասարումը, ինքս չեմ կարողանում: Ես կորցրեցի իմ հայրենի տունը, օջախը, գերեզմանները, նկարները, վկայությունները, Արցախը, վերջում էլ` տղայիս… Ամեն ինչ կորցրեցի` հույս, հավատ, երազանք, երազում էի Արցախում սեփական տուն գնել… Մենք սիրել ենք Արցախը: Այն, ինչ սիրեցի, մեզանից խլեցին: Իմ ամենաթանկը` Արցախը խժռեց իմ ամենաթանկին` Արմենիս, բայց ես Արցախը չեմ ատում, իմ վիրավոր, իմ որբ, լքված, հայաթափ ու արյունածոր իմ Արցախը չեմ ատում… Մեկ տարի է` սպասում եմ Արմենի գալուն, շրջափակում էր, հիմա էլ կմտածեմ, որ շրջափակում է, եւ աստված բլոկադայի ենթարկեց իմ տղային, ես միայն երկնքում կմիանամ նրան… միգուցե ինձ տանջող հարցի պատասխանը այնտեղ գտնեմ, եթե դրան չհավատամ, չգիտեմ` ինչ կլինի…»,- ասում է տարվա լավագույն ուսուցիչ մրցանակի արժանացած 62-ամյա վաստակաշատ ու սիրված ուսուցչուհին, հավելում, որ պատմությունը կրկնվեց: 94-ի ապրիլի 13-ին զոհվել է մինուճար եղբայրը` Վարդան Ջիվանշիրյանը: Իր պապը` Վարդան Ջիվանշիրյանը զոհվել է Հայրենական պատերազմում` նույն տարիքում: 38 տարեկանում կյանքից հեռացավ իր մինուճար որդին…«Արմենն այդքանը գիտեր, կնքված էր: Ես հավատում էի աստծուն, աղոթում էի ու հավատում, հայրենասեր սերունդ էի կրթում ու հավատում, Նարեկ էի կարդում ու հավատում, իմ կորցրած գյուղի եկեղեցու նկարն իմ տան պատին է, իմ աշակերտն է վերջին զանգին նվիրել… եկեղեցուց բերած մոմերն իմ տանն անպակաս են… էլ ի՞նչ անեի, որ արժանանայի աստծո բարեգթությանը, որ մինուճարիս պահեր…Էլ ի՞նչ ձեւով սերունդ դաստիարակեմ, որ ինձ հետ սա չլիներ…Ասում են` հողը առանց արյունի չի լինում, ես չեմ ցանկանում, որ հողը կյանքերի գնով ետ բերվի, ուզում եմ ոչ թե արյամբ, այլ` սիրով, անսահման ու անհուն, անկաշառ, Արցախին արժանի անսակարկելի սիրով ետ բերվի»:
«Պատերազմն աշխարհի ամենավատ բանն է, ի հաշիվ դրա` ես հայրենիք չեմ ուզում, քանի որ պատերազմը նոր զոհեր պիտի բերի, իսկ ես չեմ ցանկանում, որ ինձ նման երիտասարդ կանայք կորցնեն իրենց ամուսիններին, մայրերը` իրենց զավակներին, երեխաները` իրենց հայրերին»,-ասում է Հասմիկը, հավելում, որ հիմա իր նպատակը իր եւ Արմենի համատեղ երազանքների իրականացումն է, ուզում է նրա նման ուժեղ լինել, նրան արժանի լինել, չխեղճանալ, իրենց վիշտը չպարտադրել շրջապատող մարդկանց, չճնշել նրանց ուրախությունը, որ Արմենն էլ հանգիստ ու խաղաղ լինի, ուզում է` վերջինը լինեն…
Ես էլ ուզում եմ, որ երեք տարի շարունակ 2020-ի պատերազմի եւ հետագայում տեղի ունեցած մարտական գործողությունների նահատակների մասին գրող իմ ցավախեղդ, բայց ցավի փորձությանը դիմակայող, ապրելու եւ ապրեցնելու կամքով ցավը ճեղքող իմ գրիչը պատյան դրվի եւ որպես Արցախ-Հայաստանի խորհրդանիշ փոխգնդապետ Արմեն Սամվելի Իսախանյանի մասին գրված հերոսապատումը վերջինը լինի: Վերջին վերջինը…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
14.11.2023