Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի հիմնանորոգմանը զուգահեռ` 2017 թվականին կատարում էինք նաեւ հավաքչական աշխատանքներ: Այդ մասին հայտարարություն էինք հրապարակել «Որոտան» կայքում: Արձագանքներն ավելի քան ուրախացնող էին, եւ եղան մարդիկ, որ մեզ հանձնեցին մեր նշանավոր հայրենակիցների լուսանկարներ, իրեր, Արտաշես Հովսեփյանի գծանկարներից, վրձիններ, Զաքար Խաչատրյանի աշակերտներից մեկը` Սլավիկ Խաչատրյանը նվիրեց Վարպետի` 50 տարի առաջ իրեն նվիրած լենինգրադյան տարիների առաջին էտյուդնիկը:
Այո, իրերն ու առարկաներն էլ կենսագրություն ունեն, ծննդյան տարեթիվ ու վկայական ունեն, ծննդյան պատմություն ու ականատեսներ ունեն, եւ մեզ հանձնված այդ իրերն ու առարկաները, որպես թանկ մասունք, նոր կյանք ու իմաստ առած` համեստորեն հիմա լռում են անավարտ մնացած տուն-թանգարանի պատերի ներսում` մի երանելի օր բոլորինը դառնալու եւ իրենց ու իրենց տերերի մասին գեղեցիկ պատմություններ պատմելու երազանքով:
Իմանալով հավաքչական աշխատանքների մասին` մեզ էր զանգահարել Սիսիանի կուսշրջկոմի վերջին առաջին քարտուղար Հենզել Առաքելյանը, ով մտերիմ է եղել Արտաշես Հովսեփյանի հետ: Նրա նախաձեռնությամբ է Մաեստրոն կերտել Նիկողայոս Ադոնցի քանդակը, որը 1990 թվին տեղադրվել է Սիսիանի` Ադոնցի անվան պատմության թանգարանի բակում: Հենզել Առաքելյանն ասաց, որ երբ սկսվել էր ազգային զարթոնքը, մտադրվել էին Սիսիանում Անդրանիկի կամ` Ադոնցի քանդակ տեղադրել: «Մտածեցինք, որ Անդրանիկ շատերը կքանդակեն, իսկ Ադոնցը կլինի եզակի, ուստի Արտաշես Հովսեփյանին Ադոնց պատվիրեցինք ու չսխալվեցինք, քանի որ, իսկապես, Անդրանիկ շատ քանդակվեց, իսկ Ադոնցը մնաց եզակի ե´ւ որպես արվեստի գործ, ե´ւ որպես քանդակ: Ադոնցին զուգահեռ` Վարպետը նաեւ Անդրանիկի դրոշմաքանդակն (չիգանկա) էր պատրաստել` հետագայում մասսայական թողարկման համար: Առաջին օրինակը 1989-ին նվիրեց ինձ եւ ասաց` թեժաթուխն է, բերել եմ քեզ նվեր: Երկար ժամանակ այն կախված էր իմ աշխատասենյակի պատին: Երբ շրջկոմները փակվեցին, եւ արդեն ստեղծել էինք նաեւ Ադոնցի անվան պատմության թանգարանը, 1991-ի սկզբներին այն տվեցի թանգարանին: Անդրանիկի դրոշմաքանդակը, ցավոք, մնաց միակ օրինակը»,- ասաց Հենզել Առաքելյանը եւ խնդրեց իր անունից այն ետ վերցնել պատմության թանգարանից` Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի համար:
Թանգարանի նորընտիր տնօրեն Լյուդմիլա Գրիգորյանին, «պահանջատիրոջ իրավունքով», ներկայացրեցի Հենզել Առաքելյանի հետ զրույցը, նրա անունից ստացած երաշխիք-հավաստիացումը, որ Անդրանիկի դրոշմաքանդակը ոչ թե նվիրել է, այլ` ի պահ է տվել Ադոնցի անվան թանգարանին, եւ հարկ է, որ այժմ այն հանգրվանի իր հիմնական հասցեում` Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանում: Բայց… Բայց, ցավոք, արդեն սպառվել էր ի պահ տրվելու ժամկետը, եւ, օրենքի շրջանակներում, Արտաշես Հովսեփյանի «Անդրանիկն» արդեն գրանցվել էր թանգարանի Մայր մատյանում, ինչպես ասում են` օրինական «անձնագրով» եւ այլեւս չէր կարող բնակության նոր հասցե ունենալ… Հետագայում, գուցե, կարողանա ժամանակավորապես հանգրվանել եւ ցուցադրվել Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանում, չգիտեմ, բայց, ցավոք, «հյուրի» կարգավիճակով…
Ինչեւէ, կարեւորն այն է, որ կա Արտաշես Հովսեփյանի «Անդրանիկը», ցուցադրվում է Սիսիանի` Ադոնցի անվան թանգարանում եւ այցելուներին պատմում է մի յուրատեսակ պատմություն երեք ազգանվեր ու պատվանուն հայերի` Նիկողայոս Ադոնցի, Անդրանիկի եւ Արտաշես Հովսեփյանի մասին, որոնցից յուրաքանչյուրն իր անջինջ ու լուսածիր հետքն է թողել հայոց տարեգրության եւ Սիսիանի պատմության ոսկեմատյանում…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տ/թ վարիչ
(2019, ապրիլի 15, Որոտան թիվ 3 (238)
Հ.Գ. Ադոնցի անվան պատմության թանգարան այցելելիս պարտադիր «տեսակցում եմ» Արտաշես Հովսեփյանի «Անդրանիկին», պատահել է նաեւ, հայցելով բարեհամբույր էքսկուրսավարուհու ներողամտությունը, խնդրել դրվագաքանդակի մասին ներկաներին ինքս պատմեմ այս պատմությունը, որովհետեւ այն սոսկ պատմություն չէ, սոսկ նվիրատվություն չէ, այլ` Արտաշես Հովսեփյանի եւս մեկ աշխատանքի բացահայտում, ինչը նույնպես կարեւոր հուշագրություն է հեղինակի եւ նվիրատուի մտերմության մասին: Իսկ պատմությունն ավարտելուն պես ժպիտով հավելում եմ` միեւնույն է, այն երբեւէ հանգրվանելու է մեր թանգարանում…