Քսան տարի առաջ այս օրը ուրիշ տրամադրություն էր Նիկալյանների հարկի տակ… 20 տարի առաջ այս օրը շնորհավորանքներ էին, մի բարձի ծերանալու բարեմաղթանքներ: 20 տարի առաջ այս օրը նոր ընտանիք էր ստեղծվում, երջանիկ ամուսնություն էր, որ, թվում է` պիտի երկարեր, երկարեր…
20 տարի հետո այս օրը, որ հոբելյանական է եւ կարեւոր իրենց ընտանիքի համար, Նիկալյանները նշում են ոչ թե տանը, ոչ թե` ուրախ հրավառություններով, այլ` պանթեոնում, որտեղ հիմա ննջում է արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Արմեն Նիկալյանը…
Այս ընտանիքում հիմա ամեն տոն ու ամեն իրադարձություն է նշվում պանթեոնում` հայրիկի հետ, հայրիկի մոտ, հայրիկի կողքին, որովհետեւ այլ կերպ չեն կարող, այլ կերպ չի լինում…
44-օրյա պատերազմի նահատակ Արմեն Նիկալյանի երեք զավակները եւ կինը` Մերին, շարունակում են իրենց ընտանիքը լիարժեք համարել միայն Արմենի հետ, թեկուզ Արմենն այլեւս ֆիզիկապես իրենց կողքին չէ:
«Այսօր շատ կարեւոր օր է մեր ընտանիքի համար: 20 տարի առաջ այս օրը` դեկտեմբերի 29-ին, կազմվեց մեր գեղեցիկ ընտանիքը: Մեր 20 տարիների ընթաքցում եւ գտել ենք, եւ` կորցրել, բայց միմյանց ուժ տալով, միմյանց հավատալով, իրար կողք կանգնելով` ապրել եւ ապրեցրել ենք իրար: Ուզում եմ այսօր երկինք ուղարկել այն խոսքերը, որ կիսատ մնացին: Բառերը կարժեզրկվեն, եթե բնութագրեմ, թե ինչպիսի հայր, ամուսին եւ ընկեր էր Արմենը… Չեմ ուզում անցյալով խոսել նրա մասին, քանի որ նա կա, ապրում է մեզ հետ եւ շարունակում է երկնքից մեզ ուժ տալ, սեր տալ, որ կարողանանք ապրել: Ուզում եմ այսօր էլ Արմենին ասել, որ ամեն օր իրականություն եմ դարձնում մեր համատեղ կյանքի բոլոր երազանքները, ֆիզիկապես` մենակ, բայց` համարձակ, քանի որ ոտքերս այնքան ամուր են այն հողի վրա, որն Արմենը սիրեց ամենից շատ…
Ես ամեն օր, նաեւ` այսօր, Արմենին հավաստիացնում եմ, որ մեր երեխաներին կհասցնեմ իրենց նպատակներին, ու ինքը կշարունակի իմ հենարանը մնալ…»,- ասում է հայրենյաց նահատակ Արմեն Նիկալյանի կինը` Մերին…
… Կյանքը շարունակվում է նաեւ այսպես` նրանց հետ եւ առանց նրանց: Ու պանթեոնները շարունակում են սովորեցնել ապրել…
Որոտան
29.12.2021