ԱՅԱՍ. Տունդ քանդվի, Հիտլեր, որ իմ տունը քանդեցիր…

Տեղադրված է at Մայիս 9, 2024
300 0

«Տունդ քանդվի, Հիտլեր, որ իմ տունը քանդեցիր…Վիզդ ծռվի, որ էրեխեքիս վիզը ծուռ թողեցիր»…տատս հաճախ էր այս խոսքերն ասում: Փոքր էի, չէի հասկանում: Նայում էի` մեր տունը քանդված չէր, ոչ մեկի վիզը ծուռ չէր, այա-տատս ինչո՞ւ էր այդպես ասում, եւ ո՞վ էր էդ Հիտլերը, որ այա-տատիս տունը քանդել էր…

Կարապետ պապս գյուղի գրագետ մարդկանցից էր: Նրան դեռ Հայրենականը սկսվելուց առաջ էին տարել` 39-ին, ֆիննական կռիվներին է մասնակցել, ու էնտեղից էլ շարունակել իր պատերազմը: Կարապետ պապս տանը թողել էր բարի, աստվածային բարի Նազի մորը, Շուշիկ կնոջը եւ 3 երեխաներին, փոքրը` մեկ տարեկան: Տատս պատմում էր, որ գնալուց առաջ գյուղացիների կողմից հարգված Գարեգին քեռուն ասել է` ընտանիքս քո աչքի առաջ պահիր…Երբեմն-երբեմն նամակներ է եկել ռազմաճակատից, կարդացել են, մխիթարվել, իրար հույս տվել, որ կգա…Վերջին նամակը գրել է հոսպիտալից, հետո, ասում են, այդ հոսպիտալը ռմբակոծել են, ու… էլ նամակ չեկավ..

Վերջին նամակը դեռ պահպանվում է մեր տանը: Պապիս վերջին ու միակ նկարն էլ: Հետո եկավ պապիս Մարտիրոս եղբոր զոհվելու լուրը, Գայանե քրոջ ամուսնու զոհվելու լուրը, Խանոյենց տղերքի զոհվելու լուրը, Մանուկենց, Մարդոյենց, Ավագենց, Դավութենց…. Գյուղը սուգ հագավ: Բայց Նազի մամը, որ գյուղի տատմերն էր, իմաստուն ու խրատատու, քաթան գործելով, շոր կարելով (մինչեւ հիմա մեր հացատանը պահպանվում են նրա դազգահի փայտերը), սեւը ներս արեց, կարմիրը` դուրս, ու Շուշիկ հարսի հետ պահեց, մեծացրեց, ուսման տվեց թոռներին: Հոգին ավանդեց հաշտ ու խաղաղ, բաց աչքը` տղաների ճամփին: Աչքը փակեց` Երեւանում ուսանելու գնացած Արամայիս թոռան ձեռքի մեջ թաքուն-թաքուն դրամներ խոթելով: «Մեկիդ տասն եմ տալու, մամի, մեկիդ` տասը..»,- արցունքը խեղդելով ասել է Արամայիս թոռը, ու հիմա էլ, ամեն անգամ Նազի մամի անունը տալիս լուռ հոսում են տաք-տաք արցունքները` երախտագիտության, սիրո, հոգածության…

…Իսկ Այա-տատս…Իր բախտակից Վարդանուշի, Մայկոյի, Աստղիկի, Վարսիկի, Ղալամիի, Արփենի, Լուսիկի ու ջահել-ջահել այրիացած մյուս կանանց հետ իրենց զինեցին պնդությամբ, ամրությամբ, տուն-օջախը վառ պահելու փափագով ու ոտքները` թաց, գլուխները` բաց, փորները` սոված, մանգաղով հունձ արեցին, ձեռքով գարի պոկեցին, կով կթեցին, ոչխար պահեցին, մի օր` կիսաքաղց, մի օր` չոլից-դաշտից բերածով սնվեցին, տղամարդկանց հետ հավասար գործ արեցին, որ իրենց տան տղամարդու բացակայությունը չերեւա… Աստված հեռու տանի էն օրերը, էն ի~նչ կյանք էր… Շունը չէր դիմանա, հաճախ էր ասում Այա-տատս, բայց մենք դիմացանք: Տները տուն պահեցին, օջախները` օջախ, ու էսօր Դավութենց Վարսիկի էրեխեք-թոռները, Վարդանուշի էրեխեք-թոռները, մյուսների էրեխեք-թոռները պապենական օջախները շենացրել-ապրեցնում են:

Իսկ Այա-տատս… Այա-տատս հիմա էլ չի´ ասում` տունդ քանդվի, Հիտլեր, որ իմ տունը քանդեցիր… Տունը ներսից է մեծանում: Ու մեծացել է Կարապետ պապիս ու Այա-տատիս տունը, Նազի մամիս խեղճ ու կրակ սեւ օճորքով տունը Արամայսի հորս ու Ասյա մորս ձեռքերով սիրուն, լուսավոր տուն է դարձել, անտառաճանաչ, անուս, բայց` իմաստուն Նազի մամիս թոռներ-ծոռները բարձրագույն կրթություն են ստացել, ու ամեն մեկը իր համեստ դերն է փորձում ունենալ էս մեծ աշխարհի մեծ անցուդարձի մեջ:

Է~, Նազի մամ, է~, Կարպետ պապ: Մի հարշքով հայտնվեիք, տեսնեիք, համոզվեիք, որ հայրս ձեր մեկը տաս է դարձրել` հույսով, հավատով, սիրով…Մի տեսնեիք, որ 21 տարեկանից այրիացած ու զոհվածի այրու տխուր խաչը կրող Այա-տատս էսպես գերդաստանով շրջապատված ո~նց է փառավորում էս կյանքը, ոնց է անիծում պատերազմը, երբեմն-երբեմն թոռ-ծառներին շուրջը հավաքած իր չարքաշ կյանքից դեպքեր պատմում ու անպայման վերջում ավելացնում` շունը մեր տեղը չէր դիմանա… Բայց` դիմացան:

Հիմա 87-ամյա Շուշիկ տատս էսպես քնքշանքով ու հիացմունքով գրկել է իր անունը կրող Շուշան ծոռան բարուրը: Աչքդ լույս, Կարապետ պապ, օրերս քո օջախում լույս աշխարհ եկավ Արամե ծոռդ, քո անունը կրող Կարապետ թոռանդ երկրոդ զավակը… Ճյուղավորվում-ճյուղավորվում է Մխիթարենց Կարապետի տոհմածառը, Շուշիկ տատիս օջախը հաստատուն է մնում, Նազի մամիս սուրբ հիշատակը` վառ… Հայրս իր երրոդ դստերը` Նազիկին կոչել է իր աստավածային մամի անունով, ու Նազի մամու մեծ սիրտն ու հոգին նույնպես փոխանցվել է ինձանից հետո ծնված քրոջս` Նազիկին, ում մերոնք ոսկեշալակ էին ասում, որովհետեւ երրորդ աղջկանից հետո մեր տանը ծնվել էր տան առաջին տղան` Արսենը (հետագայում` Տեր-Նարեկ քահանա Ամիրայն)…

Ով գիտի` որերորդ անգամ հարցնում էինք` Այա, բա խաղաղության լուրը ո՞նց իմացաք, որ մեկ անգամ էլ լսեինք նրա ուրախ-տխուր պատմությունը խաղաղության մասին: Ասում էր` Ուշտափում (Եռաբլուր) ոչխար էինք կթում, մի անծանոթ մարդ մոտեցավ ասաց` այ կնանիք, մի կտոր հաց տվեք ուտեմ, մի լավ բան ասեմ: Մածունը, կաթը ուտելուց հետո ասաց` այ կնանիք, բա չեք ասի` հաղաղությունն ինգե… հարայն ինգավ… որը` ոտքով, որը` ձիով, որը` էշով հասավ գյուղ… Խախաղությունն ընկել էր, բայց բոլորի սրտում եւ մտքում պատերազմը շարունակվեց մինչեւ նրանց կյանքի վերջ…

Գյուղի բարձունքից ողջ հորիզոնին հսկում է մի հուշարձան, ուր անուններ կան`անջինջ, որ խորը-խորը ակոսված է մեր փոքր գյուղի, մեր երկրի, մեր աշխարհի պատմությանը` Մեծ հայրենականում զոհվածներ…

Իմ Շուշիկ այա-տատը…Նման` բոլոր տատերին: Տարբեր` բոլոր տատերից: Չէ, իմ Շուշիկ այա-տատը դեռ փափագներ շատ ունի, ամենամեծ փափագը, սակայն, աշխարհին` խաղաղություն, մահին` թանկություն, հացին` էժանություն, ղարիբներին` տունդարձ, եւ մեկ էլ` ամեն տան գլուխ իր տան գլխին մնա, ու ոչ մեկի հոգու տունը չքանդվի, ու ջնջվի մարդու մտքից զոհվածի այրի, զոհված որդի, զոհվածի մայր, զոհվածի ընտանիք բառերի շարանը, որը արդեն ճակատագիր է, ոչ թե` սոսկ բառերի շարան…

Շուշիկ տատս զոհվածի այրու թոշակ է ստանում: Թեպետ հետո այդ թոշակը բաժանում է մեզ, բայց շատ է սիրում, որ իր թոշակն ինքը ստանա: Ու էդ թոշակի մասին էնպիսի խոսք է ասում, որ կարկամում ես. ասում է` էդ էլ իմ մարդս ի (ամուսինս)…

Իմ Շուշիկ այա-տատը: Շնորհավոր հաղթանակի 60-ամյակը, իմ այա-տատ Շուշիկ, որովհետեւ այն նաեւ քոնն է, փառավորվիր էսպես եւ ամեն օրվա պես ասա` փառքդ շատ, Աստված, որ օրը խաղաղ մթնեց ու … խաղաղ բացվեց…

2005, մայիս 9 («Որոտան», թիվ 3/69)

Հ.Գ. Մեր գյուղում դպրոցն ութնամյա էր: Հայրս Սիսիանում տուն էր գնել, որ երեխաները Սիսիանում դպրոց գնային: Այային էլ գյուղից բերել էր Սիսիան, որ թոռների հոգսը հոգար: Մեր այգում երեք հսկա տանձի ծառ կար, ու փոքրիկ ջրավազան: Ջուրը հենց գետնի տակից էր գալիս…Այան հատ հատ քաղել էր տալիս բոլոր տանձերը, մեկիկ մեկիկ շարում նկուղում լցրած ծղոտի վրա: Մի տանձին երեւի մի հարյուր անգամ ձեռքը կպնում էր. մեծն` առանձին, միջինը` առանձին, փոքրը` առանձին: Լցնում էր դույլը, տալիս ձեռքներս, թե` հարեւանների բաժինը տարեք: Նույնիսկ «տատու գոռոզ թոռն էր» հարեւանների բաժինը տանում (3-րդ փողոցի մեր հարեւանները սկզբում ինձ այդպես էին ասում): Զանգում էր իմ բոլոր ընկերուհիներին` արի բաժինդ տար… Մեր տանձին բոլորը այայի տանձ էին ասում: Ամեն անգամ նկուղից ամանով տանձ բերելիս ասում էր` վերջինն է, պրծավ… Մեկ էլ մի այնպիս օր, որ տանը հյուրեր կունենայինք, ամանով լիքը տանձը բերում էր դնում սեղանին… Այա, բա ասում էիր` վերջինն է… Այան նկուղի տարբեր տեղերում ծղոտների տակ տանձ էր պահում, որ մեզ պարզերս աներ մեր հյուրերի մոտ… Իմ ընկերուհիների ընկերուհին էր, իմ ընկերների ընկերը:

Այա-տատս ապրեց 93 տարի, մահկանացուն կնքեց 2013-ին` հորս մահից մեկ տարի անց: Էլի կապրեր, բայց որդու մահը նրան արդեն մահացրել էր… Մահից առաջ նրան վերջին անգամ ես ու Հասմիկը` քրոջս աղջիկը լողացրեցինք: Ասաց` բա էդքան արարմունքդ ո՞նց եմ տանելու, այսինքն` ո ՞նց եմ հատուցելու… Բա ե՞ս ոնց եմ հատուցելու քո արածները, Այա-տատ, ասում էր` թող ես քնեմ պատուհանի տակ, Արեւը չքնի, հանկարծ մեկը քարով կխփի պատուհանին, թող ինձ կպնի, Արեւին չկպնի… Իր չհավանած «փեսացուներիս» դռան շեմից ներս չէր թողնում` «սպառնալով»` Արեւ աղջիկ, խոսք ես տվել, խորդ կասեմ (հորդ կասեմ), ես էլ կատակով ասում էի` «Այաս իմ օժիտն ա», ու երբ «փեսացուներից» ոմանք ուղղակի էին հասկանում, «արդեն ենթակա էին մերժման»: Ասում էր` Արեւի արած լվածքն ուրիշ ա, Արեւվի արած հարդուկն ուրիշ ա, Արեւի արած-դրածն ուրիշ ա… Չէ, ուրիշ չէր, ուղղակի ինքն ուրիշ` սիրո աչքով էր նայում ինձ, տան ամենահամեղ բանը պահում էր ինձ համար` ասում` «Արեւը մեղք ի, լղար ի»: Մի առիթով գյուղի տանը մի հավաքի ժամանակ երբ ինձ հետ մեր տուն հյուր եկածներից մեկին ներկայացրեցին «Որոտանի» խմբագիր (նախկինում եղել էր «Որոտանի» խմբագիր), Այաս ըմբոստացավ- ընդդիմացավ` ի~յա, «Որոտանի» խմբագիրը Արեւն ի… Անունս ինքն է դրել: Երբ մեր Փառանձեմ հորաքույրն առաջարկել է դնել «մոդայիկ» Արմիդա անունը, Այաս չի համաձայնվել, մեծ աչքերով արեւի նման աղջիկ է, Արեւհատ պիտի դնենք: Ու Այաս «հաղթել է»… Ոտնաձայներս անգամ հեռվից էր ճանաչում… Մեր տան հեռախոսանգերին ինքն էր պատասխանում, նրա աղջկական ձայնը լսելիս երբ հարցնում էին` ո՞վ է, ասում էր` Ամիրյանների տատն եմ…

Այա, իմ ու բոլորի այա… Դիմելաձեւը Արցախից էր բերել, երբ գյուղի ոչխարի հոտը Արցախ էին արոտի տանում: Բոլորի տատերը տատ էին, մերը` Այա… Դրանով էլ էր տարբերվում Այաս: Իմ կյանքում հանդիպած ամենառեղծվածային ու սարսռեցնող միջադեպն էլ Այա-տատիս հետ է կապված… Այաս արդեն մտովի էն աշխարհում էր, բայց աչքը ճանապարհի էր… Ինչպես մեր աստվածային Նազի մամն էր սպասել իր Արամայիս թոռանը, որ հոգին ավանդի, այնպես էլ Այա-տատս էր սպասել իր Արսեն –Տեր-Նարեկ թոռանը… Հարցրեց` բա էնի  հո՞ր ա (ուր ա) ու ձեռքերով օդում անորոշ շարժումներ էր անում… Հարցնում եմ` ո՞վ… Ասում է` էնի էլի, որ անունը Աշոտ ի, բայց` Աշոտ չի… ու փորձում է հիշել, բայց չի կարողանում… Հարցիս` Այա´, ո՞վ… Կրկնում է` էն որ անունը Աշոտ ի, բայց` Աշոտ չի… ու դարձյալ չի կարողանում հիշել. ես ու մեծ քույրս` Անահիտը հարցեր ենք տալիս` որեւէ կերպ հասկանալու` ինչ է ուզում: Հետո ասաց` էն որ առավոտները վազում էր մինչեւ Շաքիի ջրվեժ, հետո գալիս մեր բոստանի սառը բասեինի մեջ լողանում… Արսե՞նը,- հարցում եմ…. Հա´, հա´, Արսե´նը, անասելի, անմարդկային ու անբացատրելի ճիչով, հրճվանքով եւ ուրախությամբ  բացականչում է` հա´, հա´, Արսե´նը, Արսե´նը… եւ օդում անորոշ տարուբերվող ձեռքերը իջնում են կրծքին… Ես ու Անահիտը փղձկում ենք… Այաս փակեց աչքերը` իր Արսեն թոռանը տեսնելուց հետո  միայն…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՐ ՀԵՏ ՏԱՆԵԼՈՎ ՄԻ ՈՂՋ ԴԱՐԱՇՐՋԱՆ …

Տեղադրվել է - Փետրվար 14, 2024 0
Կյանքի 93-րդ տարում հունվարի 21-ին Սանկտ-Պետերբուրգում իր մահկանացուն կնքեց մեր հայրենակից, նշանավոր նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է…

ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրվել է - Հունիս 22, 2023 0
Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: