Վաղատինում 1990-ին ծնված տղային ծնողները պապի անունն են դրել` Կոլյա: Պապը Սալվարդից «եղբայրական« Բաքու էր տեղափոխվել «խորհրդային ինտերնացիոնալիզմի» «ոսկեդարում», տնավորվել, աշխատել, զավակներ ունեցել, բայց չէր կտրել հայրենի երկրի հետ կապը: 1996-ին Ռաֆիկ որդու համար ծննդավայր Սալվարդի հարեւան` Թասիկ գյուղից էին հարս տարել, բայց երբեւէ չէր մտածել, որ մի օր նորից ետ` հայրենիք է վերադառնալու: 1988-ին ընտանիքը մի կերպ փախցրել է «գիշատիչ» քաղաքի երախից, Բաքվի տունը փոխանակել Վաղատինում ապրող մի ազերու տան հետ ու հաստատվել, հիմնավորվել է այստեղ: Մեկուկես տարի հետո Կոլյա պապը մահացել է: Լիդա տատը երկար է ապրել, իրականացված տեսել Կոլյա թոռան` զինվորական դառնալու իր երազանքը, ու մի քանի տարի առաջ հեռացել կյանքից… Երանի նրան, որ չտեսավ սիրելի թոռան նահատակությունը…
Արիստակեսյանների ընտանիքը սիրեց Վաղատինը, հավանեց մարդկանց, վաղատինցիներն էլ նրանց սիրեցին, հարազատացան, մերվեցին, ու, ինչպես Կոլյայի մայրը` Թասիկի նախկին գրադարանավարուհի տիկին Օֆելյան է ասում` Կոլյան դարձավ իսկական վաղատնեցի, տեղի բարբառով էր խոսում, թեեւ իրենք տանը գրական հայերենով էին խոսում: Կոլյան ընկերների հետ բարձրանում էր Վաղատինի քարերը, գնում ծնեբուկի, գալիս ու ասում` ա էն քերծից թոլ իլամ է~…
1996 թվականին Բաքվում ծնված Արայիկ որդուց հետո Վաղատինում ծնվեցին Արիստակեսյանների Կոլյա եւ Աննա զավակները, սովորեցին Վաղատինի միջնակարգ դպրոցում, դարձան գյուղի հող ու ջրին նվիրված, նրա վարք ու բարքին հարազատ մարդիկ: Կոլյան դպրոցում լավ էր սովորում, ուզում էր ամեն ինչ իմանալ, ուսուցիչները սիրում էին իրենց «աստղով» սանին: Կոլյան ընկերասեր էր, ընկերներն էլ նրան էին սիրում: Նրա օրագրում իր ձեռագրով գրառում չկար. դասարանի աղջիկներն էին հերթով լրացնում նրա օրագիրը:
Կոլյան երազում էր բժիշկ դառնալ, բայց դպրոցն ավարտելուց հետո 2008-ին ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. այլեւս անշրջելի էր զինականի` նրա ճակատագիրը, նրա կյանքն ու առօրյան: 2012-ին ավարտեց ռազմական ինստիտունը եւ ծառայության անցավ Կապանի զորամասում: Երեք տարի ծառայելուց հետո տեղափոխեցին Նոյեմբերյան, երեք տարի անց` Վայքի զորամաս: Պատերազմի ժամանակ արդեն կապիտան Կոլյա Արիստակեսյանը Վայքի զորամասում էր, 7-րդ վաշտի հրամանատարը:
Թե ինչու բժիշկ դառնալ երազող տղան դարձավ զինվորական հարցին մայրը դժվարանում է պատասխանել, բայց վստահորեն ասում է, որ Կոլյան սիրում էր իր աշխատանքը, նվիրված էր, համազգեստը շատ էր սազում իր տեսքին, բոյին, դեմքին, նկարագրին, թեեւ դպրոցում լավ էր սովորում, ցանկացած մասնագիտություն ընտրելիս էլ առաջադիմելու էր, բայց դեմ չեն եղել որդու` զինվորական դառնալուն:
«Առաջին տարին չընդունվեց, բայց չփոխեց որոշումը. համառեց, հաջորդ տարի ընդունվեց, ասում էր` շատերը չէին դիմանում ծանրաբեռնվածությանը, դուրս էին գալիս ինստիտուտից, բայց ինքը մնաց, հաղթահարեց, սովորեց, ավարտեց եւ լավ զինվորական դարձավ: Կոլյաս սիրում էր հայրենիքը, ուզում էր ծառայել հայրենիքին: Ծնվեց հայրենիքում, ծառայեց հայրենիքին, նահատակվեց հանուն հայրենիքի»,- ասում է 57-ամյա մայրը:
Վաղատինի վարչական ղեկավար Շահեն Գրիգորյանը, ում հետ այցելել էի Արիստակեսյաններին, պատմում է, որ դեռեւս 90-ականներից է մտերիմ այս ընտանքի հետ, երբ Բաքվից տեղափոխվել ու հաստատվել են այստեղ: Կոլյայի` զինվորական դառնալը պատահական չի համարում, վերհշում է դեռեւս 2007-ի մարտի 5-ին դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան էքսկուրսիա տանելը, երբ նկատել է, որ Կոլյան կանգնել է սպարապետի նկարի մոտ, հետաքրքրված, ուշադիր, երկար նայել նկարին, գուցե հենց այդ ժամանա՞կ է իր մեջ արթնացել զինվորական դառնալու ցանկությունը: «Ակտիվ, խելոք, ձիգ, պինդ երեխա էր, իսկ երբ արդեն զինվորական էր եւ աշխատում էր գյուղից դուրս, դարձյալ գյուղում մեծ հարգանք էր վայելում, հետաքրքրվում էր գյուղի անցուդարձով: Կոլյայի զոհվելու լուրը լսել եմ Արցախում, ցավում եմ, որ չեմ մասնակցել հուղարկավորմանը. «Խաչակիրների» ջոկատով Ֆիզուլիում էի: Հազար ափսոս, փառք մեր հերոսներին»,– ասում է Շահեն Գրիգորյանը, հավելում, որ մեր կռիվը չի ավարտվել, մենք պատասխանատու ենք նահատակների հիշատակի առաջ, պարտավոր ենք նրանց գործը ավարտին հասցնել, որ արժանի լինենք նրանց:
Կապանում աշխատելու ժամանակ մի օր Կոլյան մորն ասել է, որ հոգնել է ճաշ եփելուց, գործից հոգնած գալիս է տուն, եւ այլեւս չի ուզում ոչինչ անել: Եւ 2014-ին 24-ամյա Կոլյան ամուսնացավ համագյուղացի Մերիի հետ, ծնվեցին նրա երկու երեխաները` տղան եւ աղջիկը: Մերին ձեռքաջրով էր, Կոլյան երջանիկ էր իր ընտանիքով, իր աշխատանքով, իր ընկերներով, ծնողներն ուրախ էին նրա հաջողությունների համար: Նվիրված էր իր գործին, սիրում էր իր աշխատանքը:
«Սեպտեմբերի 25-ին Կոլյան հերթապահությունից իջավ տուն, ասաց` Արցախում ինչ-որ բան էն չի: Սեպտեմբերի 27-ին տագնապի ազդանշանից նորից դիրքեր բարձրացավ: Հոկտեմբերի 10-ի առավոտյան դիրքերից իջել են զորամաս, իմացել, որ երեկոյան Արցախ են գնալու: Ժամանակ չէր գտել անգամ տուն գալ եւ մեզ հրաժեշտ տալ, խնդրել էր հարեւաններից մեկին, որ իր մեքենայով ինձ ու երեխաներին տանի զորամասի մոտ: Այնտեղ էլ հրաժեշտ տվեց ու գնաց: Հոկտեմբերի 11-ին հրադադար էր հայտարարված, հույս կար, որ կպահպանվի, բայց Կոլյան թերահավատ էր. հրադադարը թշնամին նորից խախտեց: Հոկտեմբերի 12-ին Կոլյան միայն մեկ բառ գրեց` լավ եմ: Նախկինում երբեք նման կարճ հաղորդագրություն չէր գրել, գոնե երեխաներից անպայման հարցնում էր: Անհանգստացա: Հոկտեմբերի 13-ին ինչքան զանգահարեցի, անհասանելի էր: Երբ Վայքի գունդը վերադարձավ, սպասում էինք Կոլյային: Ում հարցնում էի, ասում էին` լավ է: Մտածում էինք` ինքը զորքի թիկունքն է պահել, զորքը եկել է, ինքն էլ կգա: Ամսի 14-ին զանգահարեցի հրամանատարին, ասաց` ԱԻՆ-նն է այնտեղ աշխատում: Ամեն ինչ պարզ էր: Նույն օրը Կոլյայի աճյունը հանձնեցին մեզ»,– պատմում է Կոլյայի կինը` 28-ամյա Մերի Վահանյանը ու հավելում, որ Կալյային սիրում էին զորմասում, հարգում, ենթարկվում, իսկ զորամասից դուրս բոլորն իր ընկերներն էին, ինքն էլ` բոլորի: Կոլյայի ողջ կյանքը պայքար է եղել, ինչի հասել է, շատ դժվարությամբ է հասել, չկոտրվելով, չնահանջելով, համառությամբ, երբեք չի բողոքել, չի տրտնջացել դժվարություններից: 6-ամյա տղան` Արամը, ամեն ինչ հասկանում է, քույրիկի հետ խոսելիս ասում, որ պապան էլ չի գալու, գնացել է աստված պապիկի մոտ, իսկ Արփին, որ հայրիկի զոհվելուց ընդամենը 1,5 տարեկան էր, ոչինչ չի հիշում, միայն նկարներից է ճանաչում հորը: Մերիի երազանքը խաղաղությունն է, մխիթարությունը` իր երեխաները, նրանց իրենց նպատակներին հասցնելը. Կոլյան ուզում էր որդին բժիշկ դառնա, ամեն ինչ անելու է` հորն արժանի զավակներ մեծացնելու համար:
Հոկտեմբերի 10-ին Կոլյան հաղորդագրություն էր ուղարկել նաեւ եղբորը` Արայիկին, տեղեկացրել Արցախ գնալու մասին եւ խնդրել մորը չասել: Մայրը հետո է իմացել, որ Ջրականում են, անհանգստացել է, վախեցել: Կոլյան խնդրել է չվախենալ, ոչ մի բան չի լինելու, արխային, մենք կանք, ինչի՞ց ես վախենում: Կոլյայի զոհվելուց հետո ընկերները եկել էին հարազատներին ցավակցելու, պատմել են, որ Կոլյան ոչ միայն իրենց հրամանատարն էր, այլեւ` լավագույն ընկերը, ամեն ինչում առաջինը: Երբ զինակիցներից մեկը նրան զգուշացրել է «երկնքից կրակ թափվելու» եւ առաջ գնալու անհնարինության մասին, Կոլյան պատասխանել է, որ իր զինվորներին չի թողնի, հետ չի գնա:
Ժամանակն անցնում է, բայց նրանց ցավը չի մեղմանում, ժամանակը չի բուժում, ժամանակը չի փրկում: Տիկին Օֆելյայի օրը սկսվում եւ ավարտվում է տղայի լուսանկարների մոտ, որքա~ն ցավ են պատճառում այդ ժպտուն, սիրուն, զինավառ նկարները: Լույսը բացվելուն պես հայրն ամեն օր պանթեոն էր գնում, որդու մոտ, հիմա արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Մտադիր է տան բակում տաղավար ու ցայտաղբյուր կառուցել որդու հիշատակին: Ինպես Մերին, Օֆելյան նույնպես մխիթարվում է իր թոռներով, 3-ամյա Արփին շատ նման է հորը, նրա պես մարդամոտ, շփվող, շեկ մազերով, խաժ աչքերով, փառք է տալիս, որ նրանք կան ու սպասում այն օրվան, երբ Արայիկ որդին էլ կամուսնանա, տունը կլցվի մանկան ճիչով: Երազում է խաղաղություն լինի, որ ոչ մի մայր որդի չկորցնի, որովհետեւ ժամանակն ազոր է բուժել որդեկոույս մոր սրտի եւ հոգու ցավը:
Հ.Գ. 2020-ի հոկտեմբերի 16-ին, երբ հուղարկավորում էինք Կոլյա Արիստակեսյանին եւ Հայկ Գրիգորյանին, նրանց մասին հրապարակած իմ հոդվածը, Սահյանական տողերի նմանությամբ, վերնագրել էի` ՄԵՆՔ#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ԻՆՉ ԷԼ ՊԱՏԱՀԻ… Ու հաղթության լուրը ազգովի ենք հայտնելու հանուն այդ հաղթանակի, հանուն հայրենիքի բոլոր տարիներին ու բոլոր ժամանակներում նահատակված ու Սիսիանի պանթեոնում ննջող մեր ազնվազարմ հայորդիներին… Դա իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած այս պայծառ տղաների պատգամն է ու պահանջը, դա նրանց թափած արյան միակ հատուցումն է, դա մեր լինելիության միակ գրավականն է…
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մերն ենք լինելու,
Մեր անտեր գլխի տերն ենք լինելու,
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ