44-օրյա պատերազմում զոհված ամուսնու հուղարկավորմանը գնալիս ճանապարհին ավտովթարից մահացել է կինը

Տեղադրված է at Մարտ 17, 2022
2537 0

Սիսիանի քաջաց պանթեոնից հեռու, քաղաքային նոր գերեզմանատան մոտ, մի առանձին տեղում, 44-օրյա պատերազմի նահատակ Վահե Արսենի Քարամյանի շիրմաքարն է: Նրանից առաջ այդ նույն վայրում հուղարկավորվել է մեկ էլ նրա հորեղբոր տղան` Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանը, ով մահացել էր 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Սիսիանի պաշտպանական դիրքերում, մնալով ձնահոսքի տակ: Նույն վայրում, սակայն, մեկ ուրիշ գերեզման էլ կա. 44-օրյայի նահատակ Վահե Քարամյանի կնոջ` Շուշանի գերեզմանն է…

Այս պարզ շարադրանքի տակ, սակայն, մի մեծ, դաժան ու անասելի ցավոտ ողբերգություն է «թաքնված», անձնական, ընտանեկան, ազգային եւ համամարդկային ողբերգություն, որը 44-օրյա պատերազմի հրեշավոր կողմերից մեկն է, սահմռկեցնող, իրական ու դաժան դեմքը: Առաջնագծի պատերազմին համազոր մի «պատերազմ» էլ սա էր, բայց` թիկունքում: Ողջ երկիրը ցնցվեց զուգահեռ ընթացող երկսայրի այս պատերազմից, որը, ով գիտե, ինչպես Վահեի մայրն է ասում, պատմության մեջ հարյուր տարին մեկ անգամ լինի, կամ` չլինի…

Երեւանի հիվանդանոցներից մեկում 2020-ի հոկտեմբերի 15-ին իր երրորդ երեխային վաղաժամ լույս աշխարհ բերած Շուշանը, որ չէր հասցրել տեսնել իր նորածնի դեմքը, հոկտեմբերի 23-ին ծնողների ու եղբոր հետ շտապում էր Սիսիան` հոկտեմբերի 24-ին պանթեոնում հուղարկավորելու զոհված ամուսնուն` Վահե Քարամյանին, բայց շտապող մեքենան Գորայք գյուղի մոտակայքում ողբերգական վթարի է ենթարկվում, ու Շուշանը դառնում է ավտովթարի զոհ: Լուրը կայծակնային արագությամբ պայթում է օդում ու … «սպանում» ապրողներին: «Պատերազմը» առաջնագծից «տեղափոխվել էր» թիկունք` տակնուվրա անելով բոլորին…  Հոգեկան ցնցումը համակ էր, երկրով մեկ, աշխարհով մեկ, տիեզերքով մեկ, ցավը` անչափելի, իրավիճակը` ծայրահեղ բարդ, դեպքը` մարդկային բանականության մեջ չտեղավորվող… ու ողջ դառնությամբ հառնում է երկմտանքը` ինչպես հուղարկավորել նահատակ զինվորին եւ նրա կնոջը:

«Մենք հոգեկան ցնցման մեջ էինք: Ինչպես ասում են` դեռ չէինք գիտակցում` ինչ է կատարվել: Մի կողմից` Վահեն, մյուս կողմից` Շուշանը: Մեզ ասացին, որ Վահեի տեղն արդեն փորված է Սիսիանի պանթեոնում, բայց կնոջը չեն կարող նրա մոտ հուղարկավորել, քանի որ տեղ չկա: Վահեն ու Շուշանը եզակի զույգ էին, իրար անսահման սիրող, իրար նվիրված, ու մեղք կլիներ նրանց իրարից բաժանելը, աստծո միավորածը մարդը չպիտի բաժաներ, պիտի միասին հուղարկավորվեին, ուստի մեզ առաջարկեցին նրանց հուղարկավորել Վահեի հորեղբոր տղայի` Հայկի մոտ, քանի որ, ըստ հուղարկավորման կազմակերպիչների, դա նույնպես պանթեոն էր: Վահեին ու Շուշանին հուղարկավորեցինք միասին` այդ «պանթոնում»: Ցավոք, հետո պարզվեց, որ դա բոլորովին էլ «պանթեոն չէր», այլ` մի տարածք, որտեղ պարզապես թաղում է կատարվել: Երբ մեր ընտանիքի հետ պատահած շոկից մի քիչ ուշքի եկանք, փորձեցինք հասկանալ` ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ մահացած պայմանագրային զինծառայողը, ինչպես հարկն է, չի հուղարկավորվել քաղաքային զինվորական պանթեոնում, այլ` իրենց ասած` «պանթեոն-2»-ում, մեզ «պարզաբանեցին», իբր, Հայկը «թուրքի գյուլլից չի ընկել»: Բայց պանթեոնում բոլոր հուղարկավորվածնե՞րն էին «թուրքի գյուլլից ընկել», մինչդեռ` Հայկը իր «հաճույքի համա՞ր էր» ձնահոսքի տակ մնացել: Հետո փորձեցինք գտնել «սովորական տարածքի»` պանթեոն համարվող պաշտոնական որեւէ փաստաթուղթ, որեւէ որոշում, բայց նման բան չկար: Այս կամայականությունը, ցավոք, տարածվել է նաեւ Վահե նկատմամբ: Եւ ստացվում է, որ հայրենյաց նահատակին պանթեոնում հուղարկավորելու առաջնահերթությունը ստորադասվել է «չի թույլատրվում կնոջը պանթենում հուղարկավորել» սին արդարացմանը: Այնինչ` Վահեին ու Շուշանին պիտի հուղարկավորեին հենց Սիսիանի պանթեոնում` իրար կողք, ի տես բոլորի, բոլոր ժամանակների, որ տասնամյակներ հետո էլ մարդկանց տեսանելի լինի պատերազմի իրական արհավիրքը, հրեշավոր դեմքը, անդառնալի կորուստները, մարդկության նկատմամբ իրագործված ոճրի ծանր հետեւանքները… Ով գիտի` պատմության մեջ էլի՞ նման դեպք կա, գուցե հարյուր տարին մեկ նման դեպք պատահի, ինչն ինքն իրենով արդեն պատերազմի մերժումն է»,- մի քիչ վրդովված, մի քիչ` նեղսրտած ասում է Վահե Քարամյանի մայրը` Մարինե Վարդանյանը, հետո հավելում, որ աթոռներ զբաղեցնող որոշ մարդիկ այնքան էին կորցրել մարդկային դիմագիծը, որ շղթայական կապով մեկը մեկի վրա բարդեց մեղքը` իր սեւերեսությունը փրկելու համար, բայց դրանից ոչինչ չփոխվեց եւ խնդիրը չլուծվեց: Այդքանից հետո նույնիսկ «երեսատեղ ունեցան», զանգահարել իրենց եւ առաջարկել առձեռն ստանալ նահատակների գերեզմանները բարեկարգելու համար պետության կողմից հատկացրած գումարը, ինչը կտրուկ մերժել են: «Սիսիանի քաղաքապետարանից զանգահարողին հարցրեցի` հիմա էդ տեղը պանթեո՞ն է, թե՞ պանթեոն չի… Եթե պանթեոն է, ինչո՞ւ եք գումարը մեզ առաջարկում, երբ այն տրված է նահատակների գերեզմանը բարեկարգելու համար, եթե պանթեոն չի, ինչու էիք անազնվորեն մեզ խաբում` մեր նահատակներին այնտեղ հուղարկավորելով…Եթե մեզ չխաբեին, կարող էինք նրանց հուղարկավորել հայրենի Բռնակոթի պանթեոնում»,- զայրացած ու վրդովված ասում է տիկին Մարինեն, հետո հավելում, որ ամբողջ աշխարհից սատարել են իրենց, ծանոթ-անծանոթ մարդիկ կանգնել իրենց թիկունքին, հատուկ ֆոնդ բացել, որտեղ գումաներն են փոխանցել անգամ` Չինաստանից, իրենց անհայտ` Աֆրիկյան երկներից, եւ հանգանակված գումաներով բնակարան են գնել երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար: Մարդիկ հասկացել են իրենց ընտանիքի հետ պատահած ողբերգության չափը, օգնել են նաեւ սիսիանցիներ, բայց հարազատ Սիսիանում որոշ պաշտոնյաներ եւ պատասխանատուներ այնքան անտարբեր եւ անհաղորդ էին պատմության մեջ երբեւէ չեղած իրենց ողբերգության հանդեպ, ինչի պատճառով մտադիր են ժամանակի ընթացքում Վահեի եւ Շուշանի աճյունները տեղափոխել եւ վերահուղարկավորել Եռաբլուրում: Միայն այդ ժամանակ, գուցե, մի քիչ խաղաղվի իրենց տանջված ու անմխիթար հոգին:

«Շուշանը շատ լավ աղջիկ էր, մեզ համար հարս չէր, մեր չորրորդ դուստրն էր: Ինքն աշխատում էր պոլիտեխնիկ ինստիտուտում, Վահեն պայմանագրային էր խաղաղապահներում, դժվարին օրերը ետեւում էին մնացել, ես ու ամուսինս  մտածում էինք վերադառնալ Սիսիան, բայց պատահեց այս ողբերգությունը, ու մեր ուսերին մնաց երկկողմանի ծնողազուրկ 3 երեխայի խնամքը, պահել- մեծացնելը»,-ասում է Մարինեն եւ հավելում, որ թեեւ չեն կարող լրացնել ծնողների բացը, բայց հիմա ե՛ւ ծնող են, ե՛ւ տատ ու պապ, ինչը իրենց ուսերին դրված մեծ ու պարտավորեցնող պատասխանատվություն է:

Տիկին Մարինեն պատմում է, որ փոքրիկը, որին հայրը չտեսավ, նրա ցանկությամբ հորեղբոր տղայի հիշատակին Հայկ են անվանել, արդեն տարի չորս ամսական է, քայլում է, խոսում, սովորել է պապա-մամա կանչել, բայց դեռ չի հասկանում` պատերազմն ինչ անդառնալի հարված է հասցրել իրեն: Վահեի առաջնեկը` վեցամյա Մարինեն հասկանում է, որ ծնողները չկան, կարոտում է, Արցախի ցանկացած տեղանվան մասին լսելիս ասում` պապաս այնտեղ է զոհվել, այս տարի դպրոց է գնալու, եւ իրենք մեծ պատասխանատվությամբ են սպասում այդ օրվան: Երկրորդ զավակը` հնգամյա Արսենը հաջորդ տարի կգնա դպրոց: Մարինեի եւ նրա ամուսնու` նախկին զինվորական Արսեն Քարամյանի կյանքի նպատակն ու իմաստը այս երեխաներին պահել-մեծացնելն է, դա է նրանց ապրելու ուժ տալիս, այս փոքրիկներն են նրանց դեմքին ուրախ-տխուր ժպիտ բերում, նրանց հոգին լուսավորում…

Վահեն ծնվել է 1988 թվականի մարտի 31-ին, Սիսիանում: Մայրը պատմում է, որ շատ չարաճճի երեխա էր, աշխույժ, ուրախ, հոգատար, անվախ, մտքին ինչ դներ, պիտի աներ: Նար-Դոս 2-ի իրենց ողջ շենքը սիրում էր Վանեին: Հաճախել է Սիսիանի 2-րդ միջնակարգ դպրոց, ապա սովորել Սիսիանի պետական քոլեջի մաքսային բաժնում: Զինվորական պարտքը կատարել է Արցախում, ծառայել Ասկերանում: Բանակից վերադառնալուց հետո մի երկու տարի ապրել են Երեւանում, նորից վերադարձել Սիսիան, Վահեն պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում, իսկ երբ հայրը` Արսեն Քարամյանը Սիսիանի զորամասում 20 տարի ծառայությունից հետո անց է հանգստի, 2012-ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան, ապրում էին վարձով: 2016-ին Վահեն նորից մտել է պայմանագրային ծառայության, մասնակցել քառօրյա պատերազմին, ենթասպա էր, բայց քանի որ արդեն ամուսնացել էր, նախապատվությունը տվել էր խաղաղապահ զորքերում ծառայությանը ու 44-օրյա պատերազմին նույնպես մասնակցել խաղաղապահների կազմում:

Մարինեն պատմում է, որ սեպտեմբերի 27-ին Վահեն հերթապահ էր, առավոտյան զանգահարել է, ասել` գնում են Արցախ, բայց չէր ասել` ինչու: Սկզբում տարել են Երասխ, ինժեներական աշխատանքներ կատարելու: Տնեցիներին չէր թողնում` զանգեին իրեն, ինքն էր զանգահարում: Վահեի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 18-ին, Կարմիր Շուկայից, երբ մայրը հարցրել է իրավիճակից, Վահեն ասել է` էստեղ հարսանիք ա… ու այլեւս ոչ մի կապ: Հոկտեմբերի 19-ին Դրախտիկ գյուղի մոտ տեղի ունեցած թեժ մարտերի ժամանակ ընկել են շրջափակման մեջ, Վահեն երկու տեղից վիրավորվել է, ոտքի արյունահոսությունը դադարեցրել են, բայց երկրորդ վիրավորումը չեն նկատել ու երբ հասցրել են բուժկետ, արյունաքամ է եղել: Երկու օր փնտրելուց հետո հոկտեմբերի 20-ին 32-ամյա Վահեի աճյունը գտել են Գորիսի դիահերձարանից:

Հայրը` Արսեն Քարամյանը պատմում է, որ Վահեն սիրում էր զինվորական գործը, որոշել էր զինվորական դառնալ եւ Վազգեն Սարգսյանում հաջողությամբ հանձնել էր ընդունելության քննությունները, բայց վերջին` ֆիզկուլտուրայի քննությունից առաջ, ինչը հեշտ հաղթահարելի էր իր համար, կտրականապես ետ էր կանգնել իր որոշումից եւ ընդունվել Վանաձորի պետական համալսարանի մասքային բաժին, սովորում էր 4-րդ կուրսում, հեռակա ուսուցմամբ: Արսեն Քարամյանը խիստ զինվորկան է եղել, սիրել կարգ ու կանոն, 12 տարի ղեկավարել նորակոչիկների հետ տարվող պատասխանատու աշխատանք ու միակ տղային էլ դաստիարակել նույն ոգով: Որդին գնացել էր հոր ճանապարհով:

Զինվորական լինելով հանդերձ` Վահեն անչափ բարի էր, ընկերասեր, երեխայասեր: Դիրքի պատասխանատու էր: Պատահել է, որ Սիսիանի խստաշունչ ձմռանը մնացել են ձյան պաշարման մեջ, կտրվելով արտաքին աշխարհից ու սննդից: Վահեն փորձել է համառությամբ իր զինվորներին դուրս բերել ձյան կալանքից, բայց զինվորական հայրը հորդորել է համբերել, դիմանալ, այլապես` դասալիքի պիտակ կկպներ նրան, ինչը հետո ամբողջ կյանքում «մաքրել չէր լինի»: Զինվորական Վահեն այսպես էր կայացել, այսպես էր դիմակայել զինվորին բաժին ընկած դժվարությունները, ու գուցե նաեւ դա էր պատճառը, որ երբ պատերազմի ժամանակ հրամանատարությունը լսել էր Վահեի տղայի ծննդյան լուրը, առաջարկել էին իջնել դիքերից, գնալ որդուն տեսության, ինչին Վահեն պատասխանել էր` երբ որ ամեն ինչ վերջանա, միասին կիջնենք…

Վահեն «իջավ դիրքերից», որ հետո բարձրանա հավերժական բարձունքեր, որ անմահանա երկինքերում, որ շարունակի ապրել հայոց պատմության հերոսամարտի էջերում, որ իր զավակների համար հպարտություն դառնա, որ հավերժորեն փարված մնա իր սիրած Շուշանին, ու երբ խոսք լինի 44-օրյա պատերազմի նահատակ Վահե Քարամյանի մասին, տարեգրությունը նրա կողքին դնի նաեւ Շուշանին` գրառելով` այնքան շատ էին սիրում իրար, որ մահն անգամ կչարողացավ բաժանել նրանց…

Երբ պատերազմի մասին ֆիլմեր նկարվեն, ռեժիսորները թող չմոռանան այս պատմությունը, երբ պատմագիրները գրեն 44-օրյա պատերազմի պատմությունը, մտապահեն այս փաստը, երբ գրողները վեպեր գրեն մարդկության գլխին կախված մեծագույն աղետի` պատերազմի մասին, հիշեն միասին հուղարկավորված այս գեղեցիկ զույգին ու անիծեն պատերազմը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Առաջին պատերազմը կեսրայրիս տարավ, 44-օրյան` տղայիս… Արայիկ Կիրակոսյանի մայր

Տեղադրվել է - Հունվար 10, 2022 0
Գյուղամիջում արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնն է: Անգեղակոթը շատ զոհեր տվեց Արցախյան պատերազմներում: Զոհվածներից ոմանք հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում, ոմանք` Եռաբլուրում, 15…

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ` ԲՆՈՒՆԻՍ, «ԷԴԳԱՐԻ ՏՈՒՆ». Պատը շարվի պիտի, ուրիշ հնար չկա, Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…

Տեղադրվել է - Օգոստոս 25, 2023 0
Սեպտեմբերի 27-ին Հադրութի զորամասերից մեկի զինծառայող, առաջին պաշտպանական գծի նռնակաձիգ Էդգար Մարգարյանի ծննդայն օրն էր. լրանում էր 20-ամյակը: Զորակոչվել էր…

Ես մամային ասում եմ` հույսդ չկորցնես, պապան մի օր գալու է… 44-օրյա պատերազմի անհայտ զինվոր Արա Ավագյանի որդի

Տեղադրվել է - Հունիս 30, 2023 0
Քառասուն տարուց ավելի փոստատար Ամալյա Օհանյանը թերթեր, նամակներ, բացիկներ ու թոշակներ է բաժանել: Սիսիանի գրեթե բոլոր թաղերն ու հասցեները անգիր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code