44-օրյա պատերազմի նահատակ Ռուբեն Արշակյանը 5 աղջիկ ուներ…

1170 0

Շաղատեցի զոհվածների մասին նյութերը պատրաստելիս գյուղի վարչական ղեկավար Տիգրան Խաչատրյանը հուշեց, որ Շաղատում է ապրում նաեւ արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Ռուբեն Արշակյանի ընտանիքը: Ինձ համար որեւէ տարբերություն չկար` հայրենյաց զոհը զոհ է, լինի` Շաղատից, Սիսիանից, թե` Արցախից, ու որոշեցի հանդիպել նաեւ նրա ընտանիքի անդամներին, զրուցել նրանց հետ եւ գրել նաեւ հայրենիքի նահատակ Ռուբեն Արշակյանի մասին:

Ռուբեն Արշակյանի կինը` Սուսաննա Իսրայելյանը պատմում է, որ ինքը ծնունդով Սիսիանի Լեռնաշեն (այժմ` Շենաթաղ) գյուղից է, իր ընտանիքը 90-ականներին Սիսիանից տեղափոխվել է Արցախ, տնավորվել են, ապրել, արարել, ստեղծել, տուն ու տեղ դրել: 2006-ին ամուսնացել է Մասիսից Հադրութի շրջանի Հայկավան գյուղ տեղափոխված Ռուբեն Արշակյանի հետ, ունեցել են 5 աղջիկ: Արշակյանները Հայկավանի առաջին բնակիչներն էին, այնտեղ էին տեղափոխվել ողջ ընտանիքով` ծնողները, երկու քույրը, եղբայրը, ինքը, ովքեր հետագայում ընտանիքներ են կազմել, յուրաքանչյուրն ունեցել 5 երեխա եւ ապրել են իրենց ամենօրյա, առօրյա կյանքով, պահել-մեծացրել երեխաներին…

Ռուբենը 2014-ին պայմանագրային ծառայության է մտել Ջրականի զորամասերից մեկում, մասնակցել ապրիլյան քառօրյա պատերազմին, դրանից հետո Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիայում վերապատրաստվել դիպուկահարների եռամսյա դասընթացներում եւ հմուտ դիպուկահարի կոչումով շարունակել իր ծառայությունը հայրենիքին:

«Սեպտեմբերի 27-ի գիշերը երկնքում հրթիռներ անցան, մատածեցինք` զորավարժություն է, ու ձայները Ջրականից հասնում են մեզ, բայց Ռուբենը եւ տղաս` Վահեն, ժամը յոթն անց կեսին արդեն Ջրականում էին, իմացան, որ հիվանդանոցներում վիրավորներ կան, անգամ` զոհեր: Մեզ ասացին` երեխաներին շտապ հանենք գյուղից` Հայկավանից, քանի որ լայնմաշաստաբ պատերազմ է: Գիշերով մեքենա գտանք, մենք, մի 40 երեխա տեղավորվեցինք մեքենայի մեջ եւ սեպտեմբերի 28-ին հասանք Սիսիան: Սկզբում մնացինք եղբորս տանը, բայց քանի որ շատվոր էինք, եղբորս աղջիկը Շաղատում գտավ այս տունը, դեկտեմբերի 20-ին տեղափոխվեցինք այս տուն ու ապրում ենք վարձով»,- ասում է Սուսաննայի մայրը` տիկին Անահիտը, հետո ավելացնում, որ այս վայրերը իրեն հարազատ են ու սիրելի, քանի որ ինքը հարեւան` Անգեղակոթ գյուղի ծնունդ է, ամուսնացել է Լեռնաշենում, հետո ամուսնու, երկու տղաների եւ դստեր հետ 90-ականներին վերաբնակեցվել Արցախում:

«Ռուբոն զանգում, խոսում էր, ասում էր` թեժ կռիվներ են, լավ է լինելու, բայց շատ էր անհանգստանում երեխաների համար, վերջին անգամ խոսեցինք հոկտեմբերի 27-ին, դրանից հետո լուր չենք ունեցել: Ավելի ուշ` նոյեմբերի 2-ին ենք իմացել, որ զոհվել է հոկտեմբերի 28-ին: Ռուբոն վիրավորվել էր ձեռքից եւ ոտքից, ընկերներն առաջարկել են մյուս վիրավորների հետ ինքն էլ հեռանա դիրքերից: Վիրավորներ տեղափոխող շտապօգնության երեք մեքենաներից մեկի վարորդը զոհվել էր, Ռուբոն ինքն է նստում երրորդ մեքենայի ղեկին: Կարմիր Շուկայում իրար ետեւից գնացող առաջին մեքենան անցնում է, բայց աթս-ն հարվածում է երկրորդ եւ երրորդ մեքենաներին, ու Ռուբենը զոհվում է: Մեկ շաբաթ փնտրելուց հետո նրա աճյունը գտանք Եղեգնաձորի դիահերձարանում: Ռուբենի եղբոր ցանկությամբ` նրան հուղարկավորեցինք Եռաբլուրում»,– ասում է Ռուբեն Արշակյանի կինը` Սուսաննա Իսրայելյանը:

Հինգ աղջիկներին մեծեցնելուն օգնում են Սուսաննայի մայրը եւ հայրը, որ նրա հետ ապրում են Շաղատի այս նույն տանը: Երեխաները դպրոց են գնում: Մեծը` Գայանեն, 14 տարեկան է, փոքրը` Լիաննան` 7: Նրանք մեկ տարի է` առանց հայրիկի են, բայց միշտ հիշում են նրան, հաճախ են այցի գնում նրա գերեզմանին:

«Լիաննան դեռ 6 տարեկան էր, մի օր ասաց` մամ, որ շուտ քնեմ, երազում պապայիս կտեսնե՞մ: Միջնեկը` Թամարն էլ մի օր հիշել էր հայրիկի գնած կոշիկները, որ էդպես էլ չհագավ` ասելով` պապայիս առած կոշիկները մնացին էնտեղ… Ամեն շոր հագնելիս ասում են` սա պապաս է առել, էն մյուսը պապաս է առել… Ռուբենը լավ խոհարար էր, գյուղի մեծ արարողությունների ճաշերը ինքն էր պատրաստում, ինչքան էլ համեղ պատրաստեմ, ինչ էլ պատրաստեմ, ասում են` պապաս ձուկը էսպես էր սարքում, պապաս ճաշը ավելի համով էր սարքում, պապայիս սարքածն ուրիշ էր… Դժվար է երեխաների համար, բոլորիս համար; Բայց էսօր ես, իմ ծնողները, Ռուբենի հարազատները մե կարեւոր խնդիր ունենք` պահել, մեծացնել իրենց նպատակներին հասցնել մեր 5 աղջիկներին, ապագա 5 հայ մայրերի, որ Ռուբենի հոգին էլ հանգիստ լինի երկնքում»,- ասում է 34-ամյա Սուսաննան:

Նրա մայրը` Անահիտն ավելացնում է, որ հոկտեմբերի 28-ին Երեւանում նշել են Ռուբենի զոհվելու մեկ տարին` ինչպես ընդունված է հայկական ավանդական բոլոր օջախներում, հետո մի ուրիշ երախտագիտությամբ շեշտում, որ տարելիցին մասնակցել են իրենց կորուսյալ գյուղի` Հայկավանի հարեւանները, գյուղապետը, քարտուղարը, անգամ` կողքի գյուղի ծանոթները, որոնք այսօր իրենց տունը-տեղը, գյուղը, տարիների արած-դրածը կորցրած` սփռվել են Հայաստանի տարբեր բնակավայերում, եւ Թալինից, Մասիսից, Երեւանից եկել էին խնկելու իրենց նահատակ Ռուբեն Արշակյանի հավերժ հիշատակը…

Սա էլ մի ուրիշ ցավ է… անդարման, անանուն ցավ… Տնազուրկ, հայրենազուրկ, ընչազուրկ, տան կերակրողին, տան սյունը կորցրած որքա~ն ընտանքիների բաժին ընկավ այս անմարդկային տառապանքը… Բայց պիտի ապրել, ապրել ու ապրելով վրեժխնդիր լինել` երբեք չկորցնելով տունդարձի հույսը, չմոռանալով տունդարձի ճամփան, տան բանալիները երբեք «Արազը չածել…»…

Հարցնում եմ նրանց հետագա ծրագրերի, նպատակների, Արցախ վերադառնալու մտադրության մասին: Մի քիչ երկար մտածելուց հետո Սուսաննան ասում է` գուցե էլ չգնան, բայց լսելով իմ` գնացեք, անպայման գնացեք եւ ձեզանով շենացրեք Արցախը հորդորը, մտքափոխված ասում է` տուն ստանանք-կգնանք, ապա տեղեկացնում, որ Արցախում իրենք հաշվառված են նոր տուն ստացողների ցուցակներում ե՛ւ որպես զոհվածի, ե՛ւ որպես բազմազավակ ընտանիք: Ստեփանակերտում զոհվածների եւ տունը կորցրածների համար կառուցվող բնակարաններից իրենք էլ տուն կստանան…Թղթերն արդեն ուղարկել են, սպասում են զանգի…Մաղթանքս է` բարով գնան, շուտ գնան, տուն գնան… Տունը հայրենիքն է, ու նա սպասում է իր զավակներին…

Հ.Գ. Մեր պատերազմը չի ավարտվել… Հիմա մեր ապրելու «պատերզմն է», վերընձյուղվելու «պատերազմը», սեփական ձեռքը սեփական ծնկանը դնելով` բարձրանալու «պատերազմը», մեր տանջահար ու բազմաչարչար հոգին ամոքելու դժվարին «պատերազմը», մեր տունը ամուր հիմքերի վրա կառուցելու «պատերազմը», մեր հաղթելու «պատերազմը»…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԴԱՐԲԱՍԻ ԲԱՐԲԱՌԸ` ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ…

Տեղադրվել է - Մարտ 6, 2024 0
ԱՇԿՏ ՏՈՒՍ ԿՅԱ, ԱՆՄԸՏ ՏՈՒՍ ՉԿՅԱ… Պարիօր ծեզ։ Հո՞ւնց էք։ Մետերնիտա կա՞մ մեր էն պաժառին պատմությունը, վեր փշերը վառիլից սաղ…

Հայացք` դրսից. Հայը իմ ճանաչած ամենահյուրընկալ եւ առատաձեռն ժողովուրդն է

Տեղադրվել է - Հուլիս 10, 2023 0
Անգեղակոթում դեռ հիշում են տարիներ առաջ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտներին անգլերեն սովորեցրած, գյուղացիներին շատ հարցերում օգտակար եղած «Խաղաղության կորպուսի» կամավոր,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code